Հին Կտակարան 2022
Մտքեր հիշելու համար․ Կարդալով բանաստեղծությունները Հին Կտակարանում


Մտքեր հիշելու համար․ Կարդալով բանաստեղծությունները Հին Կտակարանում, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մտքեր հիշելու համար․ Կարդալով բանաստեղծությունները Հին Կտակարանում, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2022

Նկար
ուսուցման պատկերակ

Մտքեր հիշելու համար

Կարդալով բանաստեղծությունները Հին Կտակարանում

Հին Կտակարանի գրքերում, որոնք գտնվում են Հոբի գրքից առաջ, մենք հիմնականում կարդում ենք պատմություններ՝ պատմողական պատմվածքներ, որոնք պատմական իրադարձությունները նկարագրում են հոգևոր տեսանկյունից: Նոյը տապան կառուցեց, Մովսեսն ազատեց Իսրայելը, Աննան աղոթեց որդի ունենալու համար և այլն: Հոբից սկսած մենք հանդիպում ենք գրելու այլ ոճի, քանի որ Հին Կտակարանի հեղինակները դիմում էին բանաստեղծական լեզվին՝ խորը զգացմունքները կամ սքանչելի մարգարեությունները հիշարժան կերպով արտահայտելու համար:

Մենք արդեն տեսել ենք բանաստեղծությունների մի քանի օրինակներ, որոնք գտնվում են Հին Կտակարանի պատմական գրքերում: Հոբի գրքից սկսած մենք ավելի շատ ենք հանդիպում դրանց։ Հոբի, Սաղմոսներ և Առակաց գրքերը գրեթե ամբողջությամբ բանաստեղծություններ են, ինչպես նաև Եսայիա, Երեմիա և Ամովս մարգարեների գրությունների որոշ մասեր: Քանի որ բանաստեղծություն կարդալը տարբերվում է պատմություն կարդալուց, այն հասկանալու համար հաճախ պահանջվում է այլ մոտեցում: Ահա մի քանի մտքեր, որոնք կարող են ավելի իմաստալից դարձնել Հին Կտակարանի բանաստեղծությունների ձեր ընթերցումը:

Ճանաչել հրեական բանաստեղծությունը

Նախ, օգտակար կլինի հասկանալ, որ Հին Կտակարանում հրեական բանաստեղծությունները հիմնված չեն հանգավորման վրա, ինչպես բանաստեղծության որոշ տեսակներ: Եվ չնայած հանգը, բառախաղը և հնչյունների կրկնությունը հին հրեական բանաստեղծությունների ընդհանուր հատկանիշներն են, դրանք թարգմանության մեջ, որպես կանոն, կորչում են: Այնուամենայնիվ, մի առանձնահատկություն, որը դուք կնկատեք, մտքերի կամ գաղափարների կրկնությունն է, որը երբեմն կոչվում է «զուգահեռականություն»: Եսայիայի այս հատվածը դրա պարզ օրինակն է․

  • Հագիր զօրութիւնդ, ով Սիօն,

  • քո փառաւոր հանդերձները հագիր, ով Երուսաղէմ (Եսայիա 52․1

29-րդ սաղմոսը բազմաթիվ զուգահեռ գծեր ունի. ահա մեկ օրինակ.

  • Տիրոջ ձայնը զօրութիւնով է․

  • Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է (Սաղմոս 29․4

Եվ ահա մի օրինակ, երբ իմանալով, որ երկրորդ տողը զուգահեռ է առաջինին, իրականում նպաստում է հատվածի ըմբռնմանը.

  • Ես էլ ձեզ ատամների մաքրութիւն տուի ձեր ամեն քաղաքներումը,

  • եւ հացի կարոտութիւն ձեր բոլոր տեղերումը (Ամովս 4․6

Այս օրինակներում մի միտք կրկնվում է չնչին տարբերությունով: Այս մեթոդը, տարբերություններն օգտագործելով, կարող է ընդգծել կրկնվող գաղափարը՝ այն ավելի լիարժեք նկարագրելու կամ զարգացնելու համար:

Մյուս դեպքերում, երկու զուգահեռ բառակապակցությունները նման բառեր են օգտագործում հակադիր գաղափարներ փոխանցելու համար, ինչպես այս օրինակում.

  • Մեղմ պատասխանը կհանգստացնէ բարկութիւնը․

  • բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կգրգռէ (Առակաց 15․1

Այս զուգահեռականությունը նպատակ ունի: Հեղինակները դա դիտավորյալ են արել: Դա նրանց թույլ է տվել արտահայտել հոգևոր զգացմունքները կամ ճշմարտություններն այնպես, ինչպես նրանց կարծիքով և՛ հզոր, և՛ գեղեցիկ էր: Այսպիսով, երբ Հին Կտակարանի մեջ զուգահեռություն եք նկատում, հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես է դա օգնում ձեզ հասկանալ հեղինակի ուղերձը: Օրինակ՝ ի՞նչ էր Եսայիան փորձում ասել «զորությունը» համեմատելով «փառավոր հանդերձի», իսկ «Սիոնը»՝ «Երուսաղեմի» հետ Եսայիա 52․1)։ Ի՞նչ կարող ենք եզրակացնել «մեղմ պատասխան» արտահայտության մասին, եթե գիտենք, որ «վիրավորիչ խոսքը» դրա հակառակն է (Առակաց 15․1

Նկար
երիտասարդ տղան լրացնում է նվիրատվության թերթիկը

Նա վերականգնում է իմ հոգին, Վոլտեր Ռեյն

Հրեական բանաստեղծությունը՝ որպես նոր ընկեր

Ձեզ համար կարող է օգտակար լինել բանաստեղծություն կարդալիս այն համեմատել նոր անձի հետ ծանոթանալու հետ: Օրինակ՝ դուք կարող եք Հին Կտակարանի բանաստեղծությունների ընթերցանությունը համեմատել հեռավոր երկրից և օտար մշակույթից մեկի հետ հանդիպելուն, ով չի խոսում մեր լեզվով և ով ավելի քան երկու հազար տարեկան է: Այս անձը, հավանաբար, կասի բաներ, որոնք սկզբում չենք հասկանա, բայց դա չի նշանակում, որ նա մեզ համար արժեքավոր բան չունի ասելու: Որոշակի համբերությամբ և կարեկցանքով՝ մեր նոր ծանոթը, ի վերջո, կարող է դառնալ սիրելի ընկեր: Մենք պարզապես պետք է որոշ ժամանակ անցկացնենք միասին՝ փորձելով իրերը տեսնել նրա տեսանկյունից: Մենք նույնիսկ կարող ենք պարզել, որ մեր սրտերում մենք իրոք բավականին լավ ենք հասկանում իրար:

Այսպիսով, առաջին անգամ, երբ կարդում եք Եսայիայից մի հատված, համարեք դա նոր ծանոթության ձեր առաջին ներածությունը: Հարցրեք ինքներդ ձեզ. «Ո՞րն է իմ ընդհանուր տպավորությունը»: Այդ հատվածն ի՞նչ է ստիպում ձեզ զգալ, նույնիսկ, եթե բոլոր բառերը չեք հասկանում: Դրանից հետո նորից կարդացեք, հնարավորության դեպքում՝ մի քանի անգամ: Ոմանք ավելի լավ են հասկանում, երբ բարձրաձայն են կարդում հատվածները: Ուշադրություն դարձրեք Եսայիայի ընտրած հատուկ բառերին, հատկապես այն բառերին, որոնք ստիպում են ձեր մտքում տեսարաններ պատկերացնել: Այդ տեսարաններն ինչպիսի՞ զգացումներ են առաջացնում։ Ի՞նչ են ենթադրում այդ տեսարաններն այն մասին, թե ինչ է զգացել Եսայիան: Որքան շատ ուսումնասիրեք Հին Կտակարանի այս բանաստեղծների խոսքերը, այնքան ավելի շատ կտեսնեք, որ նրանք միտումնավոր ընտրել են իրենց բառերը և մեթոդը՝ խորը հոգևոր ուղերձ արտահայտելու համար:

Բանաստեղծությունները կարող են հիանալի ընկերներ լինել, քանի որ դրանք օգնում են մեզ հասկանալ մեր զգացմունքներն ու փորձառությունները: Հին Կտակարանի բանաստեղծությունները շատ արժեքավոր են, քանի որ դրանք օգնում են մեզ հասկանալ մեր ամենակարևոր զգացմունքներն ու փորձառությունները, որոնք առնչվում են Աստծո հետ մեր հարաբերություններին:

Հին Կտակարանում բանաստեղծություններն ուսումնասիրելիս հիշեք, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունն ամենաարժեքավորն է, երբ այն առաջնորդում է մեզ դեպի Հիսուս Քրիստոսը: Փնտրեք խորհրդանիշներ, տեսարաններ և ճշմարտություններ, որոնք կառուցում են ձեր հավատը Նրա հանդեպ: Ուսումնասիրելիս լսեք Սուրբ Հոգուց ստացած հուշումները:

Իմաստուն գրականություն

Հին Կտակարանի բանաստեղծությունների անվանակարգերից մեկը գիտնականներն անվանում են «իմաստուն գրականություն»: Հոբի, Առակաց ու Ժողովողի գրքերն այս անվանակարգի մեջ են մտնում: Մինչ սաղմոսներն արտահայտում են գովեստի, տրտմության և երկրպագության զգացմունքներ, իմաստուն գրականությունը կենտրոնանում է հավերժական խորհուրդների կամ խորը, փիլիսոփայական հարցերի վրա: Օրինակ՝ Հոբի գիրքն ուսումնասիրում է Աստծո արդարությունն ու մարդկային տառապանքի պատճառները: Առակաց գիրքն առաջարկում է խորհուրդներ, թե ինչպես լավ ապրել, այդ թվում՝ իմաստուն ասացվածքներ, որոնք հավաքվել և փոխանցվել են նախորդ սերունդներից: Իսկ Ժողովողը կասկածի տակ է դնում կյանքի բուն նպատակը. երբ ամեն ինչ թվում է անցողիկ և պատահական, որտե՞ղ ենք մենք գտնում իրական իմաստը: Իմաստուն գրականությունը կարող եք համարել խոհուն զրույցներ՝ ոգեշնչված ուսուցիչների հետ, ովքեր ցանկանում են կիսվել որոշ դիտարկումներով՝ Աստծո և նրա ստեղծած աշխարհի վերաբերյալ, և միգուցե ցանկանում են օգնել ձեզ հասկանալ այս բաները մի փոքր ավելի լավ, քան նախկինում եք հասկացել:

Տպել