1830-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում քաղաքական անկարգությունների համար Ջոզեֆ Սմիթն աղոթեց Աստծուն, իմանալու իրավիճակի վերաբերյալ Նրա միտքը: Դրան հաջորդած հայտնությունը պարունակում էր մարգարեություններ՝ պատերազմի վերաբերյալ որոշակի մանրամասներով, որոնք միայն Աստված կարող էր իմանալ այդ ժամանակ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Իր մարգարեներին ուղղված Տիրոջ բոլոր խոսքերը կատարվելու են:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Օրսոն Պրատի փորձառությունը
Օրսոն Պրատը Եկեղեցու առաջին անդամներից էր, որը ծառայում էր որպես Տասներկու Առաքյալների Քվորումի սկզբնական անդամներից մեկը: Նա իր կյանքի ընթացքում կանչվել էր ծառայելու բազմաթիվ միսիաներում՝ քարոզելու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը Միացյալ Նահանգների և Կանադայի ողջ տարածքում: Ճամփորդությունների ժամանակ նա իր հետ վերցնում էր այն հայտնության օրինակը, որը Ջոզեֆ Սմիթը ստացել էր Տիրոջից 1832 թվականին: Թեև հայտնության մեջ պարունակվող մարգարեությունը դեռ չէր կատարվել, Երեց Պրատը հաճախ դրանով կիսվում էր ուրիշների հետ: Նրան հաճախ ծաղրում էին և կրկնում որոշ մարդկանց ասածը, որ այդ մարգարեությունը «կատարյալ անհեթեթություն է», և որ նա «խաբեբայի զոհ է» դարձել (Օրսոն Պրատ, Journal of Discourses, 18․224–25)։
Եթե դուք լինեիք Օրսոն Պրատը, ըստ ձեզ, մարդկանց արձագանքն ինչպե՞ս կազդեր ձեզ վրա:
Ի՞նչ սովորեցիք: Ըստ ձեզ, ինչո՞ւ է օգտակար ունենալ այդ գիտելիքը Հիսուս Քրիստոսի մասին։
Ինչպե՞ս է այդ գիտելիքն ազդում Նրա հանդեպ ձեր վստահության վրա:
Հավատք առ Տերը և Նրա մարգարեությունները
1833 թվականի սկզբին, Ջոզեֆ Սմիթի մարգարեությունից շատ չանցած, տարաձայնությունները, որոնց պատճառով թվում էր, որ Ամերիկայում շուտով պատերազմ կարող է սկսվել, խաղաղ ճանապարհով լուծվեցին:
Ըստ ձեզ, ի՞նչ հարցեր կարող էիք ունենալ, եթե այդ ժամանակ ծանոթ լինեիք Ջոզեֆ Սմիթի մարգարեությանը:
Օրսոն Պրատը հիշել է իր այն ժամանակվա մտքերը, երբ անհասկանալի էր, թե ինչպես և երբ պետք է կատարվի մարգարեությունը:
Ես գիտեի, որ մարգարեությունը ճշմարիտ է, քանի որ Տերը խոսել էր ինձ հետ և ինձ հայտնություն էր տվել: Ես գիտեի նաև այս աշխատանքի աստվածայնության մասին: Տարիներն անցնում էին և իմ նախկին ծանոթներից ոմանք ասում էին. «Եվ ի՞նչ եղավ այդ կանխատեսումը: Այն երբեք չի կատարվի»: Ես ասացի. «Սպասեք, Տերն ունի Իր սահմանված ժամանակը»: (Օրսոն Պրատ, Journal of Discourses, 18․224–25)
Օրսոն Պրատի պատասխանում հատկապես ի՞նչն է առանձնանում ձեզ համար։
Նա ինչպե՞ս որոշեց գործել հավատքով և պահպանել հավերժության հեռանկարը:
Տիրոջ կողքին կանգնելու ընտրությունը
Որո՞նք են այն իրավիճակներն այսօր, որոնց ժամանակ անհրաժեշտ է, որ մարդը գործի հավատքով՝ արձագանքելով մարգարեի ուղերձին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 1․37–38 և 21․4–6 հատվածները։ Փնտրեք ուսմունքներ, որոնք կարող են օգնել ձեզ հավատարիմ մնալ Տիրոջը և Նրա մարգարեներին, նույնիսկ, երբ ուրիշները համաձայն չեն նրանց խոսքերի հետ:
Ի՞նչ գտաք:
Թեև Ջոզեֆ Սմիթն արդեն ողջ չէր, որպեսզի տեսներ մարգարեության կատարումը, դրա մի մասը կատարվեց այն տրվելուց մոտ 30 տարի անց: Հակամարտությունը սկսվեց Հարավային Կարոլինայում․ 1861-1865 թվականներին հարավային և հյուսիսային նահանգները պատերազմեցին միմյանց դեմ: Ինչպես ասվում էր մարգարեության մեջ, Հարավն օգնության կանչեց Մեծ Բրիտանիային, և ստրուկներից շատերը կռվեցին իրենց նախկին տերերի դեմ (տես Վարդապետություն և Ուխտեր 87.1–4): Բազմաթիվ մարդիկ մահացան այդ պատերազմում։ Ինչպես նկարագրված է մարգարեության մեջ, հետագայում պատերազմներ մղվեցին աշխարհի տարբեր երկրներում (տես Վարդապետություն և Ուխտեր 87.6–7):