Գործին կանչված
Հատուկ տարածքում աշխատելու համար նշանակումն անհրաժեշտ և կարևոր է, սակայն երկրորդական է գործին կանչվելու համեմատությամբ:
Նախագահ Մոնսոն, մենք ոգևորվում ենք ձեր ձայնը լսելուց և ձեզանից առաջնորդություն ստանալուց: Մենք սիրում ենք ձեզ, աջակցում ենք ձեզ ու միշտ աղոթում ենք ձեզ համար:
Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին մեզ օգնի, մինչ մենք միասին կքննարկենք ավետարանը ամեն ազգի,ցեղի,լեզվի և ժողովրդիքարոզելու կարևոր աշխատանքին վերաբերող սկզբունքները:
Կանչված եք ծառայելու և նշանակված եք աշխատելու
Ամեն տարի տասնյակ հազարավոր երիտասարդ տղամարդիկ ու երիտասարդ կանայք և շատ տարեց զույգեր անհամբերությամբ սպասում են մի հատուկ նամակի Սոլթ Լեյք Սիթիից: Նամակի բովանդակությունը ընդմիշտ ներգործում է այն մարդու վրա, ում ուղղված է, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների ու շատ այլ մարդկանց վրա: Ծրարը ստանալուն պես այն բացում են զգուշորեն և համբերությամբ, կամ պատռում են հուզմունքով ու շտապողականությամբ: Այս հատուկ նամակի ընթերցումը մի անմոռանալի փորձառություն է:
Նամակը ստորագրված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի կողմից, և առաջին երկու նախադասություններն այսպես են հնչում. «Սույն նամակով դուք կանչված եք ծառայելու որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միսիոներ: Դուք նշանակված եք աշխատելու ______ միսիայում»:
Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, որ առաջին նախադասությունը Տիրոջ վերականգնված Եկեղեցում որպես լիաժամկետ միսիոներ ծառայելու կանչն է: Երկրորդ նախադասությունը նշում է հատուկ վայրում և միսիայում աշխատելու հանձնարարությունը: Բոլորիս համար անհրաժեշտ է հասկանալ այս երկու նախադասություններում արտահայտված կարևոր հստակեցումը:
Եկեղեցու մշակույթում մենք հաճախ խոսում ենք որևէ երկիր, օրինակ՝ Արգենտինա, Լեհաստան, Կորեա կամ Միացյալ Նահանգներ ծառայելու կանչի մասին: Սակայն միսիոները չի կանչվում ինչ-որ վայր, այլ կանչվում է ծառայելու: Ինչպես Տերն է հայտնել 1829թ.-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, «Եթե դուք ցանկություն ունեք Աստծուն ծառայելու, ապա կանչված եք գործին»:
Միսիայի յուրաքանչյուր կանչ և հանձնարարություն կամ հաջորդող վերահանձնարարություն հանդիսանում է Տիրոջ ծառաների միջոցով ստացված հայտնություն: Գործին կանչվելը գալիս է Աստծուց` Եկեղեցու Նախագահի միջոցով: Ներկայումս ողջ աշխարհում գործող 400-ից ավելի միսիաներից մեկում նշանակվելը գալիս է Աստծուց` Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներից մեկի միջոցով, ով գործում է Տիրոջ կենդանի մարգարեի լիազորության ներքո: Մարգարեության և հայտնության հոգևոր պարգևներն ուղեկցում են միսիայի բոլոր կանչերն ու հանձնարարությունները կատարելիս:
Վարդապետություն և Ուխտերի 80-րդ բաժինը մի հիշատակարան է Ստեփան Բարնեթի միսիոներական կանչի մասին` տրված Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով 1832թ.-ին: Ուսումնասիրելով Եղբայր Բարնեթի կանչը կարող ենք (1) ավելի պարզ հասկանալ որպես միսիոներ «գործին կանչված» լինելու ու որոշակի տարածքում «աշխատելու համար նշանակված» լինելու տարբերությունը և (2) լիարժեք գնահատել ավետարանը քարոզելու մեր անհատական և աստվածայնորեն նշանակված պատասխանատվությունը:
Այս բաժնի 1-ին հատվածը ծառայելու կանչ է. «Ճշմարիտ, այսպես է ասում Տերը քեզ, իմ ծառա՛ Ստեփան Բարնեթ. գնա՛, գնա՛ աշխարհի մեջ և քարոզիր ավետարանն ամեն արարածի, ում հասանելի է քո ձայնի հնչումը»:
Հետաքրքրական է, որ 2-րդ հատվածը Եղբայր Բարնեթին հայտնում է իր միսիոներական զուգընկերոջ մասին, ով նշանակված է ծառայել նրա հետ. «Եվ քանի որ դու գործընկեր ես ուզում, ես կտամ քեզ իմ ծառա Իդեն Սմիթին»:
3-րդ հատվածը ցույց է տալիս, թե որտեղ են այս երկու միսիոներները ծառայելու. «Ուստի, գնացեք և քարոզեք իմ ավետարանը, թե՛ դեպի հյուսիս, թե՛ դեպի հարավ, թե՛ դեպի արևելք, թե՛ դեպի արևմուտք, նշանակություն չունի, քանզի հնարավոր չէ, որ դուք սխալ գնաք»:
Չեմ կարծում, որ այս հատվածում Տիրոջ կողմից կիրառված «նշանակություն չունի» արտահայտությունը նշանակում է, որ Նրան չի հետաքրքրում, թե որտեղ են Իր ծառաներն աշխատում: Իրականում, Նրան խորապես մտահոգում է դա: Սակայն, քանի որ ավետարանը քարոզելու աշխատանքը Տիրոջ գործն է, Նա ոգեշնչում, ուղղորդում և առաջնորդում է Իր լիազորված ծառաներին: Երբ միսիոներները ձգտում են ավելի արժանի և ունակ գործիքներ լինել Նրա ձեռքում և իրենց հնարավորությունների չափ հավատարմությամբ կատարել իրենց պարտականությունները, ապա որտեղ էլ որ ծառայեն, Նրա օգնությամբ «հնարավոր չէ, որ [նրանք] սխալ [գնան]»: Գուցե այս հայտնությունում Փրկիչի ուսուցանած դասերից մեկն այն է, որ հատուկ տարածքում աշխատելու համար նշանակումն անհրաժեշտ և կարևոր է, սակայն երկրորդական է գործին կանչվելու համեմատությամբ:
Հաջորդ հատվածն ընդգծում է բոլոր միսիոներների համար կարևոր որակավորումները. «Հետևաբար, հայտարարեք այն բաները, որոնք դուք լսել եք, և արդարև հավատացել եք, և գիտեք, որ ճշմարիտ են»:
Վերջին հատվածը Եղբայր Բարնեթին և մեզանից յուրաքանչյուրին հիշեցնում է, թե ծառայելու կանչն ումից է իրականում գալիս. «Ահա, սա է կամքը նրա, ով կանչել է ձեզ, ձեր Քավիչի, այսինքն` Հիսուս Քրիստոսի: Ամեն»:
Հաղթահարել թյուրիմացությունը
Ձեզանից մի քանիսը հավանաբար մտածում են, թե ինչու եմ քահանայության գերագույն համաժողովին ընտրել խոսել գործին կանչվելու և աշխատանքին նշանակվելու միջև եղած ակնհայտ տարբերության մասին: Իմ պատասխանն այս հարցին շատ պարզ է. իմ փորձառությունն ինձ սովորեցրել է, որ Եկեղեցու շատ անդամներ լավ չեն հասկանում այս սկզբունքները:
Այս հարցի շուրջ խոսելու ամենամեծ պատճառն այն է, ինչը ես սովորել եմ ժամանակի ընթացքում շատ միսիոներների ունեցած մտահոգությունների, անհանգստության և նույնիսկ մեղքի զգացումի մասին, ովքեր զանազան պատճառներով իրենց ծառայության ընթացքում վերանշանակվել են աշխատելու այլ տարածքում: Ավետարանը քարոզելու աշխատանքի ընթացքում նման վերանշանակումները երբեմն անհրաժեշտ են որոշ իրադարձությունների և հանգամանքների պատճառով, օրինակ` վթարներն ու վնասվածքները, վիզա ձեռք բերելիս ուշացումներն ու խոչնդոտները, քաղաքական անկայունությունը, նոր միսիաների ստեղծումն ու համալրումը կամ աշխարհում մշտական ծավալվող ու փոփոխվող կարիքները:
Երբ միսիոները վերանշանակվում է ծառայել այլ տարածքում, այդ և սկզբնական նշանակման գործընթացները միևնույնն են: Տասներկուսի Քվորումի անդամները բոլոր նման վերանշանակումները կատարելիս հետևում են աստվածային ոգեշնչմանն ու առաջնորդությանը:
Վերջերս ես խոսեցի մի հավատարիմ մարդու հետ, ով ինձ հետ կիսվեց իր սրտի խորքում եղած զգացումներով: Ժողովներից մեկի ընթացքում ես բացատրել էի գործին կանչվելու և աշխատանքին նշանակվելու միջև եղած տարբերությունը: Այս բարի եղբայրը սեղմեց ձեռքս և արցունքն աչքերին ասաց ինձ. «Այն ամենն, ինչ դուք օգնեցիք ինձ հասկանալ այսօր, թեթևացրեց բեռս, որը ես կրում էի ավելի քան 30 տարի: Որպես երիտասարդ միսիոներ, իմ սկզբնական հանձնարարությունը Հարավային Ամերիկայի տարածքում էր: Սակայն ես չկարողացա վիզա ձեռք բերել, և հետևաբար ինձ նշանակեցին Միացյալ Նահանգներ: Այս բոլոր տարիների ընթացքում մտածում էի, թե ինչու չկարողացա ծառայել այնտեղ, որտեղ կանչված էի: Այժմ գիտեմ, որ կանչված էի գործին, այլ ոչ թե ինչ-որ տարածք: Այս սկզբունքի ըմբռնումն ինձ օգնեց ավելի շատ, քան կարող եմ արտահայտել»:
Սրտիս խորքում կարեկցանք զգացի այս լավ մարդու հանդեպ: Աշխարհի տարբեր մասերում այս հիմնական սկզբունքներն ուսուցանելիս շատ մարդիկ անհատապես մոտեցել են ինձ ու արտահայտել միևնույն զգացումներն, ինչ որ այս մարդն արտահայտեց: Այսօր ես խոսում եմ այս թեմայի շուրջ, որպեսզի այս Եկեղեցու ոչ մի անդամ չկրի թյուրիմացության, անորոշության, տանջանքի կամ մեղքի զգացումի ավելորդ բեռը աշխատանքին նշանակվելու հարցում:
«Ուստի, գնացեք և քարոզեք իմ ավետարանը, թե՛ դեպի հյուսիս, թե՛ դեպի հարավ, թե՛ դեպի արևելք, թե՛ դեպի արևմուտք, նշանակություն չունի, քանզի հնարավոր չէ, որ դուք սխալ գնաք»:Երբ խորհեք այս հատվածի բառերի շուրջ և բացեք ձեր սրտերը, հույս ունեմ և աղոթում եմ, որ կհրավիրեք Սուրբ Հոգուն ձեր հոգու խորքը բերել այն ըմբռնումը, ապաքինումն ու վերականգնումը, որի կարիքը դուք ունեք:
Պատճառներից մեկը, որը ոգեշնչեց ինձ խոսել այս թեմայով , հանդիսանում է տարիներ շարունակ միսիոներներին իրենց տարածքներում նշանակելու իմ փորձառությունը: Ոչինչ այնպես հզոր չի հաստատում վերջին օրերի շարունակական հայտնության իրական լինելը , որքան Տասներկուսի Քվորումի համար Տիրոջ կամքի զգացողությունը , երբ մենք կատարում ենք մեր պարտականությունը` միսիոներներին իրենց համապատասխան տարածքներում նշանակելիս: Ես վկայում եմ, որ Փրկիչը ճանաչում է և հոգ է տանում մեզանից յուրաքանչյուրի մասին «մեկ առ մեկ» և անուն առ անուն:
Նախապատրաստվենք գործի կանչվել
Այժմ ես ցանկանում եմ համառոտ անդրադառնալ մի հիմնարար, սակայն երբեմն անտեսվող հարցի, որն առնչվում է գործին կանչվելու հետ:
Երեք փոխկապակցված բառեր բնութագրում են պատրաստված ու առաջընթաց ունեցող Աստծո որդիների օրինակը. քահանայություն, տաճար, միսիա: Երբեմն, որպես ծնողներ, ընկերներ ու Եկեղեցու անդամներ, մենք այնքան շատ ենք կենտրոնանում երիտասարդ տղամարդկանց միսիոներական նախապատրաստության վրա, որ ինչ-որ չափով կարող ենք անտեսել ուխտ կապելու ճանապարհին գտնվող մյուս էական քայլերը, որոնք անհրաժեշտ են իրականացնել լիաժամկետ միսիոներական աշխատանքը սկսելուց առաջ: Միսիոներ լինելն, անշուշտ, ողջ կյանքի հոգևոր աճի ու ծառայության համար ամուր հիմք գցելու գործընթացում հանդիսանում է էական տարրերից մեկը, սակայն ոչ միակը: Քահանայությունն ու տաճարային օրհնությունները, որոնք նախորդում են աշխատելու համար նշանակված տարածք հասնելուն, նույնպես անհրաժեշտ են մեր ողջ կյանքի ընթացքում մեզ հոգեպես ամրացնելու և զորացնելու համար:
Երիտասարդ տղամարդիկ, Ահարոնյան կամ փոքրագույն Քահանայության պարտականությունները կատարելիս դուք նախապատրաստվում եք ստանալ ու մեծարել Մելքիսեդեկյան կամ բարձրագույն Քահանայության երդումն ու ուխտը: Անձնական արժանավորությունը միակ և ամենակարևոր պահանջմունքն է բարձրագույն քահանայությունը ստանալու համար: Ձեզ ողջ կյանքի ընթացքում սպասում է քահանայության ինքնամոռաց ծառայություն: Նախապատրաստվեք այժմ` հաճախակի մատուցելով իմաստալից ծառայություն: Խնդրում եմ, սովորեք սիրել արժանի լինել ու արժանի մնալ: Եղե՛ք արժանի: Մնացե՛ք արժանի:
Մելքիսեդեկյան Քահանայությունն ու ծառայելու կանչը ստանալուց հետո երիտասարդ տղամարդը կարող է սուրբ տաճարի ուխտերի ու արարողությունների միջոցով զինվել զորությամբ: Տաճար գնալն ու տաճարի հոգին զգալը լիաժամկետ միսիոներին արդյունավետ ծառայություն են խոստանում: Երիտասարդ տղամարդիկ և Եկեղեցու անդամներ, ձեզ բոլորիդ համար անձնական արժանավորությունը միակ և ամենակարևոր պահանջմունքն է, որպեսզի ստանաք տաճարային օրհնությունները: Եթե ապրեք համաձայն ավետարանի չափանիշների, կարող եք մտնել Տիրոջ տունն ու մասնակցել սրբազան արարողություններին ձեր պատանեկության տարիներին: Ձեր սերը տաճարային արարողությունների հանդեպ և դրանց ըմբռնումը կամրացնեն ու կօրհնեն ձեզ ձեր ողջ կյանքի ընթացքում: Խնդրում եմ, սովորեք սիրել արժանի լինել ու արժանի մնալ: Եղե՛ք արժանի: Մնացե՛ք արժանի:
Շատ երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք արդեն ունեն գործող սահմանափակ օգտագործման տաճարային երաշխավորագիր: Որպես Ահարոնյան Քահանայություն կրողներ, դուք փնտրում եք ձեր սեփական ընտանիքի անդամների անուններն ու տաճարում կատարում մկրտության ու հաստատման արարողություններ նրանց համար: Տաճարային երաշխավորագիր կրելը ցույց է տալիս ձեր արժանավորությունը, իսկ տաճարում ուրիշներին ծառայելը հանդիսանում է Մելքիսեդեկյան Քահանայությունը ստանալու համար կարևոր նախապատրաստում:
Երիտասարդ տղամարդիկ, ձեզանից յուրաքանչյուրն այժմ միսիոներ է: Ամեն օր դուք շրջապատված եք ընկերներով ու հարևաններով, «որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն»: Սուրբ Հոգու առաջնորդությամբ կարող եք կիսվել մի մտքով, հրավերով, հաղորդագրությամբ, որը ձեր ընկերներին կներկայացնի վերականգնված ավետարանի ճշմարտությունները: Կարիք չկա, որ դուք սպասեք ձեր պաշտոնական կանչին, որպեսզի ջերմեռանդորեն ներգրավվեք միսիոներական աշխատանքի մեջ:
Երբ քահանայության, տաճարային և միսիոներական օրհնությունները միասին «բովանդակուի Քրիստոսումը»և համատեղ կերպով փոխազդեն երիտասարդ միսիոների սրտում, մտքում և հոգում, ապա նա կարող է պատրաստ համարվել գործի համար: Նրա կարողությունը մեծանում է Տեր Հիսուս Քրիստոսին լիազորությամբ ներկայացնելու իր պատասխանատվությունը կատարելիս: Քահանայությունն ու տաճարային ուխտերը պատվելու, «աստվածայնության զորությունը»քահանայության արարողությունների միջոցով ստանալու, անվերապահորեն ծառայելու և հավիտենական ավետարանն Աստծո զավակներին քարոզելու հոգեպես զորեղ համակցությունը իրավունք է տալիս երիտասարդ տղամարդուն դառնալ «կայուն ու հաստատուն հավատքում»և «արմատացած ու [Քրիստոսում] շինուած»:
Մեր տներում և եկեղեցում մենք պետք է հավասարապես շեշտադրենք պատրաստված ու առաջընթաց ունեցող Աստծո հավատարիմ որդիների օրինակի բոլոր երեք բաղկացուցիչ մասերը . քահանայություն, տաճար, միսիա: Բոլոր երեքն էլ մեզանից պահանջում են սիրել արժանի լինել ու մնալ այդպիսին: Եղե՛ք արժանի: Մնացե՛ք արժանի:
Խոստում և վկայություն
Իմ սիրելի՛ եղբայրներ, ես խոստանում եմ, որ հայտնության հոգևոր պարգևը կուղեկցի ավետարանը քարոզելու ձեր կանչն ու հատուկ տարածքում աշխատելու համար ձեր նշանակումը կատարելուն: Եթե դուք այժմ ջանասիրաբար նախապատրաստվեք` անվերապահորեն կատարելով քահանայության ու տաճարային ծառայությունները, ձեր վկայությունը Տիրոջ կենդանի լինելու իրողության մասին կամրապնդվի: Նրա և Նրա աշխատանքի հանդեպ սերը կլցվի ձեր սրտում: Եթե սովորեք սիրել արժանի լինել, ապա դուք կդառնաք հզոր գործիք Տիրոջ ձեռքում շատ մարդկանց օրհնելու և ծառայելու համար:
Ես ուրախությամբ վկայում եմ, որ մեր Երկնային Հայրն ու Նրա Սիրելի Որդին` Հիսուս Քրիստոսը, ապրում են: Նրանց ծառայության մեջ ներգրավված լինելը մեծագույն օրհնություններից մեկն է, որ մենք կարող ենք ստանալ: Ես սա վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: