Գլուխ 48
Ամաղիկիան հրահրում է Լամանացիներին Նեփիացիների դեմ – Մորոնին պատրաստում է իր ժողովրդին՝ պաշտպանելու Քրիստոնյաների գործը – Նա ցնծում է անկախությամբ ու ազատությամբ և Աստծո մի զորեղ մարդ է: Մոտ 72թ. Ք.ծ.ա.:
1 Եվ այժմ, եղավ այնպես, որ հենց որ Ամաղիկիան ձեռք բերեց թագավորությունը, նա սկսեց ոգեշնչել Լամանացիների սրտերը Նեփիի ժողովրդի դեմ. այո, նա նշանակեց մարդկանց խոսելու իրենց աշտարակներից Լամանացիների հետ՝ Նեփիացիների դեմ:
2 Եվ այսպես, նա ոգեշնչեց նրանց սրտերը Նեփիացիների դեմ, այնպես որ դատավորների կառավարման տասնիններորդ տարվա վերջում, նա՝ իրագործած լինելով իր ծրագրերն այդքանով, այո, դարձած լինելով թագավոր Լամանացիների վրա, նա ձգտում էր նաև թագավորել ողջ երկրի վրա, այո, և ողջ ժողովրդի, ովքեր երկրում էին, ինչպես Նեփիացիների, այնպես էլ Լամանացիների:
3 Հետևաբար, նա իրագործել էր իր ծրագրերը, քանզի նա կարծրացրել էր Լամանացիների սրտերը և կուրացրել էր նրանց մտքերը, և դրդել էր նրանց բարկության, այնպես որ նա ի մի էր հավաքել մի ստվար զորք՝ գնալու ճակատամարտելու Նեփիացիների դեմ:
4 Եվ նա վճռական էր, իր ժողովրդի թվի մեծության պատճառով, հաղթել Նեփիացիներին և բերել նրանց ճորտության:
5 Եվ այսպես, նա գլխավոր զորապետեր նշանակեց Զորամացիներից, նրանք՝ լինելով առավել ծանոթ Նեփիացիների ուժին և նրանց պաշտպանական վայրերին, և նրանց քաղաքների ամենաթույլ մասերին. հետևաբար, նա նշանակեց նրանց՝ լինելու գլխավոր զորապետեր իր զորքերի վրա:
6 Եվ եղավ այնպես, որ նրանք վերցրեցին իրենց ճամբարը, և առաջ շարժվեցին անապատով՝ Զարահեմլայի երկրի ուղղությամբ:
7 Արդ, եղավ այնպես, որ մինչ Ամաղիկիան այսպես ձեռք էր բերում իշխանություն խաբեության ու ստի միջոցով, մյուս կողմից Մորոնին պատրաստում էր ժողովրդի միտքը՝ հավատարիմ լինելու Տիրոջը՝ իրենց Աստծուն:
8 Այո, նա ուժեղացնում էր Նեփիացիների զորքերը և բարձրացնում փոքր ամրոցներ, կամ պաշտպանական վայրեր՝ հողապատնեշներ գցելով իր զորքերի շուրջբոլորը, շրջապատելու համար, և նաև կառուցելով քարե պատեր, օղակելու համար նրանց շուրջը, իրենց քաղաքների շուրջ բոլորը և իրենց երկրամասերի սահմանները. այո, երկրի շուրջ բոլորը:
9 Եվ իրենց ամենաթույլ ամրոցներում նա դրեց մարդկանց ավելի մեծ թիվ. և այսպես նա ամրացրեց ու ուժեղացրեց երկիրը, որը պատկանում էր Նեփիացիներին:
10 Եվ այսպես, նա նախապատրաստվում էր պաշտպանել իրենց ազատությունը, իրենց հողերը, իրենց կանանց և իրենց երեխաներին, և իրենց խաղաղությունը, և որ նրանք կարողանային ապրել Տիրոջ՝ իրենց Աստծո համար, և որ նրանք կարողանային պահպանել այն, ինչը նրանց թշնամիների կողմից կոչվում էր Քրիստոնյաների գործ:
11 Եվ Մորոնին մի ուժեղ և զորեղ մարդ էր. նա կատարյալ հասկացողության տեր մարդ էր. այո, մարդ, որը չէր հրճվում արյունահեղությամբ. մարդ, որի հոգին ցնծում էր իր երկրի և իր եղբայրների անկախության ու ազատության համար, և իր եղբայրների ճորտությունից ու ստրկությունից դուրս գալու համար:
12 Այո, մարդ, որի սիրտը լցվում էր գոհությամբ առ իր Աստված, այն բազում արտոնությունների և օրհնությունների համար, որոնք նա պարգևում էր իր ժողովրդին. մարդ, որը տքնում էր չափից դուրս՝ իր ժողովրդի բարօրության ու ապահովության համար:
13 Այո, և նա մի մարդ էր, որը հաստատուն էր Քրիստոսի հավատքում, և նա երդումով երդվել էր պաշտպանել իր ժողովրդին, նրա իրավունքները և նրա երկիրը և նրա կրոնը՝ մինչև իսկ իր արյան գնով:
14 Արդ, Նեփիացիներն ուսուցանվում էին պաշտպանվել իրենց թշնամիներից՝ մինչև անգամ արյուն թափելով, եթե դա անհրաժեշտ էր. այո, և նրանց նաև սովորեցվում էր երբեք վիրավորանք չհասցնել, այո, և երբեք չբարձրացնել սուրը, բացառությամբ թշնամու դեմ, բացառությամբ իրենց կյանքը պահպանելու համար:
15 Եվ սա էր նրանց հավատքը, որ այսպես վարվելու միջոցով Աստված կբարգավաճեցներ նրանց այդ երկրում, կամ, այլ խոսքով, եթե նրանք հավատարիմ լինեին Աստծո պատվիրանները պահելիս, որ նա նրանց կբարգավաճեցներ երկրում. այո՛, կնախազգուշացներ նրանց փախչել, կամ նախապատրաստվել պատերազմի՝ համաձայն իրենց սպասվող վտանգի.
16 Եվ նաև, որ Աստված հայտնի կդարձներ նրանց, թե ուր պիտի իրենք գնային իրենց թշնամիներից պաշտպանվելու համար, և այդպես անելով, Տերը կազատեր նրանց. և սա Մորոնիի հավատքն էր, և նրա սիրտը հրճվում էր դրանով. ոչ թե արյուն թափելով, այլ բարին անելով՝ իր ժողովրդին պահպանելով, այո, Աստծո պատվիրանները պահելով, այո, և անօրինությանը դիմակայելով:
17 Այո, ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե բոլոր մարդիկ եղած լինեին, և մնային, և երբևէ լինեին Մորոնիի նման, ահա, նույնիսկ դժոխքի զորությունները հավիտյան կսասանվեին. այո, դևը երբեք զորություն չէր ունենա մարդկանց զավակների սրտերի վրա:
18 Ահա, նա մի մարդ էր նման Ամմոնին՝ Մոսիայի որդուն, այո, և նույնիսկ Մոսիայի մյուս որդիներին, այո, և նաև Ալմային և նրա որդիներին, քանզի նրանք բոլորն Աստծո մարդիկ էին:
19 Եվ ահա, Հելամանը և նրա եղբայրները ոչ պակաս պիտանի էին ժողովրդի համար, քան Մորոնին էր. քանզի նրանք քարոզում էին Աստծո խոսքը, և նրանք մկրտում էին ապաշխարության համար բոլոր մարդկանց, ովքեր կամենում էին ականջ դնել իրենց խոսքերին:
20 Եվ այսպես, նրանք առաջ գնացին, և ժողովուրդն իրեն խոնարհեցրեց նրանց խոսքերի շնորհիվ, այնպես որ նրանք մեծապես հովանավորված էին Տիրոջից, և այսպես, նրանք զերծ էին պատերազմներից ու հակառակություններից իրենց մեջ, այո, նույնիսկ չորս տարիների ընթացքում:
21 Բայց ինչպես ես ասացի, տասնիններորդ տարվա ուշ վերջին, այո, չնայած խաղաղությանն իրենց միջև, նրանք պարտադրվեցին կռվելու, դժկամությամբ, իրենց եղբայրների՝ Լամանացիների հետ:
22 Այո, և ի վերջո, շատ տարիների ընթացքում, չնայած նրանց մեծ դժկամությանը, նրանց պատերազմները Լամանացիների հետ երբեք չդադարեցին:
23 Այժմ նրանք ցավում էին՝ Լամանացիների դեմ զենք վերցնելու համար, որովհետև նրանք չէին հրճվում արյուն թափելում. այո, և այս բոլորը չէր, նրանք ցավում էին իրենց եղբայրներից այնքան շատերին այս աշխարհից դուրս՝ հավերժական աշխարհ ուղարկելու, իրենց Աստծուն անպատրաստ հանդիպելու միջոցը լինելու համար:
24 Այնուամենայնիվ, նրանք չէին կարող թույլ տալ վայր դնել իրենց կյանքը, այնպես որ իրենց կանայք, և իրենց զավակները կոտորվեին վայրագ դաժանությամբ նրանց, ովքեր մի ժամանակ իրենց եղբայրներն էին, այո, և պառակտվել էին իրենց եկեղեցուց և լքել էին իրենց, և գնացել էին կործանելու իրենց՝ միանալով Լամանացիներին:
25 Այո, նրանք չէին կարող հանդուրժել, որ իրենց եղբայրները հրճվեին Նեփիացիների արյամբ, քանի դեռ կար մեկը, որը կպահեր Աստծո պատվիրանները, քանզի Տիրոջ խոստումն էր՝ եթե նրանք պահեին իր պատվիրանները, նրանք պիտի բարգավաճեին երկրում: