«Ապրիլի 24-30-ը։ Հովհաննես 7-10. «Ես եմ բարի հովիւը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Ապրիլի 24-30-ը։ Հովհաննես 7-10», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Ապրիլի 24-30-ը
Հովհաննես 7-10
«Ես եմ բարի հովիվը»
Դուք և ձեր դասարանի անդամները ձեռք կբերեք գաղափարներ՝ այս շաբաթ Հովհաննես 7-10-ը կարդալիս: Հիշեք, որ այս նյութում տրված գաղափարները պետք է ավելի շուտ լրացնեն, քան փոխարինեն ոգեշնչմանը, որը դուք ստանում եք սուրբ գրություններն ուսումնասիրելիս:
Հրավիրեք կիսվել
Հիշեցրեք դասարանի անդամներին իրենց տները ավետարանի ուսումնասիրման կենտրոն դարձնելու կարևորության մասին: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ ուսուցանեց Սուրբ Հոգին Հովհաննես 7-10-ը տանը անհատապես կամ իրենց ընտանիքների հետ ուսումնասիրելու ժամանակ։
Ուսուցանեք վարդապետությունը
Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է
-
Հովհաննես 7-10 գլուխներում Փրկիչը մի քանի հայտարարություններ արեց, որոնք կօգնեն դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ Նրա առաքելությունը և ավելի մոտենալ Նրան: Դասարանի անդամներին հանձնարարեք ընթերցել սուրբգրային հետևյալ հատվածները և կիսվել, թե ինչ են դրանք ուսուցանում Փրկիչի աստվածային առաքելության մասին: Ինչպե՞ս է Քրիստոսն իրականացնում այս դերերը մեր կյանքում:
-
Հովհաննես 7․37-39․ «Կենդանի ջրի» աղբյուրը
-
Հովհաննես 8.12, 9.4-5. «Աշխարհքի լույսը»
-
Հովհաննես 9.8-10, 35-38. «Աստծո Որդին»
-
Հովհաննես 10.7-9. «Դուռը»
-
Հովհաննես 10.11-14. «Բարի հովիվը»
-
Ապրելով Հիսուս Քրիստոսի ուսմունքներով, մենք կսկսենք հասկանալ, որ դրանք ճշմարիտ են
-
Ինչ-որ առումով վկայություն ձեռք բերելը նման է հմտություն սովորելուն. պահանջում է և՛ կիրառում, և՛ փորձ: Սա պատկերավոր դարձնելու համար կարող եք հրավիրել դասարանի այն անդամներին, ովքեր որոշակի հմտություններ ունեն, ինչպես օրինակ՝ աճպարարության կամ երաժշտական գործիքով նվագելու, որպեսզի բացատրեն, թե ինչպես են զարգացրել իրենց հմտությունը: Ինչո՞ւ բավական չէ կարդալ տվյալ հմտության մասին կամ դիտել, թե ինչպես է դա կատարում մեկ ուրիշը: Դասարանով քննարկեք, թե պարապմունքների միջոցով հմտություն զարգացնելն ինչո՞վ է նման այն հոգևոր օրինակին, որը նկարագրել է Փրկիչը Հովհաննես 7.14-17-ում: Իսկ ինչո՞վ է այն տարբերվում:
-
Թերևս դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ ավետարանի սկզբունքով ապրելու շնորհիվ վկայություն են ձեռք բերել դրա մասին։ Դասարանի անդամներին ժամանակ տվեք մտածել ավետարանի որևէ սկզբունքի մասին, որի վերաբերյալ նրանք կկամենային ձեռք բերել ավելի ուժեղ վկայություն, ապա՝ խրախուսեք նրանց դնել որոշակի նպատակներ այդ սկզբունքով լիարժեք ապրելու համար:
Փրկիչի ողորմածությունը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ապաշխարում են
-
Նրանց համար, ովքեր մեղքերի պատճառով դատապարտված են զգում իրենց, կարող է գոտեպնդման աղբյուր լինել Փրկիչի պատմությունը, երբ Նա ողորմածություն և ապաշխարություն է առաջարկում կնոջը, ում մեղադրում էին շնության մեջ։ Իսկ եթե դասարանի անդամները գայթակղվեն՝ դատապարտելով մյուսներին նրանց մեղքերի համար, այդ պատմությունը կարող է ծառայել որպես նախազգուշացում: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ Հովհաննես 8.1-11-ը, պատասխաններ որոնելով նմանատիպ հարցերի համար. Այդ պատմությունն ի՞նչ է ուսուցանում Փրկիչի ողորմածության մասին: Ինչպե՞ս կօգնի մեզ Փրկիչի ողորմածությունը, երբ մեղք ենք գործում՝ գայթակղվում ենք դատել ուրիշներին (տես Ալմա 29․9-10)։
-
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին անհատական նշանակություն գտնել Հովհաննես 8.1-11-ում, դասարանը բաժանեք երեք խմբի՝ մի խումբը կկենտրոնանա փարիսեցիների խոսքերի և գործողությունների վրա, մյուսը՝ Փրկիչի խոսքերի և գործողությունների վրա, իսկ երրորդը՝ կնոջ խոսքերի և գործողությունների վրա: Նրանք կարող են դա անել կարդալով պատմությունը կամ դիտելով “Go and Sin No More” տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։ Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք մի ցուցակ կազմել հոգևոր ճշմարտությունների վերաբերյալ, որոնք նրանք սովորում են՝ ընթերցելով պատմության յուրաքանչյուր մասը:
-
Երբեմն մենք տեղյակ չենք այն ուղիներից, որոնցով դատում ենք մյուսներին: Ահա մի վարժություն, որը կօգնի դասարանի անդամներին հաղթահարել այդ միտումը. խնդրեք դասարանին օգնել ձեզ ստեղծել մի ցուցակ այն ուղիների վերաբերյալ, որոնցով մենք դատում ենք մարդկանց (նրանց արտաքինը, նրանց վարվելակերպը, նրանց ծագումը և այլն): Դասարանի անդամներին տվեք քարի ձևով կտրած թղթի կտորներ և խնդրեք նրանց ընտրել ուրիշներին դատելու մի ուղի, որում նրանք զգում են, որ մեղավոր են, և գրեք դա թղթե քարի վրա: Ի՞նչ ենք սովորում փարիսեցիներին ուղղված Փրկիչի խոսքերից Հովհաննես 8.1-11-ում: Հրավիրեք դասարանին թղթե քարերի դարձերեսին գրել մի բան, որը նրանց կհիշեցնի չդատել (գուցե մի արտահայտություն Հովհաննես 8-ից):
Երբ սկսում ենք ճանաչել Հիսուս Քրիստոսին, մենք սկսում ենք ճանաչել Հորը
-
Ի՞նչ են ուսուցանում Փրկիչի խոսքերը Հովհաննես 8.18-19, 26-29-ում Նրա և Նրա Հոր միջև կապի մասին: Այդ հատվածները կարդալուց և քննարկելուց հետո դասարանի անդամները թող գրատախտակին գրեն որոշ բաներ, որոնք կատարեց, ասաց և ուսուցանեց Հիսուսը: Ի՞նչ ենք սովորում այդտեղից Հայր Աստծո մասին: