«Մարտի 27-ից ապրիլի 2-ը։ Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5-6. «Մի վախենար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2023 (2022)
«Մարտի 27-ից ապրիլի 2-ը։ Մատթեոս 14, Մարկոս 6, Ղուկաս 5-6», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2023
Մարտի 27-ից ապրիլի 2-ը
Մատթեոս 14, Մարկոս 6, Հովհաննես 5–6
«Մի վախենաք»
Երբ կարդաք Մատթեոս 14-ը, Մարկոս 6-ը, Հովհաննես 5–6-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարևոր են ձեզ համար: Կարող եք ինքներդ ձեզ հարց տալ, ինչպես օրինակ՝ «Այս գլուխներում նկարագրված պատմություններն ինչո՞վ են առնչվում ինձ հետ»: «Ի՞նչ ուղերձներ եմ ես գտնում իմ կյանքի համար» կամ՝ «Ինչո՞վ կկամենայի կիսվել իմ ընտանիքի և ուրիշների հետ»:
Գրի առեք տպավորությունները
Ի՞նչը կարող էր ոգեշնչել Պետրոսին թողնել իր նավակի ապահովությունը Գալիլեայի ծովի մեջտեղում` մոլեգին փոթորկի ժամանակ: Ի՞նչը մղեց նրան հավատալ, որ եթե Հիսուսը կարող էր քայլել ջրի վրայով, ինքը ևս կարող էր: Մենք չենք կարող հաստատ իմանալ, բայց հավանաբար Պետրոսը հասկացավ, որ Աստծո Որդին չի եկել պարզապես մարդկանց համար հրաշալի գործեր կատարելու, այլ արտոնելու Պետրոսի նման մարդկանց նույնպես հրաշալի գործեր կատարել: Ի վերջո, Հիսուսի հրավերը սա էր՝ «Ե՛կ, հետևիր ինձ» (Ղուկաս 18.22): Պետրոսը մի անգամ ընդունել էր այս հրավերը, և նա պատրաստ էր ընդունել այն կրկին, նույնիսկ, եթե դա նշանակում էր բախվել իր վախերի հետ և անել ինչ-որ բան, որն անհնար էր թվում: Հավանաբար Տերը չի խնդրի մեզ դուրս գալ նավակից փոթորկի կեսին կամ ներդնել մեր հացի աղքատիկ պաշարը, երբ հազարավոր մարդիկ քաղցած են, բայց, հնարավոր է, Նա խնդրի մեզ ընդունել ցուցումները, նույնիսկ, երբ մենք լիովին չենք հասկանում դրանք: Ինչպիսին էլ որ լինեն մեզ ուղղված Նրա հրավերները, դրանք երբեմն կարող են զարմանալի թվալ, երբեմն` նույնիսկ վախեցնող: Բայց հրաշքներ կկատարվեն, եթե մենք Պետրոսի նման մի կողմ դնենք մեր վախերը, մեր կասկածները և մեր սահմանափակ մտածողությունը ու հետևենք Նրան հավատով:
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Հիսուս Քրիստոսը պատվում է Իր Հորը
Հարաբերությունները Աստծո և Իր զավակներից յուրաքանչյուրի միջև սուրբ են: Այս հատվածներում Հիսուս Քրիստոսը մեզ տվեց Երկնային Հոր հետ հարաբերության մի ոգեշնչող նմուշ, որին պետք է հետևենք: Կարդացեք Հովհաննես 5.16-47-ը և նշեք Հայր բառի յուրաքանչյուր օրինակը: Որդին ինչպե՞ս է պատվում Հորը, և դուք ինչպե՞ս կարող եք հետևել Նրա օրինակին: Դուք ինչ եք սովորում այն մասին, թե Հայրն ինչպե՞ս է վերաբերվում Որդուն: Ի՞նչ եք ոգեշնչված անել՝ ձեր Երկնային Հոր հետ ձեր հարաբերություններն ամրապնդելու համար:
Տես նաև Հովհաննես 17, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աստծո վեհությունը», Լիահոնա, նոյեմբեր 2003, 70-73:
Մատթեոս 14.15–21, Մարկոս 6.33–44, Հովհաննես 6.5–14
Փրկիչը կարող է բազմապատկել իմ համեստ զոհաբերությունները Իր նպատակներն իրագործելու համար
Երբևէ ունեցե՞լ եք անհամապատասխանության զգացում, որ չեք կարողանում հոգալ բոլոր կարիքները, որոնք դուք տեսնում եք ձեր շրջապատում՝ ձեր տանը, ձեր հարաբերություններում կամ հասարակության մեջ: Հիսուսի աշակերտները հավանաբար անհամապատասխանության զգացում ունեցան, երբ Նա խնդրեց նրանց կերակրել ավելի քան հինգ հազար քաղցած մարդու, երբ կար ընդամենը հինգ հաց և երկու ձուկ: Երբ կարդում եք հրաշքի մասին, որը կատարվեց հետո, մտածեք, թե Աստված ինչպես կարող է օգտագործել ձեր ծառայության համեստ զոհաբերությունները ձեզ շրջապատողներին օրհնելու համար: Ինչպե՞ս է Նա բազմապատկել ձեր ջանքերը, երբ ծառայել եք Նրան: Մտածեք Քույր Միշել Դ. Քրեյգի այս հայտարարության մասին. «Ես և դուք կարող ենք Քրիստոսին տալ այն, ինչ ունենք, և Նա կբազմապատկի մեր ջանքերը: Այն, ինչ դուք կարող եք տալ, ավելի քան բավարար է, նույնիսկ ձեր մարդկային գործոնով և թույլ կողմերով հանդերձ, եթե ապավինեք Աստծո շնորհին» («Վեհացնող դժգոհություն», Լիահոնա, նոյեմբեր 2018, 54):
Մատթեոս 14.22–33, Մարկոս 6.45–52, Հովհաննես 6.15–21
Հիսուս Քրիստոսը հրավիրում է ինձ մի կողմ դնել իմ վախերն ու կասկածները և հավատ գործադրել Իր հանդեպ
Ձեր մտքում պատկերացրեք այս հատվածներում նկարագրված տեսարանների մանրամասները՝ Մատթեոս 14.22–33, Մարկոս 6.45–52, Հովհաննես 6.15–21: Պատկերացրեք, թե ի՞նչ էին զգում Պետրոսն ու մյուս առաքյալները: Այս հատվածներում տրված Փրկիչի խոսքերից և գործողություններից ի՞նչ եք սովորում աշակերտության մասին: Ի՞նչ եք սովորում Պետրոսի խոսքերից ու գործողություններից: (Տես նաև 1 Նեփի 3․7) Տերն ի՞նչ է հրավիրում ձեզ անել, որը կարելի է համեմատել նավակից դուրս գալու հետ: Ի՞նչ եք գտնում այս հատվածներում, որը ձեզ քաջություն է տալիս հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս:
Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է պատրաստ լինենք հավատալ և ընդունել ճշմարտությունը, նույնիսկ, երբ դժվար է այդ անել:
Երբ Հիսուսն Իրեն անվանեց «կեանքի հացը» (Հովհաննես 6.48), շատերը համարեցին, որ «խիստ է այդ բանը» (Հովհաննես 6.60): Պետրոսի խոսքերը Հովհաննես 6.68–69-ում օգնում է ձեզ այն ժամանակներում, երբ Փրկիչի վարդապետությունը դժվար է թվում ընդունելու կամ ըստ դրա ապրելու համար: Ի՞նչն է տպավորություն թողնում Պետրոսի վկայության մեջ: Որո՞նք են «հաւիտենական կեանքի խօսքերը» (Հովհաննես 6.68), որոնք օգնում են ձեզ մնալ Փրկիչի նվիրված հետևորդ:
Տես նաև Մ. Ռասսել Բալլարդ, «Ու՞մ մոտ գնանք», Լիահոնա, նոյեմբեր 2016, 90–92:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Մատթեոս 14.15-21Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր ընտանիքին պատկերացնել, թե որքան հաց և ձուկ կպահանջվի հինգ հազար մարդու կերակրելու համար: Հրաշքը, որը նկարագրված է Մատթեոս 14.15–21-ում, ի՞նչ է ուսուցանում մեզ Փրկիչի մասին: Կիսվեք որևէ փորձառությամբ, երբ զգացել եք, որ բավարար ջանքեր չունեք առաջարկելու, և Փրկիչը բազմապատկել է ձեր ջանքերը:
-
Մատթեոս 14.22-33:Ձեր ընտանիքը կարող է բավականություն ստանալ՝ դերախաղով վերարտադրելով այս հատվածների պատմությունը: Աշակերտներն ինչո՞ւ պետք է վախենային։ Պետրոսն ինչո՞ւ կարողացավ հաղթահարել վախը և դուրս գալ նավակից: Նա ինչպե՞ս ցուցադրեց իր հավատը, նույնիսկ, երբ սկսեց սուզվել: Ինչպե՞ս ենք մենք երբեմն նմանվում Պետրոսին։
-
Հովհաննես 5․1-16։Հրավիրեք ընտանիքի անդամներին այս հատվածներում նշել «ապրեցրեց քեզ» արտահայտության օրինակները: Հիսուս Քրիստոսն ի՞նչ եղանակներով կարող է ապրեցնել մարդկանց: Ե՞րբ և ինչպե՞ս է Նա ապրեցրել մեզ։
-
Հովհաննես 6.28-58Ընտանիքի յուրաքանչյուր անդամի մի կտոր հաց տվեք ուտելու և քննարկեք այն օգուտները, որոնք մենք ստանում ենք հացի և այլ մթերքների օգտագործումից: Հետո միասին ուսումնասիրեք այս հատվածները, փնտրելով, թե Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ իրեն անվանեց «կեանքի հացը» (Հովհաննես 6.35): Ի՞նչ կարող է նշանակել «ուտել» կյանքի հացը (տես երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Կենդանի հացը, որն իջնում է երկնքից», Լիահոնա, նոյեմբեր 2017, 36–39):
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ. «Ի՞նչ մեծ է իմաստությունն ու սերը», Հիմներ, հր. 19: