Երբ Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը սկսեց ծավալվել, որոշ մարդիկ ցանկացան իմանալ, թե ինչպես կարող են օգնել: Այդ մարդկանց թվում էին Ջոզեֆ Սմիթի ընտանիքի անդամները, օրինակ՝ նրա եղբայր Հայրումը: Տերը գովեց Հայրումին իր բարի ցանկությունների համար և ուսուցանեց նրան, թե ինչպես պատրաստվել օգնելու աշխատանքին: Այս դասը կօգնի ուսանողներին փնտրել Տիրոջ օգնությունը, որպեսզի պատրաստվեն մասնակցելու Նրա աշխատանքին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
«Նույնիսկ ինչպես ցանկանում ես»
1829 թվականի մայիսին Հայրում Սմիթի մեծ ցանկությունն էր մասնակցել Փրկչի Եկեղեցու Վերականգնմանը: Նա անցավ ավելի քան 250 մղոն Նյու Յորք նահանգի Պալմիրա քաղաքից մինչև Փենսիլվանիա նահանգի Հարմոնի քաղաք՝ այցելելու իր կրտսեր եղբորը՝ Ջոզեֆին և իմանալու, թե ինչ կարող է անել՝ գործին օգնելու համար: Տերը հայտնությամբ տվեց Վարդապետություն և Ուխտեր 11-ը, քանի որ Հայրումի ցանկություններն արդար էին։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.8 հատվածը՝ փնտրելով, թե Տերը ինչպես օրհնեց Հայրում Սմիթին, քանի որ նա ցանկանում էր օգնել աշխատանքին: Այնուհետև կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.27 հատվածը՝ փնտրելով, թե ուրիշ ում հետ խոսեց Փրկիչն այս հայտնության մեջ:
Օգտագործելով հետևյալ սանդղակը՝ ընտրեք, թե որքանով եք պատրաստ՝ կատարելու Աստծո աշխատանքը.
1 = Բոլորովին պատրաստ չեմ
2 = Այդքան էլ պատրաստ չեմ
3 = Որոշ չափով պատրաստ եմ
4 = Լիովին պատրաստ եմ
Մտածեք, թե ինչ կարող եք անել՝ ձեր պատրաստվածությունն ավելացնելու համար։ Կարող եք ձեր մտքերից մի քանիսը գրի առնել ձեր օրագրում:
Պատրաստվենք ծառայելու
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 11.11–26 և նշեք հատուկ արտահայտություններ այն խորհրդի մեջ, որը տվեց Փրկիչը, որպեսզի օգնի Հայրումին պատրաստվել ծառայելու հավատքով: Այս հատվածներն ուսումնասիրելուց հետո ընտրեք մեկ արտահայտություն, որը հուշում է, թե ինչպես կարող ենք պատրաստվել: Մտածեք երկու-երեք հատուկ եղանակ, որոնցով մարդը կարող է կիրառել այդ խորհուրդն իր կյանքում:
«Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել» (հատված 12)
Մտածեք իրական կյանքի մի քանի իրավիճակ, երբ դեռահասը պետք է որոշի՝ արդյոք ինքը վստահելու է Հոգուն:
Այս իրավիճակներում Հոգուն լիովին վստահելու համար ինչո՞ւ է Փրկչի հանդեպ հավատք պահանջվում։
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի սովորենք, թե ինչպես ավելի լավ ստանալ ոգեշնչումը Սուրբ Հոգուց և գործել այդ ոգեշնչման հիման վրա:
«Պահեք իմ պատվիրանները, այո, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով» (հատված 20)
Ընտրեք երեքից չորս պատվիրաններ, որոնք, ըստ ձեզ, վերաբերում են հատկապես դեռահասներին:
Յուրաքանչյուր պատվիրանի համար գրեք, թե ինչպես կարող է դեռահասը պահել այդ պատվիրանն իր ողջ զորությամբ, մտքով և ուժով։
Ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ Տիրոջ պատվիրանները պահելու ձգտում՝ Նրան ավելի լավ ծառայելու համար:
Ինչպե՞ս եք դուք կամ ձեզ ծանոթ մեկը օրհնվել, երբ ջանասիրաբար ձգտել եք պահել Փրկչի պատվիրանները։
Կազմեք գործողությունների ցուցակ, որոնք կարող է անել այն մարդը, որը ձգտում է «ստանալ [Տիրոջ] խոսքը», այլ ոչ թե պարզապես կարդալ սուրբ գրությունները:
Ապագայում ավելի լավ միսիոներ, ուսուցիչ, առաջնորդ, սպասավորող, կողակից կամ ծնող լինելու համար նպատակադրված պատրաստվելու դեպքում ինչպե՞ս կարող է փոխվել ձեր ներկայիս մոտեցումն ավետարանի ուսումնասիրությանը:
Ի՞նչ հատուկ բան կարող եք անել՝ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության արդյունավետությունը բարձրացնելու համար: (Հնարավոր է՝ դուք նախկինում դրել եք նման նպատակ։ Սա նաև լավ հնարավորություն է ձեր առաջընթացը ստուգելու համար։)
Կիրառեք ձեր սովորածը
Ինչպե՞ս կարող է Փրկիչը լուսավորել ձեր ճանապարհը, երբ դուք ձգտում եք հետևել Նրա խորհրդին և պատրաստվել ծառայելու Նրան:
Ինչպե՞ս կարող եք ավելի լավ «ընդունել» Փրկչին և Նրա խորհուրդը ձեր կյանքում:
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Աստծո որդիներն ու դուստրերը դառնալու զորություն ստանալ:
Մի պահ պատկերացրեք, թե ինչպիսի ծառա կուզենայիք լինել Տիրոջ համար հիմա, երկու տարի հետո, 10 տարի հետո և ձեր ողջ կյանքում: Ձեր այսօրվա ուսումնասիրությունից ընտրեք առնվազն մեկ արտահայտություն, որի վրա կցանկանայիք կենտրոնանալ և ստեղծել դրա հիման վրա գործելու ծրագիր: Դրա համար նկարեք երեք կամ չորս աստիճան ունեցող սանդուղք: Յուրաքանչյուր աստիճանի վրա գրեք մի բան, որ կարող եք անել, որպեսզի ավելի լավ ընկալեք Տիրոջ խոսքը, պահեք Նրա պատվիրանները կամ կիրառեք այն խորհուրդը, որի վրա որոշել եք կենտրոնանալ: