«Վարդապետություն և Ուխտեր 18․1–13. «Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 18․1–13», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 27․ Վարդապետություն և Ուխտեր 18
«Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»
Ի պատասխան Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարների՝ որոնք ձգտում էին իմանալ Տիրոջ կամքը Իր Եկեղեցին կառուցելու վերաբերյալ, Տերը հայտնություն տվեց Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին, որը նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 18 բաժնում։ Տերն ուսուցանեց այս մարդկանց կարևոր ճշմարտություններ մեր հոգու արժեքի մասին: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ, որ իրենց հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կարող եք սկսել դասը՝ հետևյալ անավարտ նախադասությունը գրելով գրատախտակին: Առաջարկեք ուսանողներին գտնել այն ավարտելու իրատեսական եղանակներ: Հարցրեք նրանց, թե երիտասարդներն ինչու կարող են նման ձևով մտածել:
Աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, կարող ենք գայթակղություն ունենալ կամ ճնշում զգալ՝ հիմնելու մեր արժեքը հետևյալի վրա․_______________։
Որպես այլընտրանք, կարող եք գրատախտակին գրել հետևյալ բառերը․ Տեսք , Ձեռքբերումներ և Ունեցվածք ։ Հարցրեք ուսանողներին, թե ինչու որոշ երիտասարդներ կարող են գայթակղություն ունենալ կամ ճնշում զգալ՝ հիմնելու իրենց արժեքը այս բաների վրա: Հարցրեք, թե երիտասարդները ուրիշ ինչ կարող են գայթակղվել օգտագործել որպես իրենց արժեքի հիմք:
Մի պահ մտածեք, թե ինչ կարծիք ունեք ձեր անձնական արժեքի մասին և ինչու: Ինչի՞ վրա եք հակված հիմնելու ձեր արժեքը: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ զգալ ձեր արժեքը Աստծո աչքում:
Տերն ուսուցանում է հոգիների արժեքի մասին
Հետևյալ ամփոփումը կօգնի ուսանողներին հասկանալ այն հատվածների համատեքստը, որոնք նրանք կուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 18 բաժնում։
1829 թվականի հունիսին Ջոզեֆ Սմիթը, Օլիվեր Քաուդերին և Դեյվիդ Ուիթմերը ստացան հայտնություն, որը հայտնի է որպես Վարդապետություն և Ուխտեր 18 ։ Հայտնությունը վերջին օրերին տասներկու առաքյալներ կանչելու և Եկեղեցին կառուցելու մասին էր: Ի հավելումն այս հրահանգների՝ Տերը Օլիվերի և Դեյվիդի հետ կիսվեց մեր արժեքի մասին զորեղ ճշմարտություններով:
Վարդապետություն և Ուխտեր 18.10–11-ը սուրբ գրությունների սերտման հատված է։ Առաջարկեք ուսանողներին նշել սուրբ գրությունների սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18․9–13 հատվածները, որպեսզի տեսնեք, թե Տերն ինչ է ուսուցանել՝ Իր համար մեր արժեքի մասին:
Երբ ուսանողները կիսվեն, գրատախտակին գրեք նրանց հայտնաբերած ճշմարտությունները: Ահա մի քանի ճշմարտություն, որը նրանք կարող են բացահայտել.
Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում:
Իմ արժեքն այնքան մեծ է, որ Հիսուսը պատրաստ էր տառապել և մեռնել, որպեսզի ես կարողանամ ապաշխարել:
Օգտակար կլինի իմանալ, որ հաջորդ դասը («Վարդապետություն և Ուխտեր 18․11–16 ») ավելի շատ կենտրոնացած է այն ուրախության վրա, որ Փրկիչը զգում է, երբ մենք ապաշխարում ենք:
Փրկչի տառապանքն ու մահը մեզ համար ինչպե՞ս է ցույց տալիս մեր արժեքը Նրա համար:
Մեզ վրա ինչպե՞ս կարող է ազդել այն հանգամանքը, որ մեր արժեքը հիմնենք մեր հանդեպ Երկնային Հոր և Փրկչի սիրո վրա, այլ ոչ թե աշխարհիկ պիտակների վրա:
Խորացրեք ձեր հասկացողությունը
Որպեսզի օգնեք ուսանողներին խորապես հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 18.10–11 հատվածների ճշմարտությունները, կարող եք ուսանողներին տրամադրել ուղեկցող աշխատաթերթի օրինակներ և առաջարկել նրանց լրացնել ուսումնասիրության տարբերակներից մեկը կամ մի քանիսը: Ցուցադրեք այս տարբերակները կամ տրամադրեք դրանք որպես աշխատաթերթ:
Ընտրեք հետևյալ տարբերակներից մեկը կամ երկուսը, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ և գնահատել ձեր արժեքը Աստծո համար:
Տարբերակ 1. Ուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի Քավությունը և խորհեք ձեր հանդեպ Նրա սիրո մասին: Կարող եք կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը. Եսայիա 53․3–5 , Ղուկաս 22․41–44 , Հովհաննես 3․16–17 , Ա Կորնթացիս 6․11, 19–20 , Ալմա 7.7, 10–13 ։ Կարող եք նաև գտնել տարբեր հատվածներ ուսումնասիրելու համար:
Կարող եք գրել խաչաձև հղումներ, որոնք ցանկանում եք հիշել: Կարող եք դրանք նշել ձեր սուրբ գրություններում՝ Վարդապետություն և Ուխտեր 18․10–11 հատվածների կողքին, գրել դրանք ձեր ուսումնական օրագրում կամ օգտագործել ձեր Gospel Library հավելվածը՝ պիտակներ կամ հղումներ ստեղծելու համար:
Տարբերակ 2. Ուսումնասիրեք, թե ինչ են ուսուցանել Եկեղեցու ղեկավարները՝ Աստծո համար մեր արժեքի մասին: Օգտագործեք Gospel Library հավելվածը կամ այլ աղբյուրներ՝ համապատասխան ուղերձներ կամ ելույթներ գտնելու համար: Կարող եք որոնել այսպիսի եզրույթներ․ «արժեք» կամ «Աստծո սեր», որոնք կօգնեն ձեզ գտնել նյութեր։ Երեխաների միության նախկին գերագույն նախագահ քույր Ջոյ Դ. Ջոնսի հետևյալ խոսքերը այն նյութերի օրինակներից է, որոնք դուք կարող եք գտնել:
Թույլ տվեք ինձ ընդգծել արժեք և արժանավորություն երկու կարևոր բառերը տարբերակելու անհրաժեշտությունը: Դրանք նույնը չեն: Հոգևոր արժեքը նշանակում է արժևորել մեզ այն ձևով, ինչպես Երկնային Հայրն է արժևորում մեզ, և ոչ թե աշխարհը: Մեր արժեքը որոշվել է նախքան մեր այս աշխարհ գալը: «Աստծո սերն անսահման է և այն կտևի հավերժ»:
Մյուս կողմից, արժանավորությունը ձեռք է բերվում հնազանդության միջոցով: Եթե մեղանչում ենք, մենք պակաս արժանավոր ենք դառնում, բայց երբեք արժեզուրկ չենք: Մենք շարունակում ենք ապաշխարել և ձգտել նմանվել Հիսուսին մեր անձեռնմխելի արժեքով: Ինչպես Նախագահ Բրիգամ Յանգն է ուսուցանել. «Ամենափոքր, ամենացածր հոգին այժմ երկրի վրա … արժե աշխարհներ»։ Ինչ էլ որ լինի, մենք միշտ արժեք ունենք Երկնային Հոր աչքում: (Ջոյ Դ․ Ջոնս, «Անչափելի արժեք », Լիահոնա, նոյեմբեր 2017, 14)
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց սովորածով։ Նրանք կարող են նախ կիսվել զույգերով, իսկ հետո պատրաստակամ ուսանողները կարող են կիսվել դասարանի հետ:
Ստեղծեք միջավայր, որտեղ բոլորն իրենց հարգված են զգում և գիտեն, որ իրենց ներդրումը գնահատվում է․ Փնտրեք հնարավորություններ շնորհակալություն հայտնելու ուսանողներին իրենց պատասխանների համար և այնպես արեք, որ նրանք իմանան, որ դուք գնահատում եք իրենց մասնակցությունը: Որպեսզի լրացուցիչ ուսուցանեք, թե որքան եք արժևորում ձեր ուսանողներին, կարդացեք «Ստեղծեք միջավայր, որտեղ բոլորն իրենց հարգված են զգում և գիտեն, որ իրենց ներդրումը գնահատվում է » վերնագրով ուսուցողական նյութը: Այս դասընթացը կարող եք գտնել Ուսուցչի զարգացման հմտություններ ուսուցողական նյութում։
Դասարանի համար օգտակար կլինի, եթե գրատախտակին կազմվի դասընկերների նախընտրած աղբյուրների ցանկը: Ուսանողները կարող են արտագրել այդ ցանկը՝ որպես տեղեկատու անձնական օգտագործման համար:
Մեր օրերի պատմություններով կամ փորձառություններով կիսվելը կօգնի ուսանողներին զգալ իրենց արժեքը Աստծո համար: Նախքան ուսանողներին կառաջարկեք քննարկել հետևյալ հարցը, կարող եք կիսվել ձեր սեփական օրինակով, թե ինչպես եք զգացել ձեր արժեքն Աստծո համար: Կարող եք նաև ցուցադրել «Աստծո լույսի հույսը » տեսանյութը (6։46), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, և առաջարկեք ուսանողներին փնտրել, թե տեսանյութում ներկայացված մարդն ինչպես հասկացավ իր արժեքն Աստծո աչքում։
Առաջարկեք ուսանողներին որևէ բան անել, որպեսզի ավելի խորը մտածեն Աստծո աչքում իրենց արժեքի մասին հաջորդ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում։ Դասի ընթացքում ժամանակ տվեք նրանց պատրաստվելու իրենց հաջորդ քայլերին։ Հետևյալ ցանկը ներառում է գաղափարներ, որոնցով դուք կարող եք կիսվել: «Գնահատեք ձեր գիտելիքները 2 » դասը նվիրված կլինի այդ վարժությունը կատարելու ուսանողների փորձառություններին:
Որոշեք, թե ինչպես եք խորհելու Աստծո աչքում ձեր արժեքի մասին՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Ահա մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք անել դա։
Ստեղծեք հիշեցում և տեղադրեք մի տեղում, որտեղ դուք կարող եք պարբերաբար տեսնել այն: Դա կարող է լինել պաստառ կամ սմարթֆոնի էկրանի ֆոն, որը կարող է ներառել պատկեր և գուցե նույնիսկ խոսքեր սուրբ գրություններից:
Աղոթեք ամեն առավոտ և երեկո, որպեսզի ավելի հստակ հասկանաք, թե ինչպես է ձեր Երկնային Հայրը տեսնում ձեզ:
Ծրագրեք որոշակի կանոնավոր ժամանակ՝ ձեր օրագրում ձեր արժեքի մասին մտորելու համար:
Ժամանակ տրամադրեք և բազմիցս կարդացեք ու խորությամբ ուսումնասիրեք ձեր հայրապետական օրհնությունը: Մտածեք, թե ինչպես կարող եք այլ տեսանկյունից դիտարկել այն, որպեսզի իսկապես հասկանաք, թե ձեր Երկնային Հայրն ինչ է ուզում, որ դուք իմանաք և զգաք ձեր մասին:
Վկայություն բերեք Աստծո սիրո և յուրաքանչյուր ուսանողի անչափելի արժեքի մասին, որն արտահայտվում է Փրկչի Քավության միջոցով:
Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում անգիր սովորել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Վարդապետություն և Ուխտեր 18․10–11 հատվածի սուրբգրային հիմնական արտահայտությունը հետևյալն է․ «Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»։ Անգիր սովորելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նշել է, թե ինչ է առաջարկում մեզ Երկնային Հայրը, որը ցույց է տալիս մեր արժեքը Նրա համար.
Այն, ինչ առաջարկում է մեզ մեր Երկնային Հայրը, Ինքն է և Իր Որդին, սերտ ու հարատև հարաբերություն Իրենց հետ՝ Հիսուս Քրիստոսի` մեր Քավիչի շնորհի և միջնորդության միջոցով։ Մենք Աստծո զավակներն ենք՝ կարգված անմահության և հավերժական կյանքի համար: Մեր ճակատագիրն է լինել Նրա ժառանգները՝ «Քրիստոսի հետ ժառանգակիցներ» [Հռովմեացիս 8․17 ]։ (Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Մեր հարաբերությունը Աստծո հետ », Լիահոնա , մայիս 2022, 79)
Կարող եք դիտել «Իմ եղբոր պահապանը » տեսանյութի 1:54-4:24՝ տեսնելու այս հարցի զորեղ պատասխանի օրինակ:
Նախկինում Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.
Ժամանակակից հայտնությունից մենք գիտենք, որ «հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում» [Վարդապետություն և Ուխտեր 18.10 ]։ Մենք չենք կարող որոշել մեկ այլ հոգու արժեքը, ինչպես չենք կարող չափել տիեզերքի մեծությունը: Յուրաքանչյուր անձ, որին մենք հանդիպում ենք, VIP անձ է [շատ կարևոր անձնավորություն] մեր Երկնային Հոր համար: …
Մի կին, որը տարիներ շարունակ եղել էր փորձության և վշտի մեջ, արցունքների միջից ասել է. «Ես հասկացա, որ նման եմ հին 20 դոլլարանոցի՝ ճմրթված, մաշված, կեղտոտ, գործածված և սպիներով պատված: Բայց այնուամենայնիվ ես 20 դոլարանոց թղթադրամ եմ: Ես ինչ որ բան արժեմ: Թեև ես գուցե այնքան էլ լավ տեսք չունեմ, և թեև ես տրորված ու օգտագործված եմ, ես դեռ լիովին արժեմ 20 դոլար»: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք իմ ձեռքերն եք », Լիահոնա , մայիս 2010 թ․, 69)
Նախագահ Ուխդորֆը նաև բացատրել է․
2:3
Եվ մինչ մենք նայում ենք տիեզերքի հսկայական ընդարձակ տարածությանը, կարող ենք ասել. «Ի՞նչ է մարդը արարչագործության փառքի համեմատ»: Աստված Ինքն է ասել, որ մենք ենք պատճառը, որ Նա ստեղծեց տիեզերքը: Նրա գործի և փառքի՝ այս փառահեղ տիեզերքի նպատակն է փրկել ու վեհացնել մարդկությանը [տես Մովսես 1․38–39 ]։ Այլ կերպ ասած, հավերժության հսկայական ընդարձակ տարածությունը, անսահման տարածության և ժամանակի փառքերն ու գաղտնիքները, բոլորը կառուցված են հասարակ մահկանացուների օգտի համար, ինչպիսին դուք և ես եմ: Մեր Երկնային Հայրը ստեղծեց տիեզերքը, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր ներուժին՝ որպես Նրա որդիներ և դուստրեր:
Սա է մարդու պարադոքսը. Աստծո հետ համեմատած` մարդը ոչինչ է, այնուամենայնիվ, մենք ամեն ինչ ենք Աստծո համար: Մինչ անսահման արարչագործության համեմատությամբ մենք կարող ենք ոչինչ թվալ, մենք հավերժական կրակի կայծ ունենք, որը վառվում է մեր սրտերում: Մենք ունենք մեզ հասանելի վեհացման անըմբռնելի խոստումը` աշխարհներ առանց վերջի: Եվ Աստծո մեծագույն ցանկությունն է` օգնել մեզ հասնել դրան: (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դու կարևոր ես Նրա համար », Լիահոնա , նոյեմբեր 2011, 20)
Ցուցադրեք տարբեր իրեր կամ իրերի նկարներ, օրինակ՝ կոնֆետներ, հագուստներ, բջջային հեռախոսներ կամ մեքենաներ և հարցրեք ուսանողներին, թե իրենք կամ ուրիշներն ինչ են պատրաստ վճարել յուրաքանչյուր իրի համար: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ որևէ բանի արժեքը կարող է որոշվել նրանով, թե մարդն ինչ է պատրաստ է վճարել դրա համար:
Այնուհետև առաջարկեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.10–11 հատվածները, որպեսզի տեսնեն իրենց արժեքը և այն, թե ինչ է որևէ մեկը պատրաստ վճարել իրենց համար:
Կարող եք ցուցադրել «Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ » տեսանյութը (3:28), որը ցույց է տալիս որոշ մտահոգություններ, որ երիտասարդները կարող են ունենալ իրենց արժեքի վերաբերյալ, և այն, թե ինչպես հաղթահարել այդ մտահոգությունները:
Երբ ավարտեք օգնել ուսանողներին բացահայտել և հասկանալ ճշմարտություններն այս դասում, կարող եք ցուցադրել հետևյալ սցենարները: Կամ կարող եք առաջարկել ուսանողներին նկարագրել հաճախ հանդիպող այլ իրավիճակներ, երբ երիտասարդները կարող են չհասկանալ կամ չզգալ իրենց արժեքը: Հարցրեք, թե իրենց արժեքի մասին ճշմարտության իմացությունն ինչ փոփոխություն կբերի այդ երիտասարդներից յուրաքանչյուրի համար:
Մայան անընդհատ իրեն համեմատում է ուրիշների հետ և կարծում է, որ նրանք իրենից ավելի տաղանդավոր ու շնորհալի են։
Կալլին հաճախ անհանգստանում է, թե ինչ են մտածում իր մասին ուրիշները:
Տաֆտը շատ ժամանակ և գումար է ծախսում՝ փորձելով հետևել իր դպրոցում տարածված նորաձևության միտումներին, որպեսզի ուրիշները իրեն նորաձև համարեն:
Դասի ավարտին մոտ օգնեք ուսանողներին որոշել, թե ինչպես կարող են իրենց սովորածով կիսվել մեկ ուրիշի հետ: Նրանք կարող են խորհել ինչ-որ մեկի հնարավոր մտքերի և զգացմունքների մասին, որը չի հասկանում իր արժեքը Աստծո համար: Առաջարկեք ուսանողներին օգտագործել այն, ինչ իրենք սովորել և զգացել են այս դասում՝ կարճ նամակ գրելով այդ անձին: Նրանք կարող են ներառել արտահայտություններ սուրբ գրություններից կամ այլ աղբյուրներից (դրանց հղումների հետ միասին), ինչպես նաև ներառել անձնական փորձառություններ: Եթե ուսանողները մտածում են կոնկրետ մարդու մասին, ապա կարող են նամակը տալ նրան անձամբ կամ ուղարկել տեքստային հաղորդագրություն: