Տղամարդու և կնոջ ամուսնությունը Իր զավակների համար Աստծո ծրագրի կարևոր մասն է։ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը հայտնել է, որ երբ ամուսինները կնքվեն քահանայության զորությամբ և հավատարիմ մնան իրենց ուխտերին, նրանց ամուսնությունը կշարունակվի անգամ մահից հետո: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ հավերժական ամուսնության կարևորությունը Երկնային Հոր ծրագրում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ընկալեք ամուսնությունը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը հայտարարել է․
Մեր ժամանակների մեծ անելիքներից մեկն է … օգնել մարդկանց հասկանալ ամուսնության ճշմարիտ իմաստը և նպատակը։ (Դեյվիդ Ա. Բեդնար, «The Divine Pattern of Eternal Marriage,» Ensign, սեպտ. 2020, 41)
Ինչպե՞ս կսահմանեք «ամուսնության ճշմարիտ իմաստն ու նպատակը»:
Ամուսնության վերաբերյալ մարդիկ ի՞նչ թյուրըմբռնումներ կարող են ունենալ այսօր։
Հավերժական ամուսնություն
1843 թ. մայիսին՝ գտնվելով Իլինոյս նահանգի Ռեյմուս քաղաքում, Ջոզեֆ Սմիթն ասաց Բենջամին և Մելիսա Ջոնսոններին, որ մտադիր է ամուսնացնել նրանց՝ համաձայն Տիրոջ օրենքի: Քանի որ նրանք արդեն ամուսնացած էին, Բենջամինը կատակեց, որ նա նորից կամուսնանա Մելիսայի հետ միայն այն դեպքում, եթե նա սիրահետի իրեն: Սակայն Ջոզեֆը լուրջ էր խոսում։ Մարգարեն նրանց ուսուցանեց հավերժական ամուսնության վարդապետությունը, ապա կնքեց զույգին հավերժության համար: Ուիլյամ Քլեյթոնն այդ ժամանակ ծառայում էր որպես Ջոզեֆի գրագիր և արձանագրեց նրա ուսմունքները, որոնք այժմ ներկայցված են Վարդապետություն և Ուխտեր 131 բաժնում (տես «Our Hearts Rejoiced to Hear Him Speak,» բաժինը՝ Հայտնություններ համատեքստում նյութում [2016], 279–280)։
Ի՞նչ են ձեզ ուսուցանում այս հատվածներն ամուսնության կարևորության մասին Երկնային Հոր ծրագրում:
Ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է ամուսնությունը պատրաստել մեզ ավելի շատ նմանվել Աստծուն:
Ամուսնության կարևորությունն Աստծո ծրագրում
Ընտրեք հետևյալ առաջարկներից մեկը կամ մի քանիսը՝ «Ինչո՞ւ է ամուսնությունը կարևոր Աստծո համար» հարցին լրացուցիչ պատասխաններ գտնելու համար: Ձեր իմացած ճշմարտություններն ավելացրեք ձեր ուսումնասիրության օրագրի պատասխանների ցանկին:
Ուսումնասիրեք սուրբ գրությունները: Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 49․15–17, 132․19 հատվածները։ Ուսումնասիրության համար գտեք լրացուցիչ հատվածներ՝ փնտրելով «ամուսնություն» բառը Թեմաների ուղեցույցում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում:
Ուսումնասիրեք Եկեղեցու ղեկավարների ուսմունքները: Որոնեք «ամուսնություն» բառը Gospel Library հավելվածում կամ գերագույն համաժողովի ուղերձների արխիվում՝ թեմաների բաժնում:
Տեքստային հաղորդագրություն ուղարկեք ընտանիքի անդամին կամ վստահելի չափահաս անձին՝ հարցնելով, թե իրենք ինչպես կպատասխանեն «Ինչո՞ւ է ամուսնությունը կարևոր Աստծո համար» հարցին:
Ի՞նչ սովորեցիք, որը նախկինում չգիտեիք:
Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն օգնել ձեզ, երբ աշխարհում հանդիպում եք պատկերացումների, որոնք հակասում են ամուսնության վերաբերյալ Աստծո օրենքներին:
Ամուսնությունն Աստծո տեսանկյունից դիտարկելը ինչպե՞ս կարող է ազդել ամուսնության հանդեպ ձեր վերաբերմունքի վրա:
Բացատրեք ամուսնության վարդապետությունը
Պատկերացրեք, որ ձեր ընկերոջ հետ քննարկում եք ձեր ապագա նպատակները։ Երբ նշում եք, որ հույս ունեք ամուսնանալու, ձեր ընկերը հարցնում է. «Ինչո՞ւ է ամուսնությունը կարևոր»:
Ինչպե՞ս կարձագանքեք ձեր ընկերոջը՝ օգտագործելով այն ուսմունքները, որոնք դուք այսօր ուսումնասիրել եք: