Սեմինարիա
Դաս 101․ Վարդապետություն և Ուխտեր 88.14–41. Ձգտեք հնազանդվել սելեստիալ օրենքին


«Դաս 101․ Վարդապետություն և Ուխտեր 88.14–41. Ձգտեք հնազանդվել սելեստիալ օրենքին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 88․14–41», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 101․ Վարդապետություն և Ուխտեր 88

Վարդապետություն և Ուխտեր 88․14–41

Ձգտեք հնազանդվել սելեստիալ օրենքին

արևը շողում է երիտասարդ կնոջ դեմքին

Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնում Տերը հայտնել է ճշմարտություններ Հարության և փառքի արքայությունների մասին՝ ներառելով սելեստիալ փառքը: Այս ճշմարտությունները կարող են միավորել և օրհնել Եկեղեցու անդամներին, եթե նրանք հավատարմորեն հետևեն Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ուսանողներին մեծացնել իրենց վստահությունն առ այն, որ իրենք կարող են սելեստիալ փառք ստանալ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սելեստիալ փառքի նպատակը

Ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում սանդուղք նկարել և աստիճանների վերևի մասում գրել «սելեստիալ արքայություն»: Ուսանողներին խնդրեք նկարել, թե աստիճանների որ մասում են իրենք տեսնում իրենց: Խրախուսեք նրանց գրել ստորև ներկայացվող հարցերի իրենց պատասխանները։

  • Զգո՞ւմ եք, որ ձեր ներկայիս ընտրություններն օգնում են ձեզ առաջ շարժվել դեպի սելեստիալ արքայություն: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք ի վերջո հասնել սելեստիալ փառքի Հիսուս Քրիստոսի օգնությամբ:

Հիշեցրեք ուսանողներին, որ քանի որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, մենք կարող ենք ապավինել Նրան, որպեսզի Նա օգնի մեզ փոխվել, ապաշխարել և ուժ տա՝ մինչ մենք ձգտում ենք հասնել սելեստիալ փառքի:

Վարդապետություն և Ուխտեր 88 բաժնում արձանագրված Տիրոջ հայտնությունն աստվածային լույս է տալիս և օգնում է մեզ հասկանալ հավերժական ճշմարտություններ: 88-րդ բաժնում մենք սովորում ենք մանրամասներ մեր Երկնային Հոր ծրագրի մասին, ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին և այն, թե ինչպես կարող ենք վերադառնալ Նրանց ներկայություն:

Կարող եք կիսվել Երկնային Հոր ծրագրի գեղեցկության և վեհության մասին ձեր մտքերով: Խրախուսեք ուսանողներին այսօրվա ուսումնասիրության ժամանակ ոգեշնչում փնտրել՝ իմանալու, թե իրենք ինչպես կարող են գործել հավատքով և ստանալ Փրկչի օգնությունը, երբ առաջ են շարժվում դեպի սելեստիալ արքայություն:

Մեր մահկանացու մարմինները

Բացատրեք, որ Աստծո ծրագրի կարևոր մասն այն է, որ մենք նմանվենք Իրեն՝ և հոգևոր առումով, և ֆիզիկապես: Ծնվելիս մենք ստանում ենք ֆիզիկական մարմին: Այդ մարմինը մի օր կմեռնի և հարություն կառնի:

Կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները հետևյալ հարցի վերաբերյալ․

  • Ի՞նչ գիտեք Հարության մասին:

Անհրաժեշտության դեպքում ուսանողները կարող են օգտվել Թեմաներ և հարցեր բաժնի «Հարություն» թեմայից topics.ChurchofJesusChrist.org կայքում՝ իրենց պատասխանների հաստատումը գտնելու համար։

Ուսանողները կարող են կատարել հետևյալ վարժությունը դասընկերոջ հետ: Դուք կարող եք ցուցադրել ուսանողներին հարցերը և հանձնարարել, որ զույգի ուսանողներից յուրաքանչյուրը պատասխանի հարցերից մեկին։ Այս վարժությունը կօգնի ուսանողներին իմանալ, որ կենդանացնել բառը կարող է նշանակել կյանք տալ կամ վերադարձնել կյանքի:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 88․14–17, 27–31 հատվածները: Կարդալիս խորհեք հետևյալի մասին.

  • Ի՞նչ եք սովորում Հարության մասին:

  • Ի՞նչ եք սովորում փառքի երեք աստիճանների մասին:

Խնդրեք ուսանողներին պատմել իրենց սովորածի մասին: Ուշադիր լսեք ուսանողներին և տվեք հետևյալ հարցերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հստակեցնեք նրանց ընկալումը: Եթե ուսանողները լրացուցիչ հարցեր ունենան, կարող եք դրանք քննարկել դասարանով:

դասընթացի պատկերակՈւսանողների գիտելիքների գնահատում. սրա վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Միշտ պատրաստ եղեք արձագանքելու սովորողների կարիքների վերաբերյալ հոգևոր հուշումներին» վերնագրով դասընթացը, որը հասանելի է Ուսուցչի կատարելագործման հմտություններ. Ուսուցանեք Հոգով ուսուցողական նյութում։ Կարող եք կիրառել «Հարց տվեք, որպեսզի գնահատեք գիտելիքները՝ նախքան դասին անցնելը» հմտությունը:

Աստծո օրենքներին հնազանդվելը հանգեցնում է փառքի

Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչպես են պատկերացնում սելեստիալ մարմին ունենալը կամ ինչու են ցանկանում սելեստիալ մարմին ստանալ Հարության ժամանակ:

Եթե ուսանողները նախորդ վարժության ժամանակ աշխատել են զույգերով, նրանք կարող են աշխատել այլ դասընկերոջ հետ՝ հետևյալ վարժությունը կատարելու համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.21–24, 34–36, 38–39 հատվածները՝ փնտրելով, թե մենք ինչպես կարող ենք հարություն առնել սելեստիալ մարմնով: Կարող եք նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարևոր են ձեզ համար:

  • Ըստ ձեզ, որո՞նք են այս հատվածների այն կարևոր մասերը, որոնք պետք է հասկանալ։

  • Ի՞նչն է որոշում այն փառքը, որը մենք կարող ենք ստանալ Վերջին Դատաստանից հետո: Ինչո՞ւ։

Ուսանողներին ժամանակ տվեք՝ քննարկելու իրենց սովորածը: Ուսանողները կարող են ասել տարբեր ճշմարտություններ, օրինակ՝ եթե մենք հնազանդվենք սելեստիալ օրենքներին, մենք կստանանք սելեստիալ փառք կամ Հարության ժամանակ մենք կստանանք փառք՝ համաձայն այն օրենքի, որին հնազանդվում ենք։ Հետևյալ ճշմարտությունները կարող եք գրել գրատախտակին։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ և զգալ աստվածային օրենքների կարևորությունը, կարող եք կիսվել հետևյալ խոսքերով.

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Սելեստիալ արքայության օրենքն, իհարկե, ավետարանի օրենքն ու ուխտերն են, որոնք ընդգրկում են մշտապես Փրկչին հիշելու և հնազանդության, զոհաբերության, նվիրաբերման և հավատարմության մեր պարտավորությունը: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Եկեք Սիոն», Լիահոնա, նոյեմբեր 2008 թ․, 38)

  • Ի՞նչ եք սովորում Երկնային Հոր սիրո, արդարության և ողորմածության մասին:

  • Ի՞նչ եք մտածում այն մասին, թե ինչպես է Նա անհատապես աշխատում Իր զավակների հետ:

Օգնեք ճանապարհի ընթացքում

Ուսանողներին առաջարկեք խորհել, թե իրենք ինչպես կպատասխանեին իրենց ընկերոջը, որը հուսահատված է և կարծում է, որ ինքը բավականաչափ լավը չէ սելեստիալ փառք ստանալու համար: Կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ հետևյալ հատվածները, այնուհետև գրել կարճ պատասխան իրենց ընկերոջ մտահոգության վերաբերյալ:

Կարդացեք 3 Նեփի 27.19–20 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես է Երկնային Հայրը հնարավորություն տվել Իր զավակներին սելեստիալ փառք ստանալ: Կարող եք առաջարկել ուսանողներին կապել այս հատվածները Վարդապետություն և Ուխտեր 88․21, 34 հատվածների հետ։

Կարող եք առաջարկել ուսանողներին նշել բացի նրանցից բառերը 3 Նեփի 27.19 հատվածում։ Նշեք, որ այս բառերը կարող են նշանակել «բացառությամբ» կամ «եթե ոչ»: Կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչպես է դա օգնում իրենց հասկանալ Հիսուսի խոսքերն՝ ուղղված նեփիացիներին:

Որպեսզի օգնեք ուսանողներին ճանաչել Հիսուս Քրիստոսի միջոցով իրենց հասանելի հույսն ու փոփոխությունը, կարող եք կիսվել հետևյալ խոսքերով.

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է.

2:3

Ապաշխարության աստվածային պարգևը

Միայն ապաշխարությունն է տանում դեպի ավելի լավ կյանքի պայծառ բարձրունքները:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Թերևս որքան որ աղոթում ենք ողորմածության համար, մենք պետք է աղոթենք ժամանակի և հնարավորության համար՝ աշխատելու, ձգտելու և հաղթահարելու: Անշուշտ, Տերը ժպտում է նրան, ով ցանկանում է արժանիորեն դատաստանի գալ, ով օրեցօր վճռականորեն աշխատում է, որպեսզի փոխարինի թուլությունները զորությամբ: Իրական ապաշխարությունը, իրական փոփոխությունը կարող են պահանջել բազմակի փորձեր, սակայն այդ աշխատանքի մեջ կա մի կատարելագործող և սուրբ տարր: Աստվածային ներումը և բժշկումը այդպիսի հոգու վրա բնականորեն են իջնում, քանզի իսկապես «առաքինությունը սիրում է առաքինությանը. լույսը հարում է լույսին. ողորմածությունը գութ ունի ողորմածության վրա և պահանջում է յուրայիններին» (Վ&Ու 88․40

Ապաշխարությամբ մենք կարող ենք հետևողականորեն մեծացնել սելեստիալ արքայության օրենքով ապրելու մեր ունակությունը, քանզի մենք հասկանում ենք, որ «նա, ով չի կարողանում մնալ սելեստիալ արքայության օրենքում, չի կարողանա մնալ սելեստիալ փառքում» (Վ&Ու 88․22): (Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ապաշխարության աստվածային պարգևը», Լիահոնա, նոյ. 2011, 39)

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի Քավության մասին ձեր հասկացողությունն ազդել սելեստիալ փառքի հասնելու ձեր հավատի վրա:

  • Ելնելով ձեր այսօրվա ուսումնասիրածից՝ ի՞նչ կարող եք ասել այն մարդուն, որը վախենում է, որ չի կարող հասնել սելեստիալ փառքի:

Ուսանողներին առաջարկեք վերանայել դասի սկզբում իրենց նկարած սանդուղքի պատկերը։ Խրախուսեք նրանց սանդուղքի վրա կամ դրա շուրջը գրել այն, ինչ իրենք սովորեցին, որը կարող է օգնել իրենց ավելի մոտենալ սելեստիալ արքայությանը: Ուսանողները կարող են գրի առնել իրենց մտքերը կամ զգացմունքները Երկնային Հոր և Հիսուսի մասին: Նրանք կարող են նաև ներառել, թե ինչպես է ամրապնդվել սելեստիալ փառքին հասնելու իրենց վճռականությունն ու հույսը կամ իրենց սովորած ճշմարտություններն ինչպես կարող են ազդել իրենց ընտրությունների վրա ներկայումս և ապագայում:

Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք մեկ կամ երկու ուսանողի առաջարկել իրենց մտքերով կիսվել դասարանի հետ: