ՋՍԹ, Մարկոս 14.20–25 (համեմատի՛ր Մարկոս ԺԴ.22–25; ՋՍԹ, Մատթեոս 26.22, 24–25)
(Հիսուսը հաստատեց հաղորդությունը):
20 Եվ մինչ նրանք ուտում էին, Հիսուսը հացը վերցրեց և օրհնեց, և կտրեց այն, և տվեց նրանց ու ասաց. Վերցրեք և կերեք.
21 Ահա, սա դուք պետք է անեք ի հիշատակ իմ մարմնի. քանզի որքան հաճախ որ դուք անեք այս, դուք կհիշեք այս ժամը, որ ես ձեզ հետ էի:
22 Եվ նա վերցրեց բաժակը, և գոհություն հայտնելուց հետո, տվեց նրանց. և նրանք բոլորը խմեցին դրանից:
23 Եվ նա ասաց նրանց. Սա ի հիշատակ իմ արյան է, որը թափվում է շատերի համար, և նոր կտակարանը, որը տալիս եմ ձեզ. քանզի իմ մասին դուք պիտի վկայեք ողջ աշխարհին:
24 Եվ որքան հաճախ որ դուք անեք այս արարողությունը, դուք կհիշեք այս ժամը, երբ ես ձեզ հետ էի և ձեզ հետ խմեցի այս բաժակից, նույնիսկ վերջին անգամ իմ ծառայության մեջ:
25 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ սրա մասին դուք պետք է վկայեք. քանզի ես այլևս ձեզ հետ չեմ խմի որթի այս բերքից, մինչև այն օրը, երբ նրա նորը կխմեմ Աստծո արքայության մեջ:
ՋՍԹ, Մարկոս 14.36–38 (համեմատի՛ր Մարկոս ԺԴ.32–34)
(Գեթսեմանիում, նույնիսկ Տասներկուսից մի քանիսը լիովին չըմբռնեցին Հիսուսի դերը, որպես Մեսիա):
36 Եվ եկան մի տեղ, որը կոչվում էր Գեթսեմանի, որը մի պարտեզ էր. և աշակերտները սկսեցին շատ զարմանալ ու անհանգստանալ, և իրենց սրտերում գանգատվել, ցանկանալով իմանալ, թե արդյոք սա Մեսիան է:
37 Եվ Հիսուսն իմանալով նրանց սրտերը, ասաց իր աշակերտներին. Այստեղ նստեք, մինչև ես աղոթք անեմ:
38 Եվ Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին վերցրեց իր հետ, և հանդիմանեց նրանց ու ասաց նրանց. Հոգիս խիստ տրտմած է՝ մահի չափ. այստեղ մնացեք և արթուն կացեք: