«Դաս 13. Վարդապետություն և Ուխտեր 3․ «Դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր, քան Աստծուց»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 3», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 13. Վարդապետություն և Ուխտեր 3-5
Վարդապետություն և Ուխտեր 3
«Դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր, քան Աստծուց»
Երբեմն մենք կարող ենք ուրիշների կողմից ճնշման ենթարկվել, որպեսզի չհնազանդվենք Աստծուն։ Ջոզեֆ Սմիթը նման ճնշման ազդեցության տակ էր, երբ Մարտին Հարրիսը խնդրեց վերցնել Մորմոնի Գրքի թարգմանված էջերը: Սակայն Ջոզեֆը հասկացավ, որ դրանք այն պահերն են, երբ մենք պետք է հավատարիմ լինենք Աստծուն և չտրվենք ուրիշների ճնշմանը: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ ավելի մեծ ցանկություն՝ ավելի շատ վստահելու Աստծուն, քան այլ մարդկանց:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կյանքի ճնշումը
-
Ի՞նչ ճնշումներ են զգում դեռահասներն իրենց կյանքում:
-
Այդ ճնշումներից քանի՞սն են առաջանում ուրիշներին հաճոյանալ փորձելու պատճառով:
Մեկ րոպե տրամադրեք՝ մտածելու, թե որքան ճնշում եք զգում ուրիշներին հաճոյանալու համար և ինչու:
Այս դասում դուք կուսումնասիրեք, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթը ինչպես ճնշում զգաց՝ Մարտին Հարիսին հաճոյանալու համար, և Փրկիչն ինչ ուսուցանեց նրան այդ իրավիճակում: Ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ գտնելով ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ, երբ զգում եք այդ ճնշումը:
«Ամեն ինչ կորած է»
Մարտին Հարրիսը Պալմիրայի հարգված քաղաքացի էր և հաջողակ ֆերմեր, նա այդ տարածքի այն մի քանի մարդկանցից մեկն էր, որոնք հավատում էին Ջոզեֆ Սմիթին: Մարտինը Ջոզեֆի ընկերն էր, թեև տարիքով երկու անգամ մեծ էր նրանից։ Նա Ջոզեֆին գումար տվեց, որպեսզի Ջոզեֆը կարողանա տեղափոխվել Փենսիլվանիա նահանգի Հարմոնի քաղաք, որտեղ նրան չէին խանգարի թարգմանել Մորմոնի Գիրքը: Մարտինը նաև զոհաբերությունների գնաց, որպեսզի ինքը նույնպես տեղափոխվի այնտեղ և ծառայի որպես գրագիր:
Մարտինի կինը՝ Լյուսին, չէր աջակցում և չէր ողջունում նրա ներգրավվածությունը Մորմոնի Գրքի թարգմանության մեջ: Մարտինը Ջոզեֆին հարցրեց՝ արդյոք ինքը կարող է թարգմանության առաջին 116 էջերը ցույց տալ Լյուսիին՝ որպես իրենց աշխատանքի ապացույց: Ջոզեֆը երկու անգամ աղոթեց այդ մասին և ամեն անգամ նրան ասվեց, որ թույլ չտա Մարտինին վերցնել էջերը:
Ջոզեֆը երրորդ անգամ աղոթեց, և Տերը թույլ տվեց խիստ պայմաններով: Մարտինը էջերը տարավ Պալմիրա՝ կնոջը ցույց տալու։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Ջոզեֆը չհետևեց Տիրոջից ստացած առաջին երկու պատասխանին:
Մարտինի մեկնելու հաջորդ օրը Էմմա Սմիթը լույս աշխարհ բերեց իր և Ջոզեֆի առաջնեկին՝ որդուն: Ցավալիորեն, երեխան ապրեց ընդամենը մի քանի ժամ, և Էմման նույնպես կարող էր մահանալ: Բարեբախտաբար, Էմմայի առողջական վիճակը մի քանի շաբաթ անց սկսեց բարելավվել: Թեև Ջոզեֆը չէր ցանկանում հեռանալ կնոջ կողքից, Էմման հորդորեց նրան մեկնել Պալմիրա և տեղեկանալ ձեռագրի մասին:
Երբ Ջոզեֆը ժամանեց իր ծնողների տուն, նրանք Մարտինին հրավիրեցին նախաճաշելու իրենց հետ: Մարտինը չորս ժամից ավել չէր գալիս։ Երբ նա վերջապես եկավ և նստեց, ողբալից բացականչեց. «Ես կորցրի իմ հոգին»: Նա չէր հետևել խիստ հրահանգներին և կորցրել էր ձեռագիրը։
«Օ, Աստված իմ, Աստված իմ։ Ամեն ինչ կորած է»։ Ջոզեֆն ասաց։ «Ինչպե՞ս պետք է նման պատմությամբ վերադառնամ կնոջս մոտ: Ես ինչպե՞ս պետք է երևամ Տիրոջ առաջ»։
Երբ Ջոզեֆը վերադարձավ Հարմոնի, Մորոնին հայտնվեց և վերցրեց թիթեղները նրանից: (Տես Սրբեր, 1.50–54)։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Ջոզեֆը համարում, որ ամեն ինչ կորած է:
Այդ փորձառությունից կարճ ժամանակ անց Տերը խոսեց Ջոզեֆ Սմիթի հետ՝ խրատեց նրան և մխիթարական խոսքեր ասաց:
Աստծուց ավելի շատ վախեցեք, քան մարդուց
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 3.1–10 հատվածները։ Բացահայտեք, թե Տերը ինչ էր ուզում, որ Ջոզեֆը սովորեր այդ փորձառությունից:
-
Որո՞նք են ձեր գտած դասերը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե ինչ է նշանակում վախենալ Աստծուց․
Սուրբ գրություններում կան շատ հատվածներ, որտեղ մարդկությանը խորհուրդ է տրվում վախենալ Աստծուց: Մեր օրերում մենք հիմնականում վախ բառը մեկնաբանում ենք որպես «հարգանք», «ակնածանք» կամ «սեր», այսինքն, Աստծո վախը նշանակում է սեր Աստծո հանդեպ կամ հարգանք Նրա և Նրա օրենքի հանդեպ: …
… Մենք պետք է այնքան սիրենք և հարգենք Նրան, որ վախենանք որևէ բան անելուց, որը սխալ է Նրա աչքում՝ անկախ նրանից, թե ինչ կարծիքներ կամ ճնշումներ կլինեն ուրիշների կողմից: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Զգացում սրբազան բաների մասին» [Եկեղեցու Կրթական Համակարգի հավաք երիտասարդ չափահասների համար, նոյեմբեր 7, 2004], 6–7, broadcasts.ChurchofJesusChrist.org)
-
Ձեր բառերով ինչպե՞ս կամփոփեք այն, ինչ երեց Քրիստոֆերսոնն ուսուցանել է Աստծուց վախենալու մասին:
Եթե մենք հավատարիմ լինենք, Աստված կաջակցի մեզ բոլոր դժվարությունների ժամանակ
Ձեր ուսումնական օրագրում գրեք հետևյալ արտահայտությունը․ Տերը կարող է աջակցել ինձ փորձանքների ժամանակ, քանի որ Նա … ։ Ավարտեք այս արտահայտությունը՝ կատարելով հետևյալ քայլերից մեկը կամ մի քանիսը․
-
Կազմեք այնպիսի դեպքերի ցուցակ, որոնց ժամանակ Հիսուս Քրիստոսը կարող է օգնել և աջակցել ձեզ, բայց մարդիկ չեն կարող:
-
Կազմեք ձեր կյանքի այն դեպքերի ցուցակը, երբ դուք որոշեցիք հավատարիմ մնալ Տիրոջը, նույնիսկ երբ ուրիշները ճնշում էին գործադրում ձեզ վրա, որպեսզի չհնազանդվեք Նրան, և Նա օգնություն տրամադրեց ձեզ: Կարող եք նաև օրինակներ օգտագործել սուրբ գրություններից:
-
Ի՞նչ եք գրել Փրկչի մասին, որն ըստ ձեզ, առավել օգտակար կլինի հիշել, երբ գայթակղություն ունենաք ավելի շատ գոհացնելու ուրիշներին, քան Աստծուն:
Այդ խրատի արդյունքում Ջոզեֆն իմացավ, որ Աստված կօգնի իրեն, եթե ինքը հավատարիմ մնա: Ջոզեֆը առաջ էր շարժվում կյանքում՝ վստահելով Աստծո պատվիրաններին և առաջնորդությանը, չնայած նա ապրում էր ցավ, հալածանք, բանտարկություն և նույնիսկ մահ (տես Վարդապետություն և Ուխտեր 122, 135)։
Խորհեք և ձեր ուսումնական օրագրում գրեք, թե այս դասում սովորածն ինչպես է առնչվում ձեզ հետ: Կարող եք ներառել այն, ինչ կցանկանայիք հիշել կամ անել, եթե բախվեիք ճնշման, որը ձեզ կստիպեր ավելի շատ վախենալ ուրիշներից, քան Աստծուց: