Ցույց տվեք ձեր հավատքը
Օրեցօր, դեպի ձեր հավերժական ճակատագիրը տանող ուղով քայլելիս, ավելացրեք ձեր հավատքը: Հռչակեք ձեր հավատքը: Ցույց տվեք ձեր հավատքը:
Սիրելի եղբայրներ և քույրեր, մենք մեր խորը սերն ու երախտագիտությունն ենք հայտնում ձեզ: Մենք երախտապարտ ենք, որ ձեր մեջ ենք ծառայում:
Վերջերս թռիչքի ժամանակ, մեր օդաչուն հայտարարեց, որ վայրէջքի պահին օդանավը կսկսի թափահարվել և խնդրեց բոլոր ուղևորներին ամրացնել իրենց անվտանգության գոտիները: Անշուշտ, օդանավը սկսեց թափահարվել, իրականում շատ ուժեղ: Մյուս շարքում մեզանից մի քիչ հեռու մի կին սարսափահար խուճապի էր մատնվել: Ամեն թափահարումից նա բարձրաձայն գոռում էր: Նրա ամուսինը փորձում էր հանգստացնել նրան, բայց՛ ապարդյուն: Նրա խուճապահար բղավոցները շարունակվեցին, մինչև որ մենք, անցնելով այդ անհանգիստ գոտին, ապահով վայրէջք կատարեցինք: Նրա համար անհանգիստ պահերին ես կարեկցում էի նրան: Քանի որ հավատքը վախի հակաթույնն է, ես մտքում ցանկանում էի, որ կարողանայի ամրացնել նրա հավատքը:
Ավելի ուշ, երբ ուղևորները դուրս էին գալիս օդանավից, այդ կնոջ ամուսինը խոսեց ինձ հետ, ասելով. «Կներեք, որ կինս այդքան սարսափած էր: Ես նրան կարողանում էի սփոփել միայն, ասելով՛ «Երեց Նելսոնն այս օդանավի մեջ է, այնպես որ անհանգստանալու կարիք չկա»:
Չեմ կարծում, որ իմ ներկայությունն այդ օդանավում նրան պետք է սփոփեր, սակայն կասեմ, որ մահկանացու կյանքի իրականություններից մեկն այն է, որ մեր հավատքը փորձարկվում և փորձվում է: Երբեմն այն փորձվում է, երբ հայտնվում ենք կյանքի և մահու կռվում: Այդ սարսափահար կնոջ համար ուժգին թափահարվող ինքնաթիռը այդ պահերից մեկն էր, երբ ստուգվում է, թե որքան ուժեղ է մեր հավատքը:
Երբ խոսում ենք հավատքի մասին՛ հավատքի, որը կարող է սարեր տեղաշարժել, մենք չենք խոսում ընդհանրապես հավատքի, այլ առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի մասին: Առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքը կարող է ամրանալ, երբ սովորում ենք Նրա մասին և ապրում մեր կրոնով: Հիսուս Քրիստոսի վարդապետությունը նախասահմանվել է Տիրոջ կողմից, որպեսզի օգնի մեզ մեծացնել մեր հավատքը: Ինչևէ, այսօրվա բնորոշմամբ կրոն բառը կարող է տարբեր մարդկանց համար տարբեր նշանակություն ունենալ:
Կրոն բառացիորեն նշանակում է՛ «կրկին կապվել» Աստծո հետ:1 Ինքներս մեզ կարող ենք հարցնել, արդյո՞ք ամուր կապված ենք Աստծո հետ, որը մեր հավատքով է դրսևորվում, թե՞ իրականում կապված ենք ուրիշ ինչ-որ բանի հետ: Օրինակ, երկուշաբթի առավոտյան ես լսեցի մեկնաբանություններ սպորտային խաղերի մասին, որոնք տեղի էին ունեցել նախորդ կիրակի: Մտածում եմ, գուցե որոշ մոլի մարզասերների համար իրենց «կրոնը» իրենց «կրկին կապում է» միայն ինչ-որ թռչկոտող գնդակի հետ:
Յուրաքանչյուրս կարող ենք հարցնել ինքներս մեզ՛ ինչի՞ մեջ է մեր հավատքը: Այն արտահայտվում է թիմի՞, ապրանքանիշի՞, թե՞ հանրաճանաչ մարդու մեջ: Լավագույն թիմերն անգամ կարող են ձախողվել: Հանրաճանաչ մարդիկ կարող են խամրել: Կա միայն Մեկը, ում մեջ ձեր հավատքը միշտ ապահով է, իսկ դա Տեր Հիսուս Քրիստոսն է: Եվ դուք պետք է ցույց տաք ձեր հավատքը:
Իր Տաս պատվիրաններից առաջինում Աստված հայտարարեց. «Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս»:2 Նա նաև ասաց. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»:3 Այդուհանդերձ, շատ մարդիկ խաղաղություն են գտնում, նայելով իրենց բանկի մնացորդին կամ ընկերներին՛ օրինակ վերցնելով նրանցից:
Բժիշկների, ակադեմիկոսների և քաղաքական գործիչների հավատքը հաճախ է փորձության ենթարկվում: Իրենց նպատակներին հետամուտ լինելիս արդյոք նրանց կրոնը կարտահայտվի՞, թե կթաքցվի: Արդյոք նրանք կապված են Աստծո՞, թե՞ մարդու հետ:
Ես նման փորձություն անցա տարիներ առաջ, երբ իմ բժիշկ գործընկերներից մեկն ինձ հանդիմանեց, որ չեմ զատում իմ մասնագիտական գիտելիքը կրոնական համոզմունքներից: Նա պահանջեց, որ ես չմիացնեմ այդ երկուսը: Ինչպե՞ս կարող էի դա անել: Ճշմարտությունը ճշմարտություն է: Դա անբաժանելի է, և դրա մասերից ոչ մեկը չի կարող անտեսվել:
Անկախ նրանից, թե ճշմարտությունը ի հայտ է գալիս գիտական լաբորատորիայում, թե հայտնության միջոցով, ողջ ճշմարտությունը գալիս է Աստծուց: Ողջ ճշմարտությունը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի ավետարանի մասը:4 Չնայած որ իմ գործընկերը խնդրեց ինձ թաքցնել իմ հավատքը, ես չկատարեցի նրա խնդրանքը: Ես ցույց տվեցի իմ հավատքը:
Բոլոր մասնագիտություններում էլ խիստ ճշգրիտ չափանիշներ են պահանջվում: Գիտնականները փայփայում են իրենց մտքերն արտահայտելու ազատությունը: Բայց լիարժեք ազատություն չես կարող զգալ, եթե քո գիտելիքի մի մասը չի ընդունվում մարդկանց օրենքներով:
Հոգևոր ճշմարտությունը չի կարող անտեսվել՛ հատկապես աստվածային պատվիրանները: Աստվածային պատվիրանները պահելու արդյունքում օրհնություններ են գալիս՛ ամեն անգամ: Աստվածային պատվիրանները խախտելու արդյունքում օրհնություններ են կորսվում՛ ամեն անգամ:5
Խնդիրները շատ են այս աշխարհում, որովհետև այն լի է անկատար մարդկանցով: Նրանց նպատակների և ցանկությունների վրա մեծապես ազդում է իրենց հավատքը կամ դրա պակասը: Շատերն այլ առաջնահերթություններ են դնում Աստծուց առաջ: Ոմանք էլ արդի կյանքում կրոնը տեղին չեն համարում: Ինչպես ամեն դարաշրջանում, այնպես էլ այսօր կան այնպիսիք, ովքեր ծաղրում կամ քննադատում են հավատքի ազատ դավանումը: Ոմանք անգամ համարում են, որ կրոնը հանդիսանում է աշխահում շատ չարիքների պատճառ: Ճիշտ է եղել են ժամանակներ, երբ վայրագություններ են տեղի ունեցել կրոնի անվան տակ: Բայց Տիրոջ անարատ կրոնով ապրելը, ինչը նշանակում է՛ ձգտել դառնալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ, կենսակերպ է և ամենօրյա պարտավորվածություն, որը կպարգևի աստվածային առաջնորդություն: Ապրելով ձեր կրոնով, դուք գործադրում եք ձեր հավատքը: Դուք ցույց եք տալիս ձեր հավատքը:
Տերը գիտեր, որ Իր զավակներին անհրաժեշտ կլիներ իմանալ, ինչպես կարող էին գտնել Իրեն: «Քանզի նեղ է դուռը,- ասել է Նա,- և անձուկ է ճանապարհը, որ տանում է դեպի վեհացում, … և քչերը կլինեն, որ կգտնեն այն»:6
Սուրբ գրությունները ներկայացնում են մեր ուղին գտնելու և դրանից չշեղվելու լավագույն եղանակները: Սուրբգրքյան գիտելիքը նաև անգին պաշտպանություն է ապահովում: Օրինակ, պատմության ընթացքում, վարակները, ինչպիսին ծննդաբերական տենդն է, բազմաթիվ անմեղ մայրերի և երեխաների կյանքեր է խլել: Սակայն ավելի քան 3 000 տարի առաջ գրված Հին Կտակարանում վարակված մարդկանց բուժելու ճիշտ սկզբունքներ են տրված:7 Շատ մարդիկ մահացան, որովհետև մարդը գիտելիքի իր փնտրտուքներում ուշադրություն չի դարձրել Տիրոջ խոսքին:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ինչ ենք մենք կորցնում մեր կյանքում, եթե մենք «ամեն ժամանակ սովորում ենք, [բայց] և երբեք դեպի ճշմարտության գիտությունը չենք կարողանում գալ»:8 Մենք կարող ենք մեծ գիտելիք ձեռք բերել սուրբ գրություններից և ոգեշնչվել հավատքով ասված աղոթքներից:
Դա կօգներ մեզ ամենօրյա որոշումներ կայացնելիս: Հատկապես, երբ մարդու կողմից օրենքներ են ստեղծվում և գործադրվում, Աստծո օրենքները պետք է միշտ լինեն մեր չափանիշը: Հակասական խնդիրներին առնչվելիս մենք պետք է նախ փնտրենք Աստծո առաջնորդությունը:
Մենք պետք է «բոլոր սուրբ գրությունները վերագրենք մեզ, … որպեսզի դա լինի մեր օգտի և ուսման համար»:9 Վտանգ է սողոսկում, երբ մենք փորձում ենք բաժանել մեզ, օրինակ՛ «իմ անձնական կյանքը» կամ նույնիսկ «իմ լավագույն վարքը» արտահայտություններով: Եթե մեկը ցանկանում է իր կյանքն այդպես մասնատել, նա երբեք որպես անձ լիովին չի դրսևորվի, այսինքն՛ երբեք չի հասնի իր ճշմարիտ ինքնությանը:
Հանրաճանաչ դառնալու գայթակղությունը կարող է հասարակական կարծիքը վեր դասել Աստծո խոսքից: Քաղաքական քարոզարշավները և շուկայական ռազմավարությունները իրենց ծրագրերը կազմելու նպատակով լայնորեն կիրառում են հասարակական կարծիքի հարցումներ: Այդ հարցումների արդյունքները տեղեկատվական բնույթ են կրում: Սակայն դժվար թե կարողանան հիմք հանդիսանալ՛ արդարացնելու Աստծո պատվիրաններին անհնազանդությունը: Անգամ եթե «ինչ-որ մեկն անում է դա», սխալը երբեք ճիշտ չէ: Չարիքը, սխալը և խավարը երբեք ճշմարտություն չեն, անգամ եթե հանրաճանաչություն են վայելում: Նույնն է հայտարարում այս սուրբգրքյան զգուշացումը. «Վա՜յ նրանց, որ չարին ասում են բարի, և բարիին՛ չար. որ խավարը շինում են լույս, և լույսը՛ խավար»:10
Առաջին Համաշխարհայինից հետո, մի բավականին վտանգավոր երգ էր տարածված: Անբարոյականությունը գովազդելով այն խոստանում էր, որ 50 միլիոն մարդ չի կարող սխալ լինել: Բայց իրականում, 50 միլիոն մարդ կարող է սխալ լինել՛ լիովին սխալ: Անբարոյականությունը դեռևս անբարոյականություն է Աստծո աչքում, ով մի օր կդատի մեր բոլոր գործերը և ցանկությունները:11
Ի տարբերություն այսօր աշխարհում տիրող վախին և անհավատությանը, հավատքով և քաջությամբ լի էր իմ սիրելի դուստր Էմիլին, ով այժմ ապրում է վարագույրից այն կողմ: Երբ մահկանացու կյանքը լքում էր նրա քաղցկեղից կեղեքված մարմինը, նա հազիվ էր կարողանում խոսել: Բայց ժպիտը դեմքին նա ինձ ասաց. «Հայրի՛կ, մի անհանգստացիր ինձ համար: Ես գիտեմ, որ ինձ հետ ամեն ինչ լավ է լինելու»: Էմիլիի հավատքը փայլում էր, փալյում էր պայծառ, այդ հուզիչ պահին, երբ մենք դրա կարիքը շատ ունեինք:
Հինգ զավակների այդ հրաշալի երիտասարդ մայրը անտարակույս հավատում էր իր Երկնային Հորը, Նրա ծրագրին և իր ընտանիքի հավերժական բարօրությանը: Նա ամուր կապված էր Աստծո հետ: Նա լիովին հավատարիմ էր Տիրոջ և իր ամուսնու հետ կապած ուխտերին: Նա սիրում էր իր զավակներին, սակայն խաղաղ էր, չնայած որ նրանցից իր անջատումն անխուսափելի էր: Նա հավատում էր իր և նրանց ապագային, որովհետև նա հավատք ուներ առ մեր Երկնային Հայրը և Նրա Որդին:
1986թ. Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Անշուշտ, մենք կդիմակայենք վախին, մեզ կծաղրեն և կընդիմանան: Եկեք քաջություն ունենանք արհամարհելու միակարծությունը, քաջություն՛ կանգնելու սկզբունքի համար: Ոչ թե փոխզիջումը, այլ քաջությունն է արժանանում Աստծո հավանությանը: … Հիշեք, որ բոլոր մարդիկ ունեն իրենց վախերը, բայց նրանք, ովքեր դիմակայում են իրենց վախերին [հավատքով], նաև քաջություն ունեն»:12
Նախագահ Մոնսոնի խորհուրդը հավիտենական է: Այնպես որ, խնդրում եմ ձեզ, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, օրեցօր, դեպի ձեր հավերժական ճակատագիրը տանող ուղով քայլելիս ավելացրեք ձեր հավատքը: Հռչակեք ձեր հավատքը: Ցույց տվեք ձեր հավատքը:13
Ես աղոթում եմ, որ դուք կրկին ամուր կապվեք Աստծուն, որ Նրա հավերժական ճշմարտությունները փորագրվեն ձեր սրտում հավետ: Եվ աղոթում եմ, որ կյանքում դուք ցույց տաք ձեր հավատքը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: