Դաս 5. Ուսուցչի ձեռնարկ. Ադամի ու Եվայի անկումը և ազատ կամքի պարգևը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)
Դաս 5. Ուսուցչի ձեռնարկ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ
Դաս 5․ Ուսուցչի ձեռնարկ
Ադամի ու Եվայի անկումը և ազատ կամքի պարգևը
Մարգարե Լեքին ուսուցանեց, որ Ադամի ու Եվայի Անկումը իրականացրեց Աստծո հավերժական նպատակներն Իր զավակների համար (տես 2 Նեփի 2.15–25): Այս դասում ուսանողները հնարավորություն կունենան բացատրել, թե Ադամի և Եվայի անկումը, ազատ կամքը և Հիսուս Քրիստոսի Քավությունը որքանով են էական Երկնային Հոր փրկագնման ծրագրի համար: Ուսանողները նաև կքննարկեն, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի լավ օգտագործեն իրենց ազատ կամքը՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին նմանվելու համար։
Ուսուցման առաջարկներ
Լեքին իր որդուն՝ Հակոբին, ուսուցանում է Անկման հետևանքների մասին
Նշեք, որ դասարանը սկսում է նոր բաժին Երկնային Հոր փրկագնման ծրագրի մասին: Գուցե օգտակար կլինի բացատրել, որ Երկնային Հոր ծրագրին տրված բազմաթիվ անուններից Մորմոնի Գրքում օգտագործվող ամենատարածված անուններից մեկը «փրկագնման ծրագիրն» է (տես օրինակ՝ Հակոբ 6.8, Ալմա 12.30, 32–33, 34.31):
Ցուցադրեք հետևյալ հայտարարությունը և ուսանողներին հրավիրեք գնահատել այն՝ հիմնվելով Մորմոնի Գրքի ուսմունքների վրա. Ադամի և Եվայի անկումը ողբերգական սխալ էր կամ պատահականություն, որը հակասում էր Աստծո ծրագրին:
Երբ ուսանողները կիսվեն իրենց գաղափարներով, ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը. Ադամի և Եվայի անկումը Իր զավակների համար Երկնային Հոր ծրագրի հիմնական մասն է:
Ուսանողների կողմից այս ճշմարտության ըմբռնումը խորացնելու համար գրատախտակին գրեք հետևյալ անավարտ հայտարարությունները (նախադասությունների միջև շատ տեղ թողեք):
Եթե Ադամն ու Եվան չուտեին պտուղը, …
Քանի որ նրանք կերան պտուղը, …
Հրավիրեք ուսանողներին վերանայել 2 Նեփի 2.19–25-ը և բացահայտել անկման հետևանքներն ու արդյունքները, որոնք նրանք կարող են օգտագործել յուրաքանչյուր հայտարարությունը ավարտելու համար: Հանձնարարեք ուսանողներին հաղորդել իրենց գտածը: Յուրաքանչյուր արտահայտության տակ նշեք նրանց պատասխանները:
Ցուցադրեք և կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Օրսոն Ֆ. Ուիթնիի հետևյալ խոսքերը․
Ադամի անկումը քայլ էր դեպի ներքև, բայց նաև քայլ էր դեպի առաջ՝ մի քայլ մարդկային առաջընթացի հավերժական երթի մեջ: (In Conference Report, Apr. 1908, 90)
-
Ինչպե՞ս է Անկումը «քայլ դեպի ներքև» և «քայլ դեպի առաջ» մեր հոգևոր առաջընթացի մեջ: (Որպես ձեր քննարկման մաս, կարող եք ուսանողներին հրավիրել վերանայել երեց Բրյուս Ք․ Հեյֆենի և երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 1-ում և կիսվել այն ամենով, ինչն առանձնանում է իրենց համար):
-
Հասկանալով Անկումը, ինչպե՞ս եք հասկանում, որ նույնիսկ մահկանացու մարտահրավերները Երկնային Հոր ծրագրի մասն են:
-
Անկման արդյունքում առաջացած պայմաններն ինչպե՞ս են մեզ հնարավորություն տալիս առաջ գնալ հոգևորապես և ուրախություն ունենալ: (Տես 2 Նեփի 2.25)
Քննարկման շրջանակներում ցուցադրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը և մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ այն.
Լեքին հստակ գիտեր` ինչ է ընդդիմությունը, անհանգստությունը, սրտի ցավը, դառնությունը, հիասթափությունը և վիշտը: Սակայն նա համարձակ ու անվարան հայտարարեց մի սկզբունք, ինչպես հայտնությամբ տվել էր Տերը. «Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» [2 Նեփի 2.25]: Պատկերացրե՛ք: Մեր մահկանացու կյանքի բնույթն ու նպատակը նկարագրող բոլոր բառերից նա ընտրեց ուրախությո՜ւնը:
Կյանքը լի է շրջադարձներով ու փակուղիներով, փորձություններով և ամեն տեսակի դժվարություններով: Մեզանից յուրաքանչյուրը հավանաբար ունեցել է ժամանակներ, երբ վիշտը, տառապանքը և հուսահատությունը համարյա ջլատել են մեզ: Սակայն մի՞թե մենք այստեղ չենք ուրախանալու համար:
Այո՜: Պատասխանը հնչեղ այո՛ է»։ («Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 82):
Հրավիրեք ուսանողներին մտքում բացահայտել իրենց առջև ծառացած որևէ հատուկ մարտահրավեր: Ցուցադրեք հետևյալ հարցը և խնդրեք ուսանողներին խորհել այս հարցի իրենց պատասխանի շուրջ, ապա գրանցել իրենց մտքերը: (Անհրաժեշտության դեպքում հրավիրեք մեկ կամ երկու ուսանողի կիսվել իրենց գրածով: Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք չպիտի կիսվեն այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:)
-
Անկման նպատակները հասկանալով, ինչպե՞ս կարող եմ դիտարկել այս փորձառությունը որպես հոգևոր առաջընթացի և ուրախության հնարավորություն:
Լեքին ուսուցանում է, որ մենք ազատ ենք Հիսուս Քրիստոսի միջոցով ազատություն և հավերժական կյանք ընտրելու հարցում։
Ցուցադրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը. «[Անկումը] ակտիվացրեց երկու սերտորեն զուգակցված լրացուցիչ պարգևներ Աստծուց, գրեթե նույնքան թանկ, որքան բուն կյանքը՝ ազատ կամքը և պատասխանատվությունը» (“Constancy amid Change,” Ensign, Nov. 1993, 34):
-
Որո՞նք են Լեքիի նշած որոշ պայմանները, որոնք հնարավոր են դարձնում ազատ կամքն ու հաշվետվողականությունը: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին խորհուրդ տվեք վերանայել նախապատրաստական նյութի բաժին 2-ը: Կարող եք ուսանողներին խնդրել հակիրճ բացատրել, թե այս պայմաններից յուրաքանչյուրն ինչո՞ւ են անհրաժեշտ ազատ կամքի գոյության համար:)
Միասին կարդացեք 2 Նեփի 2.26–29-ը՝ փնտրելով լրացուցիչ եղանակներ, որոնցով մեր ազատ կամքը ենթարկվում է Փրկիչի Քավության և Նրա կողմից անկման հետևանքներից մեզ փրկագնելու ազդեցությանը: Սկզբունքները, որոնք ուսանողները կարող են գտնել այս հատվածից, հետևյալն են. Փրկիչի քավիչ զոհաբերությունը մեզ թույլ է տալիս ազատորեն ընտրել հավերժական կյանքը: Երկնային Հոր ծրագիրը ապահովում է մեզ համար անհրաժեշտ պայմաններ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով ազատություն և հավերժական կյանք ընտրելու, կամ սատանայի միջոցով գերություն և մահ ընտրելու համար:
Մտածեք, թե հետևյալ հարցերից որ մեկը կարող է օգնել ձեր ուսանողներին լավագույնս հասկանալ ազատ կամքը և ինքնուրույն որոշել, թե ինչ արդար գործեր պետք է ձեռնարկեն իրենց կյանքում: (Կարող եք ընտրել հետևյալ հարցերից մեկը և խրախուսել ուսանողներին գրանցել իրենց մտքերն ու տպավորությունները:)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ մենք դառնում ենք «ազատ հավիտյան՝ … գործելու ինքնուրույն և չներգործվելու, բացի դա լինի օրենքի պատժով այն մեծ և վերջին օրը» (2 Նեփի 2.26)։ Ի՞նչ եք ոգեշնչված անել, որպեսզի այսօր կարողանաք արդար քայլեր ձեռնարկել:
-
Որո՞նք են ամեն օր ձեր կատարած փոքր ընտրությունների մի քանի օրինակները, որոնք կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ: Ձեր ամենօրյա ինչպիսի՞ ընտրությունները կօգնեն ձեզ մոտենալ Հիսուս Քրիստոսին և հավերժական կյանքին: Որո՞նք են ձեր ներկայիս որոշ ընտրությունները, որոնք կարող են խանգարել կամ նվազեցնել ձեր հոգևոր աճը կամ հնարավորությունները:
-
Հիսուս Քրիստոսի Քավությունն ինչպե՞ս է ձեզ թույլ տվել դասեր քաղել ձեր սխալներից: (Անհրաժեշտության դեպքում վերանայեք երեց Բրյուս Ք․ Հեյֆենի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 3-ը:) Ի՞նչ կարող եք սովորել ձեր գործած մեղքի կամ ձեր կատարած սխալի արդյունքում:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով և վկայությամբ։ Բացատրեք ուսանողներին, որ նրանք չպետք է կիսվեն այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ խոսեն իրենց գործած որևէ հատուկ մեղքի մասին: Խրախուսեք ուսանողներին գործել ըստ նրա, ինչ գրել են կամ ինչի շուրջ խորհել են այսօր: Վկայեք դասի սկզբունքների և Տիրոջ ցանկության մասին՝ օգնելով ուսանողներին կողմնորոշվել իրենց կյանքի ընտրություններում:
Հաջորդ անգամ
Նշեք, որ հաջորդ դասի ընթացքում մենք քննարկելու ենք Հիսուս Քրիստոսի Քավությունը: Խրախուսեք ուսանողներին ուշադիր ուսումնասիրել նախապատրաստական նյութը և մտածել, թե Մորմոնի Գիրքը ինչո՞ւ է նկարագրում Հիսուս Քրիստոսի Քավությունը՝ որպես անսահման և հավերժական (տես 2 Նեփի 9.7, Ալմա 34.10):