Սեմինարիա
Դաս 16. Գնահատեք ձեր գիտելիքները 1. Վարդապետություն և Ուխտեր 1–5, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1


«Դաս 16. Գնահատեք ձեր գիտելիքները 1. Վարդապետություն և Ուխտեր 1–5, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Գնահատեք ձեր գիտելիքները 1», Վարդապետություն և Ուխտեր

Դաս 16. Վարդապետություն և Ուխտեր 3-5

Գնահատեք ձեր գիտելիքները 1

Վարդապետություն և Ուխտեր 1–5, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1

երիտասարդներն ուսումնասիրում են սուրբ գրությունները

Մեր հոգևոր ուսման մասին խորհրդածելը և գնահատելը կարող է օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին: Այս դասը կօգնի ուսանողներին հիշել և գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր և Ջոզեֆ Սմիթ—Պատմություն գրքերի ուսումնասիրության իրենց փորձառություններն ինչպես են օգնել իրենց հոգեպես աճել և ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչո՞ւ պիտի գնահատենք մեր առաջադիմությունը

Որպեսզի օգնենք ուսանողներին պատրաստվել գնահատելու մինչ այժմ ունեցած իրենց առաջադիմությունը, կարող եք կատարել նմանատիպ վարժություն: Գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը և նպատակի օրինակ գրեք: Ուսանողները կարող են դիտարկել հոգևոր, մտավոր, ֆիզիկական կամ սոցիալական նպատակներ, որոնք իրենք դնում են իրենց առջև Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակում։

Ձեր ուսումնական օրագրի էջի վրա մի գիծ քաշեք: Գծի աջ ծայրում գրեք ձեր երկարաժամկետ նպատակներից մեկը: Օրինակներից մի քանիսը կարող են լինել՝ բարձր մակարդակով զբաղվել որևէ մարզաձևով կամ նվագել երաժշտական գործիք, հատկապես լավ տիրապետել որևէ հմտության, ստանալ կրթական աստիճան կամ վկայական և ամուսնանալ տաճարում:

Ինչպես ցույց է տրված հետևյալ գծապատկերում, գծի վերևի մասում մարդուկ նկարեք՝ ցույց տալու համար, թե որքան եք առաջադիմել ձեր նպատակին հասնելու համար:

մարդուկի գծապատկեր՝ առաջադիմությունը ցույց տալու համար

Մեկ րոպե տրամադրեք և գծի ձախ կողմում գրեք այն առաջադիմությունը, որին դուք արդեն հասել եք։ Կարող եք ներառել հատուկ բաներ, որոնք սովորել կամ արել եք՝ ձեր նպատակին հասնելու ճանապարհին առաջադիմելու համար:

  • Ինչո՞ւ է օգտակար դադար առնել և գնահատել, թե, ինչ ենք սովորել և ինչպես ենք առաջադիմել:

Կարող եք հրավիրել մի քանի ուսանողի կիսվել, թե ինչ են սովորել կամ արել՝ իրենց նպատակին հասնելու ճանապարհին առաջադիմելու համար: Դա ոչ միայն կպատրաստի ուսանողներին ավելին սովորել այս դասի ընթացքում, այլև կարող է օգնել նրանց ավելի լավ ճանաչել միմյանց և ամրապնդել դասարանի միասնությունը:

Սեմինարիայի նպատակներից մեկն է օգնել ձեզ ավելի մոտենալ Փրկիչ Հիսուս Քրիստոսին և ավելի նմանվել Նրան:

  • Ինչո՞ւ է նաև կարևոր դադար առնել և գնահատել Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու և Նրան ավելի նմանվելու մեր ջանքերը:

Ի՞նչ եք սովորում Ինչպես եք առաջադիմել

Բացատրեք, որ այս ուսումնական տարվա ընթացքում չորսից վեց շաբաթը մեկ անգամ կանցկացվի նմանատիպ դաս, որի ընթացքում ուսանողները կարող են դադար առնել՝ գնահատելու, թե ինչ են սովորում և ինչպես են ավելի մոտենում Փրկչին:

Եթե օգտակար լինի, կարող եք առաջարկել ուսանողներին թվարկել որոշ պատմություններ և թեմաներ, որոնք սովորել են մինչ այժմ: Դա կարող է օգնել նրանց՝ հետևյալ քայլերը կատարելիս․

Մի քանի րոպե տրամադրեք՝ ձեր ուսումնական օրագրում գրելու առաջադիմության մասին, որն ունեցել եք Փրկչին ավելի մոտենալու համար՝ Վարդապետություն և Ուխտերի այս տարվա ուսումնասիրության ընթացքում։ Դրա մեջ կարող են ներառվել վարդապետություն և ճշմարտություններ, որոնք դուք սովորում եք, այն եղանակները, որոնցով աճում է ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, նոր սովորություններ, որոնք դուք ձևավորում եք, և այն եղանակները, որոնցով դուք ձգտում եք փոխվել:

Բավարար ժամանակից հետո առաջարեք մի քանի ուսանողի կիսվել իրենց մտքերով, եթե դրանք խիստ անձնական չեն: Դա կարելի է անել փոքր խմբերում կամ ամբողջ դասարանով: Որպես այլընտրանք՝ ուսանողները կարող են նաև մի բառ կամ արտահայտություն մտածել՝ ամփոփելու համար, թե իրենք ինչպես են սովորում կամ առաջադիմում և գրատախտակին գրել այդ բառը կամ արտահայտությունը (օրինակ՝ «ավելի ամուր վկայություն», «Նրա մասին իմանալ սուրբ գրությունների միջոցով» կամ «զգալ Փրկչի սերը»)։ Այնուհետև կարող եք ցույց տալ գրատախտակին գրված հիմնաբառերը և հարցնել, թե արդյոք այդ բառերը գրած ուսանողները պատրաստ են կիսվել, թե ինչու են դրանք գրել գրատախտակին: Ուսանողներին լսելիս եղանակներ փնտրեք՝ գովելու նրանց ջանքերը, խրախուսելու շարունակել այդ ջանքերը և վկայել Տիրոջ օգնության և օրհնությունների մասին:

Սուրբ գրությունների ուսումնասիրության գնահատում

Ցուցադրեք Ջոզեֆ Սմիթի նկարը և ուսանողների հետ քննարկեք Ջոզեֆ Սմիթի՝ որպես Աստծո մարգարեի մասին պատմող սուրբ գրությունների ուսումնասիրության ազդեցությունը:

երիտասարդ Ջոզեֆ Սմիթը կարդում է Աստվածաշունչը
  • Սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպե՞ս օգնեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին:

Մտածեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր նպատակի մասին: Ինչպե՞ս են ձեր ջանքերն ազդում ձեզ վրա:

Յուրաքանչյուր ուսանողի տվեք երկու փոքր թերթիկ։ Ուսանողները կարող են առաջին հարցի իրենց պատասխանը գրել մի թերթիկի վրա, իսկ երկրորդ հարցի պատասխանը՝ մյուս թերթիկի:

  • Ի՞նչ եղանակով եք հաջողության հասել սուրբ գրություններն ուսումնասիրելիս։

  • Ի՞նչ դժվարություններ եք ունենում սուրբ գրություններն ուսումնասիրելիս։

Խնդրեք ուսանողներին հաջողության նկարագրությամբ իրենց թերթիկը դնել մի կույտի մեջ, իսկ դժվարությունների նկարագրությամբ թերթիկը՝ մյուս կույտի մեջ։ Առանձին-առանձին խառնեք երկու կույտերը և դրանցով կիսվեք դասարանի հետ: Ուսանողների հաջողությունների մասին կարդալիս գովեք և խրախուսեք նրանց։ Կարող եք հարցնել․ «Ուրիշ որևէ մեկը հաջողության հասե՞լ է այս բանն անելով» և «Սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին»: Երբ կարդում եք ուսանողների դժվարությունների մասին, որոնք կապված են սուրբ գրությունների ուսումնասիրման հետ, արդյունավետ կլինի առաջարկել դասարանին գտնել սուրբ գրություններ, փնտրել մարգարեների կամ Եկեղեցու ղեկավարների խոսքերը կամ հիշել ձեր անձնական փորձառությունները, որոնք կարող են օգտակար լինել:

Գնահատեք, թե ուսանողները ինչ վերաբերմունք ունեն Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ

Հետևյալ քայլերով հնարավորություն տվեք ուսանողներին գնահատելու, թե իրենք ինչ վերաբերմունք ունեն Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ:

Հիշեք և գրեք որքան հնարավոր է շատ բաներ, որոնք դուք սովորել եք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին սեմինարիայի վերջին մի քանի շաբաթների ընթացքում:

Ուսանողները կարող են իրենց սովորածը գրել գրատախտակին՝ Ջոզեֆ Սմիթի նկարի շուրջը: Որպես այլընտրանք՝ ուսանողները կարող են կատարել այս վարժությունը փոքր խմբերով:

Ընդգծեք կամ շրջանակի մեջ առեք ձեր ցուցակում ներառված որևէ բան, որը վերաբերում է նաև այն եղանակին, որով նա օգնել է ձեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Եթե ուսանողները չնշեն, դուք ցուցակում անպայման ներառեք այն, որ Ջոզեֆ Սմիթը տեսել է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին Առաջին Տեսիլքի ժամանակ, թարգմանել է Մորմոնի Գիրքը Աստծո զորությամբ և ստացել է հայտնություններ Տիրոջից, որոնք ներառված են Վարդապետություն և Ուխտեր գրքում: Նաև ներառեք այն, որ Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը վերականգնել է քահանայությունը, Եկեղեցին և ուխտերն ու արարողությունները:

Առաջարկեք ուսանողներին գնահատել, թե որքանով են իրենք հավատում իրենց թվարկած կետերին 1-5 միավորի սանդղակով (1=չեմ հավատում, իսկ 5=վստահաբար հավատում եմ): Առաջարկեք նրանց կիսվել փորձառություններով, որոնք օգնել են մեծացնել իրենց հավատքն առ այն, որ Աստված կանչել է Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե, որպեսզի նա օգնի մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Ձեր ուսանողներից ոմանք դեռևս կարող են դժվարություններ ունենալ վկայելու այն մասին, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր: Դուք կարող եք օգնել այդ ուսանողներին՝ տալով հետևյալ հարցը և ուսանողներին շատ գաղափարներ արտահայտելու հնարավորություն ընձեռելով:

  • Եթե որևէ մեկը դժվարանում է հավատալ, որ Տերը կանչել է Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե, ի՞նչ կարող եք առաջարկել նրան անել՝ իր հավատքն ամրապնդելու համար: