2021
Դեպի ձեր հոգին բացվող պատուհանի նման
Մարտ 2021


«Դեպի ձեր հոգին բացվող պատուհանի նման», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2021 թ․, 6-8։

Դեպի ձեր հոգին բացվող պատուհանի նման

Երբ այդ պատանիներն իրենց ծխի երգչախմբի հետ երգեցին մի միջկրոնական փառատոնում, շատ բան սովորեցին այն մասին, թե երաժշտությունն ինչպես կարող է միավորել բոլոր հավատացյալներին:

Նկար
երեք երիտասարդներ

Ք. Մեգանը, Մ. Իթանը և Ք. Ռոմին մի ընդհանուր բան ունեն` նրանք սիրում են ակնածալի երաժշտություն: Նրանք սիրում են, թե ինչպես է այն վեհացնում և ոգեշնչում իրենց, թե ինչպես է այն ստիպում իրենց զգալ: Եվ նրանք սիրում են տեսնել, թե ինչպես է այն վեհացնում և ոգեշնչում մյուսներին:

18-ամյա Մեգանը, 19-ամյա Իթանը և 17-ամյա Ռոմին ունեն ևս մի ընդհանուր բան. նրանք բոլորը երգում են Ֆլորիդայի (ԱՄՆ) իրենց ծխի երգչախմբում: Իսկ վերջերս երգչախումբը նրանց ավելի մեծ հնարավորություն տվեց կիսվելու երաժշտության հանդեպ իրենց սիրով` մասնակցելով մի միջկրոնական երաժշտական փառատոնի:

«Մեր համայնքը միջկրոնական մի միություն ունի, որը շատ բան է անում տարբեր հավատքի մարդկանց մերձեցնելու համար»,- բացատրում է Իթանը: Օրինակ՝ խումբը քննարկում անցկացրեց Իֆթարի ընթրիքի շուրջ (երեկոյան ընթրիք, երբ մահմեդականները վերջացնում են իրենց ամենօրյա ծոմը Ռամադանի սուրբ ամսվա ընթացքում), կազմակերպեց ծառայության մի շարք նախագծեր, օրինակ՝ դպրոցական ուսապարկերի պատրաստումը կարիքավոր երեխաների համար, և կազմակերպեց մի քանի համատեղ ընթրիքներ, որտեղ մարդիկ, ովքեր միմյանց չէին ճանաչում, նստում էին կողք կողքի նույն սեղանի շուրջը և խոսում էին իրենց մշակույթներում ընդունված ուտելիքների, սովորույթների և համոզմունքների մասին:

Նկար
երիտասարդները ուտում են, երգում և ծառայում են

Երգչախմբի անդամները բավականությամբ ուտում են ճաշը և միասին ծառայում նրանց հետ, ովքեր այլ հավատքից են:

Եկեք ընկերներ լինենք

Միության նպատակն է օգնել, որ տարբեր ծագում ունեցող մարդիկ միմյանց հետ ընկերանան։

«Մի թուրք ընտանիք կա, որի անդամները,միջկրոնական ճաշերի ժամանակ ինձ տեսնելիս, միշտ արագ մոտենում են և ասում. «Մենք այնքան ուրախ ենք ձեզ կրկին տեսնել»,- ասում է Ռոմին: «Մի աշխարհում, որտեղ այդքան շատ են հալածվում կրոնն ու հավատքը, հիանալի հնարավորություն է, որ մենք կարող ենք բոլորս հավաքվել միասին և ուղղակի խոսել միմյանց հետ»: Ծառայության ծրագրերից մեկի ժամանակ «մեկ այլ եկեղեցու կանայք այնքան բարեհամբույր էին»,- ասաց նա: «Նրանց համար նշանակություն չուներ, թե որ կրոնից էին: Նրանք ուղղակի այնտեղ էին՝ առաջարկելու իրենց օգնությունը: Դա ուժ էր տալիս»։

«Մենք կարող ենք հավատալ տարբեր բաների,- ասում է Մեգանը,- բայց ես միշտ հարգել եմ այլ մարդկանց հավատը և հաճելի է կապ հաստատել նրանց հետ այս մթնոլորտում, որտեղ մենք բոլորս կամենում ենք ճանաչել միմյանց»:

«Մեր եկեղեցին այդ միության նոր անդամներից է»,- ասում է Իթանը: «Այնպես որ, ես շատ շնորհակալ էի, թե նրանք ուղղակի որքան բարի էին մեր հանդեպ և որքան հյուրընկալ: Ես գիտեմ, որ որոշ տեղերում մարդիկ թյուրըմբռնում ունեն Եկեղեցու մասին: Այսպիսով, ես միշտ շնորհակալ եմ, երբ մարդիկ կարողանում են ընդունել միմյանց տարբերությունները և փնտրում են ընդհանուր բաներ»:

Լինենք միաբան

Եվ մի ընդհանուր բան, որը բոլոր կրոնական խմբերն ունեն, դա երաժշտությունն է: Միջկրոնական երաժշտական փառատոնը հրաշալի հնարավորություն կլինի միավորելու բոլոր հավատացյալներին՝ Աստծուն փառաբանելու համար: Ծխի երգչախումբը մոտ կես տասնյակ խմբերից մեկն էր, որը ներկայացնում էր քաղաքի բոլոր համայնքները:

«Կար ձեռքի զանգակներով գործիքային համույթ, վոկալ զուգերգ, մեծ երգչախումբ, փոքր երգչախումբ, ֆլեյտայի և դաշնամուրային զուգերգ և այլն»,- բացատրում է Մեգանը: «Յուրաքանչյուր խմբի խնդրել էին ներկայացնել երկու համար»։

Մեգանը շարունակում է. «Մենք ցանկանում էինք հավաստիանալ, որ այն, ինչ մենք երգում էինք, թույլ կտար մարդկանց իմանալ, որ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին և նաև հավատում ենք Երկնային Հորը: Մենք ուզում էինք ստեղծել երկրպագության զգացում»:

Երգչախումբը որոշեց կանգ առնել նախկինում իրենց կատարած երկու համարների`Սթիվեն Քափ Փերիի «Մեծ բաներ և փոքր բաներ», և Ջենիս Քափ Փերիի, Սթիվեն Քափ Փերրիի և Լին Փերի Քրիստոֆերսոնի՝ «Հաղորդություններ և խորհրդանիշներ» երգերի վրա:

«Առաջին երգը լավատեսական է: Այն վստահեցնում է, որ Աստծո միջոցով կարող եք անել ամեն ինչ՝ լինի դա համեմատաբար փոքր, թե շատ կարևոր»,- ասում է Իթանը: «Երկրորդ երգն ունի խորին ակնածանք: Այն գրեթե նման է ներբողի և ստեղծում է երկրպագության իսկական զգացում»:

Պարապել, պարապել, պարապել

Երբ նրանք պատրաստվում էին երգել, Իթանը օգտագործեց մի մեթոդ, որը նա նախկինում օգտագործել էր: «Նախ ես փորձում եմ ներքաշվել երգի մեջ», - ասում է նա: «Ես հասկացել եմ, որ երբ կարողանում եմ ուշադրություն դարձնել երգի նշանակությանը, ապա ավելի լավ եմ կարողանում վայելել այն: Իհարկե ես աշխատում եմ, որ կարողանամ այն ճիշտ երգել, բայց գտնում եմ, որ ինձ համար ավելի հեշտ է անել այդ, երբ ներդաշնակ եմ այն ուղերձի հետ, որն այն փորձում է արտահայտել: Ես սիրում եմ շեշտը դնել հոգևոր նախապատրաստության վրա:

Մենք դեռ պետք է երգեինք հաղորդության ժողովի ժամանակ և պարապեինք այլ բաներ ևս», - ասում է Մեգանը: Բայց մենք գիտեինք միջկրոնական իրադարձության կարևորությունը, ուստի մենք աշխատեցինք, որ այդ մասերը պատրաստ լինեն: Մենք ջանասիրաբար աշխատեցինք դրանց վրա»:

Երկրորդ կատարման համար 14 հոգանոց երգչախումբը կրճատվեց և դարձավ երկու քառյակ: «Մենք սովորաբար փորձ էինք անում երեքշաբթի օրերին` Երիտասարդ տղամարդկանց և Երիտասարդ կանանց ժողովներից առաջ»,- ասում է Մեգանը: «Դա ինձ ստիպեց երգի մասին մտածել մի ամբողջ շաբաթ, իրականում մի ամբողջ ամիս: Ես սովորաբար դա չեմ անում, բայց ես գտա երգը YouTube-ում և նորից ու նորից նվագում էի: Ես ցանկանում էի կատարելագործել այն: Ես ցանկանում էի, որ մենք երգեինք այնքան լավ, որ հուզեինք մյուսներին»:

Իթանը, Մեգանը և Ռոմին համաձայն են, որ այդ բոլոր փորձերը հավելյալ օգուտ տվեցին: «Երբ երգերն անընդմեջ կրկնում եք, - ասում է Ռոմին,- երգերի ուղերձները մնում են ձեր մտքում և ձեր սրտում»:

Նկար
երիտասարդների երգչախումբ

Երգչախումբը ելույթ է ունենում Միջկրոնական երաժշտական փառատոնում:

Մտքում, սրտում

Այդ ներկայությունը նրանց մտքում և սրտում հստակ ակնհայտ էր, երբ երգչախմբի անդամները երգում էին: «Երկու երգերն էլ ուղղակի հիանալի էին»,- ասում է Ռոմին: «Հանդիսատեսը իրոք լուռ էր, և յուրաքանչյուրը զգում էր Հոգին, երբ այդ երգերն էին հնչում: Մենք բոլորս միաբանված զգացինք»:

«Առաջին երգը միշտ ուրախ երգ է եղել ինձ համար»,- ասում է Մեգանը: Ես զգում եմ, որ փառատոնում այն այդպիսի ազդեցություն ունեցավ մարդկանց վրա: Ես ուրախությամբ երգեցի այն, և հուսով եմ, նրանք բոլորը ևս բավականություն ստացան: Իսկ երկրորդ երգում ձայներն այնպես լավ համաձուլվեցին միմյանց հետ: Կարծում եմ, որ բոլորը, ովքեր լսում էին դա, հարգանք և երկյուղ էին զգում Աստծո հանդեպ»:

Երեկոյի վերջում Մեգանը շարունակում է. «Մենք կարողացանք խոսել մասնակիցների և ունկնդիրների հետ: Ես գիտեմ, որ մարդիկ երգչախմբի ղեկավարին հարցնում էին մեր երգած երգերի մասին. «Ինչպիսի՞ երաժշտություն էր դա», կամ «Որտեղի՞ց էիք գտել այդ գործիքավորւմը»: Մենք կարողացանք միմյանց հետ շփվել և խոսել այն երաժշտության մասին, որով բոլորս կիսվել էինք: Ես կարծես կարողանում էի ավելի լավ հասկանալ նրանց` իրենց երգերի միջոցով, իսկ նրանք ավելի լավ էին հասկանում մեզ` մեր երգերի շնորհիվ: Երաժշտությունը դեպի ձեր հոգին բացվող պատուհանի է նման:

Տպել