«Դաս 15. Վարդապետություն և Ուխտեր 5․ «Ես հաստատ գիտեմ, որ դրանք ճշմարիտ են» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 5», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 15. Վարդապետություն և Ուխտեր 3-5
Վարդապետություն և Ուխտեր 5
«Ես հաստատ գիտեմ, որ դրանք ճշմարիտ են»
Տերը հավաստիացում տվեց Մարտին Հարրիսին, երբ նա լրացուցիչ վկայություն էր փնտրում, որ Ջոզեֆ Սմիթն ունի ոսկե թիթեղները: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ճանաչել այն վկայությունները, որոնք Տերը տվել է, որպեսզի օգնի նրանց անձնական վկայություն ստանալ Մորմոնի Գրքի՝ որպես Հիսուս Քրիստոսի մասին ևս մեկ վկայության և Ջոզեֆ Սմիթի՝ որպես Աստծո մարգարեի կոչման մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մարտին Հարրիսի երկընտրանքը
Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը դատավարություն է անցկացնում այն մասին, թե արդյոք Ջոզեֆ Սմիթը իրականում ունեցել է ոսկե թիթեղները, թե ոչ:
-
Արդյո՞ք վստահորեն կվկայեիք Մորմոնի Գրքի՝ որպես Աստծո խոսքի և Ջոզեֆ Սմիթի՝ որպես Վերականգնման Մարգարեի մասին: Ինչո՞ւ։
-
Ի՞նչ կասեիք դուք:
-
Ի՞նչ կներկայացնեիք որպես վկայություն՝ ձեր ասածը հաստատելու համար:
Կիսվելով և ամփոփելով ստորև ներկայացվող պատմական տեղեկությունները՝ ուսանողները կարող են ավելի լավ հասկանալ, թե ինչպես կիրառել Վարդապետություն և Ուխտեր 5 բաժինն իրենց կյանքի հանգամանքներում։
Լյուսի Հարրիսը՝ Մարտինի կինը, զայրանում էր, որ իր ամուսինը ժամանակ և գումար էր տրամադրում Մորմոնի Գրքի հրատարակման համար: Նա իրավական բողոք ներկայացրեց Ջոզեֆ Սմիթի դեմ և հավաքեց մի քանի մարդկանց, որոնք պատրաստ էին ցուցմունք տալ, որ նա ստել է թիթեղների գոյության մասին։ Նրանք Մարտինին զգուշացրել էին, որ եթե նա չմիանա իրենց՝ Ջոզեֆի դեմ ցուցմունք տալու համար, ապա Մարտինին նույնպես կարող են բանտ ուղարկել: Թեև Մարտինը նախկինում Ջոզեֆի գրագիրն էր եղել, թիթեղների տառերը ցույց էր տվել գիտնականներին՝ դրանց հնությունը ստուգելու համար և կորցրել էր բնօրինակ ձեռագրի 116 էջը, նա այնուամենայնիվ փնտրում էր ոսկե թիթեղների իրողության ևս մեկ վկայություն: Նա ճամփորդեց Ջոզեֆ Սմիթի տուն, որտեղ Ջոզեֆը հարցրեց Տիրոջը և ստացավ Վարդապետություն և Ուխտեր 5 բաժնի հայտնությունը։
Վարդապետություն և Ուխտեր 5 բաժինն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու օգնությունը՝ հաստատելու այն, ինչ արդեն գիտեք Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի մասին։ Նաև փնտրեք եղանակներ՝ ամրապնդելու ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված Եկեղեցու մասին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.1–3 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Տերը պատասխանում Մարտին Հարրիսին։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տերը չի ապացուցում Մորմոնի Գրքի իսկությունը՝ թույլ տալով, որ թիթեղները ցուցադրվեն աշխարհին:
Թեև այդ ժամանակ Մարտինին թույլ չտրվեց տեսնել ոսկե թիթեղները, այս հայտնությունը զորացրեց նրան այնպես, որ նա կարողացավ հզոր վկայություն տալ Մարգարեի մասին: Այս դասի ընթացքում դուք կիմանաք, որ Տերը տվել է վկաներ՝ օգնելու մեզանից յուրաքանչյուրին ստանալ մեր սեփական վկայությունը Ջոզեֆ Սմիթի՝ որպես Աստծո մարգարեի և Մորմոնի Գրքի՝ որպես Հիսուս Քրիստոսի մասին մեկ այլ վկայության վերաբերյալ։
Վկայություն՝ տրված Տիրոջ կողմից
Կարող եք դասարանը բաժանել երեք խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարել ինքնուրույն ուսումնասիրել մեկ «վկայություն»՝ օգտագործելով ստորև բերված աշխատաթերթը: Բավարար ժամանակից հետո ուսանողները կարող են համեմատել և իրենց խմբի հետ քննարկել իրենց գտածը:
Կարող եք նաև պատրաստել երեք առանձին ծրար՝ «Վկա թիվ 1», «Վկա թիվ 2» և «Վկա թիվ 3»: Յուրաքանչյուր ծրարի մեջ դրեք աշխատաթերթի համապատասխան հատվածի մի քանի օրինակ: Բաժանեք այդ օրինակները յուրաքանչյուր խմբին՝ ուսումնասիրելու համար։
Վկաներ
Վկա թիվ 1
Տիրոջ Տունը
Ջոզեֆ Սմիթին պատվիրվեց չցուցադրել ոսկե թիթեղները աշխարհին (տես Վարդապետություն և Ուխտեր 5.3)։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.6–10 հատվածները՝ փնտրելով, թե ինչով է Փրկիչը թույլ տվել կիսվել։
Կարող եք նշել մի արտահայտություն, որը Տերը կրկնում է 5, 6 և 7 հատվածներում։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերն ավելի շատ մտահոգված այն մասին, որ մենք հավատանք և ականջ դնենք Իր խոսքերին Մորմոնի Գրքում, քան այն մասին, որ մենք իմանանք, որ թիթեղները գոյություն ունեն:
Անդրադառնալով Մորմոնի Գրքին՝ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ուսուցանել է.
Մի աշխարհում, որը սովոր է հիմնվել ապացույցների վրա, Մորմոնի Գրքի ճշմարտացիության և վավերականության ապացույցը հիմնված չէ հնեաբանության կամ մարդաբանության վրա, թեև դա կարող է օգտակար լինել ոմանց համար։ Այն հիմնված չէ բառերի ուսումնասիրության կամ պատմական վերլուծության վրա, թեև դա կարող է հաստատող լինել։ … Մորմոնի Գրքի ճշմարտացիության ստուգումը կայանում է այն կարդալու մեջ։ Դա Աստծո գիրքն է։ (Գորդոն Բ․ Հինքլի «Հավատքի չորս անկյունաքարերը», Ensign, փետրվար 2004, 6)
Մի քանի րոպե տրամադրեք՝ խորհելու Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու և այդ գրքից սովորելու ձեր փորձառության մասին: Խորհեք, թե ինչպես է ձեր ուսումնասիրությունն ազդել ձեր կյանքի վրա: Կարող եք ձեր մտքերից մի քանիսը գրի առնել ձեր օրագրում։
Վկա թիվ 2
Երեք վկաների վկայությունը
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.11–15 հատվածները՝ փնտրելով, թե Տերը ում պետք է ի վերջո թույլ տար տեսնել թիթեղները:
-
Ի՞նչ տեսաք այս հատվածներում, որը կարող էր զորեղ դարձնել Երեք վկաների վկայությունները:
Ավելի ուշ Մարտին Հարրիսը, Օլիվեր Քաուդերին և Դեյվիդ Ուիթմերը պետք է տեսնեին ոսկե թիթեղները և վկայեին դրանց իրողության մասին: Այս իրադարձության մասին դուք ավելին կիմանաք՝ ուսումնասիրելով Վարդապետություն և Ուխտեր 17 բաժինը։
Անդրադառնալով Երեք վկաներին՝ Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․
Նրանց վկայությունը անհերքելիորեն կանգնում է ցանկացած այլ վկայության կողքին։ Կարելի է չընդունել այն, սակայն ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ բարի համբավ ունեցող երեք տղամարդիկ միանում և շարունակ հաստատում են իրենց հրատարակված վկայությունը մինչև իրենց կյանքի վերջը՝ պայքարելով մեծ ծաղրի և այլ անձնական անբարենպաստ պայմանների դեմ։ Ինչպես Մորմոնի Գրքի դեպքում, չկա ավելի լավ բացատրություն, քան այն, որ տրված է հենց վկայության մեջ, լրջամիտ հայտարարությունն այն լավ ու ազնիվ մարդկանց, ովքեր ասել են այն, ինչ տեսել են։ (Դալլին Հ. Օուքս, «Վկան․ Մարտին Հարրիս», Լիահոնա, մայիս 1999, 36)
Կարող եք կարդալ «Երեք վկաների վկայությունը» Մորմոնի Գրքի սկզբում կամ կազմել այն մարդկանց ցուցակը, որոնք վկայել են ձեզ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Մտածեք, թե ինչպես է նրանց վկայությունն ամրապնդել ձերը:
Վկա թիվ 3
Սուրբ Հոգին
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.16 և Մորոնի 10.4–5 հատվածները։ Նշեք, թե ինչպես է Աստված բացահայտում Մորմոնի Գրքի ճշմարտացիությունն Իր զավակներին:
-
Հոգին ի՞նչ եղանակներով կարող է ինչ-որ մեկին վկայել Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին:
Գլեն Լ. Փեյսը, որը ծառայում էր որպես Նախագահող եպիսկոպոս, ասել է.
Վկայություն ձեռք բերելու այլ ճանապարհ չկա՝ բացի Սուրբ Հոգու վկայությունից: Ուրիշ ոչ մի բանի վրա հիմնվել չեք կարող։ … Մենք ունենք բազմաթիվ սուրբգրային օրինակներ, թե որքան անիմաստ կարող է լինել ֆիզիկական դրսևորումը, եթե այն չի ուղեկցվում Հոգու վկայության ստացումով։ Դարձը գալիս է ոչ երկնքից եկող ֆիզիկական դրսևորումների միջոցով: (Գլեն Լ․ Փեյս, «The Elusive Balance», New Era, մարտ 1989, 49)
Կազմեք պատճառների ցանկը, թե ինչու, ըստ ձեզ, Սուրբ Հոգուց՝ Աստվածության անդամից ստացած վկայությունն ավելի կարևոր է, քան որևէ բանի ճշմարիտ լինելու ֆիզիկական ապացույցը։ Կարող եք ներառել ցանկացած վկայություն Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու մասին, որը դուք զգում եք, որ ստացել եք Սուրբ Հոգու միջոցով։
Երբ ուսանողներն ավարտեն իրենց հանձնարարված վկայության ուսումնասիրությունն ու քննարկումը, առաջարկեք նրանց նշանակել իրենց խմբի մեկ կամ մի քանի ներկայացուցչի՝ դասարանին ներկայացնելու հետևյալ տեղեկությունները.
-
Բացատրեք Տիրոջ կողմից տրված վկայությունը, որը դուք ուսումնասիրել եք ձեր խմբի հետ:
-
Կիսվեք օրինակներով ձեր խմբի անդամների կողմից կազմած ցանկերից:
Բոլոր ուսանողներին կարող եք առաջարկել, որ դասընկերների ասածին ավելացնեն իրենց գաղափարներն ու վկայությունը։
Կարող եք շարունակել «Համոզիչ վկա» տեսանյութի մնացած մասի դիտումը (0:37-7:46):
Compelling Witness
When her Book of Mormon falls onto the cafeteria floor and into the hands of a skeptical classmate, one young woman works to create a case for its truthfulness.
Վարդապետություն և Ուխտեր 5 բաժնի հայտնությունից հետո Մարտինը դատարանում համարձակորեն ցուցմունք տվեց Ջոզեֆ Սմիթի էության և ոսկե թիթեղների իրողության մասին: Մարտինի և մյուսների վկայությունը լսելուց հետո դատավորը մերժեց Ջոզեֆ Սմիթի դեմ հարուցված գործը:
Կիսվեք ձեր մտքերով և վկայությամբ այս դասի ընթացքում սովորած ճշմարտությունների մասին։