«Մարտի 4-10-ը: Մատթեոս 8-9, Մարկոս 2-5. «Քո հաւատքն ազատեց քեզ, քո տանջանքիցն առողջ եղիր» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Մարտի 4-10-ը: Մատթեոս 8-9, Մարկոս 2-5», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.
Մարտի 4-10-ը
Մատթեոս 8–9, Մարկոս 2–5
«Քո հաւատքն ազատեց քեզ, քո տանջանքիցն առողջ եղիր»
Երբ կարդաք Մատթեոս 8-9-ը և Մարկոս 2-5-ը, արձագանքեք այն տպավորություններին, որոնք ստանում եք Սուրբ Հոգուց: Գրի առեք ձեր ստացած հուշումները և թե ինչպես եք գործելու ըստ այդ հուշումների:
Գրի առեք տպավորությունները
Դժվար է կարդալ Նոր Կտակարանը և չտպավորվել այն բազմաթիվ պատմություններով, թե Փրկիչն ինչպես է բժշկում հիվանդներին ու տառապյալներին՝ տենդի մեջ գտնվող կնոջից մինչև աղջիկը, ում հայտարարել էին մահացած: Ի՞նչ ուղերձ կա մեզ համար այս հրաշքների ու ֆիզիկական բժշկումների մեջ: Անշուշտ, ակնհայտ ուղերձներից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, բոլոր բաների՝ ներառյալ մեր ֆիզիկական ցավերի ու անկատարությունների վրա ունեցած իր զորությամբ: Բայց մի ուրիշ իմաստ է թաքնված թերահավատ դպիրներին ուղղված Նրա խոսքերում. «Բայց որ իմանաք, թէ Որդին մարդոյ իշխանութիւն ունի երկրի վերայ մեղքեր թողելու» (Մարկոս 2.10): Ուստի երբ կարդում եք, թե ինչպես են բժշկվում կույրն ու բորոտը, կարող եք մտածել թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական բժշկման մասին, որոնք դուք կարող եք ստանալ Փրկիչից և լսել, թե Նա ինչպես է ասում ձեզ. «Քո հաւատքն ազատեց քեզ, քո տանջանքիցն առողջ եղիր» (Մարկոս 5.34):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Փրկիչը կարող է բժշկել թուլություններն ու հիվանդությունները:
Այս մի քանի գլուխները հիշատակում են Փրկիչի կողմից կատարված բազմաթիվ հրաշագործ բժշկումների օրինակներ: Երբ ուսումնասիրում եք այս բժշկումները, փնտրեք ձեզ համար հնարավոր ուղերձները: Հարցրեք ինքներդ ձեզ՝ այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում հավատի մասին: Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում Փրկիչի մասին: Աստված ի՞նչ է կամենում ինձ սովորեցնել այս հրաշքից:
-
Բորոտը (Մատթեոս 8.1–4)
-
Հարյուրապետի ծառան (Մատթեոս 8.5–13)
-
Պետրոսի զոքանչը (Մատթեոս 8.14–15)
-
Երկու կույրերը (Մատթեոս 9.27–31)
-
Կաթվածահար մարդը (Մարկոս 2.1–12)
-
Մարդը, ում տիրել էին պիղծ ոգիները (Մարկոս 5.1–20)
-
Հայրոսի դուստրը (Մարկոս 5.22–23, 35–43)
-
Կինը, ով արյան խնդիր ուներ (Մարկոս 5.24–34)
Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Հիվանդների բժշկումը» Ensign or Լիահոնա, մայիս 2010, 47–50:
Մատթեոս 8.5-13, Մարկոս 5.24-34
Ես կարող եմ փնտրել Աստծո օգնությունը, նույնիսկ, եթե զգում եմ, որ արժանավոր չեմ:
Հեթանոս հարյուրապետն իրեն անարժան էր համարում, որ Փրկիչն իր տունը գար: Արյան հետ խնդիր ունեցող կինը համարվում էր անմաքուր և արտաքսվել էր հրեական համայնքից: Սակայն Փրկիչն օրհնեց նրանց երկուսին: Այս երկու պատմություններից՝ Տիրոջից օգնություն խնդրելու մասին ի՞նչ ենք սովորում:
Լինել Հիսուս Քրիստոսի աշակերտ, նշանակում է, որ ես Նրան իմ կյանքում դնում եմ առաջին տեղում:
Այս հատվածներում Հիսուսն ուսուցանում է, որ Իր աշակերտներից պահանջվում է իրեն դնել առաջին տեղում մեր կյանքում, նույնիսկ եթե դա երբեմն նշանակում է, որ մենք պետք է զոհաբերենք մեզ համար արժեքավոր բաներ։ Երբ ուսումնասիրեք այս հատվածները, խորհեք ձեր աշակերտության մասին: Աշակերտներն ինչո՞ւ պիտի պատրաստ լինեն Փրկիչին դնել առաջին տեղում: Ինչի՞ց պիտի հրաժարվեք, որպեսզի Հիսուսին դնեք առաջին տեղում: (Տես նաև Ղուկաս 9.57–62:)
Մատթեոս 8.23–27, Մարկոս 4.35–41
Հիսուս Քրիստոսը զորություն ունի խաղաղություն բերել կյանքի փոթորիկներին:
Երբևէ ունեցե՞լ եք այն զգացողությունը, որ Փրկիչի աշակերտներն ունեցան փոթորկալից ծովում, տեսնելով, թե ջրի ալիքներն ինչպես էին լցվում նավակի մեջ և հարցրին. «Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք»:
Մարկոս 4.35–41-ում դուք կգտնեք չորս հարց: Թվարկեք յուրաքանչյուրը և հարցրեք, թե այն ինչ է ուսուցանում ձեզ կյանքի դժվարություններին բախվելու մասին, երբ հավատ ունեք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Փրկիչն ինչպե՞ս է խաղաղություն բերում ձեր կյանքի փոթորիկներին:
Մատթեոս 9.1-13, Մարկոս 2.15-17
Ես կարող եմ պաշտպանել իմ համոզմունքները՝ ուսուցանելով ճշմարիտ սկզբունքներ:
Երբեմն դժվար է իմանալ, թե ինչպես արձագանքել մարդկանց, ովքեր քննադատում են մեր կրոնական համոզմունքներն ու գործելակերպը: Երբ կարդում եք Մատթեոս 9.1–13-ը և Մարկոս 2.15–17-ը, փնտրեք մեղադրողների քննադատությունը և Փրկիչի պատասխանները: Քննադատությունը և պատասխանները նշեք տարբեր գույներով կամ գրի առեք դրանք: Ի՞նչ եք նկատում Փրկիչի ուսուցման ձևի մեջ: Նրա օրինակին հետևելն ինչպե՞ս կօգնի ձեզ, եթե ստիպված եք պաշտպանել ավետարանի որևէ սկզբունք կամ Եկեղեցու գործելակերպը:
Տես նաև «Ամենօրյա օրինակ. երբ համոզմունքները կասկածի տակ են դրվում» տեսանյութը (LDS.org):
Ապաշխարության շնորհիվ ես կարող եմ լավատես լինել:
Երբ անդամալույծին բերեցին Փրկիչի մոտ, ամբոխի համար ակնհայտ էր, որ նա պիտի բուժվեր ֆիզիկապես: Բայց Հիսուսը նախ անդրադարձավ մարդու ավելի մեծ կարիքին՝ նրա մեղքերի ներմանը: Նույնիսկ, եթե մարդը ֆիզիկապես չբուժվեց, նա այնուամենայնիվ կարող էր հետևել Հիսուսի խորհրդին՝ «քաջացիր» (Մատթեոս 9.2): Ե՞րբ եք ուրախություն զգացել ներված լինելու արդյունքում: (Տես նաև ՎևՈւ 36․18-24։)
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ շարունակում եք սովորել Փրկիչի ծառայության մասին ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Կազմեք այս գլուխներում նկարագրված հրաշքների ցուցակը և գտեք դրանցից մի քանիսի նկարները (տես Ավետարանի պատկերագիրք կամ LDS.org): Ընտանիքի յուրաքանչյուր անդամի խնդրեք պատմել որևէ հրաշքի մասին (օգտագործելով նկարներ, եթե առկա են) և կիսվել դրանցից իրենց սովորածով: Կարող եք կիսվել հրաշքների մի քանի օրինակներով, որոնց ներկա եք եղել կամ կարդալ Եկեղեցու ժամանակակից պատմության մասին:
Ի՞նչ ենք սովորում այն ձևից, որով Փրկիչը վերաբերվում էր մաքսավորներին ու մեղավորներին, որոնցից խուսափում էին ուրիշները: Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին, երբ շփվում ենք ուրիշ մարդկանց հետ:
Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքին հասկանալ Փրկիչի խնդրանքն այն մասին, որ ավելի շատ մշակներ են հարկավոր ավետարանով կիսվելու համար: Դուք կարող եք միասին որևէ պարզ բան անել, ինչպես օրինակ՝ հավաքել խոհանոցը ճաշից հետո, ինչը մեկից շատ ավելի երկար ժամանակ կխլեր: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի կիսվենք ավետարանի ուղերձով:
Այս պատմությունը կարո՞ղ է օգնել ընտանիքի անդամներին, երբ նրանք վախենում են ինչ-որ բանից: Հավանաբար նրանք կարող են կարդալ հատված 39-ը և կիսվել փորձառություններով, երբ Փրկիչն օգնեց նրանց խաղաղություն զգալ խուճապի և վախի ժամանակ:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: