«Վարդապետություն և Ուխտեր 14․ Դուք կունենաք հավիտենական կյանք» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 14», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 12–17, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.66–75
Վարդապետություն և Ուխտեր 14
Դուք կունենաք հավիտենական կյանք
Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին տեղափոխվեցին Նյու Յորք նահանգի Ֆայեթ քաղաք՝ Ուիթմերների տուն, որպեսզի ավարտեն Մորմոնի Գրքի թարգմանությունը: Դեյվիդ Ուիթմերը զգում էր Փրկչի վերականգնված ավետարանի զորությունը և ցանկանում էր մասնակցել աշխատանքին։ Վարդապետություն և Ուխտեր 14 բաժինը տրվել է ի պատասխան Դեյվիդի ցանկության, այն է՝ իմանալ Տիրոջ կամքն իր վերաբերյալ: Այս դասը կօգնի ուսանողներին լինել հնազանդ և դիմանալ մինչև վերջ՝ Փրկչի զորությամբ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հավիտենական կյանքի օրհնությունները
Սեմինարիայում հավիտենական կյանքի մասին իմանալուց հետո մի երիտասարդ կին մտածում է. «Ես պարզապես չեմ կարծում, որ բավականաչափ լավն եմ, որպեսզի ապրեմ իմ երկնային ծնողների և Հիսուս Քրիստոսի հետ ու նմանվեմ Նրանց: Ես չեմ պատրաստվում հասնել դրան»։
-
Նա ինչո՞ւ կարող էր այդպես մտածել։
-
Ուրիշ ինչի՞ մասին կարող է նա անհանգստանալ:
Ուիթմերների ընտանիքը
Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին բախվեցին դաժան հալածանքների, երբ թարգմանում էին Մորմոնի Գիրքը Փենսիլվանիա նահանգի Հարմոնի քաղաքում։ Նրանք գրեցին Ուիթմերների ընտանիքին՝ հարցնելով նրանց, թե արդյոք իրենք կարող են տեղափոխվել Ուիթմերների տուն՝ Նյու Յորք նահանգի Ֆայեթ քաղաք, որպեսզի ավարտեն թարգմանությունը: Տիրոջ կողմից տրված աստվածային դրսևորումներից հետո Մերի Ուիթմերը և Փիթեր Ուիթմեր Ավագն ու նրանց ընտանիքը որոշեցին Ջոզեֆին, Էմմային և Օլիվերին հրավիրել իրենց տուն: Թարգմանության վրա աշխատելու ընթացքում Ուիթմերներն աջակցում էին նրանց: Դեյվիդ Ուիթմերը հատկապես ոգեշնչված էր Վերականգնման աշխատանքով և ցանկանում էր իմանալ Փրկչի կամքը իր վերաբերյալ: Ջոզեֆը ստացավ հայտնություն՝ այժմ Վարդապետություն և Ուխտեր 14 բաժինը, որում Փրկիչը առաջարկեց Դեյվիդին միանալ Իրեն այս «մեծ և սքանչելի աշխատանքում» (Վարդապետություն և Ուխտեր 14.1)։ Նա առաջարկեց Դեյվիդին «ձգտել ի հայտ բերել և հաստատել [Իր] Սիոնը» (Վարդապետություն և Ուխտեր 14.6)։ Այս առաջարկները՝ առաջնորդության և օրհնությունների հետ միասին, որոնք Փրկիչը նույնպես խոստանում է Վարդապետություն և Ուխտեր 14 բաժնում, վերաբերում են Երկնային Հոր բոլոր զավակներին։
Պահենք պատվիրանները և դիմանանք մինչև վերջ
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 14.5–7 հատվածները և փնտրեք, թե Փրկիչը ինչ է մեզ խնդրում անել՝ հավիտենական կյանքին արժանանալու համար։
-
Ի՞նչ գտաք:
-
Ի՞նչ սկզբունք կարող եք բացահայտել:
Տասներկու Առաքյալների քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է, թե ինչ է նշանակում դիմանալ մինչև վերջ։
Աստծո արքայությունում փրկության համար հիմնարար պահանջն է՝ դիմանալ մինչև վերջ կամ հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքներին և արարողություններին մեր ողջ կյանքի ընթացքում: …
… Մինչև վերջ դիմանալը լոկ կյանքի դժվարությունները պասիվորեն հանդուրժելը կամ դրանց «դիմանալը» չէ։ Մեր կրոնը ակտիվ կրոն է, որն օգնում է Աստծո զավակներին այս կյանքի ընթացքում նեղ ու անձուկ ճանապարհին զարգացնել իրենց ամբողջ ներուժը և մի օր վերադառնալ Նրա մոտ։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Մի՞թե մենք պատճառ չունենք ուրախանալու», Լիահոնա, նոյեմբեր 2007 թ․, 20)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է պահանջվում պահել պատվիրանները և մինչև վերջ դիմանալ՝ հավիտենական կյանք ստանալու համար:
-
Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը պատվիրանները պահելու և մինչև վերջ հավատարմորեն դիմանալու օրինակ հանդիսանում:
-
Այս գիտելիքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ պահպանել հավերժության հեռանկարը, երբ բախվում ենք կյանքի դժվարություններին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 14.8–11 հատվածները և փնտրեք, թե ինչ ուսուցանեց Փրկիչը Դեյվիդ Ուիթմերին, որը կարող էր օգնել նրան ստանալ հավիտենական կյանքի Աստծո պարգևը:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այս խորհուրդը վերաբերում մեզ այսօր:
Փրկչի՝ հնազանդվելու և դիմանալու ոգեշնչող զորությունը
Մտածեք այն մասին, թե որքան եք զգում Փրկչի օգնության կարիքը ձեր կյանքում: Գտեք սուրբ գրությունների հղում, որն ուսուցանում է, թե ինչպես կարող եք ապավինել ձեզ օգնելու Նրա զորությանը: Անհրաժեշտության դեպքում կարող եք կարդալ հետևյալ սուրբ գրությունների հղումներից մեկը կամ մի քանիսը:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խոսքերը և փնտրեք, թե Տերն ինչպես կօրհնի մեզ, եթե մենք ձգտենք հնազանդ լինել և դիմանալ մինչև վերջ:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
Եթե մեր սիրտը նվիրենք Աստծուն, եթե սիրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եթե անենք ամեն ինչ՝ ավետարանով ապրելու համար, ապա ի վերջո վաղվա և մնացած այլ օրերը կլինեն փառահեղ, նույնիսկ, եթե ոչ միշտ հասկանանք դա: Ինչո՞ւ։ Որովհետև մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ դա այդպես լինի: Նա կամենում է օրհնել մեզ: Արժանավոր, լիառատ և հավիտենական կյանքն Իր զավակների համար․ ահա Նրա ողորմած ծրագրի գլխավոր նպատակը: Դա մի ծրագիր է, որը հիմնված է այն ճշմարտության վրա, «որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց» [Հռովմեացիս 8.28]։ Այսպիսով, շարունակեք սիրել: Շարունակեք փորձել։ Շարունակեք վստահել։ Շարունակեք հավատալ։ Շարունակեք աճել։ Երկինքը ողջունում է ձեզ՝ այսօր, վաղը, հավիտյան (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Վաղը Տերը հրաշքներ կգործի ձեր շրջապատում», Լիահոնա, մայիս 2016 թ․, 127)
-
Այս ելույթի ո՞ր բառերը կամ արտահայտություններն են ոգեշնչում ձեզ պահել պատվիրանները և դիմանալ մինչև վերջ:
Փրկչի օգնությամբ մենք կարող ենք ստանալ հավիտենական կյանք:
-
Նշեք մեկ կամ երկու բան, որոնք, ըստ ձեզ, կարող եք անել՝ հնազանդ լինելու և մինչև վերջ դիմանալու համար:
-
Ի՞նչ կարող եք հիշել կամ անել, երբ բախվում եք խոչընդոտների՝ հնազանդվելու կամ մինչև վերջ դիմանալու ճանապարհին:
-
Ինչպե՞ս կարող եք ապավինել Փրկչի զորությանը, երբ ձգտում եք պահել Նրա պատվիրանները և դիմանալ մինչև վերջ: