2010–2019 թթ․
Ընտրություն ունեցող սերունդ
Ապրիլ 2014


11:23

Ընտրություն ունեցող սերունդ

Դուք ընտրվել եք մասնակցելու Նրա աշխատանքին այս ժամանակ, քանի որ Նա վստահում է ձեզ, որ դուք կանեք ճիշտ ընտրություն։

Երիտասարդ տղամարդիկ, հավանաբար, դուք նախկինում լսել եք, որ դուք «ընտիր սերունդ եք», այն իմաստով, որ Աստված ընտրել ու նախապատրաստել է ձեզ գալու երկիր այս ժամանակ մեծ նպատակի համար։ Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։ Սակայն, այս երեկո ես կցանկանայի ձեզ դիմել որպես «ընտրություն ունեցող սերունդ», քանի որ պատմության մեջ երբեք մարդիկ օրհնված չեն եղել այդքան շատ ընտրություններով։ Ավելի շատ ընտրությունները նշանակում են ավելի շատ հնարավորություններ, նշանակում է ավելի շատ ներուժ՝ բարի գործեր և, դժբախտաբար, չար գործեր անելու համար։ Աստված այս ժամանակ է ձեզ ուղարկել այստեղ, քանի որ Նա վստահ է, որ դուք հաջողությամբ կզանազանեք այսօրվա զարմանալիորեն բազմազան ընտրությունների միջև։

1974թ․ Նախագահ Սփենսեր Վ․ Քիմբալն ասել է․ «Ես գիտեմ, որ Տերը ցանկանում է մեր ձեռքը տալ այնպիսի տեխնոլոգիական գործիքներ, որ նույնիսկ մասնագետները դժվար կպատկերացնեին» (“When the World Will Be Converted,” Ensign, Oct. 1974, 10)։

Եվ Նա արեց դա։ Դուք մեծանում եք պատմության մեջ հայտնի բարիք գործելու ամենամեծ գործիքը՝ համացանցն ունենալով ձեր տրամադրության տակ։ Քանի որ մենք ունենք այդ գործիքը, մենք ունենք ընտրության լայն հնարավորություններ։ Այնուամենայնիվ, այս ընտրության առատությունն իր հետ կրում է հավասար չափով պատասխանատվություն։ Այն ձեզ թույլ է տալիս մուտք գործել աշխարհի ինչպես ամենալավ, այնպես էլ ամենավատ բաների մեջ։ Դրանով դուք կարճ ժամանակահատվածում կարող եք իրագործել մեծ բաներ, կամ կարող եք ընկնել անվերջ թվով անկարևոր բաների թակարդը, որոնք կվատնեն ձեր ժամանակը և կպակասեցնեն ձեր ներուժը։ Կոճակի մեկ սեղմումով կարող եք ստանալ այն ամենը, ինչ ձեր սիրտը ցանկանա։ Սկզբունքը միայն այն է, թե ի՞նչ կցանկանա ձեր սիրտը։ Ինչի՞ եք դուք ձգտում։ Ինչի՞ կհանգեցնեն ձեր ցանկությունները։

Հիշեք, որ Աստված «մարդկանց շնորհում է ըստ իրենց ցանկության» (Ալմա 29․4), և որ Նա «կդատի բոլոր մարդկանց՝ համաձայն նրանց գործերի, համաձայն նրանց սրտերի ցանկությունների» (ՎևՈւ 137․9; տես նաև Ալմա 41․3

Երեց Բրյուս Ռ. Մաքկոնկին ասել է․ «Իրական, սակայն փոխաբերական իմաստով կյանքի գիրքը մարդկանց գործերի գրառումն է և այդ գրառումը գրված է իրենց մարմինների վրա… . Այսինքն՝ ամեն մի միտք, խոսք և արարք [ազդում է] մարդկային մարմնի վրա։ Այս բոլորը իրենց նշաններն են թողնում, նշաններ, որոնք կարող են միայն հեշտությամբ ինչպես բառերը գրքի մեջ կարդացվել Նրա կողմից, ով Հավերժական է» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 97)։

Համացանցը ևս գրանցում է ձեր ցանկությունները՝ արտահայտված փնտրումների և մատնազարկերի ձևով։ Կան շատ միջոցներ ձեր ցանկություններն իրագործելու համար։ Երբ դուք համացանցում եք, դուք թողնում եք հետքեր այն մասին, թե ինչ եք գրել, որտեղ եք եղել, որքան ժամանակ եք անցկացրել այնտեղ և նման բաներ, որոնք ձեզ հետաքրքրել են։ Այդ ձևով համացանցը ձեր մասին ստեղծում է կիբեր բնութագիր, այսինքն՝ «կյանքի եթերային գիրք»։ Ինչպես իրական կյանքում՝ համացանցը ձեզ կտա ավելի ու ավելի շատ այն, ինչ փնտրում եք։ Եթե ձեր ցանկությունները մաքուր են, համացանցը կարող է այն մեծացնել, որն ավելի հեշտ է դարձնում արժանի գործերով զբաղվելը։ Սակայն հակառակը նույնպես ճիշտ է։

Երեց Նիլ Ա․ Մաքսվելն այսպես է ասել․

«Ժամանակի ընթացքում այն ինչ մենք համառորեն ցանկանում ենք, ի վերջո դառնում են այն, ինչ մենք կստանանք հավերժության մեջ… .

… Միայն կրթելով և դաստիարակելով է, որ մեր ցանկությունները թշնամու փոխարեն դառնում են մեր դաշնակիցները» (“According to the Desire of [Our] Hearts,” Ensign, Nov. 1996, 21, 22)։

Իմ երիտասարդ եղբայրներ, եթե դուք ակտիվ չեք ձեր ցանկությունները կրթելու հարցում, ապա աշխարհը կանի դա ձեր փոխարեն։ Ամեն օրը աշխարհը ձգտում է ազդել ձեր ցանկությունների վրա գայթակղելով ձեզ գնել մի բան, սեղմել ինչ-որ կոճակ, խաղալ որևէ բան, կարդալ կամ դիտել ինչ-որ բան։ Ի վերջո ընտրությունը ձերն է։ Դուք ունեք ազատ կամք։ Այն զորություն է ոչ միայն գործելու ըստ ձեր ցանկությունների, այլ նաև զտելու, մաքրելու և վսեմացնելու ձեր ցանկությունները։ Ազատ կամքը ձեր ուժն է՝ դառնալու այն, ինչ ցանկանում եք։ Յուրաքանչյուր ընտրություն հեռացնում կամ մոտեցնում է նրան, ինչ Աստված ցանկանում է, որ դուք դառնաք։ Ամեն մի ստեղնի սեղմում էական է։ Միշտ ինքներդ ձեզ հարց տվեք․ «Ինչի՞ կհանգեցնի այս որոշումը»: Ունակություն զարգացրեք տեսնելու ձեր արարքների հետևանքները։

Սատանան ցանկանում է վերահսկել ձեր ազատ կամքը, որպեսզի կարողանա վերահսկել, թե ով կդառնաք դուք։ Նա գիտի, որ դա անելու լավագույն միջոցներից մեկը ձեզ հակվածություն առաջացնող վարքագծի ծուղակը գցելն է։ Ձեր ընտրություները են որոշում, թե արդյոք նոր տեխնոլոգիաները կզորացնեն ձեզ, թե կհպատակեցնեն ձեզ։

Թույլ տվեք առաջարկել չորս սկզբունք, որոնք կօգնեն ձեզ, ընտրություն ունեցող սերնդին, կրթելու ձեր ցանկությունները և կառաջնորդեն տեխնոլոգիաների կիրառման հարցում։

Առաջինը․ Իմանալով, թե իրականում ով եք դուք՝ ընտրություն կայացնելը դառնում է ավելի հեշտ։

Ես մի ընկեր ունեմ, ով այս ճշմարտությունը անձամբ է զգացել։ Նրա որդին մեծացել էր Եկեղեցում, սակայն նա կարծես հոգեպես թափառում էր։ Նա հաճախ հրաժարվում էր քահանայությունը կիրառելու հնարավորություններից։ Նրա ծնողները հիասթափվեցին, երբ նա հայտարարեց, որ նա չէր ցանկանում միսիա ծառայել։ Իմ ընկերը ջերմեռանդորեն աղոթեց որդու համար, հույս ունենալով, որ նա սրտի փոփոխություն կզգա։ Այդ հույսերը փշրվեցին, երբ որդին հայտարարեց, որ նա նշանվել է և պատրաստվում է ամուսնանալ։ Հայրը աղաչում էր որդուն ստանալ իր հայրապետական օրհնությունը։ Ի վերջո, որդին համաձայնվեց, սակայն պնդեց, որ հայրապետի մոտ միայնակ գնար։

Երբ օրհնություն ստանալուց հետո վերադարձավ, նա շատ հուզված էր։ Նա ընկերուհուն դուրս տարավ, որտեղ կարող էր առանձին խոսել նրա հետ։ Հայրը մի պահ դուրս նայեց և տեսավ երիտասարդ զույգին իրար արցունքները սրբելիս։

Ավելի ուշ որդին հոր հետ կիսվեց պատահածով։ Մեծ հուզմունքով նա բացատրեց, որ օրհնություն ստանալուց, նա մի պահ տեսել էր, թե ով էր եղել նախաերկրային կյանքում։ Նա տեսել էր, թե որքան խիզախ ու ազդեցիկ էր նա եղել ուրիշներին համոզելիս՝ հետևելու Քրիստոսին։ Իմանալով, թե իսկապես ով է ինքը, ինչպե՞ս կարող էր նա չծառայել միսիայում։

Երիտասա՛րդ տղամարդիկ, հիշեք, թե իսկապես ով եք դուք։ Հիշեք, որ դուք կրում եք սուրբ քահանայություն։ Դա ձեզ կոգեշնչի կատարելու ճիշտ քայլեր և՛ համացանց օգտագործելիս, և՛ ձեր ողջ կյանքի ընթացքում։

Երկրորդ․ Միացեք էներգիայի աղբյուրին

Անմիջապես ձեր ափերի մեջ դուք ունեք տարիների փորձը, ամենակարևորը՝ մարգարեների խոսքերը Հին Կտակարանի ժամանակներից մինչև Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը։ Սակայն, եթե դուք պարբերաբար չեք լիցքավորում ձեր բջջային հեռախոսը, ապա այն անօգուտ է և դուք մոլորված ու կապից դուրս եք զգում։ Դուք նույնիսկ մեկ օր չէիք մնա առանց մարտկոցի լիցքավորման։

Որքան որ կարևոր է տնից դուրս գալիս ամբողջությամբ լիցքավորել բջջային հեռախոսը, շատ ավելի կարևոր է ամբողջովին լիցքավորվել հոգեպես։ Ամեն անգամ ձեր հեռախոսը սնման աղբյուրին միացնելիս կիրառեք դա որպես հիշեցում ձեզ հարց տալու համար, թե արդյոք դուք միացել եք հոգևոր էներգիայի ամենակարևոր աղբյուրին՝ աղոթքին և սուրբ գրությունների ուսումնասիրությանը, որը Սուրբ Հոգու ոգեշնչմամբ փոխում է ձեզ (տես ՎևՈւ 11․12–14)։ Այն կօգնի ձեզ իմանալ Տիրոջ միտքն ու կամքը, որպեսզի ամենօրյա փոքրիկ ընտրություններ անեք, որոնք կորոշեն ձեր ուղղությունը։ Մեզանից շատերն անմիջապես կանգ են առնում հաղորդագրություն կարդալու համար։ Արդյո՞ք չպետք է ավելի կարևորություն տալ Տիրոջից եկող հաղորդագրություններին։ Մենք երբեք չպետք է անուշադրության մատնենք այդ աստվածային աղբյուրին միանալը (տես 2 Նեփի 32․3

Երրորդ․ Խելախոսի սեփականատեր լինելը ինքնին ձեզ խելացի չի դարձնում, սակայն դրա խելացի կիրառումը իսկապես դարձնում է։

Երիտասարդներ, անմիտ բաներ մի արեք ձեր խելախոսներով։ Դուք բոլորդ էլ գիտեք, թե ես ինչ նկատի ունեմ (տես Մոսիա 4․29)։ Շատ անհամար ձևերով տեխնոլոգիաները կարող են շեղել ձեզ ամենակարևոր բանից։ Հետևեք ասացվածքին․ «Տեղ հասնելուն պես մնացեք այդտեղ»։ Երբ մեքենա եք վարում, ապա միայն վարեք։ Երբ դասարանում եք, կենտրոնացեք դասի վրա։ Երբ ընկերների հետ եք, ուշադրություն դարձրեք նրանց։ Ձեր ուղեղը միևնույն ժամանակ երկու բանի վրա չի կարող կենտրոնանալ։ Բազմաթիվ խնդիրներն արագ ձեր ուշադրությունը մի բանից շեղում են դեպի մյուս բանը։ Հին ասացվածքն ասում է․ «Երկու նապաստակի հետևից ընկնես, ոչ մեկին էլ չես բռնի»։

Չորրորդ․ Տերը տեխնոլոգիաները հասանելի է դարձնում Իր նպատակներն իրագործելու համար:

Տեխնոլոգիաների աստվածային նպատակը փրկության ծրագիրն արագացնելն է։ Որպես ընտրություն ունեցող սերնդի անդամներ, դուք հասկանում եք տեխնոլոգիաները։ Օգտագործեք այն դեպի կատարելիություն ձեր առաջընթացն արագացնելու համար։ Քանի որ ձեզ շատ է տրված, դուք նույնպես պետք է տաք (տես “Because I Have Been Given Much,” Hymns, no. 219)։ Տերը ցանկանում է, որ դուք այդ հիանալի գործիքներն օգտագործելով, Իր աշխատանքը հասցնեք հաջորդ մակարդակին՝ կիսվելու ավետարանով այնպիսի եղանակներով, որոնք իմ սերնդի ամենախոր պատկերացումներից այն կողմ են։ Մինչ հին սերունդը ներգործում է իր հարևանների ու իր քաղաքի մարդկանց վրա, դուք համացանցի և սոցիալական կայքերի շնորհիվ զորություն ունեք դուրս գալու սահմաններից և ներգործել ողջ աշխարհի վրա։

Ես վկայում եմ, որ սա Տիրոջ Եկեղեցին է։ Դուք ընտրվել եք մասնակցելու Նրա աշխատանքին այս ժամանակ, քանի որ Նա վստահում է ձեզ, որ դուք կանեք ճիշտ ընտրություն։ Դուք ընտրություն ունեցող սերունդ եք։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։