Դեկտեմբերի 16-22-ը Սուրբ Ծնունդ. «Մեծ ուրախության բարի ավետիք» «Եկ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Դեկտեմբերի 16-22-ը Սուրբ Ծնունդ, «Եկ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար. 2019
Դեկտեմբերի 16-22-ը
Սուրբ Ծնունդ
«Մեծ ուրախության բարի ավետիք»
Ոմանց համար Սուրբ Ծնունդը կարող է լինել տենդագին ժամանակահատված: Մտածեք, թե ինչպես Նոր Կտակարանի ձեր ուսումնասիրությունը կարող է օգնել խաղաղություն և սրբություն բերել ձեր կյանք: Խորհրդածեք Փրկիչի Ծննդյան և առաքելության ազդեցության մասին ձեր կյանքում և գրի առեք ձեր ստացած բոլոր հոգևոր տպավորությունները:
Գրի առեք ձեր տպավորությունները
Ինչո՞ւ է Փրկիչի ծնունդը բերում այդպիսի մեծ ուրախություն: Գուցե այն պատճառով, որ նոր մանուկը կարող էր հույսի խորհրդանիշ լինել: Ինչ-որ բան կա հնարավորություններով լեցուն նոր կյանքում, որը հրավիրում է մեզ խորհել, թե կյանքն ինչ է նախապատրաստել այդ երեխայի համար և թե ինչ սքանչելի բաներ նա կիրականացնի: Սա երբևէ ավելի ճիշտ չի եղել, քան Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ժամանակ: Երբեք որևէ երեխայի հետ այսքան մեծ հույսեր չեն կապել, և չի ծնվել մեկը, որի ծնունդն այդքան խոստումնալից լիներ:
Երբ հրեշտակը հրավիրեց հովիվներին մսուրում փնտրել մի նորածին երեխայի, նա նաև ուղերձ տվեց նրանց այդ երեխայի մասին: Դա հույսի ուղերձ էր, որ այդ մանուկը երկիր էր եկել կատարելու մի սրբազան առաքելություն: Հովիվներն ամենուրեք իրենց ուղերձն «իմացրին, … և բոլոր լսողները զարմացան այն բաների համար, որ հովիվները նորանց հետ խոսեցան: Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր, եւ իր սրտումը մտածում էր» (Ղուկաս 2.17–19): Գուցե լավ կլիներ հետևել Մարիամի օրինակին այս Սուրբ Ծննդյան օրը՝ ձեր սրտում խորհելով այն բաների մասին, որոնք սովորել եք Փրկիչի վերաբերյալ այս տարի: Նա ինչպե՞ս իրականացրեց փրկագնման Իր առաքելությունը այն պատմություններում, որոնք դուք կարդացել եք: Եվ ամենակարևորը՝ ինչպես է Նրա առաքելությունը փոխել ձեր կյանքը:
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Մատթեոս 1.18–25, 2.1–12, Ղուկաս 1.26–38, 2.1–20
Հիսուս Քրիստոսը բարեհաճ գտնվեց՝ ծնվելով մեր մեջ երկրի վրա:
Եթե նույնիսկ նախկինում դուք կարդացել եք կամ լսել Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը շատ անգամներ, ուսումնասիրեք այն` այս անգամ հետևյալ միտքն ունենալով ձեր մտքում. «Սուրբ Ծնունդը միայն տոնակատարություն չէ, թե ինչպես Հիսուսն աշխարհ եկավ, այլ նաև պիտի իմանանք, թե ով է Նա՝ մեր Տերը և Փրկիչը, Հիսուս Քրիստոսը, և այն մասին, թե ինչու Նա եկավ» (Քրեգ Ք. Քրիսչենսեն, «Սուրբ Ծննդյան պատմության լրիվությունը» [Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր հավաք, դեկտեմբեր 4, 2016], broadcasts.lds.org):
Ի՞նչ գիտեք այն մասին, թե ով էր Հիսուս Քրիստոսը նախքան ծնվելը: (տես օրինակ՝ Հովհաննես 17.5, Մոսիա 3.5, ՎևՈՒ 76.13–14, 20–24, Մովսես 4.2): Այս գիտելիքն ինչպե՞ս է ազդում ձեր զգացումների վրա, երբ կարդում եք Նրա ծննդյան մասին:
Ի՞նչ գիտեք այն մասին, թե ինչու Հիսուս Քրիստոսը երկիր եկավ: (Տես օրինակ՝ Ղուկաս 4.16–21, Հովհաննես 3.16–17, 3 Նեփի 27.13–16, ՎևՈւ 20.20–28): Ինչպե՞ս է այս գիտելիքն ազդում Փրկիչի հանդեպ ձեր զգացումների վրա: Ինչպե՞ս կարող է այն ազդել ձեր ապրելակերպի վրա:
Տես նաև Բ Կորնթացիս 8.9, Եբրայեցիս 2.7–18, 1 Նեփի 11.13–33, Ալմա 7.10–13, “The Nativity” (video, LDS.org):
Ա Կորնթացիս 15.21–26, Կողոսացիս 1.12–22, Ա Պետրոս 2.21–25
Հիսուս Քրիստոսը կատարեց Իր առաքելությունը և ինձ համար հնարավոր դարձրեց ժառանգել հավերժական կյանքը:
Չնայած Քրիստոսի ծննդյան պատմությունը շրջապատված է հրաշագործ իրադարձություններով, սակայն Նրա ծնունդը կլիներ ուղղակի մեկ այլ սովորական ծնունդ, եթե այն չլիներ այն մեծ աշխատանքի համար, որը Նա իրականացրեց Իր հետագա կյանքում: Ինչպես Նախագահ Գորդոն Բ. Հինքլին է ասել. «Բեթլեհեմի մանուկ Հիսուսը, առանց Գեթսեմանի և Գողգոթայի փրկագնող Քրիստոսի և Հարության հաղթական փաստի, կլիներ ընդամենը ևս մեկ մանուկ» («Սուրբ Ծննդյան հրաշագործ և ճշմարիտ պատմությունը», Ensign, Dec. 2000, 5):
Փրկիչի աստվածային առաքելության և ուրիշների հանդեպ Նրա հզոր սիրո ապացույցը գտնվում է ամբողջ Նոր Կտակարանում: Ո՞ր հատվածները կամ պատմություններն են գալիս ձեր միտքը: Դուք կարող եք նայել այս սկզբնաղբյուրում կամ ուսումնասիրության ձեր օրագրում և վերանայել ձեր գրի առած որոշ տպավորությունները: Դուք կարող եք նաև ընթերցել Ա Կորնթացիս 15.21–26, Կողոսացիս 1.12–22, Ա Պետրոս 2.21–25 և խորհրդածել, թե ինչպես է Փրկիչը և Նրա աշխատանքն օրհնել ձեր կյանքը: Ոգեշնչում զգալով, ի՞նչն եք ցանկանում փոխել ձեր կյանքում: Ինչպե՞ս կապավինեք Փրկիչի զորությանը:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրությունները ձեր ընտանիքի հետ, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Ինչպե՞ս կարող եք տոնել Հիսուս Քրիստոսի Ծնունդը ձեր ընտանիքի հետ: Ահա մի քանի առաջարկներ կամ դուք կարող եք ներկայացնել ձեր սեփականը:
-
Կարդացեք կամ միասին դերախաղով ներկայացրեք մասեր Սուրբ Ծննդյան պատմությունից:
-
Դիտեք «Սուրբ Ծնունդը» տեսաֆիլմը (LDS.org):
-
Օգտագործեք որոշ ռեսուրսներ christmas.mormon.org-ից, jesuschrist.lds.org-ից, կամ «Սուրբ Ծնունդ» Ավետարանական Թեմաներ, topics.lds.org-ից:
-
Դիտեք Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան որևէ հոգևոր հավաք (broadcasts.lds.org,):
-
Միասին երգեք Սուրբ Ծննդյան հիմներ, և ընտրելով հարևաններ կամ ընկերներ, այցելեք կամ երգեք նրանց համար (տես Օրհներգեր, համար 201–14):
-
Կատարեք որևէ ծառայություն:
-
Խնդրեք ընտանիքի անդամներին մանրամասներ փնտրել Սուրբ Ծննդյան պատմության մեջ, որոնք նրանց գաղափարներ կարող են տալ զարդարանքների և զարդանշանների մասին, որոնք կարելի է պատրաստել՝ հիշեցնելով նրանց Հիսուս Քրիստոսի մասին:
Ինչո՞ւ ենք մենք երախտապարտ, որ Հիսուս Քրիստոսը ծնվեց: Ի՞նչ պարգևներ է Նա մեզ տվել: Ինչպե՞ս կարող ենք մենք ցույց տալ մեր երախտագիտությունը:
«Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը»
Եթե կամենում եք օգնել ձեր ընտանիքին կենտրոնանալ Փրկիչի վրա Սուրբ Ծննդյան տոներին, գուցե որոշ ժամանակ անցկացնեք միասին՝ կարդալով և ուսումնասիրելով «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, առջևի կազմի դարձերեսին ): Գուցե անգիր սովորեք հատվածներ «Կենդանի Քրիստոսը» ուղերձից կամ փնտրեք նկարագրութուններ Փրկիչի կյանքի վերաբերյալ Նոր Կտակարանում, որոնք հաստատում են դրանցում գտնվող դրույթները: Կարող եք նաև հրավիրել ընտանիքի յուրաքանչյուր անդամի գրել իր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, և եթե այդպիսի հուշում ունեք, կարդացեք այն ընտանիքի համար:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: