Հոգևոր պտտահողմեր
Թույլ մի տվեք, որ պտտահողմերը տապալեն ձեզ: Սա որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ ամուր կանգնելու ձեր ժամանակն է:
Ողջունում եմ ձեզ այս երեկո, հատկապես երիտասարդներին, ովքեր այստեղ են Համաժողովների Կենտրոնում և ողջ աշխարհում: Դուք ընտրյալ սերունդ եք, և ես խոսքս հիմնականում ուղղում եմ ձեզ:
Տարիներ առաջ, երբ մենք այցելել էինք մեր ընտանիքին Ֆլորիդայում, մի պտտահողմ բարձրացավ մեզանից ոչ շատ հեռու: Շարժական տնակում ապրող մի կին ապահովության համար մտել էր լողասենյակ: Տնակը սկսել էր ցնցվել: Մի քանի րոպե անցավ: Ապա նա լսեց իր հարևանի ձայնը. «Ես այստեղ եմ, նախասենյակում»: Լողասենյակից դուրս գալով, ի զարմանս իրեն, նա պարզել էր, որ պտտահողմը իր տնակը բարձրացրել էր և օդի միջով տեղափոխելով իջեցրել ուղիղ իր հարևանի տնակի վրա:
Իմ երիտասարդ ընկերներ, աշխարհը սահուն չի գնա դեպի Փրկչի Երկրորդ Գալուստը: Սուրբ գրություններն ասում են, որ «բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ»:1 Բրիգամ Յանգն ասել է. «Այս Եկեղեցու կազմավորման սկզբում ինձ հայտնի է դարձվել, որ Եկեղեցին կտարածվի, կբարգավաճի, կաճի և կընդլայնվի, և երկրի ազգերի մեջ ավետարանի տարածմանը զուգընթաց սատանայի զորությունը կաճի»:2
Մարգարեացած երկրաշարժերից և պատերազմներից3 առավել մտահոգիչ են հոգևոր պտտահողմերը, որոնք կարող են պոկել ձեզ ձեր հոգևոր հիմքից և ձեր հոգին իջեցնել ձեզ համար աներևակայելի վայրում, երբեմն էլ չնկատելով, որ տեղաշարժվել եք:
Այդ սոսկալի մրրիկները հակառակորդի գայթակղություններն են: Մեղքը միշտ գոյություն է ունեցել այս աշխարհում, բայց այն երբեք չի եղել այդքան հասանելի, անհագուրդ և ընդունելի: Անշուշտ, գոյություն ունի հզոր ուժ, որը կարող է զսպել մեղքի մրրիկները: Դա կոչվում է ապաշխարություն:
Կյանքում ոչ բոլոր մրրիկներն են ձեր պատճառով առաջանում: Որոշները գալիս են ուրիշների սխալ ընտրությունների արդյունքում, իսկ որոշներն էլ մահկանացու կյանքի արդյունք են:
Մանուկ հասակում Նախագահ Բոյդ Կ. Փաքերը հիվանդացել է պոլիոմելիտով: Երբ Երեց Դալլին Հ. Օուքսը յոթ տարեկան էր, նրա հայրը հանկարծամահ եղավ: Երբ Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկին՛ Երիտասարդ կանանց գերագույն նախագահը, դեռահաս էր, նրա ծնողները բաժանվեցին: Խնդիրներ կծառանան ձեր առաջ, բայց եթե դուք վստահեք Աստծուն, դրանք կամրացնեն ձեր հավատքը:
Բնության մեջ, քամոտ տարածքում աճող ծառերն ամուր են լինում: Երբ քամիները հարվածում են նոր տնկված շյուղին, ծառի ներսում ուժերը երկու ուղղությամբ են աշխատում: Նախ, նրանք ուժ են տալիս արմատներին, որ արագ աճեն և տարածվեն: Երկրորդ, ծառի ուժերը սկսում են ստեղծել այնպիսի բջջային կառուցվածք, որի շնորհիվ բունը և ճյուղերը դառնում են ավելի հաստ և ճկուն՛ քամու ճնշմանը դիմակայելու համար: Ամուր արմատներն ու ճյուղերը պաշտպանում են ծառին քամիներից:4
Աստծո համար դուք ծառից շատ ավելի թանկ եք: Դուք Նրա որդին կամ դուստրն եք: Նա է ստեղծել ձեր հոգին՛ լինելու ամուր և ճկուն կյանքի պտտահողմերի դեմ: Ինչպես քամիները շյուղի համար, պտտահողմերը երիտասարդ տարիքում կարող են ավելացնել ձեր հոգևոր ուժը, պատրաստելով ձեզ գալիք տարիներին:
Ինչպե՞ս եք պատրաստվում ձեր պտտահողմերին: «Հիշե՛ք, … դա մեր Քավիչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, … իր նետերը պտտահողմում, … երբ նրա ողջ կարկուտը և նրա զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն չի ունենա զորություն … քաշելու ձեզ վար … այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք»:5 Դա է ձեր ապավենը պտտահողմից:
Նախագահ Թոմաս Ս. Մորսոնն ասել է. «Եթե մի ժամանակ Եկեղեցու չափանիշները և հասարակության չափանիշները հիմնականում համատեղելի էին, այժմ մի մեծ ճեղք է գոյացել դրանց մեջ, որը գնալով մեծանում է»:6 Ոմանց համար այդ ճեղքը հոգևոր ուժգին պտտահողմեր է բարձրացնում:
Անցյալ ամիս Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը մի նամակ հղեցին Եկեղեցու ղեկավարներին ամբողջ աշխարհում: Այնտեղ մասնավորապես ասվում է. «Քաղաքացիական օրենքում կատարվող փոփոխություններն իրականում չեն կարող փոխել Աստծո կողմից հաստատված բարոյական օրենքը: Աստված ակնկալում է, որ մենք պահենք և պահպանենք Նրա պատվիրանները, անկախ հասարակության տարամետ կարծիքներից կամ միտումներից: Նրա մաքրաբարոյության օրենքը հստակ է՛ սեռական հարաբերությունները պատշաճ են միայն տղամարդու և կնոջ միջև, ովքեր օրենքով և օրինապես ամուսնացած են որպես ամուսին և կին: Մենք կոչ ենք անում ձեզ՛ վերանայել … «Ընտանիք՛ հայտարարություն աշխարհին» հռչակագրում տրված վարդապետությունը»:7
Երբ աշխարհն ավելի ու ավելի է հեռանում Տիրոջ ողջախոհության օրենքից, մենք չենք հեռանում: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Մարդկության Փրկիչը՝ իր մասին խոսելով ասել է, որ լինելով աշխարհում, այս աշխարհից չէ: Մենք ևս կարող ենք լինել աշխարհում, սակայն ոչ աշխարհից, եթե մերժենք կեղծ հասկացողություններն ու կեղծ ուսմունքները, և հավատարիմ մնանք Աստծո պատվիրաններին»:8
Թեպետ շատ պետությունների կառավարություններ և բարեպաշտ անհատներ վերասահմանում են ամուսնությունը, Տերը՝ երբեք: Ի սկզբանե, Աստված հիմնեց ամուսնությունը տղամարդու և կնոջ՛ Ադամի և Եվայի միջև: Նա նախատեսեց, որ ամուսնության նպատակները պետք է վեր լինեն անձնական բավարարվածությունից և չափահասների կայացումից, իսկ որ առավել կարևոր է, պետք է զարգանան, ստեղծելով կատարյալ միջավայր՛ երեխաներ ունենալու, մեծացնելու և դաստիարակելու համար: Ընտանիքները երկնքի գանձն են:9
Ինչո՞ւ ենք մենք շարունակում խոսել այս մասին: Ինչպես Պողոսն է ասել. «Մենք երևող բաներին չենք մտիկ անում, այլ աներևույթներին»:10 Որպես Տեր Հիսուս Քրիստոսի Առաքյալների մեր պարտականությունն է ուսուցանել մեր Արարչի ծրագիրը Իր զավակներին և զգուշացնել Նրա պատվիրաններն արհամարհելու հետևանքների մասին:
Վերջերս, ես զրուցում էի Միացյալ Նահանգներից մի դափնի աղջկա հետ: Ես մեջբերում կանեմ նրա նամակից.
«Անցյալ տարի իմ մի քանի ընկերներ Facebook-ում սկսեցին գրել իրենց դիրքորոշումը ամուսնության վերաբերյալ: Շատերը կողմ էին համասեռ ամուսնությանը, իսկ մի քանի ՎՕՍ երիտասարդներ նշել էին, որ հավանում են այդ գրառումները: Ես ոչ մի կարծիք չգրեցի:
Որոշեցի ավանդական ամուսնության մասին իմ համոզմունքը հայտնել խելամիտ ձևով:
Իմ անձնական տվյալների մեջ նկարիս տակ ես ավելացրեցի հետևյալ գրառումը՛ «Ես հավատում եմ տղամարդու և կնոջ միջև ամուսնությանը»: Գրեթե անմիջապես ես սկսեցի ստանալ հաղորդագրություններ: «Դու եսասեր ես»: «Դու քննադատող ես»: Նրանցից մեկն ինձ նմանեցրեց ստրկատիրոջ: Եվ ես ստացա հետևյալ գրառումը իմ ընկերոջից, ով Եկեղեցու ամուր անդամ է. «Դու պետք է ժամանակին համընթաց քայլես: Ժամանակները փոխվում են, դու ևս պետք է փոխվես»:
«Ես չպայքարեցի,- ասում է նա,- բայցև չհանեցի իմ գրառումը»:
Նա եզրափակում է. «Երբեմն, ինչպես Նախագահ Մոնսոնն է ասում, դու պետք է միայնակ կանգնես»: Հուսով եմ, որպես երիտասարդներ, մենք կկանգնենք միասին՛ հավատարիմ Աստծուն և Նրա ապրող մարգարեների ուսմունքներին»:11
Մենք հատկապես պետք է մտահոգվենք նրանց համար, ովքեր մաքառում են համասեռամոլության դեմ: Դա հսկայական արագությամբ պտտահողմ է: Ես ցանկանում եմ իմ սերն ու հիացմունքն արտահայտել նրանց, ովքեր խիզախորեն դիմակայում են հավատքի այդ փորձությանը և հավատարիմ են մնում Աստծո պատվիրաններին:12 Բայց անկախ իրենց որոշումներից և համոզմունքներից, ամեն ոք պետք է արժանանա մեր բարեկիրթ և հարգալից վերաբերմունքին:13
Փրկիչն ուսուցանել է մեզ, որ սիրենք ոչ միայն մեր ընկերներին, այլ նաև նրանց, ովքեր համաձայն չեն մեզ հետ, և անգամ չեն ընդունում մեզ: Նա ասել է. «Որովհետև՛ եթե ձեզ սիրողներին սիրեք, ի՞նչ վարձք ունիք … Եվ եթե միայն ձեր եղբայրներին բարև տաք, ի՞նչ ավելի բան եք անում»:14
Մարգարե Ջոզեֆ Սմիթը նախազգուշացրել է մեզ, որ «զգուշանանք ինքնահավան արդարակեցությունից» և սիրով ու հարգանքով վերաբերվենք բոլոր տղամարդկանց և կանանց, մինչև իսկ ցանկություն ունենանք «բարձրացնել նրանց մեր ուսերին»:15 Հիսուս Քրիստոսի ավետարանում տեղ չունեն ծաղր ու ծանակը, կռվարարությունը կամ մոլեռանդությունը:
Եթե Եկեղեցու ղեկավարների տված խորհուրդների վերաբերյալ հարցեր ունեք, խնդրում եմ ձեր անկեղծ մտահոգություններով կիսվեք ձեր ծնողների և ղեկավարների հետ: Դուք ուժի կարիք ունեք, որը գալիս է Տիրոջ մարգարեներին վստահելուց: Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է. «Որպես այս եկեղեցու անդամներ … ապահով կլինենք միայն այն դեպքում, երբ … սովորենք ուշադրություն դարձնել խոսքերին և պատվիրաններին, որ Տերը տալիս է Իր մարգարեի միջոցով: … Կլինեն դեպքեր, երբ համբերություն և հավատք կպահանջվի: Գուցե ձեզ դուր չգա, այն ինչ կասվի: … Դա գուցե հակասի ձեր քաղաքական տեսակետներին, … ձեր սոցիալական տեսակետներին, … միջամտի … ձեր սոցիալական կյանքին: Բայց եթե լսեք այդ խոսքերը, ասես դրանք դուրս են եկել հենց Իր՛ Տիրոջ բերանից, … «դժոխքի դռները չեն հաղթի ձեզ … և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները …» (ՎևՈւ 21.6)»:16
Կյանքի պտտահողմերից պաշտպանվելու հզոր միջոց է Մորմոնի Գիրքը:
Երբ Նախագահ Հենրի Բ. Այրինգը դեռահաս էր, նրա ընտանիքը տեղափոխվեց մի նոր քաղաք: Սկզբում նրա համար տեղափոխությունն անչափ տհաճ էր, և նա քիչ ընկերներ ուներ: Նա իրեն օտար էր զգում ավագ դպրոցի իր ընկերական միջավայրում: Պտտահողմերը մոլեգնում էին: Ի՞նչ արեց նա: Նա իր էներգիան դրեց Մորմոնի Գրքում, որը կարդաց մի քանի անգամ:17 Տարիներ անց, Նախագահ Այրինգը վկայել է. «Ես [հաճույքով] էի գնում ետ Մորմոնի Գրքին՛ անհագ ըմպելով դրանից»:18 «[Դա] մեր ունեցած առավել հզոր գրավոր վկայությունն է, որ Հիսուսը Քրիստոսն է»:19
Տերը ձեզ տվել է ամուր կանգնելու մեկ այլ եղանակ՛ հոգևոր պարգև, որը հակառակորդի պտտահողմերից առավել զորավոր է: Նա ասել է. «Կանգնեք սուրբ տեղերում և մի շարժվեք»:20
Երբ ես դեռահաս էի, Եկեղեցում կար միայն 13 տաճար: Այժմ կա 142 տաճար: Եկեղեցու անդամների ութսունհինգ տոկոսն ապրում են տաճարից 200 մղոն հեռավորության վրա: Աշխարհի պատմության մեջ ի տարբերություն մյուս սերունդների, Տերը ձեր սերնդի համար ավելի հասանելի է դարձրել Իր սուրբ տաճարները:
Երբևէ կանգնե՞լ եք տաճարում, ճերմակ հագած, մկրտություններ կատարելուն պատրաստ: Ինչպե՞ս եք ձեզ զգացել: Տաճարում առկա է սրբության զգացումը: Փրկչի խաղաղությունը ճնշում է աշխարհի պտտահողմերին:
Տաճարում ձեր զգացողությունն օրինակ է հանդիսանում, թե ինչպես կցանկանայիք ձեզ զգալ կյանքում:21
Գտեք ձեր մահացած պապիկներին, տատիկներին և բարեկամներին: Նրանց անունները ձեզ հետ տարեք տաճար:22 Ձեր նախնիների մասին սովորելիս կտեսնեք կյանքի, ամուսնության, երեխաների, արդարակեցության օրինակներ, իսկ երբեմն էլ այնպիսի օրինակներ, որ կուզենաք անտեսել»:23
Ավելի ուշ տաճարում դուք ավելին կսովորեք աշխարհի Արարման, Ադամի և Եվայի կյանքի օրինակի, իսկ, ամենակարևորն է, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին:
Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, մենք շատ ենք սիրում ձեզ, հիանում ենք ձեզանով և աղոթում ենք ձեզ համար: Թույլ մի տվեք, որ պտտահողմերը տապալեն ձեզ: Սա որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ ամուր կանգնելու ձեր ժամանակն է:24
Ավելի ամուր կառուցեք ձեր հիմքը ձեր Քավչի վեմի վրա:
Ավելի լիարժեքորեն գնահատեք Նրա անզուգական կյանքը և ուսմունքները:
Ավելի ջանասիրաբար հետևեք Նրա օրինակին և Նրա պատվիրաններին:
Առավել խորը ընկալեք Նրա սերը, Նրա ողորմածությունն ու շնորհը, և Նրա Քավության զորավոր պարգևները:
Այդ դեպքում, ես խոստանում եմ ձեզ, դուք իրականում կտեսնեք, որ պտտահողմերն իրենցից ներկայացնում են փորձություններ, գայթակղություններ, շեղումներ կամ մարտահրավերներ, որոնք կօգնեն ձեզ աճել: Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե տարեցտարի մշտապես արդար կյանքով ապրեք, ձեր փորձություններն ամեն անգամ կհաստատեն ձեզ, որ Հիսուսը Քրիստոսն է: Ձեր ոտքերի տակի հոգևոր վեմը կլինի ամուր և ապահով: Դուք ուրախ կլինեք, որ Աստված բերել է ձեզ այստեղ՛ Քրիստոսի փառահեղ վերադարձից առաջ վերջին նախապատրաստական գործի մասնակիցը լինելու:
Փրկիչն ասել է. «Ձեզ որբ չեմ թողիլ. կգամ ձեզ մոտ»:25 Սա ձեզ ուղղված Նրա խոստումն է: Ես գիտեմ, այդ խոստումն իրական է: Ես գիտեմ, որ Նա ապրում է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: