Սուրբ գրություններ
Հելաման 5


Գլուխ 5

Նեփին ու Լեքին իրենց նվիրում են քարոզելուն – Նրանց անունները դրդում են նրանց ընդօրինակել իրենց կյանքում իրենց նախնիներին – Քրիստոսը փրկագնում է նրանց, ովքեր ապաշխարում են – Նեփին ու Լեքին շատերին դարձի են բերում և բանտարկվում են, և կրակն օղակում է նրանց – Խավարի մի ամպ ստվերում է երեք հարյուր մարդկանց – Երկիրը ցնցվում է, և մի ձայն պատվիրում է մարդկանց ապաշխարել – Նեփին ու Լեքին զրուցում են հրեշտակների հետ, և բազմությունն օղակվում է կրակով: Մոտ 30թ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ այս նույն տարում, ահա Նեփին հանձնեց դատավորական աթոռը մի մարդու, որի անունը Քեզորամ էր:

2 Քանի որ նրանց օրենքներն ու նրանց կառավարությունները հաստատվում էին ժողովրդի ձայնով, և նրանք, ովքեր ընտրում էին չարիք, ավելի մեծաթիվ էին, քան նրանք, ովքեր ընտրում էին բարիք, հետևաբար, նրանք հասունանում էին կործանման համար, քանզի օրենքները դարձել էին ապականված:

3 Այո, և դա բոլորը չէր. նրանք մի խստապարանոց ժողովուրդ էին, այնպես որ չէին կարողանում կառավարվել օրենքով, ոչ էլ արդարադատությամբ, բացի դա լիներ ի կործանումն իրենց:

4 Եվ եղավ այնպես, որ Նեփին վհատվել էր նրանց անօրինությունների պատճառով. և նա հրաժարվեց դատավորական աթոռից, և իր բոլոր մնացած օրերում իր վրա վերցրեց Աստծո խոսքը քարոզելը, և նրա եղբայր Լեքին նույնպես՝ իր բոլոր մնացած օրերում.

5 Քանզի նրանք հիշում էին խոսքերը, որոնք իրենց հայրը՝ Հելամանը, ասել էր իրենց: Եվ սրանք են այն խոսքերը, որոնք նա ասել էր.

6 Ահա, իմ որդինե՛ր, ես փափագում եմ, որ դուք հիշեք պահել Աստծո պատվիրանները. և ես կկամենայի, որ դուք հայտարարեք այս խոսքերը ժողովրդին: Ահա, ես տվել եմ ձեզ մեր առաջին ծնողների անունները, ովքեր դուրս էին եկել Երուսաղեմի հողից. և այս ես արել եմ, որ երբ դուք հիշեք ձեր անունները, դուք կարողանաք հիշել նրանց. և երբ դուք հիշեք նրանց, դուք կարողանաք հիշել նրանց գործերը. և երբ դուք հիշեք նրանց գործերը, դուք կարողանաք իմանալ, որ ասվել է, և նաև գրվել, որ դրանք բարի էին:

7 Հետևաբար, իմ որդինե՛ր, ես կկամենայի, որ դուք անեք այն, ինչ բարի է, որպեսզի ձեր մասին էլ ասվի, և նաև գրվի, ճիշտ ինչպես ասվել և գրվել է նրանց մասին:

8 Եվ այժմ, իմ որդինե՛ր, ահա, ես որոշ բան էլ ունեմ փափագելու ձեզանից, փափագ, որ դուք չանեք այս բաները՝ ձեր պարծենալու համար, այլ որ դուք անեք այս բաները, որ ձեզ համար գանձ դիզեք երկնքում, այո, որը հավերժական է, և որը չի փչանում. այո, որ դուք կարողանաք ունենալ հավերժական կյանքի այն թանկարժեք պարգևը, որը մենք հիմք ունենք ենթադրելու, որ տրվել է մեր հայրերին:

9 Օ՜, հիշե՛ք, հիշեք, իմ որդինե՛ր, այն խոսքերը, որոնք Բենիամին թագավորն ասաց իր ժողովրդին. այո, հիշե՛ք, որ չկա ուրիշ ճանապարհ կամ միջոց, որով մարդ կարողանա փրկվել, միայն քավիչ արյամբ Հիսուս Քրիստոսի, որը պիտի գա. այո, հիշե՛ք, որ նա գալիս է՝ փրկագնելու աշխարհը:

10 Եվ հիշեք նաև խոսքերը, որոնք Ամուղեկն ասաց Զիզրոմին Ամմոնիա քաղաքում. քանզի նա ասաց նրան, որ Տերն, անկասկած, պիտի գա՝ փրկագնելու իր ժողովրդին, սակայն որ նա չպիտի գա՝ փրկագնելու նրանց իրենց մեղքերի մեջ, այլ փրկագնելու նրանց իրենց մեղքերից:

11 Եվ նա Հոր կողմից զորություն ունի տրված, փրկագնելու նրանց իրենց մեղքերից՝ ապաշխարության շնորհիվ. այդ նպատակով նա ուղարկել է իր հրեշտակներին՝ հայտարարելու ապաշխարության պայմանների ավետիքը, որը բերում է դեպի Քավչի զորությունը, դեպի իրենց հոգիների փրկությունը:

12 Եվ, այժմ, իմ որդինե՛ր, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի:

13 Եվ եղավ այնպես, որ սրանք էին այն խոսքերը, որոնք Հելամանը սովորեցրեց իր որդիներին. այո, նա սովորեցրեց շատ բաներ, որոնք չեն գրվել, և նաև շատ բաներ, որոնք գրվել են:

14 Եվ նրանք հիշում էին նրա խոսքերը. և այդ պատճառով նրանք առաջ գնացին՝ պահելով Աստծո պատվիրանները՝ ուսուցանելու Աստծո խոսքը Նեփիի ողջ ժողովրդի մեջ, սկսած Լիառատ քաղաքից.

15 Եվ այնտեղից՝ առաջ, դեպի Գեդի քաղաքը. և Գեդի քաղաքից՝ դեպի Մուղեկի քաղաքը.

16 Եվ, նույնիսկ մի քաղաքից մյուսը, մինչև որ նրանք շրջեցին Նեփիի ողջ ժողովրդի մեջ, ովքեր երկրի հարավային կողմում էին. և այնտեղից՝ դեպի Զարահեմլայի երկիրը, Լամանացիների մեջ:

17 Եվ եղավ այնպես, որ նրանք քարոզեցին մեծ զորությամբ, այնպես որ նրանք ամաչեցրեցին այն պառակտիչներից շատերին, ովքեր գնացել էին Նեփիացիներից, այնպես որ նրանք առաջ եկան և խոստովանեցին իրենց մեղքերն ու մկրտվեցին ապաշխարության համար, և անմիջապես վերադարձան Նեփիացիների մոտ, ջանալով ուղղել նրանց առաջ այն անիրավությունները, որոնք իրենք արել էին:

18 Եվ եղավ այնպես, որ Նեփին ու Լեքին քարոզեցին Լամանացիներին այդպիսի մեծ զորությամբ ու իշխանությամբ, քանզի նրանք ունեին զորություն ու իշխանություն տրված իրենց, որ կարողանային խոսել, և նրանք նաև իրենց տրված ունեին այն, ինչ իրենք պիտի խոսեին,

19 Հետևաբար, նրանք խոսեցին, ի մեծ զարմանս Լամանացիների, համոզելով նրանց, այնպես, որ Լամանացիներից եղան ութ հազար, ովքեր Զարահեմլայի երկրում էին և շրջակայքում, մկրտված ապաշխարության համար, և համոզվեցին իրենց հայրերի ավանդությունների ամբարշտության վերաբերյալ:

20 Եվ եղավ այնպես, որ Նեփին ու Լեքին այնտեղից շարունակեցին գնալ Նեփիի երկիրը:

21 Եվ եղավ այնպես, որ նրանք բռնվեցին Լամանացիների մի զորքի կողմից ու գցվեցին բանտ. այո, հենց այն նույն բանտը, ուր Ամմոնն ու նրա եղբայրներն էին գցվել Լիմքիի ծառաների կողմից:

22 Եվ նրանք շատ օրերի ընթացքում՝ առանց ուտելիքի, բանտ գցվելուց հետո, ահա, նրանք գնացին բանտ՝ վերցնելու նրանց, որ սպանեն նրանց:

23 Եվ եղավ այնպես, որ Նեփին ու Լեքին կարծես կրակով օղակված լինեին, նույնիսկ այնպես, որ նրանք չհամարձակվեցին ձեռք ձգել նրանց վրա՝ վախենալով, որ չլինի թե այրվեն: Այնուամենայնիվ, Նեփին ու Լեքին չէին այրվում. և նրանք կարծես կանգնած էին կրակի մեջտեղում ու չէին այրվում:

24 Եվ երբ նրանք տեսան, որ իրենց շուրջբոլորն օղակված էր մի կրակե սյունով, և որ այն չէր այրում իրենց, նրանց սիրտը լցվեց համարձակությամբ:

25 Քանզի նրանք տեսան, որ Լամանացիները չէին համարձակվում ձեռք բարձրացնել իրենց վրա. ոչ էլ համարձակվում էին մոտ գալ իրենց, այլ կանգնած էին, կարծես զարմանքից զարկված լինեին համրությամբ:

26 Եվ եղավ այնպես, որ Նեփին ու Լեքին առաջ կանգնեցին ու սկսեցին խոսել նրանց հետ՝ ասելով. Մ՛ի վախեցեք, քանզի ահա, դա Աստված է, որ ցույց է տվել ձեզ այս զարմանալիքը, որով ցույց է տրվում ձեզ, որ դուք չեք կարող ձեռք բարձրացնել մեզ վրա՝ սպանելու մեզ:

27 Եվ ահա, երբ նրանք ասացին այս խոսքերը, գետինը սաստիկ ցնցվեց, և բանտի պատերը ցնցվեցին, կարծես դրանք գետնին փլվելու վրա էին. բայց ահա, դրանք չփլվեցին: Եվ ահա, նրանք, ովքեր բանտում էին, Լամանացիներ ու Նեփիացիներ էին, որոնք պառակտիչներ էին:

28 Եվ եղավ այնպես, որ նրանք ստվերված էին մի խավարի ամպով, և մի սոսկալի մռայլ վախ պատեց նրանց:

29 Եվ եղավ այնպես, որ մի ձայն եկավ, կարծես այն խավարի ամպի վերևից էր՝ ասելով. Ապաշխարեք, ապաշխարեք, և այլևս մի ջանացեք կործանել իմ ծառաներին, որոնց ես ուղարկել եմ ձեզ մոտ՝ ավետիք հայտարարելու:

30 Եվ եղավ այնպես, երբ նրանք լսեցին այս ձայնն ու տեսան, որ դա մի որոտի ձայն չէր, ոչ էլ մի բարձր աղմկոտ ժխորի ձայն, այլ ահա, դա կատարյալ մեղմության մի հանդարտ ձայն էր, կարծես մի շշուկ, և այն թափանցեց մինչև հոգու խորքը,–

31 Եվ չնայած ձայնի մեղմությանը, ահա, գետինը սաստիկ ցնցվեց և բանտի պատերը կրկին դողացին, կարծես թե գետնին փլվելու վրա էին. և ահա խավարի ամպը, որը ստվերել էր նրանց, չէր ցրվում,–

32 Եվ ահա ձայնը կրկին եկավ՝ ասելով. Ապաշխարեք, ապաշխարեք, քանզի երկնքի արքայությունը մոտ է. և այլևս մի ջանացեք կործանել իմ ծառաներին: Եվ եղավ այնպես, որ գետինը կրկին ցնցվեց և պատերը դողացին:

33 Եվ նաև երրորդ անգամ կրկին ձայնը եկավ և խոսեց նրանց հետ սքանչելի խոսքեր, որոնք չեն կարող արտաբերվել մարդու կողմից. և պատերը կրկին դողացին և գետինը ցնցվեց, կարծես քիչ էր մնում մասերի բաժանվեր:

34 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները չկարողացան փախչել խավարի ամպի պատճառով, որը ստվերել էր իրենց. այո, և նրանք նաև անշարժացել էին վախից, որը եկել էր իրենց վրա:

35 Արդ, այնտեղ՝ նրանց մեջ, կար ծագումով մի Նեփիացի, որը մի ժամանակ պատկանել էր Աստծո եկեղեցուն, բայց պառակտվել էր նրանցից:

36 Եվ եղավ այնպես, որ նա շրջվեց, և ահա, խավարի ամպի միջով նա տեսավ Նեփիի ու Լեքիի դեմքերը. և ահա, դրանք սաստիկ փայլում էին, ճիշտ ինչպես հրեշտակների դեմքերը: Եվ նա տեսավ, որ նրանք բարձրացրել էին իրենց աչքերը դեպի երկինք. և նրանք կարծես զբաղված էին՝ խոսելով կամ իրենց ձայները բարձրացնելով դեպի ինչ-որ մի էակ, որին նրանք տեսնում էին:

37 Եվ եղավ այնպես, որ այս մարդն աղաղակեց դեպի բազմությունը, որպեսզի նրանք շրջվեն ու նայեն: Եվ ահա, զորություն կար տրված նրանց, որ նրանք շրջվեն ու նայեն. և նրանք տեսան Նեփիի ու Լեքիի դեմքերը:

38 Եվ նրանք ասացին այդ մարդուն. Ահա, ի՞նչ է նշանակում բոլոր այս բաները, և ո՞վ է նա, որի հետ այս մարդիկ խոսում են:

39 Արդ, այդ մարդու անունն Ամինադաբ էր: Եվ Ամինադաբն ասաց նրանց. Նրանք խոսում են Աստծո հրեշտակների հետ:

40 Եվ եղավ այնպես, որ Լամանացիներն ասացին նրան. Ի՞նչ պիտի անենք, որ այս խավարի ամպը հեռանա մեզ ստվերելուց:

41 Եվ Ամինադաբն ասաց նրանց. Դուք պիտի ապաշխարեք և աղաղակեք առ ձայնը, նույնիսկ մինչև որ հավատք ունենաք Քրիստոսի հանդեպ, ում մասին ուսուցանվել է ձեզ Ալմայի, Ամուղեկի և Զիզրոմի կողմից. և երբ դուք անեք այս, խավարի ամպը կհեռացվի ձեզ ստվերելուց:

42 Եվ եղավ այնպես, որ նրանք բոլորը սկսեցին աղաղակել առ ձայնը նրա, որը ցնցել էր գետինը. այո, նրանք աղաղակեցին, մինչև որ խավարի ամպը ցրվեց:

43 Եվ եղավ այնպես, որ երբ նրանք աչք ածեցին շուրջ բոլորը, և տեսան, որ խավարի ամպը ցրվել էր իրենց ստվերելուց, ահա, նրանք տեսան, որ իրենք օղակված էին շուրջանակի, այո, ամեն հոգի՝ մի կրակի սյունով:

44 Եվ Նեփին ու Լեքին նրանց մեջտեղում էին. այո, նրանք օղակված էին շուրջանակի. այո, նրանք կարծես բոցավառ կրակի մեջ էին, սակայն այն չէր վնասում իրենց, ոչ էլ այն բռնկում էր բանտի պատերը. և նրանք լցված էին այն ուրախությամբ, որն անասելի է ու փառքով լի:

45 Եվ ահա, Աստծո Սուրբ Հոգին վար եկավ երկնքից և մտավ նրանց սրտերը, և նրանք կարծես լցվեցին կրակով, և նրանք կարողացան խոսել սքանչելի խոսքեր:

46 Եվ եղավ այնպես, որ մի ձայն եկավ նրանց, այո, մի հաճելի ձայն, կարծես դա մի շշուկ էր՝ ասելով.

47 Խաղաղություն, խաղաղություն լինի ձեզ, ձեր հավատքի համար իմ Շատ Սիրելիի հանդեպ, որը կար աշխարհի հիմնադրումից ի վեր:

48 Եվ արդ, երբ նրանք լսեցին այս, նրանք բարձրացրեցին իրենց աչքերը, կարծես տեսնելու՝ որտեղից էր գալիս ձայնը. և ահա, նրանք տեսան երկինքները բաց. և հրեշտակներ վար եկան երկնքից ու սպասավորեցին նրանց:

49 Եվ կային մոտ երեք հարյուր հոգի, ովքեր տեսան ու լսեցին այս բաները, և նրանց պատվիրվեց առաջ գնալ ու չզարմանալ, ոչ էլ նրանք պիտի կասկածեին:

50 Եվ եղավ այնպես, որ նրանք գնացին առաջ, և սպասավորեցին ժողովրդին՝ շրջակայքի բոլոր շրջաններով մեկ՝ հայտարարելով բոլոր բաները, որոնք իրենք լսել էին ու տեսել, այնպես որ Լամանացիների մեծ մասը համոզվեց նրանց կողմից, բազում ապացույցների պատճառով, որոնք իրենք ստացել էին:

51 Եվ բոլոր նրանք, ովքեր համոզվեցին, վար դրեցին իրենց պատերազմի զենքերը, և նաև իրենց ատելությունը, և իրենց հայրերի ավանդությունը:

52 Եվ եղավ այնպես, որ նրանք Նեփիացիներին հանձնեցին նրանց պատկանող հողերը: