Եկ, հետևիր ինձ
Երկրորդ և երրորդ կիրակիներ


«Երկրորդ և երրորդ կիրակիների ժողովներ», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության համար (2017)

Երկրորդ և երրորդ կիրակիների ժողովներ

Երկրորդ և երրորդ կիրակիների ժողովներ

Ամեն ամսվա երկրորդ և երրորդ կիրակիները Մելքիսեդեկյան Քահանայության քվորումները և Սփոփող Միություններն ուսումնասիրում են ապրող մարգարեների, Առաքյալների և Եկեղեցու այլ ղեկավարների ուսմունքները՝ վերջին գերագույն համաժողովից։ Վերջին համաժողովի ցանկացած ուղերձ կարող է քննարկվել։

Քվորումի նախագահությունը, խմբի ղեկավարությունը կամ Սփոփող Միության նախագահությունը ուսումնասիրելու համար հիմնականում կընտրի համաժողովի որևէ ուղերձ անդամների կարիքների համաձայն, չնայած եպիսկոպոսը կամ ցցի նախագահը կարող են առաջարկություններ անել։ Ղեկավարները կարող են ընտրել ուղերձ, որը կապված է այն թեմայի հետ, որը քննարկվել է առաջին կիրակի օրվա խորհրդի ժողովի ժամանակ կամ նրանք կարող են ընտրել մեկ այլ ուղերձ՝ համաձայն Հոգու ոգեշնչման։ Ղեկավարները և ուսուցիչները պետք է ուղիներ գտնեն, խրախուսելով անդամներին նախօրոք կարդալ ընտրված ուղերձները և պատրաստված գալ՝ կիսվելու իրենց մտքերով։ Ստորև տրված ուսուցման վարժությունները, որոնք հիմնված են «Ուսուցանել Փրկիչի ձևով»ձեռնարկի սկզբունքների վրա, կարող են խրախուսել անդամներին սովորել գերագույն համաժողովի ուղերձներից։

Շերոն Ուբանկ, «Վառեք ձեր լույսը»

Ձեր քվորումի կամ Սփոփող Միության անդամներին խնդրեք մտածել, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել իրենց կյանքում մի արդարակյաց և հավատարիմ կին։ Հրավիրեք մի քանի անդամների կիսվել, թե ինչպես է այդ կինը ներկայացնում արդարակյաց կանանց մեկ կամ մի քանի հատկանիշները, որոնք ընդգծված են Քույր Ուբանկի ուղերձում։ Ի՞նչ ենք մենք սովորում Քույր Ուբանկից այն մասին, թե ինչպես կարող ենք վերջին օրերին դառնալ «վիթխարի ուժ, ինչը վերաբերում է Եկեղեցու թվական և հոգևոր աճին»:

Նիլ Ֆ. Մարիոթ, «Մնալ Աստծո հետ և վերանորոգել ճեղքվածքը»

Այս ուղերձը կարող է օգնել նրանց, ովքեր գուցե մեկուսացած են զգում Երկնային Հորից կամ իրենց շուրջը գտնվողներից։ Ի՞նչը կօգնի ձեր ուսանողներին հասկանալ, թե ինչ է ճեղքվածքը։ Ցույց տվեք տարբեր տեսակի ճեղքվածքների նկարներ։ Ինչպե՞ս է Քույր Մարիոթը սահմանում ճեղքվածքը։ Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ ճեղքվածքները Աստծո և ուրիշների հետ մեր փոխհարաբերություններում։ Հրավիրեք անդամներին Քույր Մարիոթի ուղերձում փնտրել խորհուրդներ, թե ինչ կարող ենք անել մեր կյանքի ճեղքվածքները վերանորոգելու համար։ Ժամանակ տվեք անդամներին գրի առնել, թե Հոգին ինչ է նրանց հուշում անել՝ Աստծուն և ուրիշներին մոտենալու համար։

Ջոյ Դ. Ջոնս, «Անչափելի արժեք»

Ի՞նչ օրհնություններ են հորդում մեր կյանք, երբ մենք հասկանում ենք մեր աստվածային էությունը։ Այս հարցին պատասխանելու համար ձեր քվորումի կամ Սփոփող Միության անդամները միասին կարող են վերանայել Մարիամայի, Ռենուի և Թաիանայի պատմությունները Քույր Ջոնսի ուղերձից։ Ի՞նչ խորհուրդ է տալիս Քույր Ջոնսը մեզ օգնելու համար, որ «հիշենք և ընդունենք մեր աստվածային ինքնությունը»։ Հրավիրեք անդամներին գտնել և քննարկել սուրբ գրության մի հատված կամ Քույր Ջոնսի ուղերձից մի հարց, որն օգնում է նրանց հասկանալ իրենց իրական արժեքն Աստծո համար։ Հրավիրեք նրանց կիսվել այս սուրբ գրություններից կամ հարցերից մեկով նրա հետ, ով կարիք ունի հիշելու իր աստվածային արժեքի մասին։

Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երեք քույրեր»

Նախագահ Ուխդորֆի ուղերձը վերանայելու համար կարող եք քվորումը կամ Սփոփող Միությունը բաժանել փոքր խմբերի։ Դուք կարող եք հանձնարարել յուրաքանչյուր խմբին կարդալ Նախագահ Ուխդորֆի ուղերձի քույրերից մեկի մասին։ Յուրաքանչյուր խումբ կարող է նամակ գրել այդ քրոջը՝ ամփոփելով իր խորհուրդը, և իրենց գրածով կիսվել մյուս խմբի հետ։ Ի՞նչ կարող ենք անել ավելի շատ երրորդ քրոջը նման լինելու համար։ Ինչպե՞ս կարող ենք մեր քվորումը կամ Սփոփող Միությունը դարձնել «ապահով տուն» նրանց համար, ովքեր տառապում են։

Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Տան կարոտը»

Ինչպե՞ս կարող եք օգնել ուսանողներին նկատել, թե ինչպես է Աստված օգտագործում իրենց՝ ուրիշներին օրհնելու համար։ Դուք կարող եք հրավիրել նրանց վերանայել Նախագահ Ուխդորֆի ուղերձի «Աստված կօգտագործի ձեզ» վերնագրով բաժինը, փնտրելով խոստումներ, որոնք տրված են նրանց, ովքեր ձգտում են ծառայել Աստծո թագավորությունում՝ իրենց թուլություններից անկախ։ Այս ուղերձի ընթերցումը նաև կարող է հիշեցնել անդամներին փորձառություններ, որոնցով կարող են կիսվել, երբ Աստված օգտագործել է իրենց ուրիշներին օրհնելու համար կամ երբ Նա օգտագործել է ուրիշներին՝ իրենց օրհնելու համար։ Անդամներին ժամանակ տվեք խորհել, թե այս քննարկման արդյունքում ոգեշնչվելով, ի՞նչ են անելու։

Բոննի Լ. Օսկարսոն, «Կարիքները մեր առջևում են»

Քույր Օսկարսոնի ուղերձի շուրջ քննարկում սկսելու համար բոլորին կարող եք տալ մի թերթիկ, որի վերևում գրված է՝ «Ո՞վ ունի իմ կարիքն այսօր»։ Ձեր Սփոփող Միության կամ քվորումի անդամները կարող են մի քանի րոպե խորհել և գրի առնել այդ հարցի պատասխանները։ Ապա Քույր Օսկարսոնի ուղերձում նրանք կարող են գաղափարներ փնտրել, թե ինչպես կարող են ծառայել իրենց կազմած ցուցակի մարդկանց կամ անուններ ավելացնել ըստ ոգեշնչման։ Թերևս մի քանիսը կարող են կիսվել իրենց սովորածով:

Դալլին Հ. Օուքս, «Փրկության ծրագիրը և Ընտանիքի հռչակագիրը»

Ձեր քվորումի, խմբի կամ Սփոփող Միության անդամներն ինչպե՞ս կգործեն համաձայն Երեց Օուքսի հրավերի՝ «ուսուցանել [և] ապրել համաձայն» ընտանեկան հռչակագրի, տանը, համայնքում և եկեղեցում։ Հրավիրեք նրանց միմյանց հետ կիսվել մտքերով։ Կարող է օգտակար լինել նաև ուսումնասիրել ընտանեկան հռչակագրի որոշ վարդապետական հայտարարությունները։ Ինչպես են այս հայտարարություններն օգնում մեզ արձագանքել «ընտանիքի ներկայիս խնդիրներին»։ Երեց Օուքսի ուղերձի IV բաժնում կան նման հայտարարությունների օրինակներ։

Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Կենդանի հացը, որն իջնում է երկնքից»

Ահա մի քանի հարց, որ Սփոփող Միության և քվորումի անդամները կարող են ունենալ իրենց մտքում, մինչ նրանք կվերանայեն Երեց Քրիստոֆերսոնի ուղերձը․ Ի՞նչ է սրբությունը։ Ինչպե՞ս ենք մենք սրբություն փնտրում։ Ինչպե՞ս է հաղորդություն ընդունելը մեզ օգնում մեր ջանքերում։ Անդամները կարող են օգտագործել Երեց Քրիստոֆերսոնի ուղերձի բառերը, որ կօգնեն պատասխանել այդ հարցերին։ Ինչպե՞ս ենք օգնում միմյանց որպես «ընկերակից Սրբեր» ավելի սուրբ դառնալու մեր ջանքերում։

Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո»

Ոմանք գուցե զգան, որ իրենք բավականաչափ հասուն չեն, երբ խոսքը վերաբերում է Փրկիչի ուսմունքներով ապրելուն։ Ըստ Երեց Հոլլանդի ուսմունքների, ի՞նչը կարող է մխիթարել և քաջալերել նրանց, ովքեր գուցե նման զգացումներ ունեն։ Դուք կարող եք հրավիրել Սփոփող Միության կամ քվորումի անդամներին ինչ-որ բան փնտրել այդ ուղերձում, ինչով կարող են կիսվել մեկի հետ, ով դժվարանում է պատկերացնել, որ ինքը «բավականաչափ լավն է»։ Կամ նրանք կարող են ինչ-որ բան գտնել ուղերձում, ինչը ոգեշնչում է նրանց զգալ «ավելի մեծ սեր և հիացմունք [Քրիսոսի]» հանդեպ և Նրան նմանվելու մեծ ցանկություն։

Գարի Ի. Սթիվենսոն, «Հոգևոր խավարում»

Ձեր քվորումի կամ Սփոփող Միության որևէ անդամ երբևէ տեսե՞լ է արևի խավարում։ Եթե այո, ապա կարող եք հրավիրել նրան բացատրել նմանությունը, որով կիսվում է Երեց Սթիվենսոնը «հոգևոր խավարման» վերաբերյալ։ Ի՞նչ խոչընդոտներ կարող են «արգելափակել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի լույսի մեծությունը, պայծառությունը և ջերմությունը»։ Ինչպե՞ս կարող են սոցիալական լրատվամիջոցները խանգարել մեզ տեսնել «ավետարանի գեղեցկությունը, ջերմությունը և երկնային լույսը»։ Ինչպե՞ս ենք մենք դնում «ավետարանի ակնոցներ», որոնք պաշտպանում են մեզ հոգևոր կուրությունից։ Ի՞նչ է ուսուցանում մեզ Երեց Սթիվենսոնի համանմանությունը ավետարանի հեռանկար ձեռք բերելու մասին։

Քուենթին Լ. Քուք, «Հավերժական ամենօրը»

Երեց Քուքի ուղերձը հիշեցնում է մեզ զանազան եղանակներով խոնարհ լինելու կարևորության մասին։ Նրա ուսմունքները քննարկելու համար կարող եք բաժանել անդամներին երկու խմբի։ Մի խմբին խնդրեք Երեց Քուքի ուղերձում փնտրել խորհուրդները, որոնք կարող են օգնել մեզ խոնարհություն զարգացնել, իսկ մյուս խմբին խնդրեք փնտրել ուղիները, որոնցով մարդիկ դրսևորում են հպարտություն։ Հրավիրեք յուրաքանչյուր խմբին իրենց մտքերով կիսվել մյուս խմբի հետ: Անդամները կարող են նաև կիսվել, թե ինչպես կարող են ավելի շատ «խոնարհություն ցուցաբերել առօրյա» կյանքում և խորհել, թե ինչպես կարող է այդ խոնարհությունն օգնել իրենց նախապատրաստվել հանդիպելու Աստծուն։

Ռոնալդ Ա. Ռասբենդ, «Աստծո ծրագրի համաձայն»

Երեց Ռասբենդի ուղերձի շուրջ քննարկում ծավալելու համար կարող եք հրավիրել մի քանի անդամների բերել կարի նմուշ, գծագիր կամ բաղադրատոմս և խոսել այն մասին, թե ինչու են սրանք օգտակար։ Երեց Ռասբենդի ուղերձի ո՞ր օրինակները կամ ուսմունքներն են ոգեշնչում անդամներին գիտակցել Աստծո ծրագիրը իրենց կյանքում։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ նկատել են, որ Տերն առաջնորդել է իրենց կյանքը։ Ի՞նչ են նրանք արել, որպեսզի ցույց տան Աստծուն, որ գնահատում են Նրա առաջնորդությունը։ Ինչո՞ւ է կարևոր հասկանալ Աստծո ծրագիրը։

Ռասսել Մ. Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ Ինչի՞ նման կլինի ձեր կյանքն առանց նրա»

Նախագահ Նելսոնը հրավիրում է անդամներին մտածել երեք հարցերի շուրջ․ (1) «Ինչի՞ նման կլինի ձեր կյանքն առանց Մորմոնի Գրքի»։ (2) «Դուք ի՞նչ չէիք իմանա»։ (3) «Դուք ի՞նչ չէիք ունենա»։ Հրավիրեք ձեր քվորումի, խմբի կամ Սփոփող Միության անդամներին խորհել այս հարցերի շուրջ և կիսվել իրենց պատասխաններով: Ի՞նչ են նրանք գտել այս ուղերձում, որ ոգեշնչում է նրանց ավելի շատ գնահատել Մորմոնի Գիրքը, քան «ադամանդներն ու սուտակները»։

Դեյլ Գ. Ռենլանդ, «Քահանայությունը և Փրկիչի քավող զոհաբերությունը»

Ինչպե՞ս դուք կարող եք օգնել ձեր քվորումի կամ Սփոփող Միության անդամներին հասկանալ, թե ինչպես է քահանայությունն օգնում իրենց համար մատչելի դարձնել Փրկիչի Քավության օրհնությունները։ Գրատախտակին կարող եք գրել այս երկու վերնագրերը․ «Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ Հիսուս Քրիստոսի Քավությունը» և «Ինչպե՞ս է քահանայությունը «մատուցում» մեզ Քավության օրհնությունները»։ Ապա հրավիրեք անդամներին ուսումնասիրել Երեց Ռենլանդի ուղերձը, փնտրելով արտահայտություններ, որոնք կարող եք գրել յուրաքանչյուր վերնագրի տակ։ Ինչպե՞ս են քահանայությունը և դրա արարողություններն օգնում իրականացնել Երկնային Հոր նպատակներն Իր զավակների համար:

Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երկնային լույսի կրողները»

Հրավիրեք անդամներին ուսումնասիրել Նախագահ Ուխդորֆի ուղերձը և գտնել, թե ինչպես կարող է աստվածային լույսի բացակայությունն ազդել մեր կյանքի վրա։ Դուք կարող եք հրավիրել անդամներին ուսումնասիրել Նախագահ Ուխդորֆի նշած սուրբ գրություններից մի քանիսը և ներկայացնել ճշմարտություններ, որոնք կապված են հոգևոր լույսի հետ։ Ի՞նչ է ուսուցանում մեզ խավարման վերաբերյալ փոխաբերությունը ազատ ընտրության դերի մասին, երբ փնտրում ենք հոգևոր լույս։ Ի՞նչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի աստվածային լույսն ուրիշների հետ կիսելու համար՝ հատկապես մեր ընտանիքների և «մեր երիտասարդների, ովքեր լույս են փնտրում»։

Հենրի Բ. Այրինգ, «Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին»

Հրավիրեք ձեր քվորումի կամ Սփոփող Միության անդամներին կիսվել փորձառություններով, երբ նրանք կարիք են ունեցել հավատ գործադրել, որ իրենց կամ մեկ ուրիշի կոչումը տրվել է Աստծուց։ Նրանք ինչպե՞ս գործի դրեցին իրենց հավատը: Ինչպե՞ս նրանք հասկացան, որ կոչումն Աստծուց էր։ Հրավիրեք անդամներին ուսումնասիրել Նախագահ Այրինգի ուղերձը և գտնել ճշմարտությունները, որոնք նա սովորել է անձնական փորձառությամբ, որը կարող է օգնել մեզ վստահել և համբերատար լինել մեր և ուրիշների հանդեպ, ում Տերը կանչել է։

Ջին Բ. Բինգհեմ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի»

Քույր Բինգհեմի ուղերձը կարող է օգնել ձեր Սփոփող Միության կամ քվորումի անդամներին հասկանալ, թե ինչպես գտնել ուրախություն՝ անկախ կյանքի դժվարություններից, մինչ մենք գալիս ենք Քրիստոսի մոտ։ Նրա ուղերձը քննարկելու համար կարող եք մի արահետ նկարել գրատախտակին, որը տանում է դեպի ուրախություն բառը։ Հրավիրեք մի քանի անդամների արահետի վրա գրել խորհուրդներ Քույր Բինգհեմի ուղերձից, որոնք տանում են դեպի իսկական ուրախություն։ Խրախուսեք անդամներին խորհել ուղիների մասին, թե ինչպես կարող են գործի դնել Քույր Բինգհեմի խորհուրդը։ Հրավիրեք մի քանի անդամների կիսվել իրենց մտքերով:

Դեյվիդ Ա. Բեդնար, «Ամենամեծ ու պատվական խոստումներ»

Որպեսզի օգնեք ձեր Սփոփող Միության կամ քվորումի անդամներին քննարկել Երեց Բեդնարի ուղերձը, կարող եք գրատախտակին ամրացնել նկարներ, որտեղ ներկայացված են Հանգստության օրը, տաճարը և մեր տները։ Հրավիրեք անդամներին կարդալ Երեց Բեդնարի ուղերձի համապատասխան հատվածները և գրատախտակին գրել, թե ինչպես են Հանգստության օրը, տաճարը և մեր տները օգնում մեզ կենտրոնանալ մեզ տրված Աստծո խոստումների վրա։ Մեր կյանքում առկա ո՞ր երևույթները կարող են հեռացնել մեր ուշադրությունն այդ խոստումներից։ Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել համոզված լինելու համար, որ մենք հիշում ենք դրանք։

Հենրի Բ. Այրինգ, «Մի վախեցեք բարիք գործել»

Նախագահ Այրինգի ուղերձը կարող է օգնել ձեր ուսանողներին գտնել քաջություն և հավատ բարիք գործելու աշխարհում։ Դուք կարող եք հրավիրել մի քանի անդամների ամփոփել հավատարիմ մարդկանց օրինակները, որոնցով կիսվել է Նախագահ Այրինգը։ Ի՞նչ են այս օրինակներն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես ծառայել ուրիշներին։ Այս օրինակներն ի՞նչ են խորհուրդ տալիս այն մասին, թե ինչպես կարող ենք ծառայել որպես քվորում կամ Սփոփող Միություն։

Այս ուղերձը քննարկելու համար կարող ենք նաև վերանայել օրհնությունները, որոնք Նախագահ Այրինգը տեսել է Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու վերաբերյալ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի խորհրդին հետևելու արդյունքում։ Ի՞նչ օրհնություններ ենք մենք տեսել Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու արդյունքում։

Մ․ Ռասսել Բալլարդ, «Գաղթը շարունակվում է»

Երեց Բալլարդի ուղերձի շուրջ քննարկում սկսելու համար դուք կարող եք հրավիրել որևէ մեկին կիսվել փորձառությամբ, երբ նրանք ունեցել են ճամփորդության վերջնակետ, սակայն պարզել են, որ սխալ ուղու վրա էին։ Նման օրինակներն ինչպե՞ս են առնչվում դեպի Երկնային Հայրը տանող մեր անձնական «գաղթի» հետ։ Ապա անդամները կարող են փնտրել Երեց Բալլարդի տված խորհուրդը և նախազգուշացումները, որոնք կարող են օգնել մեզ իմանալ, թե արդյոք մեր անձնական կյանքում մենք բռնել ենք ճիշտ ուղին։ Ժամանակ տրամադրեք անդամներին իրենց սեփական ուղիների մասին խորհելու համար և քննարկեք ուղիներ, թե ինչպես կարող ենք օգնել և քաջալերել ուրիշներին՝ Երկնային Հոր մոտ վերադառնալու իրենց «գաղթի» ճանապարհին։

Նիլ Լ. Անդերսեն, «Տիրոջ ձայնը»

Ձեր Սփոփող Միության կամ քվորումի անդամները կարող են կիսվել փորձառությամբ, երբ գերագույն համաժողովի ուղերձը հատուկ նշանակություն է ունեցել իրենց համար։ Ինչո՞ւ են այդ ուղերձներն այդքան մեծ նշանակություն ունեցել։ Ի՞նչ է ուսուցանում Երեց Անդերսենը գերագույն համաժողովի ուղերձների կարևորության և դրանք նախապատրաստելու ջանքերի ու գործընթացի մասին։ Այս գիտելիքն ինչպե՞ս է ազդում այդ խոսքերն ուսումնասիրելու և դրանց ականջ դնելու հրատապության վրա։ Կազմեք հրավերների ցուցակ՝ վերցված վերջին համաժողովից։ Մենք ի՞նչ ենք արել ըստ այդ հրավերների գործելու համար:

Տպել