Սեմինարիա
Դաս 27․ Վարդապետություն և Ուխտեր 18․1–13․ «Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»


«Վարդապետություն և Ուխտեր 18․1–13. «Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 18․1–13», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 27․ Վարդապետություն և Ուխտեր 18

Վարդապետություն և Ուխտեր 18․1–13

«Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»

Հիսուսն աշխարհի երեխաների հետ

Ի պատասխան Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարների՝ որոնք ձգտում էին իմանալ Տիրոջ կամքը Իր Եկեղեցին կառուցելու վերաբերյալ, Տերը հայտնություն տվեց Ջոզեֆ Սմիթին, Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին, որը նկարագրված է Վարդապետություն և Ուխտեր 18 բաժնում։ Տերն ուսուցանեց այս մարդկանց կարևոր ճշմարտություններ մեր հոգու արժեքի մասին: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ, որ իրենց հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր արժեքը

Կարող եք սկսել դասը՝ հետևյալ անավարտ նախադասությունը գրելով գրատախտակին: Առաջարկեք ուսանողներին գտնել այն ավարտելու իրատեսական եղանակներ: Հարցրեք նրանց, թե երիտասարդներն ինչու կարող են նման ձևով մտածել:

Աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, կարող ենք գայթակղություն ունենալ կամ ճնշում զգալ՝ հիմնելու մեր արժեքը հետևյալի վրա․_______________։

Որպես այլընտրանք, կարող եք գրատախտակին գրել հետևյալ բառերը․ Տեսք, Ձեռքբերումներ և Ունեցվածք։ Հարցրեք ուսանողներին, թե ինչու որոշ երիտասարդներ կարող են գայթակղություն ունենալ կամ ճնշում զգալ՝ հիմնելու իրենց արժեքը այս բաների վրա: Հարցրեք, թե երիտասարդները ուրիշ ինչ կարող են գայթակղվել օգտագործել որպես իրենց արժեքի հիմք:

Մի պահ մտածեք, թե ինչ կարծիք ունեք ձեր անձնական արժեքի մասին և ինչու: Ինչի՞ վրա եք հակված հիմնելու ձեր արժեքը: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ զգալ ձեր արժեքը Աստծո աչքում:

Տերն ուսուցանում է հոգիների արժեքի մասին

Հետևյալ ամփոփումը կօգնի ուսանողներին հասկանալ այն հատվածների համատեքստը, որոնք նրանք կուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 18 բաժնում։

1829 թվականի հունիսին Ջոզեֆ Սմիթը, Օլիվեր Քաուդերին և Դեյվիդ Ուիթմերը ստացան հայտնություն, որը հայտնի է որպես Վարդապետություն և Ուխտեր 18։ Հայտնությունը վերջին օրերին տասներկու առաքյալներ կանչելու և Եկեղեցին կառուցելու մասին էր: Ի հավելումն այս հրահանգների՝ Տերը Օլիվերի և Դեյվիդի հետ կիսվեց մեր արժեքի մասին զորեղ ճշմարտություններով:

վարդապետության սերտման հատվածի պատկերակ Վարդապետություն և Ուխտեր 18.10–11-ը սուրբ գրությունների սերտման հատված է։ Առաջարկեք ուսանողներին նշել սուրբ գրությունների սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18․9–13 հատվածները, որպեսզի տեսնեք, թե Տերն ինչ է ուսուցանել՝ Իր համար մեր արժեքի մասին:

  • Ի՞նչը ձեզ դուր եկավ և ինչ սովորեցիք այդ հատվածներից։

Երբ ուսանողները կիսվեն, գրատախտակին գրեք նրանց հայտնաբերած ճշմարտությունները: Ահա մի քանի ճշմարտություն, որը նրանք կարող են բացահայտել.

Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում:

Իմ արժեքն այնքան մեծ է, որ Հիսուսը պատրաստ էր տառապել և մեռնել, որպեսզի ես կարողանամ ապաշխարել:

Օգտակար կլինի իմանալ, որ հաջորդ դասը («Վարդապետություն և Ուխտեր 18․11–16») ավելի շատ կենտրոնացած է այն ուրախության վրա, որ Փրկիչը զգում է, երբ մենք ապաշխարում ենք:

  • Փրկչի տառապանքն ու մահը մեզ համար ինչպե՞ս է ցույց տալիս մեր արժեքը Նրա համար:

  • Մեզ վրա ինչպե՞ս կարող է ազդել այն հանգամանքը, որ մեր արժեքը հիմնենք մեր հանդեպ Երկնային Հոր և Փրկչի սիրո վրա, այլ ոչ թե աշխարհիկ պիտակների վրա:

Խորացրեք ձեր հասկացողությունը

աշխատաթերթի պատկերակՈրպեսզի օգնեք ուսանողներին խորապես հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 18.10–11 հատվածների ճշմարտությունները, կարող եք ուսանողներին տրամադրել ուղեկցող աշխատաթերթի օրինակներ և առաջարկել նրանց լրացնել ուսումնասիրության տարբերակներից մեկը կամ մի քանիսը: Ցուցադրեք այս տարբերակները կամ տրամադրեք դրանք որպես աշխատաթերթ:

Հիշենք մեր արժեքը Աստծո համար

Ընտրեք հետևյալ տարբերակներից մեկը կամ երկուսը, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ և գնահատել ձեր արժեքը Աստծո համար:

Տարբերակ 1. Ուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի Քավությունը և խորհեք ձեր հանդեպ Նրա սիրո մասին: Կարող եք կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը. Եսայիա 53․3–5, Ղուկաս 22․41–44, Հովհաննես 3․16–17, Ա Կորնթացիս 6․11, 19–20, Ալմա 7.7, 10–13։ Կարող եք նաև գտնել տարբեր հատվածներ ուսումնասիրելու համար:

Կարող եք գրել խաչաձև հղումներ, որոնք ցանկանում եք հիշել: Կարող եք դրանք նշել ձեր սուրբ գրություններում՝ Վարդապետություն և Ուխտեր 18․10–11 հատվածների կողքին, գրել դրանք ձեր ուսումնական օրագրում կամ օգտագործել ձեր Gospel Library հավելվածը՝ պիտակներ կամ հղումներ ստեղծելու համար:

Տարբերակ 2. Ուսումնասիրեք, թե ինչ են ուսուցանել Եկեղեցու ղեկավարները՝ Աստծո համար մեր արժեքի մասին: Օգտագործեք Gospel Library հավելվածը կամ այլ աղբյուրներ՝ համապատասխան ուղերձներ կամ ելույթներ գտնելու համար: Կարող եք որոնել այսպիսի եզրույթներ․ «արժեք» կամ «Աստծո սեր», որոնք կօգնեն ձեզ գտնել նյութեր։ Երեխաների միության նախկին գերագույն նախագահ քույր Ջոյ Դ. Ջոնսի հետևյալ խոսքերը այն նյութերի օրինակներից է, որոնք դուք կարող եք գտնել:

Քույր Ջոյ Դ․ Ջոնս

Թույլ տվեք ինձ ընդգծել արժեք և արժանավորություն երկու կարևոր բառերը տարբերակելու անհրաժեշտությունը: Դրանք նույնը չեն: Հոգևոր արժեքը նշանակում է արժևորել մեզ այն ձևով, ինչպես Երկնային Հայրն է արժևորում մեզ, և ոչ թե աշխարհը: Մեր արժեքը որոշվել է նախքան մեր այս աշխարհ գալը: «Աստծո սերն անսահման է և այն կտևի հավերժ»:

Մյուս կողմից, արժանավորությունը ձեռք է բերվում հնազանդության միջոցով: Եթե մեղանչում ենք, մենք պակաս արժանավոր ենք դառնում, բայց երբեք արժեզուրկ չենք: Մենք շարունակում ենք ապաշխարել և ձգտել նմանվել Հիսուսին մեր անձեռնմխելի արժեքով: Ինչպես Նախագահ Բրիգամ Յանգն է ուսուցանել. «Ամենափոքր, ամենացածր հոգին այժմ երկրի վրա … արժե աշխարհներ»։ Ինչ էլ որ լինի, մենք միշտ արժեք ունենք Երկնային Հոր աչքում: (Ջոյ Դ․ Ջոնս, «Անչափելի արժեք», Լիահոնա, նոյեմբեր 2017, 14)

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց սովորածով։ Նրանք կարող են նախ կիսվել զույգերով, իսկ հետո պատրաստակամ ուսանողները կարող են կիսվել դասարանի հետ:

դասընթացի պատկերակ Ստեղծեք միջավայր, որտեղ բոլորն իրենց հարգված են զգում և գիտեն, որ իրենց ներդրումը գնահատվում է․ Փնտրեք հնարավորություններ շնորհակալություն հայտնելու ուսանողներին իրենց պատասխանների համար և այնպես արեք, որ նրանք իմանան, որ դուք գնահատում եք իրենց մասնակցությունը: Որպեսզի լրացուցիչ ուսուցանեք, թե որքան եք արժևորում ձեր ուսանողներին, կարդացեք «Ստեղծեք միջավայր, որտեղ բոլորն իրենց հարգված են զգում և գիտեն, որ իրենց ներդրումը գնահատվում է» վերնագրով ուսուցողական նյութը: Այս դասընթացը կարող եք գտնել Ուսուցչի զարգացման հմտություններ ուսուցողական նյութում։

Դասարանի համար օգտակար կլինի, եթե գրատախտակին կազմվի դասընկերների նախընտրած աղբյուրների ցանկը: Ուսանողները կարող են արտագրել այդ ցանկը՝ որպես տեղեկատու անձնական օգտագործման համար:

Կապեք դա ձեր կյանքի հետ

Մեր օրերի պատմություններով կամ փորձառություններով կիսվելը կօգնի ուսանողներին զգալ իրենց արժեքը Աստծո համար: Նախքան ուսանողներին կառաջարկեք քննարկել հետևյալ հարցը, կարող եք կիսվել ձեր սեփական օրինակով, թե ինչպես եք զգացել ձեր արժեքն Աստծո համար: Կարող եք նաև ցուցադրել «Աստծո լույսի հույսը» տեսանյութը (6։46), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, և առաջարկեք ուսանողներին փնտրել, թե տեսանյութում ներկայացված մարդն ինչպես հասկացավ իր արժեքն Աստծո աչքում։

  • Ձեր կամ ուրիշների կյանքից ո՞ր փորձառություններն են օգնել ձեզ զգալ, որ ձեր հոգու արժեքը մեծ է Աստծո աչքում:

Առաջարկեք ուսանողներին որևէ բան անել, որպեսզի ավելի խորը մտածեն Աստծո աչքում իրենց արժեքի մասին հաջորդ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում։ Դասի ընթացքում ժամանակ տվեք նրանց պատրաստվելու իրենց հաջորդ քայլերին։ Հետևյալ ցանկը ներառում է գաղափարներ, որոնցով դուք կարող եք կիսվել: «Գնահատեք ձեր գիտելիքները 2» դասը նվիրված կլինի այդ վարժությունը կատարելու ուսանողների փորձառություններին:

Որոշեք, թե ինչպես եք խորհելու Աստծո աչքում ձեր արժեքի մասին՝ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Ահա մի քանի եղանակ, որոնց միջոցով կարող եք անել դա։

  • Ստեղծեք հիշեցում և տեղադրեք մի տեղում, որտեղ դուք կարող եք պարբերաբար տեսնել այն: Դա կարող է լինել պաստառ կամ սմարթֆոնի էկրանի ֆոն, որը կարող է ներառել պատկեր և գուցե նույնիսկ խոսքեր սուրբ գրություններից:

  • Աղոթեք ամեն առավոտ և երեկո, որպեսզի ավելի հստակ հասկանաք, թե ինչպես է ձեր Երկնային Հայրը տեսնում ձեզ:

  • Ծրագրեք որոշակի կանոնավոր ժամանակ՝ ձեր օրագրում ձեր արժեքի մասին մտորելու համար:

  • Ժամանակ տրամադրեք և բազմիցս կարդացեք ու խորությամբ ուսումնասիրեք ձեր հայրապետական օրհնությունը: Մտածեք, թե ինչպես կարող եք այլ տեսանկյունից դիտարկել այն, որպեսզի իսկապես հասկանաք, թե ձեր Երկնային Հայրն ինչ է ուզում, որ դուք իմանաք և զգաք ձեր մասին:

Վկայություն բերեք Աստծո սիրո և յուրաքանչյուր ուսանողի անչափելի արժեքի մասին, որն արտահայտվում է Փրկչի Քավության միջոցով:

Անգիր սովորեք

Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում անգիր սովորել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Վարդապետություն և Ուխտեր 18․10–11 հատվածի սուրբգրային հիմնական արտահայտությունը հետևյալն է․ «Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»։ Անգիր սովորելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: