2022
Գուշակեք, թե ով է ձեզ սիրում, տիկի՛ն Բենքս:
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2022


Գուշակեք, թե ով է ձեզ սիրում, տիկի՛ն Բենքս

Ամեն ինչ սկսվեց մի ծաղկից …

Նկար
old lady sitting outside her yellow house, holding flowers

Ռոքսին սիրում էր նայել իր թաղամասի բոլոր տներին, երբ դպրոցից տուն էր վերադառնում: Մի տան մեջ շուն կար, որը հաչում էր և վեր ու վար ցատկում պատուհանից: Մեկ այլ տան բակում թռչուններ էին ծլվլում ծառերի վրա։

Իսկ հետո տիկին Բենքսի տունն էր։ Տիկին Բենքսը նրա երրորդ դասարանի ուսուցչուհին էր, և Ռոքսին շատ էր սիրում նրան: Ռոքսին միշտ ձեռքով էր անում տիկին Բենքսին, երբ տեսնում էր նրան՝ իր շքամուտքի աթոռին նստած։ Տիկին Բենքսը միշտ սիրալիր էր և ուրախ:

Բայց այսօր շքամուտքի աթոռը դատարկ էր։ Իսկ տունը լուռ էր: Նույնիսկ տիկին Բենքսի կատուն՝ Չեսթերը, չկար։

Ռոքսին հիշեց, որ մայրն ասում էր, որ տիկին Բենքսը հիվանդ է: Նա ամեն օր գնում էր հիվանդանոց՝ բուժումներ ընդունելու: Ռոքսին տխրեց: Նա ցանկանում էր ինչ-որ հատուկ բան անել տիկին Բենքսի համար: Բայց ի՞նչ աներ:

Ռոքսին նայեց շուրջբոլորը ծաղիկից ծաղիկ թռչող մեղուներին։ Ապա նրա մոտ մի միտք ծագեց:

Ռոքսին վազեց տուն և իր այգուց մի վարդ քաղեց: Նա վերադարձավ տիկին Բենքսի տուն և ծաղիկը դրեց շքամուտքին։

Հաջորդ օրը Ռոքսին տիկին Բենքսի աթոռին արևածաղիկ դրեց։ Իսկ դրա հաջորդ օրը դռան մոտ դրեց մի երիցուկ: Երկու շաբաթվա ընթացքում ամեն օր Ռոքսին մի ծաղիկ էր թողնում տիկին Բենքսին: Նա զգույշ էր, որ իրեն չտեսնեն։

Նկար
girl hiding behind tree

Մի օր տուն գնալիս Ռոքսին տեսավ տիկին Բենքսին, որը նստած էր շքամուտքում։ Նրա ձեռքում մի քանի ծաղիկ կար։

«Ռո՛քսի»,- ասաց տիկին Բենքսը,- «նայիր իմ գեղեցիկ ծաղիկներին»: Ինչ-որ մեկը դրանք թողել է ինձ համար: Ամեն օր մի նոր ծաղիկ էր սպասում ինձ՝ հիվանդանոցից տուն վերադառնալիս»։

Ռոքսին ժպտաց: «Գիտե՞ք, թե ով էր»:

Տիկին Բենքսը ի պատասխան ժպտաց։ «Ով էլ որ լիներ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան»:

«Դա հավանաբար ինչ-որ մեկն է, ով սիրում է ձեզ»,- ասաց Ռոքսին:

«Դե, ես ամեն օր անհամբեր սպասում էի նոր ծաղիկի»,- ասաց տիկին Բենքսը: «Առաջին ծաղիկը իմ շքամուտքում էր»:

«Ի՞նչ եք կարծում, ձեր կատո՞ւն թողել էր այն»,- հարցրեց Ռոքսին:

«Չեսթերը սիրում է ինձ անակնկալներ մատուցել, բայց երբեք ծաղիկներ չի թողել»։ Տիկին Բենքսը ծիծաղեց։ «Ի՞նչ կասեք իմ աթոռի ծաղիկի մասին»:

«Փողոցի շո՞ւնն է թողել»: Ռոքսին ավելի լայն ժպտաց։

«Իսկ իմ մուտքի դռան մո՞տ»:

«Գուցե սկյուռի՞կն է թողել»:

«Օ՜, իմ … », - ասաց տիկին Բենքսը ծիծաղելով: «Ես չէի գիտակցում, որ այդքան շատ արարածներ կան, որոնք սիրում են ինձ: Բայց ծաղիկներն, անկասկած, օգնեցին ինձ հատուկ զգացողություն ունենալ»:

Ռոքսին անսահման երջանիկ էր։ Նա ուրախ էր, որ օգնեց տիկին Բենքսին նորից ժպտալ:

Նկարները` Adobe Stock-ի

Տպել