«Մարտի 18-24: Մատթեոս 13, Ղուկաս 8, 13. «Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Մարտի 18-24: Մատթեոս 13, Ղուկաս 8, 13,» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.
Մարտի 18-24-ը
Մատթեոս 13, Ղուկաս 8, 13
«Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»
Երբ կարդաք Մատթեոս 13-ը և Ղուկաս 8, 13-ը, մտածեք, թե ինչպես կպատրաստվեք «լսելու» և արժևորելու Փրկիչի ուսմունքներն այս առակներում: Ի՞նչ կանեք դուք այս ուսմունքները ձեր կյանքում կիրառելու համար:
Գրի առեք տպավորությունները
Փրկիչի անմոռանալի ուսմունքներից մի քանիսն արտահայտված էին պարզ պատմությունների ձևով, որոնք կոչվում են առակներ: Դրանք ավելին էին, քան հետաքրքիր պատմություններ սովորական թեմաների ու իրադարձությունների մասին: Դրանք պարունակում էին հիմնարար ճշմարտություններ Աստծո արքայության մասին նրանց համար, ովքեր հոգևորապես պատրաստ էին: Նոր Կտակարանում հիշատակված առաջին առակներից մեկը՝ սերմնացանի առակը (տես Մատթեոս 13.3–23), հրավիրում է մեզ քննել Աստծո խոսքն ընդունելու մեր պատրաստվածությունը: «Որովհետեւ ով որ ընդունում է,- հայտարարում է Հիսուսը,- նրան կտրվի և կավելանա» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 13.10 [ Մատթեոս 13.12, ծանոթագրություն ա]): Փրկիչի առակներից կամ Նրա ուսմունքներից որևէ մեկի ուսումնասիրությունը լավ մեկնարկ է քննելու, թե արդյոք Աստծո խոսքի համար մենք «բարի երկիր» ենք նախապատրաստում, որում առատությամբ կաճի, կծաղկի, կփթթի և պտուղ կտա միրգը, որը կօրհնի մեզ և մեր ընտանիքները (Մատթեոս 13․8):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ի՞նչ է «երկնքի արքայությունը», որի մասին Քրիստոսը հիշատակում է Մատթեոս 13-ում:
Այս գլխում «երկնքի արքայությունը» վերաբերում է Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցուն, որը երկնքի արքայությունն է երկրի վրա: Ավելի շատ տեղեկությունների համար տես Աստվածաշնչի բառարանը, «Երկնքի արքայությունը կամ Աստծո արքայությունը»:
Մատթեոս 13.3–23, Ղուկաս 8.4–15
Իմ սիրտը պետք է պատրաստ լինի ընդունելու Աստծո խոսքը:
Ինչո՞ւ են ոմանց սրտերն ընկալունակ ճշմարտության հանդեպ, մինչ մյուսները, կարծես, դիմակայում են դրան: Սերմնացանի առակի ընթերցումը լավ հնարավորություն է տալիս մտածելու այն մասին, թե ինչպես ընդունել ճշմարտությունը Տիրոջից: Օգտակար կլինի նախ համեմատել 3–8-րդ հատվածները Մատթեոս 13-ում այն մեկնաբանությունների հետ, որոնք տրված են հատվածներ 18–23-ում: Դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի «բարի երկիր» սերմանեք ձեր մեջ: Ի՞նչ կարող են նշանակել «փշերը», որոնք խոչընդոտում են ձեզ, որ իսկապես լսեք Աստծո խոսքը և հետևեք դրան:
Տես նաև Ղուկաս 13.34, Մոսիա 2.9, 3.19, Ալմա 12.10–11, 32.28–43, Դալլին Հ. Օուքս, «Սերմնացանի առակը» Ensign or Լիահոնա, մայիս 2015, 32–35:
Հիսուսի առակն օգնում է ինձ հասկանալ Նրա Եկեղեցու աճն ու ճակատագիրը:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Մատթեոս 13-ի առակները նկարագրում են Եկեղեցու աճն ու ճակատագիրը վերջին օրերում (տես Եկեղեցու Նախագահների Ուսմունքները: Ջոզեֆ Սմիթ [2007], 293–303): Երբ կարդում եք այս առակները, գրի առեք, թե դրանք ինչ են ուսուցանում ձեզ Տիրոջ Եկեղեցու մասին (հղում կատարեք, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ինչ է ուսուցանել այս առակներից մի քանիսի մասին):
-
Ցորենն ու որոմները (13.24–30, 36–43): Ամբարիշտներն ու արդարները ապրում են միասին մինչև աշխարհի վերջը:
-
Մանանեխի հատիկը (13.31–32):
-
Թթխմորը (13.33):
-
Թաքնված գանձը և թանկագին մարգարիտը (13.44–46):
-
Ուռկանը (13.47–50):
-
Տանտերը(13.52):
Այս առակների մասին խորհելուց հետո դուք ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի ավելի ակտիվ մասնակցեք Քրիստոսի վերջին օրերի Եկեղեցու աշխատանքին: Ի՞նչ հարցեր են առաջանում ձեր մտքում, որոնք կարող են օգնել ձեզ կիրառել այս առակները: Օրինակ՝ «Ես ի՞նչ եմ պատրաստ զոհաբերել Քրիստոսի համար»:
Արդարները պետք է ապրեն ամբարիշտների հետ մինչև աշխարհի վերջը:
Այս առակը վերլուծելու համար պետք է նկարել այն և պիտակավորել մեկնաբանություններով Մատթեոս 13.36–43-ից և Վարդապետություն և Ուխտեր 86.1–7-ից: Որոմը «թունավոր մոլախոտ է, որը մինչև հասկ դառնալը, տեսքով նման է ցորենին» (Աստվածաշնչի բառարան, «Որոմներ»): Այս առակում ո՞ր ճշմարտությունն է ոգեշնչում ձեզ հավատարիմ մնալ, չնայած աշխարհի ամբարշտությանը:
Ի՞նչ եղանակներով էին «վստահելի կանայք» ծառայում Փրկիչին:
«Կին աշակերտները ճամփորդում էին Հիսուսի և Տասներկու առաքյալների հետ, սովորելով (Հիսուսից) հոգևորապես և ծառայելով Նրան աշխարհիկ ձևով: … Ստանալով Հիսուսի ավետարանի բարի լուրերը և Նրա բժշկման օրհնությունների զորությունը, այս կանայք նաև ծառայում էին Նրան, նվիրվելով և բաժին հանելով իրենց ունեցածից» («Իմ արքայության դուստրերը» [2011], 4): Կանայք, ովքեր հետևում էին Փրկիչին, նաև հզոր վկայություն էին բերում Նրա մասին (տես Լինդա Կ. Բըրթըն, «Վստահելի կանայք» Ensign or Լիահոնա, մայիս 2017, 12–15):
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ուսումնասիրում եք Փրկիչի ուսմունքներն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Երբ ձեր ընտանիքի անդամները կարդում են Փրկիչի առակները, նրանք կարող են հորինել իրենց սեփական առակները, որոնք ուսուցանում են նույն ճշմարտությունները երկնքի արքայության (Եկեղեցու) մասին, օգտագործելով առարկաներ և իրավիճակներ, որոնք ծանոթ են նրանց:
Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «բարի երկիր» սերմանանեք մեր սրտերում և մեր տանը: (Մատթեոս 13.23) Եթե ընտանիքում ունեք փոքր երեխաներ, զվարճալի կլիներ հրավիրել ընտանիքի անդամներին գործել տարբեր ձևերով, որպեսզի պատրաստենք մեր սրտերը լսելու Աստծո խոսքը, մինչ ընտանիքի մյուս անդամները կկռահեն, թե նրանք ինչ են անում:
Ինչպե՞ս կարող եք օգնել ընտանիքի անդամներին հասկանալ Քրիստոսի խոսքը պատրաստակամ ընդունելու կարևորությունը: Օրինակ, դուք կարող եք փակել ընտանիքի որևէ անդամի ականջները, մինչ ցածր ձայնով կարդում եք Մատթեոս 13.13–16-ը: Ընտանիքի այդ անդամն ի՞նչ հասկացավ այս հատվածներից: Մեր աչքերը, ականջները և սրտերը ի՞նչ դեր են խաղում Աստծո խոսքն ընդունելու գործում: Մենք ի՞նչ ձևերով ենք փակում մեր աչքերը, ականջներն ու սրտերը Աստծո խոսքի համար:
Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս երկու առակների մարդիկ: Կան լրացուցիչ բաներ, որոնք մենք պիտի կատարենք անհատապես և ընտանիքով, որպեսզի մեր կյանքում Աստծո արքայությունը դնենք առաջին տեղում:
Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին և ազատել մարդկանց կապանքներից:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: