Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 10. Ինձ հետևիր


Դաս 10

Ինձ հետևիր

Նախաբան

Հիսուս Քրիստոսը հայտարարեց. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6): «[Հիսուսի] ճանապարհն այն արահետն է, որ տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավիտենական կյանք` գալիք աշխարհում» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 3): Այս դասն ուսումնասիրում է Հիսուս Քրիստոսի հրավերն ուղղված բոլորին, որպեսզի հետևեն Իրեն և Իր աշակերտները լինեն: Այս դասում նաև դիտարկվում է, թե ինչ է նշանակում աշակերտի ուղով քայլել:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աշակերտի ուղին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 75-78:

  • Joseph B. Wirthlin, “Follow Me,” Ensign, May 2002, 15–17.

Ուսուցանման առաջարկներ

Հովհաննես 1.35-47, 2 Նեփի 26.33, Ալմա 5.33-34

Հիսուս Քրիստոսը հրավիրում է բոլորին լինել Իր աշակերտները

Խնդրեք որևէ ուսանողի հակիրճ ներկայացնել այն ժամանակը, երբ նա ճամփորդելիս սխալմամբ սխալ շրջադարձ է կատարել կամ գնացել է սխալ ճանապարհով: Այնուհետև հանձնարարեք ուսանողներին կարդալ Հովհաննես 14.6 հատվածը և իրենց բառերով սահմանել վարդապետությունը, որ Հիսուսն ուսուցանում է այդ հատվածում: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն նրանք պետք է հասկանան, որ միայն Հիսուս Քրիստոսին հետևելու շնորհիվ կարող ենք վերադառնալ և ապրել Երկնային Հոր հետ։)

Ուսանողներին ասեք, որ Հիսուս Քրիստոսը մկրտվելուց և ապա անապատում գայթակղվելուց հետո, հրավիրեց մյուսներին հետևել Իրեն: Ովքեր հետևեցին Փրկչին այն ժամանակ և այժմ կոչվում են աշակերտներ: Հանձնարարեք ուսանողներին Հովհաննես 1.35-47 հատվածներում գտնել Փրկչի վաղեմի աշակերտներից մի քանիսի անունները և ինչը դրդեց նրանց հետևել Նրան:

Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի (1920-2007) հետևյալ խոսքերը, և որևէ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ այն.

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

«Անգլերեն աշակերտ և կարգապահություն բառերը սերվում են նույն լատինական դիսիպուլուս արմատից, որը նշանակում է սովորող: Այն ներկայացնում է գործողություն: Ինքնակարգապահությունն ու ինքնավերահսկումը Հիսուսի հետևորդների հաստատուն և մշտական բնորոշիչներն են: …

Ի՞նչ է աշակերտությունը: Այն, հիմնականում, հնազանդություն է Փրկչին» («Աշակերտություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 20):

  • Ըստ աշակերտության այդ սահմանման, ինչպիսի՞ն է եղել Հիսուս Քրիստոսի վաղեմի աշակերտների կյանքը:

Հանձնարարեք ուսանողներին կարդալ և համեմատել 2 Նեփի 26.33 և Ալմա 5.33–34 հատվածները, և պարզել, թե էլ ում Հիսուսը հրավիրեց գալ Իր մոտ: Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ են այդ հատվածներն ուսուցանում Իր մոտ գալու Փրկչի հրավերի մասին: (Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը հրավիրում է բոլոր մարդկանց գալ Իր մոտ և լինել Իր աշակերտները:)

  • Ըստ Ալմայի, ի՞նչ խոստացավ Փրկիչը նրանց, ովքեր ընդունում են Իր մոտ գալու հրավերը:

  • Ի՞նչ են այդ խոստումները նշանակում ձեզ համար:

Մատթեոս 4.18–22; Ղուկաս 5.11; 9.57–62; 14.25–33

Լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը

Ուսանողներին բաժանեք զույգերի: Հանձնարարեք նրանց ուսումնասիրել Մատթեոս 4.18-22 և Ղուկաս 5.11 հատվածները և գտնել, թե ինչ զոհաբերություններ կատարեցին Հիսուս Քրիստոսի վաղեմի աշակերտները՝ ընդունելով Նրան հետևելու կանչը: Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կնկարագրեիք այդ վաղեմի աշակերտների արձագանքն՝ ի պատասխան Իրեն հետևելու Փրկչի կանչին: (Քննարկեք հետևյալ խոսքերի և արտահայտությունների նշանակությունը՝ «իրանց ուռկանները թողած», «շուտով» և «թողեցին»:)

  • Ի՞նչ կարևոր ճշմարտություններ են այդ հատվածներն ավելացնում Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու նկարագրին: (Երբ ուսանողները կպատասխանեն, գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը պահանջում է հնազանդություն և զոհաբերություն:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի (1917-2008) հետևյալ խոսքերը, և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին

«Ցանցերը հիմնականում գործիքներ են՝ նախատեսված ինչ-որ բան որսալու համար: … Ավելի կարևոր իմաստով մենք կարող ենք ցանցը ներկայացնել որպես մի բան, որը հրապուրում կամ խանգարում է կենդանի Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի կանչին հետևել:

Այդ առումով ցանցերը կարող են լինել մեր աշխատանքը, մեր նախասիրությունները, մեր հաճույքները, իսկ ամեն ինչից առավել՝ մեր գայթակղություններն ու մեղքերը: Այսինքն, ցանց կարող է լինել այն ամենը, ինչը մեզ հեռացնում է մեր Երկնային Հոր կամ Նրա վերականգնած Եկեղեցու հետ ունեցած մեր կապից: …

Անհնար է թվարկել բոլոր հնարավոր ցանցերը, որոնք կարող են ծուղակը գցել մեզ և ետ պահել Փրկչին հետևելուց: Բայց եթե մենք անկեղծ ենք Նրան հետևելու մեր ցանկության մեջ, մենք պետք է անմիջապես հեռանանք աշխարհի խճճող ցանցերից և հետևել Նրան:

… Մեր կյանքն այնքան հեշտությամբ է լցվում ժամադրություններով, հանդիպումներով և հանձնարարություններով: Այնքան հեշտ է բռնվել բազմաթիվ ցանցերի կողմից, որ երբեմն անգամ դրանցից մեկից ազատվելու առաջարկությունը մեզ համար կարող է ահաբեկող կամ անգամ վախեցնող լինել:

Երբեմն թվում է, որքան զբաղված ենք մենք, այնքան կարևոր ենք, կարծես, թե մեր զբաղվածությունն է որոշում մեր արժեքը: Եղբայրներ և քույրեր, մենք կարող ենք վատնել մեր կյանքը տենդագին վազքում, կատարելով գործեր, որոնք ի վերջո իրականում կարևոր չեն:

Շատ գործեր կատարելը գուցե այնքան էլ կարևոր չլինի: Երբ մենք մեր մտքի, մեր սրտի և մեր հոգու ուժը կենտրոնացնում ենք հավերժական կարևորություն ունեցող բաների վրա, դա է կարևոր» (“Follow Me,” Ensign, May 2002, 15–16):

  • Եթե ձկնորսների թողած ձուկը, ցանցերը և նավակները ներկայացնում են նրանց աշխարհիկ խնդիրները, ի՞նչ Փրկիչը կպահանջի ձեզանից մի կողմ թողնել Իրեն հետևելու համար:

  • Ինչո՞ւ է երբեմն դժվար նյութական հոգսերը մի կողմ դնելը:

  • Ինչպե՞ս կարող է անհատը հասկանալ, արդյոք ինքն ընկել է Երեց Վիրթլինի նշած խճճող որևէ ցանցի մեջ:

Խնդրեք ուսանողներին պատմել իրենց կյանքի այն պահերի մասին, երբ արձագանքել են Իրեն հետևելու Փրկչի կանչին (գուցե ետևում են թողել հին սովորույթները կամ ընդունել են Եկեղեցական կոչումը): Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս է այդ կանչին արձագանքելն օրհնել ձեր կյանքը:

Գրատախտակին ցուցադրեք կամ գրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և հարցերը.

Ղուկաս 9.57-62—Ի՞նչը կարող է խանգարել մեզ հետևել Փրկչին:

Ղուկաս 14.25-27, 33—Ի՞նչ է Փրկիչը պահանջում Իր աշակերտներից:

Ղուկաս 14.28-32—Ինչպե՞ս է ավարտել բառը վերաբերում աշակերտ լինելու պահանջներին:

Դասարանը բաժանեք երեք խմբի, և յուրաքանչյուր խմբին տվեք այդ հատվածներից մեկը և համապատասխան հարցը: Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, խնդրեք ուսանողներին կիսվել, ինչպես է այն հատվածը, որ կարդացին, պատասխանում իրենց հարցին։ Այդ երեք հատվածները քննարկելուց հետո, հարցրեք.

  • Աշակերտ լինելու ի՞նչ պահանջ է ներկայացվում Փրկչի համանմանություններով: (Երբ ուսանողները կքննարկեն այս հարցը, օգնեք նրանց հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Աշակերտ լինելը պահանջում է ամեն ինչ թողնելու և Հիսուս Քրիստոսին հետևելու մեր հաստատուն պատրաստակամությունը:)

Բացատրեք, որ չնայած աշակերտ լինելը ենթադրում է անշեղորեն խորացնել Փրկչին հետևելու մեր նվիրվածությունն ու պարտավորվածությունը, Նա չի պահանջում, որ վազենք ավելի արագ, քան մեր ուժը կբավարարի (տես Մոսիա 4.27):

Ուսանողներին բաժանեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերի օրինակը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Աշակերտ լինելու ուղու վրա առաջին քայլը, ի ուրախություն մեզ, սկսվում է այնտեղից, որտեղ մենք գտնվում ենք: Առաջին քայլը կատարելու համար կարիք չկա, որպեսզի նախապես որակվենք: Նշանակություն չունի մենք հարուստ ենք, թե աղքատ: Կարիք չկա լինել կրթված, պերճախոս կամ մտավորական: Կարիք չկա լինել կատարյալ, պերճախոս կամ անգամ ունենալ բարեկիրթ վարվելաձև:

Այսօր ես և դուք կարող ենք աշակերտ լինելու ուղով քայլել: Եկեք լինենք խոնարհ, եկեք մեր ողջ սրտով աղոթենք մեր Երկնային Հորը, հայտնենք Նրան մոտենալու և Նրանից սովորելու մեր ցանկությունը:

Հավատք ունեցեք: Փնտրեք և դուք կգտնեք: Թակեք և դուռը կբացվի [տես Մատթեոս 7.7]: Ծառայեք Աստծուն՝ ծառայելով ուրիշներին: Դարձեք ակտիվ մասնակից ձեր ծխում կամ ճյուղում: Ամրացրեք ձեր ընտանիքը՝ պարտավորվելով ապրել ավետարանի սկզբունքներով: Ձեր ամուսնության մեջ և ընտանիքում եղեք մեկ սրտի և մեկ մտքի:

Այժմ է պահը ձեր կյանքը շտկելու, որպեսզի կարողանաք տաճարի երաշխավորագիր ունենալ և օգտագործել այն: Այժմ է պահը անցկացնելու իմաստալից ընտանեկան երեկոներ, կարդալու Աստծո խոսքը և անկեղծ աղոթքով խոսելու մեր Երկնային Հոր հետ: Այժմ է պահը ձեր սրտերը երախտագիտությամբ լցնելու Նրա Եկեղեցու Վերականգնման, ապրող մարգարեների, Մորմոնի Գրքի և քահանայության զորության համար, որ օրհնում է մեր կյանքը: Այժմ է պահը ընդունելու Հիսուս Քրիստոսի ավետարանը, դառնալու Նրա աշակերտը և քայլելու Նրա ճանապարհով» («Աշակերտի ուղին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 77):

  • Ըստ Նախագահ Ուխդորֆի, որտեղի՞ց է աշակերտ լինելու ուղին սկսվում:

  • Ըստ Նախագահ Ուխդորֆի, ե՞րբ պետք է սկսել աշակերտի ուղով քայլել:

Գրատախտակի վրա գրեք հետևյալը.

Այժմ է պահը, որ ես …

Խնդրեք ուսանողներին մտածել և լրացնել այս նախադասությունը՝ նշելով, թե ինչ կանեին Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու համար: Խրախուսեք նրանց գործել՝ անմիջապես հետևելով իրենց մոտ ծագած մտքին, քանի որ այդ միտքն, ամենայն հավանականությամբ, Սուրբ Հոգուց եկած հուշում էր: Վկայեք, որ երբ նրանք կատարեն այդ առաջին քայլը, Տերը կօգնի նրանց լինել Իր աշակերտները:

Ուսանողի ընթերցարան