Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը տառապում էր Լիբերթիի բանտում, Աստված ուսուցանեց նրան, որ թեև նրա տառապանքը խորն է և ցավալի, այն կօգնի նրան դառնալ ավելի Քրիստոսանման: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ նույնիսկ ծանր փորձառությունները կարող են օգնել մեզ առաջ գնալ և ավելի շատ նմանվել Նրան:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հղկված տառապանքի միջոցով
Ի՞նչ է անհրաժեշտ անմշակ քարերի հարթեցման կամ հղկման համար:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը կիսվել է իր մասին հետևյալով.
Ես նման եմ մի հսկայական անմշակ քարի, որը գլորվում է բարձր սարից և հղկվում եմ, երբ որևէ անկյուն հպվում է մեկ այլ բանի, որը հարվածում է արագության ուժով … , … հարվածելով անկյուններն այս ու այնտեղ, ես կդառնամ հարթ և հղկված նիզակ Ամենազոր Աստծո կապարճի մեջ: (Joseph Smith, in History, 1838–1856 [Manuscript History of the Church], հատոր D-1, 1556, josephsmithpapers.org)
Ջոզեֆ Սմիթի կյանքից ի՞նչ տառապանքներ կարող եք մտաբերել, որոնք կարող էին օգնել նրան դառնալ ավելի լավ գործիք Տիրոջ ձեռքերում:
Այսօր ուսումնասիրելիս մտածեք, թե մեր սիրող Երկնային Հայրն ինչու է թույլ տվել ձեզ անցնել ցավալի փորձությունների միջով: Խորհեք, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել ձեզ ավելի շատ նմանվել Իրեն՝ անցնելով այն չարչարանքների և տառապանքների միջով, որոնց դուք կարող եք բախվել ձեր կյանքում:
Տառապանքները կարող են լինել մեր օգտի համար
1838–39 թվականների ձմռանը Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ անարդարացիորեն բանտարկվեցին Լիբերթիի բանտում և կրեցին ծանր տառապանքներ: Տառապող Սրբերին ուղղված ոգեշնչված նամակում Ջոզեֆը ներառեց ճշմարտություններ, որոնք Աստված հայտնել էր իրեն իր ապրած տառապանքների մասին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 122.5–7 հատվածները՝ փնտրելով, թե Աստված ինչ էր ցանկանում, որ Ջոզեֆը հասկանար այն փորձությունների վերաբերյալ, որոնց միջով նա անցել էր իր կյանքում:
Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում, որ տառապանքները կարող են մեզ «փորձառություն» տալ և լինել «[մեր] օգտի համար» (հատված 7):
Այս ճշմարտությունն ի՞նչ կապ կարող է ունենալ դասի սկզբում ներկայացված անմշակ և հղկված քարերի հետ։
Ի՞նչ տառապանքների են բախվում շատ դեռահասներ այսօր։
Այս իրավիճակներում ինչո՞ւ է կարևոր հասկանալ, թե ինչ է Աստված ուսուցանել Մարգարե Ջոզեֆ Սմիթին:
Ե՞րբ եք դուք կամ ձեր մտերիմ մարդը տառապանք կրել, որն ի վերջո օրհնություն է դարձել:
Ի՞նչ պետք է մարդն անի, որպեսզի թույլ տա, որ իր տառապանքն իրեն փորձառություն տա և լինի իր օգտի համար:
Հիշենք Հիսուս Քրիստոսին մեր տառապանքներում
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել Փրկչի եզակի ունակության մասին՝ հասկանալ և օգնել իրենց, երբ իրենք անցնում են տառապանքների միջով, կարող եք առաջարկել նրանց անհատապես լրացնել «Հիշենք Հիսուս Քրիստոսին մեր տառապանքներում» աշխատաթերթը: Դա լավ հնարավորություն է ուսանողների համար՝ հրավիրելու Սուրբ Հոգուն՝ լուռ ուսումնասիրելիս, խորհելիս և գրելիս:
Հիշենք Հիսուս Քրիստոսին մեր տառապանքներում
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 122.8–9 հատվածները և փորձեք պատկերացնել, որ Աստված ուղղակիորեն խոսում է ձեզ հետ այն իրավիճակների մասին, որոնց դուք և ձեր ընտանիքը բախվում եք: Նշեք Նրա ուսուցանած արտահայտությունները, որոնք լսելը կարևոր է ձեզ համար: Կարող եք գրել ձեր ունեցած մտքերն ու զգացմունքները ձեր օրագրում կամ սուրբ գրություններում:
Կարդացեք Ալմա 7.11–12 և Առաջին Նախագահության նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը: Գրեք, թե դրանք ինչ են ուսուցանում Փրկչի մասին, որը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 122.8–9 հատվածները:
Երբ մտածում եք, թե որքան ցավի կարող եք դիմանալ, հիշեք Նրան։ Նա տարել է այն ցավերը, որոնցով դուք եք տառապում, որպեսզի իմանա, թե ինչպես բարձրացնի ձեզ: Գուցե Նա չհեռացնի ձեր բեռը, բայց ձեզ ուժ, մխիթարություն և հույս կտա։ Նա գիտի ուղին։ Նա խմել է դառը բաժակից։ Նա դիմացել է բոլորի ցավերին։
Սիրող Փրկիչը ձեզ համար հոգ է տանում և մխիթարում է, Նա գիտի, թե ինչպես աջակցել ձեզ ցանկացած փորձության ժամանակ։ (Հենրի Բ. Այրինգ, «Փորձված, ստուգված և հղկված», Լիահոնա, նոյեմբեր 2020, 97)
Ձեր փորձությունների ժամանակ որքա՞ն օգտակար կլինի իմանալ, որ Հիսուս Քրիստոսն «իջել է բոլոր բաներից ներքև»: (Վարդապետություն և Ուխտեր 122․8) Ինչո՞ւ եք կարծում, որ Նա դա կանի։
Ի՞նչ այլ սուրբ գրություններ են նշանակալից եղել ձեզ համար, երբ անցել եք տառապանքների միջով:
Ուսանողներին ժամանակ տրամադրեք՝ կիսվելու իրենց սովորածի մի մասով զուգընկերոջ կամ դասարանի հետ: Խրախուսեք նրանց կիսվել ցանկացած սուրբ գրությամբ, որը նշանակալից է եղել իրենց համար՝ տառապանքների միջով անցնելիս:
Կարող եք առաջարկել ուսանողներին նորից մտածել այն մասին, թե իրենց դժվարություններն ինչպես են ձևավորում իրենց: Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցի շուրջ.
Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել ձեզ, երբ անցնեք ձեր տառապանքների միջով:
Կարող եք ավարտել դասը ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մեր բոլոր տառապանքները կարող են մեզ փորձառություն տալ և լինել մեր օգտի համար: