Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 28. Անձնական վկայություն Հիսուս Քրիստոսի մասին


Դաս 28

Անձնական վկայություն Հիսուս Քրիստոսի մասին

Նախաբան

Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարել են. «Մենք վկայում ենք, որպես Նրա պատշաճ կերպով կարգված Առաքյալներ, որ Հիսուսը կենդանի Քրիստոսն է` Աստծո անմահ Որդին» («Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», Ensign կամ Լիահոնա, ապր. 2000, 3): Այս դասընթացի ընթացքում մենք ուսումնասիրեցինք Հիսուս Քրիստոսի հավերժական ծառայությունը և Նրա մասին մարգարեների վկայությունները: Սուրբ Հոգու միջոցով ձեռք բերելով անձնական վկայություն, որ Հիսուսը Կենդանի Քրիստոսն է, մենք պատրաստ ենք մյուսների հետ կիսվել մեր անձնական վկայությամբ:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 25.26; Մոսիա 18.8–11

Լինել Քրիստոսի վկա

Հարցրեք ուսանողներին, արդյոք նրանցից որևէ մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ ինքը Եկեղեցու միակ անդամն է եղել կամ միակ մարդն է եղել, ով կամեցել է ներկայացնել Եկեղեցու չափանիշները: Հանձնարարեք նրանց պատասխանել հետևյալ հարցերին․

  • Ինչպե՞ս էիք զգում, երբ այդ իրավիճակում արձագանքեցիք որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ:

  • Ի՞նչն էր ձեր փորձառության մեջ իրենից կարևորություն կամ դժվարություն ներկայացնում:

Ուսանողներին հիշեցրեք Մորմոնի Գրքում Ալմայի պատմության մասին, ով դարձի եկավ Աբինադի մարգարեի ուսուցման շնորհիվ: Իր դարձից հետո Ալման նույնպես սկսեց քարոզել ավետարանը: Մոսիա 18-ում մենք կարդում ենք մկրտության ուխտի մասին նրա ուսմունքները: Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մոսիա 18․8-11 հատվածը: Խնդրեք ուսանողներին հետևել նրան և բացահայտել, թե որ հատկանիշներն ու գործողություններն են ցույց տալիս, որ տվյալ անձը պատրաստ է մկրտության ուխտ կապել և պահել: Երբ ուսանողները պատասխանեն, նշեք «կանգնել որպես Աստծո վկաներ՝ բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր վայրերում» արտահայտությունը հատված 9-ում: Այնուհետև հարցրեք.

  • Ի՞նչ է նշանակում կանգնել որպես Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի վկա «բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր վայրերում»: (Մոսիա 18.9):

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Առաքյալները կոչված և կարգված են լինելու Քրիստոսի անվան հատուկ վկաները ողջ աշխարհում (տես ՎևՈւ 107.23), սակայն Քրիստոսի մասին վկայելու պարտականությունը կրում է Եկեղեցու յուրաքանչյուր անդամ, ով ստացել է Սուրբ Հոգու վկայությունը» (“Witnesses of Christ,” Ensign, Nov. 1990, 30):

  • Ըստ Երեց Օուքսի, ո՞վ է կրում Հիսուս Քրիստոսի մասին վկայություն բերելու պատասխանատվությունը: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ ճշմարտությունը. Եկեղեցու բոլոր անդամները ուխտել են կանգնել որպես Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վկաներ:)

  • Մեր համոզմունքներով և վկայությամբ կիսվելուց բացի, ուրիշ ինչպե՞ս կարող ենք մենք որպես Քրիստոսի վկա կանգնել: (Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել այս հարցին, հորդորեք նրանց ուսումնասիրել՝ Մատթեոս 5.14-16 և 3 Նեփի 18.24:)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը, և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Արևմտյան կիսագնդում Իր ծառայության ընթացքում Փրկիչը տվեց այս պատվիրանը. «Ուստի, բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք, ա՛յն, ինչ դուք տեսաք ինձ անելիս» (3 Նեփի 18.24): Մարդիկ պետք է մեր մեջ տեսնեն Հիսուս Քրիստոսից ինչ-որ բան: Մեր վարքը, խոսքը, տեսքը և անգամ մտածելակերպը պետք է արտացոլի Նրան և Նրա ուղիները» (“Becoming a Witness of Christ,” Ensign or Liahona, Mar. 2008, 60):

  • Նկատե՞լ եք ինչպես են մյուսների գործերը, խոսելաոճը կամ տեսքն արտացոլել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս:

  • Հիսուս Քրիստոսի վկան լինելու դժկամությունը կամ վախը հաղթահարելու համար ի՞նչ խորհուրդ կտայիք մյուսներին:

Գրատախտակին գրեք հետևյալ արտահայտությունները.

Խոսել Քրիստոսի մասին

Հրճվել Քրիստոսով

Քարոզել Քրիստոսի մասին

Մարգարեանալ Քրիստոսի մասին

Գրել Քրիստոսի մասին

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ 2 Նեփի 25.26 հատվածը, և խնդրեք նրանց բացատրել, ինչպես կարող է որևէ մեկը կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ գրատախտակի վրա ամփոփված եղանակներով: Որպեսզի օգնեք դասարանին քննարկման ընթացքում, անհրաժեշտության դեպքում օգտագործեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Նեփիի արտահայտությունը՝ «մենք խոսում ենք Քրիստոսի մասին» [2 Նեփի 25.26] հուշում է, որ մենք դժկամությամբ չխոսենք Փրկչի վերաբերյալ մեր զգացումների մասին զրույցների կամ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Հաճախ դրանք դեմառդեմ զրույցներ են, երբ բաց և ընկերական ձևով մենք կարող ենք քննարկել, թե ով է Նա և ինչ Նա արեց և սովորեցրեց, խրախուսելով ուրիշներին ևս սիրել և հետևել Նրան:

«Մենք հրճվում ենք Քրիստոսով» արտահայտությունը նշանակում է, որ մենք, ընդհանուր առմամբ, ապրում ենք երջանիկ տեսքով, որն արտացոլում է մեր հավատքն առ Քրիստոս: Մենք գիտենք, որ «Նրա շնորհքը» բավական է մահից և մեղքից փրկագնվելու և Նրանում կատարելագործվելու համար (տես Մորոնի 10.32–33): Մինչ դիմակայում ենք հուսախաբությունների և նույնիսկ ողբերգությունների, մենք գիտենք, որ Նրա շնորհիվ մեր հավերժական երջանկությունն ապահովագրված է: Երբ մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս լուսաշող փայլում է, մենք ցույց ենք տալիս ուրիշներին, ովքեր «վաստակած են և բեռնավորված», ինչպես հանգիստ գտնել Նրանում (տես Մատթեոս 11.28–30):

«Մենք քարոզում ենք Քրիստոսին» իհարկե վերաբերում է լիաժամկետ և անդամների միսիոներական աշխատանքին, բայց ներառում է նաև այն, ինչ մենք անում ենք պաշտամունքի ծառայությունների ժամանակ, Կիրակնօրյա Դպրոցի դասերին և նմանատիպ իրադրություններում, որտեղ Նա է ուսումնասիրության և ուսուցման առարկան: Որպես ուսուցիչներ և ուսանողներ՝ մենք մասնակցում ենք Նրա մասին մեր վկայությունը բերելով: …

«Մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին» նշանակում է, որ մենք հայտնում ենք մեր վկայությունը Նրա մասին՝ Հոգու զորությամբ (տես Ա Կորնթացիս 12.3): «Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է» (Հայտնություն 19.10): Ինչպես նրանք, ովքեր հնում մարգարեացան Նրա առաջին գալստի մասին, մենք ևս խոսքով և գործով հաստատում ենք Նրա Երկրորդ Գալստյան մարգարեությունները: …

«Եվ մենք գրում ենք համաձայն մեր մարգարեությունների» ենթադրում է Քրիստոսի մասին մեր վկայության մշտական արձանագրություն կատարելու խելամտությունը: Մենք հասկանում ենք, որ վկայությունները, որոնք մենք բերում ենք, «արձանագրվել են երկնքում, հրեշտակների համար, որ կարդան. և նրանք ցնծում են [մեզ] համար» (ՎևՈւ 62.3): Մեր իսկ հետնորդները և ուրիշները կարող են նայել Քրիստոսի մասին մեր վկայությանը և ցնծալ դրանով, որ գրվել կամ արձանագրվել է հօգուտ իրենց» (“Becoming a Witness of Christ,” Ensign, Mar. 2008, 62–63):

Դասի այս մասը ավարտեք՝ խրախուսելով ուսանողներին ընտրել գրատախտակին նշված մեկ ոլորտ և նպատակ դնել, թե ինչ կարող են անել Հիսուս Քրիստոսի ավելի ամուր վկա դառնալու համար:

Վկայել Հիսուս Քրիստոսի մասին

Խնդրեք ուսանողներին վերհիշել այս կիսամյակի դասընթացը և նշել Հիսուս Քրիստոսի որոշ դերեր և Նրա վերաբերյալ որոշ թեմաներ, որոնք քննարկվել են դասարանում: Ուսանողների պատասխաններն ամփոփ գրեք գրատախտակին: (Դերերն են՝ Բարեխոս, Փրկիչ, Քավիչ, Առաջնեկ, Միածին, Եհովա, Մեսիա, Արարիչ: Թեմաները կարող են լինել՝ Աստծո ծրագրում Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերը; Նրա նախամահկացաու ծառայությունը; Իրողությունը, որ Նա ապրում է; Նրա ետմահկանացու ծառայությունը; Երկրորդ Գալուստը; Նրա Հազարամյա կառավարումը; Նրա ավետարանի վերականգնումը, Նրա Եկեղեցու ղեկավարումը, և ինչպես է Նա հանդիսանում աշխարհի Լույսը և Կյանքը:)

Բեռնեք և ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) հետևյալ ելույթի տեսագրությունը, որտեղ նա կիսվում է Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ: Եթե տեսանյութն առկա չէ ձեր լեզվով, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նրա խոսքերը:

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Հիսուսն իմ ընկերն է: Ոչ ոք ինձ այդքան շատ բան չի տվել: «Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար» (Հովհաննես 15.13): Նա տվեց Իր կյանքն ինձ համար: Նա բացեց հավիտենական կյանք տանող ուղին: Միայն Աստված կարող էր դա անել: Հուսով եմ, ես արժանացել եմ Նրա ընկերը լինելուն:

Նա իմ օրինակն է: Նրա կենսակերպը, Նրա միանգամայն անձնուրաց վարքը, կարիքավորների հանդեպ Նրա վերաբերմունքը, Նրա վերջնական զոհաբերությունը,- այդ ամենն օրինակ է հանդիսանում ինձ համար: …

Նա իմ ուսուցիչն է: Ոչ մի ուրիշ ձայն երբևէ այդքան զարմանահրաշ լեզվով չի խոսել: …

Նա իմ բժիշկն է: Ես ակնածանքով կանգնած եմ Նրա հիասքանչ հրաշքների առաջ: …

Նա իմ առաջնորդն է: Ինձ համար մեծ պատիվ է լինել այն երկար շարասյան մեջ նրանց, ովքեր սիրում են Նրան և ովքեր հետևել են Նրան երկու հազարամյակի ընթացքում, որ անցել է Նրա ծննդից ի վեր: …

Նա իմ Փրկիչը և իմ Քավիչն է: Իր կյանքը տալով ցավով և անասելի տառապանքով, Նա իջավ, որ մահվանը հաջորդող հավերժական խավարի անդունդից բարձրացնի ինձ և մեզանից յուրաքանչյուրին և Աստծո բոլոր որդիներին և դուստրերին: … Իմ երախտագիտությունն անսահման է: Իմ Տիրոջ հանդեպ շնորհակալությունն ավաչտ չունի:

Նա է իմ Աստվածը և իմ Թագավորը: Հավիտյանս հավիտենից Նա կթագավորի և կկառավարի որպես թագավորների Թագավոր և Տերերի Տեր: Նրա տիրապետությանը վերջ չի լինելու: Նրա փառքը չի խավարելու» (“My Testimony,” Ensign, May 2000, 71):

Ձեր ուսանողներին ներկայացրեք հետևյալ սցենարը. Եթե մեկը հարցնի ձեզ, թե ինչին եք հավատում Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, հիմնականում ի՞նչ երեք կամ չորս մտքեր կուզենայիք շեշտել: Ժամանակ տվեք ուսանողներին իրենց մտքերը գրի առնելու համար: Այնուհետև խնդրեք ուսանողներին զույգեր կազմել և միմյանց հետ կիսվել իրենց պատասխաններով: Խրախուսեք նրանց քննարկել, թե ինչու իրենք ընտրեցին դա և ինչպիսի փորձառություններ են ունեցել, որոնք ամրացրել են Փրկչի մասին իրենց հասկացողությունը և Նրա հանդեպ իրենց սեր: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք ուսանողներին ցանկության դեպքում դասարանի հետ կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությամբ:

Ավարտեք դասը բերելով ձեր անձնական վկայությունը Կենդանի Քրիստոսի հավերժական ծառայության մասին: Կարող եք ձեր երախտագիտությունը հայտնել ժամանակի ընթացքում Տեր Հիսուս Քրիստոսի կատարած բազմաթիվ կարևոր դերերի համար: Այնուհետև ուսանողներին քաջալերեք. Ավարտելով այս դասընթացը, մտածեք ձեր ծանոթներից ով կամրանար լսելով Փրկչի մասին ձեր վկայությունը: Առաջիկա շաբաթվա ընթացքում և հետագայում որոշեք, թե ում վրա կներգործեք և ինչպես կկիսվեք ձեր վկայությամբ:

Ուսանողի ընթերցարան

Տպել