2022
Տարբեր, բայց ոչ միայնակ
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2022


Տարբեր, բայց ոչ միայնակ

Լինելով Եկեղեցու միակ անդամը՝ նա երբեմն միայնակ էր զգում:

Նկար
boy talking to girl in class

Զըրը՜նգ: Օրվա վերջին դասի զանգը հնչեց: Այժմ, երբ Մեգանը սովորում էր միջին դասարանում, նա օրվա ընթացքում տարբեր դասերի էր գնում: Եվ շատ բան կար սովորելու: Մեգանն ուրախ էր, որ իր վերջին դասը երկարօրյայի ժամն էր: Դա նշանակում էր, որ նա կարող էր կատարել տնային աշխատանքը:

Մեգանը նստեց դատարկ սեղանի մոտ: Բենեթ անունով մի տղա մոտեցավ նրան:

«Լսի՛ր, Մեգան, դու մորմոն ես, այնպես չէ՞»:

«Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ»,- ասաց Մեգանը:

«Այսպիսով, դուք կարծում եք, որ Ջոզեֆ Սմիթը գրել է Մորմոնի Գիրքը կամ որևէ այլ բան, այնպես չէ՞»,- hարցրեց Բենեթը:

Մեգանը արագ ու լուռ աղոթեց, որպեսզի իմանա, թե ինչ պատասխանի: «Նա թարգմանել է Մորմոնի Գիրքը»,- ասաց նա: «Աստված կանչեց նրան որպես մարգարե, որպեսզի օգնի վերադարձնել Քրիստոսի Եկեղեցին»:

Բենեթը դժգոհությամբ կնճռոտեց դեմքը: «Դա խելագարություն է»,- ասաց նա: Ապա ծիծաղեց ու հեռացավ։

Մեգանի դեմքը կարմրեց։ Նա հայացքը սևեռեց իր գրքին։

«Լսի՛ր, Մեգան»։

Հիմա՞ ինչ կա: Մեգանը նայեց վեր: «Օ՜հ: Ողջույն, Թաջ»։

«Կներես Բենեթի համար»,- ասաց Թաջը: Ապա նստեց նրա դիմաց: «Այն, ինչ ասում էիր, թվում է, կարևոր է քեզ համար»:

«Շնորհակալություն»,- ասաց Մեգանը: «Այո, կարևոր է»:

«Հասկանում եմ, թե դու ինչ ես զգում»,- ասաց Թաջը: «Ես դպրոցում միակ հինդուն եմ: Դժվար է, երբ մարդիկ չեն փորձում հասկանալ քո համոզմունքները»:

Մեգանը երբեմն իրեն միայնակ էր զգում, քանի որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միակ անդամն էր իրենց դպրոցում: Բայց նա երբեք չէր մտածել, որ մյուս երեխաները նույնպես կարող են այդպես զգալ:

«Իմ ծնողներն ասում են, որ երբ ինչ-որ մեկը չար է, դա այն պատճառով է, որ նա ներքուստ իրեն երջանիկ չի զգում»,- ասաց Մեգանը: Նա մատիտը պտտեցրեց մատների շուրջը: «Հետաքրքիր է, արդյոք Բենեթը տխուր է: Կամ միայնակ»:

Թաջը շրջեց գլուխը: «Գրազ կգամ, որ դու ճիշտ ես։ Գուցե նա ընկերոջ կարիք ունի»:

Մեգանը քմծիծաղ տվեց։ «Գուցե երկու ընկերոջ կարիք ունի»:

Հաջորդ օրը՝ երկարօրյայի ժամին, Մեգանն ու Թաջը տեսան, որ Բենեթը մենակ նստած էր սեղանի մոտ:

«Ողջո՛ւյն, Բենեթ»,- ասաց Թաջը:

Բենեթը զարմացած տեսք ուներ: «Ողջո՛ւյն»։

«Ինչի՞ վրա ես աշխատում»,- հարցրեց Մեգանը՝ նստելով աթոռին:

«Պատմության»:

«Վաղվա ստուգարքի համա՞ր»: Թաջը նույնպես նստեց։

«Այո», - ասաց Բենեթը:

«Շատ հիշելու բան կա»,- ասաց Թաջը: Բենեթը գլխով արեց:

«Գուցե մենք ինքներս ստուգենք միմյանց գիտելիքները»: Մեգանը բացեց իր պատմության գիրքը: Նրանք հերթով հարցեր էին տալիս ու պատասխանում, մինչև զանգը հնչեց:

Նկար
three kids talking in class

«Լսի՛ր, Մեգան, ես ցավում եմ երեկվա համար»,- ասաց Բենեթը, երբ նրանք ոտքի կանգնեցին՝ գնալու: «Ես որոշ բաներ լսեցի ձեր եկեղեցու մասին և հետաքրքրվեցի»: Նա հետ ու առաջ էր քայլում: «Ես ուրիշ համոզմունքներ ունեմ, բայց ես պետք է ավելի սիրալիր լինեի»:

Մեգանը ժպտաց։ «Շնորհակալություն։ Իմ եկեղեցին կարևոր է ինձ համար, բայց նորմալ է, որ դու ուրիշ համոզմունքներ ունես»:

«Կարծում եմ, որ մենք լավ ուսումնական խումբ ենք, նույնիսկ, եթե տարբեր համոզմունքներ ունենք»,- ասաց Թաջը:

Բենեթը քմծիծաղ տվեց։ «Ես նույնպես: Եվ ես կարծում եմ, որ մենք հիանալի կհանձնենք ստուգարքը»:

Նկարները՝ Մարկ Ռոբիսոնի

Տպել