2021
Ինչպես միշտ ունենալ Հոգին
Մարտ 2021


«Ինչպես միշտ ունենալ Հոգին», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2021 թ․, 26-29։

Եկ, հետևիր ինձ

Պատրաստվել միշտ ունենալ Նրա Հոգին

Ամեն շաբաթ, նախապատրաստվելով արժանիորեն ճաշակել հաղորդությունից, կարող ենք օգնել մեզ` միշտ Հոգին ունենալ մեզ հետ:

Նկար
երիտասարդ տղամարդիկ բաժանում և ընդունում են հաղորդությունը

Երբ 12 տարեկան էի, իմ ընտանիքի հետ այցելեցինք Եկեղեցու պատմական վայրերը Նյու Յորք նահանգի հյուսիսային մասում (ԱՄՆ): Հիշում եմ՝ ինչպես Սրբազան պուրակում Առաջին Տեսիլքի և Ջոզեֆի մյուս զարմանալի տեսիլքների մասին խորհրդածելով՝ ես մտածեցի. «Օ՜հ, եթե ես Ջոզեֆի նման երկնային էակների հետ զարմանալի հոգևոր հանդիպում ունենայի, կյանքս կկարգավորվեր»:

Այդ ժամանակից ի վեր ես սովորեցի, որ իմ կյանքում մեկ անգամ մեծ հոգևոր հանդիպում ունենալու փոխարեն՝ ես հաճախ կարիք կունենամ փոքր փորձառությունների, որպեսզի ամուր մնամ իմ վկայության մեջ և անվտանգ մնամ տուն տանող արահետի վրա: Երկնային Հայրը գիտեր, որ մենք կանոնավոր առաջնորդության կարիք կունենանք մեր կյանքում, և Նա մեզ համար ուղի նախապատրաստեց` այն ընդունելու համար:

Նա տալիս է Սուրբ Հոգու պարգևը բոլոր նրանց, ովքեր բավականաչափ հավատք ունեն Նրա Որդու հանդեպ, որպեսզի ապաշխարեն և մկրտվեն: Ամեն շաբաթ հաղորդության արարողության միջոցով Նա հնարավորություն է տալիս «միշտ ունենալ Հոգին [մեզ] հետ», եթե մենք հիշենք Փրկիչին և պահենք Նրա պատվիրանները (Վարդապետություն և Ուխտեր 20.77): Սա հնարավոր է դարձնում, որ մենք Հոգու առաջնորդության ամենօրյա հասանելիությունն ունենանք մեր կյանքում, երբ օգտագործում ենք մեր ազատ կամքը` ընդունելով որոշումներ, որոնք կօգնեն մեզ Երկնային Հոր մոտ տանող արահետին:

Հաղորդությունը և Հոգին

Նկար
հաղորդություն

Երկնային Հայրը գիտեր, որ մենք ունենալու էինք Իր Հոգու առաջնորդության կանոնավոր հասանելիության, ոչ թե պարզապես մեկանգամյա մեծ փորձառությունների կարիք: Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Նա վերականգնեց ընկղմումով մկրտության արարողությունը, որն օգնում է մեզ մաքուր դառնալ: Այդ ժամանակ մենք պատրաստ ենք ստանալ Սուրբ Հոգու պարգևը՝ հաստատման միջոցով, որը մեզ Հոգու ամենօրյա առաջնորդության հնարավորությունն է տալիս:

Երկնային Հայրը գիտեր, որ մեկ անգամ մաքրվելը բավական չէ, և որ մեզ հարկավոր է հիշել Փրկիչին և կրկին ու կրկին մաքրվել, որպեսզի Հոգին միշտ մեզ հետ ունենանք: Այդ նպատակով Նա վերականգնեց հաղորդության արարողությունը: Եթե մենք խնամքով պատրաստվում ենք և կանոնավոր ճաշակում ենք հաղորդությունից, մեզ խոստացված է, որ մենք «կարող ենք միշտ ունենալ նրա Հոգին [մեզ հետ]» (Վարդապետություն և Ուխտեր 20.77, շեշտադրումն ավելացված է):

Այնուամենայնիվ, պարզապես Եկեղեցում ներկա լինելը և հացը ուտելն ու ջուրը խմելը թույլ չեն տա մեզ ստանալ Տիրոջ խոստումը: Արարողության համար նպատակային նախապատրաստությունը մեզ հնարավորություն է տալիս ստանալ Փրկիչի զորությունը մեր կյանքում:

Մարզիկները հմուտ չեն դառնում պարզապես համազգեստ հագնելով կամ քայլելով դեպի մարզադաշտ կամ խաղահրապարակ: Նրանք պետք է մարզեն իրենց մարմինը, սովորեն հնարքները և պարապեն, որպեսզի կարողանան հմտանալ իրենց մարզաձևում: Նմանապես, մենք պետք է սովորենք, թե ինչպես պատրաստվել ակնածանքով և արժանիորեն ճաշակել հաղորդությունից, որպեսզի կարողանանք ստանալ այն զորությունը, որը Նա կարող է մեզ տալ:

Ձեր սիրտը և հոգին հաղորդությունից ճաշակելուն պատրաստելու ուղիներից մեկն է՝ ամեն շաբաթ մի փոքրիկ հարցազրույց անցկացնել ինքներդ ձեզ հետ: Ես սիրում եմ օգտագործել Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածը` ինքս ինձանից հարցազրույց վերցնելու համար: Այս հատվածը պարունակում է մկրտության այն պահանջները, որոնք Աստված հայտնեց Մարգարե Ջոզեֆին: Դա պարունակում է այն որակավորումները, որ պետք է ունենան բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մկրտվել: Գտնում եմ, որ դա նախապատրաստում է ինձ ստանալու նորոգման խոստումները, որոնք մատչելի են հաղորդության միջոցով:

Նկար
խոհրդածող երիտասարդ կին

Լուսանկարը տրամադրվել է Getty Images-ի կողմից

Օգտագործելով այդ սուրբ գրությունը՝ որպես իմ ուղեցույց, ահա այն հարցերից մի քանիսը, որոնք ես ինքս ինձ տալիս եմ, որպեսզի հասկանամ՝ արդյո՞ք պատրաստ եմ ճաշակել հաղորդությունից:

Արդյո՞ք խոնարհեցրել եմ ինձ Աստծո առջև:

Վարդապետություն և Ուխտեր 20.37-ում թվարկված առաջին պահանջը Աստծո առաջ խոնարհվելն է: Մենք դա անում ենք՝ ընդունելով և պատրաստ լինելով հետևել Նրա կամքին, ինչպես գրված է սուրբ գրություններում, որոնք ուսուցանվում են Նրա ծառաների կողմից, կամ երբ այն գալիս է մեզ հուշումներով:

Ես հարցնում եմ ինքս ինձ՝ արդյո՞ք ես հիմա կռվում եմ Աստծո հետ իմ կյանքի որևէ խնդրի վերաբերյալ: Արդյո՞ք ես դիմադրում եմ Նրա առաջնորդությանը: Արդյո՞ք ես ուշադիր եմ Նրա ծառաների ուսմունքների հանդեպ: Եթե ոչ, ես ծրագրում եմ բարեփոխվել և պարտավորվել ավելի լավ գործել, երբ պատրաստվում եմ ճաշակել հաղորդությունից: Աստված ամենագետ է. երբ ես գիտակցում եմ, որ Նա կարող է տեսնել իմ կյանքի մեծ պատկերը, ավելի հեշտ է խոնարհվել Նրա առաջ և վստահ լինել, որ Նա ինձ կտա այն, ինչը լավագույնն է ինձ համար:

Արդյո՞ք ես ունեմ կոտրված սիրտ և փշրված հոգի:

Կոտրված սիրտ և փշրված հոգի ունենալը կապված է խոնարհության հետ: Սա նշանակում է հոժարությամբ ենթարկվել Աստծո կամքին: Խոնարհ լինել նշանակում է` ասել, որ ցավում ենք, և ներել, նույնիսկ այն ժամանակ, երբ դժվար է կամ երբ մենք, գուցե, զգում ենք, որ ուրիշներն իրավացի չէին: Կարո՞ղ եք ասել. «Ես վատ զգացումներ չեմ տածում ուրիշների հանդեպ»: Արդյո՞ք ձեր շրջապատում ինչ-որ մեկին վիրավորե՞լ եք, կամ ինչ-որ մեկի հանդեպ վատ զգացումներ ունեք: Դուք ներողություն խնդրելու կարիք ունե՞ք:

Երբ ես կոտրված սիրտ և փշրված հոգի ունեմ, ես պատրաստ եմ ջանքեր գործադրել՝ Աստծո և իմ շրջապատի հետ գործերը կարգի բերելու համար: Ես փորձում եմ ազատվել ուրիշների հանդեպ բացասական մտքերից և զգացումներից: Հոգին չի բնակվում մեզ հետ, երբ մենք վիճահարույց զգացումներ ենք ունենում, ուստի դրանցից ազատվելը կարևոր քայլ է՝ հաղորդության խոստումը ստանալու համար ինքներս մեզ պատրաստելիս:

Արդյո՞ք ցանկանում եմ կրկին մաքուր դառնալ և կարող եմ արդյո՞ք վկայել, որ ապաշխարել եմ իմ բոլոր մեղքերից:

Վարդապետություն և Ուխտեր 20.37-ում մեկ այլ պահանջ կա՝ «ճշմարտապես ապաշխարել մեր բոլոր մեղքերից»: Երբ մկրտվեցինք, մենք մաքուր լվացվեցինք մեր մեղքերից: Մենք խոստացանք, որ կփորձենք պահել Աստծո պատվիրանները և ապաշխարել, երբ սխալներ գործենք:

Ես ինքս ինձ հարցնում եմ. «Ես պարզապես ընդունում եմ հաղորդությունը, որովհետև կարծում եմ, որ պե՞տք է, թե՞ իսկապես ուզում եմ կրկին մաքուր դառնալ: Ես հետ եմ նայում այդ շաբաթվա իմ մեղքերին և սխալներին, և ինքս ինձ հարցնում եմ՝ արդյո՞ք իսկապես կամենում եմ փոխվել և դրանցից ազատվել: Երբ դուք մաքուր դառնալու ցանկություն ունենաք, Հոգու միջոցով կտեսնեք այն բաները, որոնք դուք պետք է բարելավեք, և Նա կշարունակի ձեզ հուշել, որ ապաշխարեք և ավելի լավ ընտրություն կատարեք:

Խոստովանությունը Տիրոջը (և եթե անհրաժեշտ է ուրիշներին, ում մենք հնարավոր է վնասել ենք կամ վիրավորել) մեր նախապատրաստության մի մասն է:

Հարցրեք ինքներդ ձեզ. «Կա՞ մի բան, որ ես պետք է փոխեմ, որը դեռ չեմ արել: Կա՞ արդյոք մի բան, որի համար պետք է ապաշխարեմ»: Անկեղծ ապաշխարության միջոցով խնդիրների լուծումը կարող է մեզ իրավունք տալ արժանավորությամբ ճաշակել հաղորդությունից:

Արդյո՞ք կամենում եմ ինձ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը:

Յուրաքանչյուր ուխտ, որը մենք կապում ենք, նշանակում է, որ պարտավորվում ենք Քրիստոսի անունը լիովին մեզ վրա վերցնել: Երբ մենք մկրտվում ենք, ցույց ենք տալիս Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու և Նրա պատվիրանները պահելու մեր պատրաստակամությունը: Երբ տաճարում լրացուցիչ ուխտեր ենք կապում կամ կոչումներ ընդունում, մենք կրկին մեզ վրա ենք վերցնում Քրիստոսի գործը և Նրա ուսմունքները: Ցույց տալով մեր պատրաստակամությունը և ամեն շաբաթ որպես հաղորդության ժամանակ վերցնելով Նրա անունը, մենք վերապարտավորվում ենք կատարել բոլոր ուխտերն ու պարտավորությունները, որոնք մենք նախկինում կապել ենք Նրա հետ:

Գնահատելով հաղորդությունն ընդունելու իմ նախապատրաստությունը՝ ես ինքս ինձ այսպիսի հարցեր եմ տալիս.«Արդյո՞ք անում եմ այն ամենը, ինչ կարող եմ՝ Քրիստոսի և Նրա ուսմունքների օրինակը լինելու համար»: Արդյո՞ք ես պահում եմ իմ բոլոր ուխտերի հետ կապված խոստումները: Արդյո՞ք ես այսօր այնպես նվիրված եմ Քրիստոսին և Նրա հետ կապված իմ ուխտերին, ինչպես այն օրը, երբ առաջին անգամ կապեցի դրանք:

Արդյո՞ք ունեմ մինչև վերջ Նրան ծառայելու վճռականություն:

Երբ կապեցինք մեր մկրտության ուխտերը, մենք խոստացանք Տիրոջը, որ մենք կձգտենք պահել Նրա պատվիրանները: Երկու մեծագույն պատվիրաններն են՝ սիրել Տիրոջը և սիրել ձեր մերձավորին (տես Մատթեոս 22.36–40): Մենք ցույց ենք տալիս մեր սերը՝ ծառայելով ինչպես Աստծուն, այնպես էլ մեր մերձավորներին:

Ես ինքս ինձ հարցնում եմ. «Արդյո՞ք ժամանակ եմ տրամադրում ծառայությանը: Արդյո՞ք դժկամությամբ եմ ծառայում, թե՞ ուրախ եմ ծառայության համար»: «Արդյո՞ք փորձում եմ մեծարել իմ կոչումը»: Ուրիշներին ծառայելը սքանչելի եղանակ է հաղորդությունից ճաշակելուն պատրաստվելու համար: Իրականում, առավել հաճախ ուրիշներին ծառայելիս է, որ մենք զգում ենք Հոգու առաջնորդության կարիքը:

Վստահեք Տիրոջ խոստումներին:

Երբ ամեն շաբաթ մենք նպատակով պատրաստվում ենք հաղորդությունն արժանիորեն ընդունելուն, մենք արժանանում ենք Հոգու մշտական ազդեցությանն ու առաջնորդությանը մեր կյանքում: Դա խոստում է Տիրոջից:

Տպել