Գլուխ 6
Ապաշխարող անձինք մկրտվում են և ընկերակցվում – Եկեղեցու անդամները, ովքեր ապաշխարում են, ներվում են – Ժողովները ղեկավարվում են Սուրբ Հոգու զորությամբ: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:
1 Եվ այժմ, ես խոսում եմ մկրտության վերաբերյալ: Ահա, երեցներ, քահանաներ և ուսուցիչներ էին մկրտվում. և նրանք չէին մկրտվում, մինչև առաջ չէին բերում վայել պտուղ, որ նրանք արժանի էին դրան:
2 Ոչ էլ նրանք ընդունում էին մկրտության որևէ մեկին, եթե նրանք առաջ չէին գալիս կոտրված սրտով և փշրված հոգով և վկայում եկեղեցուն, որ նրանք, իսկապես, ապաշխարել էին բոլոր իրենց մեղքերից:
3 Եվ ոչ ոք մկրտության չէր ընդունվում, մինչև նրանք իրենց վրա չէին վերցնում Քրիստոսի անունը՝ վճռականություն ունենալով ծառայել նրան մինչև վերջ:
4 Եվ հետո, երբ նրանք մկրտության էին ընդունվում, և ներգործվում ու մաքրվում էին Սուրբ Հոգու զորությամբ, նրանք համարվում էին Քրիստոսի եկեղեցու ժողովրդի թվում. և նրանց անունները գրի էին առնվում, որպեսզի հիշվեին և սնուցվեին Աստծո բարի խոսքով՝ պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա, շարունակ պահելու նրանց արթուն աղոթքում, ապավինելով միմիայն Քրիստոսի արժանիքներին, որը նրանց հավատքի հեղինակն ու ամբողջացնողն էր:
5 Եվ եկեղեցին հաճախ հավաքվում էր՝ ծոմ պահելու ու աղոթելու, և խոսելու մեկը մյուսի հետ, իրենց հոգիների բարօրության վերաբերյալ:
6 Եվ նրանք հաճախ հավաքվում էին՝ ճաշակելու հացից և գինուց՝ ի հիշատակ Տեր Հիսուսի:
7 Եվ նրանք խիստ հետևում էին, որ անօրինություն չլիներ իրենց մեջ. և ում որ հայտնաբերում էին անօրինություն գործելիս, և եկեղեցու երեք վկաներ դատապարտում էին նրանց երեցների առջև, և եթե նրանք չէին ապաշխարում, և չէին խոստովանում, նրանց անունները ջնջվում էին, և նրանք չէին համարվում Քրիստոսի ժողովրդի թվում:
8 Բայց որքան հաճախ որ նրանք ապաշխարում էին ու ներում փնտրում, անկեղծ միտումով, նրանք ներվում էին:
9 Եվ նրանց ժողովները ղեկավարվում էին եկեղեցու կողմից՝ համաձայն Հոգու ներգործումների ձևին, և Սուրբ Հոգու զորությամբ. քանզի, ինչպես որ Սուրբ Հոգու զորությունն առաջնորդում էր նրանց՝ լիներ դա քարոզելը, թե՛ հորդորելը կամ աղոթելը, թե՛ աղերսելը կամ երգելը, ճիշտ այդպես էլ արվում էր: