Հին Կտակարան 2022
Մտքեր հիշելու համար․ Հին Կտակարանի պատմական գրքերը


Մտքեր հիշելու համար․ Հին Կտակարանի պատմական գրքերը, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մտքեր հիշելու համար․ Հին Կտակարանի պատմական գրքերը, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
ուսուցման պատկերակ

Մտքեր հիշելու համար

Հին Կտակարանի պատմական գրքերը

Հեսու գրքից մինչև Եսթեր գրքերը հայտնի են որպես Հին Կտակարանի «պատմական գրքեր»: Սա չի նշանակում, որ Հին Կտակարանի մյուս գրքերը պատմական արժեք չունեն։ Սակայն պատմական գրքերն այդպես են կոչվում, քանի որ նրանց գրողների հիմնական նպատակն էր ցույց տալ Աստծո ձեռքը Իսրայելի ժողովրդի պատմության մեջ: Նպատակ չկար ներկայացնել Մովսեսի օրենքը, ինչպես՝ Ղևտացոց և Երկրորդ Օրինաց գրքերում։ Նպատակ չկար քնարական ոճով գովք կամ ողբ արտահայտել, ինչպես՝ Սաղմոսներ և Երեմիայի ողբեր գրքերում։ Ոչ էլ նպատակ կար գրանցել մարգարեների խոսքերը, ինչպես՝ Եսայիա և Եզեկիել գրքերում։ Փոխարենը՝ պատմական գրքերում ներկայացվում է պատմություն:

Տեսակետ

Բնականաբար, այդ պատմությունը պատմվում է որոշակի տեսանկյունից՝ իրական, պարզ տեսանկյունից: Ինչպես որ անհնար է նայել ծաղկին, ժայռին կամ ծառին միաժամանակ տարբեր տեսանկյուններից, այդպես էլ պատմական արձանագրությունն անխուսափելիորեն արտացոլում է այն հեղինակած մարդու կամ մարդկանց խմբի տեսակետը: Այդ տեսակետը ներառում է գրողների ազգային կամ էթնիկական պատկանելությունը, ինչպես նաև նրանց մշակութային նորմերն ու համոզմունքները: Սա իմանալով՝ կարող ենք հասկանալ, որ պատմական գրքերը գրողները և կազմողները կենտրոնացել են որոշ մանրամասների վրա՝ վրիպելով մյուսները:1 Նրանք որոշ ենթադրություններ են արել, որոնք մյուսները գուցե չեն արել: Եվ նրանք հանգել են եզրակացությունների՝ հիմնվելով այդ մանրամասների և ենթադրությունների վրա: Մենք կարող ենք նույնիսկ տարբեր տեսակետներ նկատել Աստվածաշնչի գրքերում (երբեմն՝ նույն գրքում):2 Այդ տեսակետների մասին ավելի քաջատեղյակ լինելով՝ ավելի լավ կարող ենք հասկանալ պատմական գրքերը:

Հին Կտակարանի պատմական գրքերի ընդհանուր տեսակետը՝ Իսրայելի զավակների՝ Աստծո ուխտյալ ժողովրդի տեսակետն է: Տիրոջ հանդեպ ունեցած նրանց հավատքը օգնել է նրանց տեսնել Աստծո ձեռքն իրենց կյանքում և Նրա միջամտությունն իրենց ազգի գործերում։ Թեև աշխարհիկ պատմական գրքերը հակված չեն իրերն ու երևույթներն այդ կերպ տեսնել, հոգևոր այս տեսակետը մաս է կազմում այն բանի, ինչը Հին Կտակարանի պատմական գրքերը դարձնում է այդքան արժեքավոր այն մարդկանց համար, ովքեր ձգտում են կառուցել իրենց հավատն առ Աստված:

Հին Կտակարանի մնացած մասի համատեքստը

Պատմական գրքերը սկսվում են այնտեղ, որտեղ վերջանում է Երկրորդ Օրինաց գիրքը, և ավարտին է մոտենում իսրայելացիների տարիներ տևած դեգերումը անապատում: Հեսու գիրքը ցույց է տալիս, որ իսրայելացիները պատրաստ են մտնել Քանան՝ իրենց խոստացված երկիրը, և նկարագրում է, թե ինչպես են նրանք տիրել այդ երկրին: Հաջորդ գրքերը՝ Դատավորաց գրքից մինչև Բ Մնացորդաց, պատկերում են Իսրայելի կյանքը խոստացված երկրում՝ սկսած բնակեցումից, մինչև այն պահը, երբ Ասորեստանն ու Բաբելոնը նվաճեցին այդ երկիրը: Եզրասի և Նէեմիայի գրքերը պատմում են իսրայելացի մի քանի խմբերի մասին, որոնք տասնամյակներ անց վերադարձան իրենց մայրաքաղաք՝ Երուսաղեմ։ Վերջապես, Եսթերի գիրքը պատմում է իսրայելացիների՝ պարսկական տիրապետության տակ գտնվող աքսորում ապրելու մասին:

Եվ այստեղ ավարտվում է Հին Կտակարանի ժամանակագրությունը: Աստվածաշունչն առաջին անգամ կարդացող որոշ մարդիկ զարմանում են, պարզելով, որ փաստորեն ավարտել են Հին Կտակարանի պատմության ընթերցումը, դեռ դրա էջերի կեսից ավելին չկարդացած: Եսթերից հետո մենք տեղեկություններ չենք ստանում իսրայելացիների պատմության մասին։ Հաջորդ գրքերը, հատկապես մարգարեների գրվածքները, տեղավորվում են պատմական գրքերի ժամանակաշրջանի մեջ։3 Երեմիա մարգարեի առաքելությունն, օրինակ, տեղի է ունեցել Դ Թագավորաց 22-25-ում գրված իրադարձությունների ժամանակաշրջանում (զուգահեռաբար՝ Բ Մնացորդաց 34-36)։ Այս գիտելիքն ազդում է այն եղանակի վրա, որով դուք կարդում եք պատմական մասը և մարգարեական գրքերը։

Նկար
ձեռքում՝ գլուխկոտրուկի մի կտոր, սեղանին՝ անավարտ գլուխկոտրուկ

Սուրբ գրության որոշ հատվածներ նման են գլուխկոտրուկի կտորների, որոնք չգիտենք, թե ինչպես համադրել մյուս կտորների հետ։

Երբ ինչ-որ բան չի համադրվում

Հին Կտակարանն ընթերցելիս, ինչպես ցանկացած այլ պատմություն, դուք, ամենայն հավանականությամբ, կկարդաք մարդկանց մասին, որոնք ինչ-որ բաներ են անում կամ ասում, ինչը ժամանակակից աչքերի համար տարօրինակ կամ նույնիսկ մտահոգիչ է: Ակնհայտ է, որ Հին Կտակարանի գրողները աշխարհը տեսնում էին մի տեսանկյունից, որն ինչ-որ առումով, բավականին տարբերվում է մերից: Բռնությունը, էթնիկական հարաբերությունները և կանանց դերը ընդամենը մի քանիսն են այն թեմաներից, որոնք հնագույն գրողները կարող էին այլ կերպ տեսնել, քան՝ մենք այսօր:

Այսպիսով, ի՞նչ պետք է անենք, երբ սուրբ գրություններում հանդիպում ենք այնպիսի հատվածների, որոնք մտահոգիչ են թվում: Նախ, օգտակար կլինի յուրաքանչյուր հատվածը դիտարկել ավելի լայն համատեքստում: Ինչպե՞ս է դա համադրվում Աստծո փրկության ծրագրի հետ։ Ինչպե՞ս է դա համադրվում այն ամենի հետ, ինչը դուք գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի էության մասին: Ինչպե՞ս է դա համադրվում այլ սուրբ գրություններում բացահայտված ճշմարտությունների կամ կենդանի մարգարեների ուսմունքների հետ: Եվ ինչպե՞ս է դա համադրվում ձեր սրտին և մտքին ուղղված Հոգու շշուկների հետ։

Որոշ դեպքերում, հատվածները կարծես չեն համադրվում թվարկվածներից որևէ մեկի հետ: Երբեմն հատվածը կարող է նման լինել գլուխկոտրուկի մի կտորի, որը կարծես թե տեղ չունի արդեն ձեր հավաքած մյուս կտորների մեջ: Այդ կտորը տեղավորելու փորձ անելը լավագույն մոտեցումը չէ: Ոչ էլ ճիշտ կլինի հրաժարվել ամբողջ գլուխկոտրուկից: Գուցե այդ պահին ավելի լավ է մի կողմ դնեք այդ կտորը։ Ավելի շատ բան սովորելով և գլուխկոտրուկն ավելի հմուտ հավաքելով՝ դուք կկարողանաք ավելի լավ տեսնել, թե ինչպես են կտորները համադրվում։

Օգտակար կլինի նաև հիշել, որ որոշակի տեսակետով սահմանափակված լինելուց բացի, սուրբ գրությունների պատմություններում կարող են լինել մարդկային սխալներ (տես Հավատո Հանգանակը 1․8)։ Օրինակ՝ դարերի ընթացքում «շատ պարզ ու արժեքավոր բաներ [հանվել են] գրքից [Աստվածաշնչից]», ներառյալ վարդապետության և արարողությունների վերաբերյալ կարևոր ճշմարտությունները (1 Նեփի 13․28, տես նաև հատվածներ 29, 40)։ Միևնույն ժամանակ, մենք պետք է պատրաստ լինենք ընդունել, որ մեր սեփական տեսակետը նույնպես սահմանափակ է. կլինեն բաներ, որոնք լիովին չենք հասկանում, և հարցեր, որոնց պատասխանները դեռ չունենք։

Գտնել «գոհարները»

Այդ ընթացքում, անպատասխան հարցերը չպետք է մեզ հետ պահեն Հին Կտակարանում հանդիպող հավերժական ճշմարտության թանկարժեք գոհարներից, նույնիսկ, եթե այդ գոհարները երբեմն թաքնված են մտահոգիչ փորձառությունների և անկատար մարդկանց կատարած վատ ընտրությունների քարքարոտ հողում: Թերևս ամենաթանկ գոհարները պատմություններն ու հատվածներն են, որոնք վկայում են Աստծո սիրո մասին, հատկապես նրանք, որոնք մեր միտքն ուղղում են դեպի Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը: Ցանկացած անկյան տակ նայելով՝ այդ գոհարներն այսօր նույնքան պայծառ են փայլում, որքան այն ժամանակ: Եվ քանի որ այս պատմությունները պատմում են Աստծո ուխտյալ ժողովրդի մասին՝ տղամարդկանց և կանանց, ովքեր մարդկային թուլություններ ունեին, բայց սիրում և ծառայում էին Տիրոջը, ուստի, ճշմարտության գոհարները լիուլի են Հին Կտակարանի պատմական գրքերում:

Հղումներ

  1. Այսօր մեր ունեցած Աստվածաշնչի պատմական արձանագրությունները նախ և առաջ անանուն շատ գրողների և կազմողների աշխատանքն են, ովքեր աշխատել են իրենց նկարագրած ժամանակաշրջաններից շատ տարիներ, նույնիսկ դարեր անց: Նրանք օգտվել են տարբեր պատմական աղբյուրներից և որոշել են, թե ինչը ներառել իրենց պատմագրության մեջ, իսկ ինչը՝ բացառել:

  2. Օրինակ, թեև Ա-Բ Մնացորդաց գրքերը ներկայացնում են նույն ժամանակաշրջանը, ինչ Ա Թագավորաց 31-ից մինչև Դ Թագավորաց գրքի ավարտը, սակայն Ա-Բ Մնացորդաց գրքերում շեշտվում են այլ մանրամասներ և ներկայացվում է այլ տեսակետ։ Ի տարբերություն Ա Թագավորաց - Դ Թագավորաց գրքերի, Ա-Բ Մնացորդաց գրքերը կենտրոնանում են բացառապես Հուդայի հարավային թագավորության վրա և հաճախ բաց է թողնվում Դավիթի և Սողոմոնի մասին բացասական պատմությունները (համեմատիր, օրինակ, Բ Թագավորաց 10-12Ա Մնացորդաց 19-20-ի հետ և Գ Թագավորաց 10-11Բ Մնացորդաց 9-ի հետ)։ Եկ, հետևիր ինձ ծրագիրը կարևորում է Գ և Դ Թագավորաց գրքերի պատմության ուսումնասիրությունը, ինչպես նաև իմաստ կա համեմատել այդ պատմությունը Ա և Բ Մնացորդաց գրքերի պատմության հետ։ Օգտակար կլինի իմանալ, որ աշխատանքը Ա Թագավորաց - Դ Թագավորաց գրքերի վրա ամենայն հավանականությամբ սկսվել է նախքան Հուդայի նվաճումը Բաբելոնյան կայսրության կողմից և ավարտվել է Բաբելոնում աքսորի ժամանակ: Մյուս կողմից, արձանագրությունը, որը դարձել է Ա-Բ Մնացորդաց, կազմվել է այն բանից հետո, երբ հրեաները աքսորից Երուսաղեմ են վերադարձել: Ընթերցելիս մտածեք, թե ինչպես կարող էին այս տարբեր հանգամանքները ազդել տարբեր պատմություններ կազմողների տեսակետների վրա:

  3. Այս նյութի սկզբում դուք կգտնեք «Հին Կտակարանի համառոտ շարադրանքը», ժամանակագիծ, որտեղ երևում է յուրաքանչյուր մարգարեի ծառայությունը Իսրայելի պատմության մեջ: Դուք կնկատեք, որ Հին Կտակարանի մարգարեական գրքերի մեծ մասը համընկնում է այդ ժամանակաշրջանի ավարտի հետ. անմիջապես այն բանից առաջ և այն բանից հետո, երբ Իսրայելի որդիներն իրենց թշնամիների կողմից ենթարկվեցին նվաճման, աքսորվեցին և ցրվեցին:

Տպել