Տիրոջն ապավինիր և քո հասկացողությանը մի վստահիր
Մենք կարող ենք կենտրոնացնել մեր կյանքը Փրկիչի վրա, սկսելով ճանաչել Նրան, և Նա կուղղորդի մեր ուղիները:
Երբ ես ճանապարհորդում էի Ասիայում, մի հաճելի քույր մոտեցավ ինձ: Նա ինձ գրկեց և հարցրեց. «Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ այս ավետարանը ճշմարիտ է»: Սիրելի քույր, ես գիտեմ, որ այն ճշմարիտ է: Ես վստահում եմ Տիրոջը:
Առակաց 3.5–6-ում մենք կարդում ենք այս խորհուրդը.
«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողութեանը մի վստահիր:
Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կուղղէ՝ քո ճանապարհները»:
Այս սուրբ գրությունը գալիս է երկու հորդորով՝ նախազգուշացումով և փառահեղ խոստումով: Հորդորում է. «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը» և «Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան»: Նախազգուշացնում է. «քո հասկացողութեանը մի վստահիր»: Եվ փառահեղ խոստում է տալիս. «նա կուղղէ՝ քո ճանապարհները»:
Եկեք առաջինը քննարկենք նախազգուշացումը: Տեսողական պատկերը մեզ շատ բան է տալիս խորհրդածելու համար: Նախազգուշացումը գալիս է «մի վստահիր» բառերով՝ «քո հասկացողութեանը մի վստահիր»: Անգլերենում lean բառն ունի ֆիզիկապես դեպի մի կողմ թեքվելու կամ շարժվելու իմաստ: Երբ մենք շրջվում ենք այս կամ այն կողմ, խախտում ենք կենտրոնը, հավասարակշռությունից դուրս ենք գալիս և թեքվում ենք: Երբ մենք հոգևորապես վստահում ենք մեր հասկացողությանը, հեռանում ենք Փրկիչից: Եթե մենք թեքվում ենք, մենք կենտրոնացած չենք, մենք հավասարակշռված չենք, մեր կիզակետը կենտրոնացած չէ Քրիստոսի վրա:
Քույրեր, հիշեք մեր նախամականացու կյանքում մենք կանգնած էինք Փրկիչի հետ: Մենք վստահում էինք Նրան: Մենք բարձրաձայն արտահայտում էինք մեր աջակցությունը, խանդավառությունը և ուրախությունը երջանկության ծրագրի վերաբերյալ, որն առաջադրվել էր մեր Երկնային Հոր կողմից: Մենք թեքված չէինք: Մենք պայքարեցինք մեր վկայություններով և «շարված էինք Աստծո ուժերի հետ և այդ ուժերը հաղթական էին»: Բարու և չարի միջև այս ճակատամարտը տեղափոխվել է երկիր: Մենք մի սրբազան պարտականություն ևս ունենք՝ կանգնել որպես վկա և մեր վստահությունը դնել Տիրոջ վրա:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է հարցնի. Ինչպե՞ս եմ կենտրոնացած մնում և չեմ վստահում իմ սեփական հասկացողությանը: Ինչպե՞ս եմ ճանաչում և հետևում Փրկիչի ձայնին, երբ աշխարհի ձայներն այնքան պարտադրողական են: Ինչպե՞ս եմ զարգացնում վստահություն Փրկիչի հանդեպ:
Կարո՞ղ եմ առաջարկել երեք ուղիներ, որ մեծացնենք մեր գիտելիքը և վստահությունն առ Փրկիչը: Դուք կպարզեք, որ այս սկզբունքները նոր չեն, բայց հիմնարար են: Դրանք երգվում են Երեխաների Խմբի յուրաքանչյուր երգում, արձագանք գտնում Երիտասարդ կանանց դասերում և պատասխան գտնում Սփոփող Միության շատ հարցերում: Դրանք կենտրոնացնող, այլ ոչ թեքող սկզբունքեր են:
Առաջինը, մենք կարող ենք սկսել ճանաչել Տիրոջը և վստահել Նրան, երբ «սնվեք Քրիստոսի խոսքերով, քանզի ահա Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:
Մի քանի ամիս առաջ մենք սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրություն էինք կատարում: Իմ երկու տարեկան թոռնիկը նստած էր իմ գրկում, երբ մենք կարդում էինք: Ես տատիկի լիակատար դերում էի՝ վայելելով որդուս ընտանիքի այցը:
Սուրբ գրությունների մեր ուսումնասիրությունն ավարտելուց հետո ես փակեցի գիրքը: Թոռնիկս գիտեր, որ շուտով քնելու ժամանակն է: Նա վերև նայեց իր կապույտ աշխույժ աչքերով և ասաց մի հավերժական ճշմարտություն. «Էլի սուրբ գրություններ, Նանա»:
Որդիս, որպես լավ և հետևողական ծնող, նախազգուշացրեց ինձ. «Մամ, թույլ մի եղիր : Նա ուղղակի չի ուզում քնել»:
Բայց երբ թոռնիկս խնդրում է ավելի շատ սուրբ գրություններ կարդալ, մենք ավելի շատ ենք կարդում: Ավելի շատ սուրբ գրությունները լուսավորում են մեր միտքը, սնուցում մեր հոգիները, պատասխանում մեր հարցերին, մեծացնում մեր վստահությունն առ Տերը և օգնում մեզ կենտրոնացնել մեր կյանքը Նրա վրա: «Հիշեք ջանասիրաբար քննել դրանք, որպեսզի դուք կարողանաք դրանց շնորհիվ օգուտ քաղել»:
Երկրորդը, մենք կարող ենք սկսել ճանաչել Տիրոջը և վստահել Նրան աղոթքի միջոցով: Ինչպիսի՜ օրհնություն է կարողանալ աղոթել մեր Աստծուն: «Աղոթել Հորը, սրտի ողջ կորովով»:
Ես մի քաղցր հիշողություն ունեմ աղոթքի մասին, որը ես փայփայում եմ: Քոլեջի արձակուրդներից մեկի ժամանակ ես աշխատանքի ընդունվեցի Տեխասում: Ես ստիպված էի իմ հին մեքենան վարել հարյուրավոր մղոններ Այդահոյից դեպի Տեխաս, մեքենա, որը ես քնքշորեն անվանել էի Վեռն: Վեռնը մինչև տանիքը բեռնավորված էր, և ես պատրաստ էի նոր արկածի:
Դռնից դուրս գալիս ես գրկեցի իմ սիրելի մորը և նա ասաց. «Նախքան մեկնելդ, արի աղոթենք»:
Մենք ծնկի իջանք և մայրս սկսեց աղոթել: Նա ինձ համար ապահովություն խնդրեց Երկնային Հորից: Նա աղոթեց առանց օդափոխիչի իմ մեքենայի համար, խնդրելով, որ մեքենան աշխատեր, ինչպես հարկն է: Նա խնդրեց, որ հրեշտակները լինեն ինձ հետ ողջ ամառվա ընթացքում: Նա շարունակ աղոթում էր ու աղոթում:
Խաղաղությունը, որ եկավ աղոթքից, ինձ քաջություն տվեց՝ ապավինելու Տիրոջը և չվստահելու իմ սեփական հասկացողությանը: Տերն ուղղորդում էր իմ ուղին այն բազմաթիվ որոշումներում, որ ես ընդունեցի այդ ամառ:
Երբ մենք մոտենում ենք Երկնային Հորը աղոթքով, մենք սկսում ենք ճանաչել Փրկիչին: Մենք սկսում ենք վստահել Նրան: Մեր ցանկություններն ավելի են նմանվում Նրան ցանկություններին: Մենք կարողանում ենք ապահովել մեզ և ուրիշներին օրհնություններով, որոնք Երկնային Հայրը պատրաստ է տալ, եթե միայն մենք խնդրենք հավատքով:
Երրորդը, մենք կարող ենք սկսել ճանաչել Տիրոջը և վստահել Նրան, երբ ծառայում ենք ուրիշներին: Ես կիսվում եմ հետևյալ պատմությամբ Էմի Ռայթի մասին նրա թույլտվությամբ, ով սկսեց հասկանալ ծառայելու սկզբունքը, նույնիսկ, կյանքին սպառնացող սոսկալի հիվանդության մեջ: Էմին գրել է.
«2015թ.-ի հոկտեմբերի 29-ին ես պարզեցի, որ քաղցկեղ ունեմ: Քաղցկեղի այդ տեսակից հիվանդների 17 տոկոսն են ողջ մնում: Հավանականությունը փոքր էր: Ես գիտեի, որ պիտի պայքարեի իմ կյանքի համար: Ես վճռել էի տալ այն ամենը, ինչ ունեի, ոչ միայն ինձ, այլև, որ ավելի կարևոր է, իմ ընտանիքի համար, բայց: Դեկտեմբերին ես սկսեցի քիմիոթերապիան: Ես ծանոթ էի հակաքաղցկեղային դեղամիջոցների բազմաթիվ կողմնակի ազդեցություններին, բայց չգիտեի, որ մարդը կարող է այդքան ծանր հիվանդ լինել , բայց դեռևս կենդանի մնալ:
Մի պահ ես հայտարարեցի, որ քիմիոթերապիան մարդու իրավունքների ոտնահարում էր: Ես ասացի ամուսնուս, որ հոգնել եմ: Ես դադարեցնում եմ: Ես չեմ վերադառնալու հիվանդանոց: Իմ սիրելին իր իմաստությամբ, համբերատարությամբ լսեց, իսկ հետո պատասխանեց. «Դեհ, ուրեմն մենք պետք է գտնենք ինչ որ մեկին, որ ծառայի»:
Ի՜նչ: Մի՞թե նա մոռացել էր այն փաստը, որ նրա կինը քաղցկեղ ուներ և չէր կարող տանել ևս մեկ սրտխառնոցի նոպա կամ սոսկալի ցավի ևս մեկ պահ:
Էմին շարունակեց բացատրել. «Իմ ախտանիշներն աստիճանաբար վատթարացան այն աստիճանի, որ ես ամիսը մեկ կամ երկու օր էի ինձ լավ զգում որպես կենդանի, շնչող մարդկային էակ: Դրանք այն օրերն էին, երբ մեր ընտանիքը գտնում էր ծառայելու ուղիներ:
Այդ օրերից մեկի ժամանակ Էմիի ընտանիքը բաժանեց քիմիոթերապիայի փաթեթներ մյուս հիվանդների համար, փաթեթները լցված էին իրերով, որ ուրախացնեն հիվանդներին և օգնեն թեթևացնել ախտանիշները: Երբ Էմին չէր կարողանում քնել, նա սովորաբար մտածում էր եղանակներ՝ մեկ ուրիշի օրը լուսավորելու համար: Եղանակներից մի քանիսը մեծ էին, իսկ մնացածը ուղղակի փոքրիկ երկտողեր էին կամ քաջալերանքի և սիրո տեքստային հաղորդագրություններ: Այն գիշերները, երբ նրա ցավերը չափազանց ուժեղ էին և քնել չէր կարողանում, նա պառկում էր անկողնում և իր iPad-ով որոնում արարողություններ, որոնք պետք է կատարվեին իր մահացած նախնիների համար: Հրաշագործ ձևով ցավը թուլանում էր, և նա ի վիճակի էր լինում դիմանալ:
«Ծառայությունը,- վկայում է Էմին,- փրկեց իմ կյանքը: Ի վերջո, այն տեղը, որտեղ ես գտա իմ առաջ շարժվելու ուժը, երջանկությունն էր, որը ես հայտնաբերեցի, փորձելով թեթևացնել իմ շրջապատում գտնվողների տառապանքը: Ես մեծ ուրախությամբ և ակնկալիքով անհամբեր սպասում էի մեր ծառայողական նախագծերին: Մինչև այսօր դա այնպիսի տարօրինակ երևույթ է թվում: Դուք կմտածեք, թե մեկը, ով ճաղատ էր, թունավորված և պայքարում էր [իր] կյանքի համար, իրավունք ուներ մտածելու, որ «հենց այժմ ես եմ կարևոր»: Սակայն, երբ ես մտածում էի իմ մասին, իմ վիճակի մասին, իմ տառապանքի և ցավի մասին, աշխարհը դառնում էր խիստ մռայլ և ճնշող: Երբ իմ կիզակետը կենտրոնանում էր ուրիշների վրա, այնտեղ կար լույս, հույս, ուժ, քաջություն և ուրախություն: Ես գիտեմ, որ սա հնարավոր է Հիսուս Քրիստոսի Քավության հաստատող, ապաքինող և հնարավորություն տվող զորության շնորհիվ:
Էմին սկսեց վստահել Տիրոջը, երբ նա սկսեց ճանաչել Նրան: Եթե նա նույնիսկ մի փոքր վստահեր իր սեփական հասկացողությանը, երևի կմերժեր ծառայելու միտքը: Ծառայությունը հնարավորություն տվեց նրան դիմանալ իր ցավին և չարչարանքներին և ապրել այս սուրբ գրության համաձայն. «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:
Հիսուս Քրիստոսը հաղթել է աշխարհին: Եվ Նրա շնորհիվ, Նրա անսահման Քավության շնորհիվ, մենք բոլորս մեծ պատճառ ունենք վստահելու, գիտենալով, որ, ի վերջո, ամեն ինչ լավ կլինի:
Քույրե՛ր, մեզանից յուրաքանչյուրը կարող է ապավինել Տիրոջը և չվստահել [իրեն]: Մենք կարող ենք կենտրոնացնել մեր կյանքը Փրկիչի վրա՝ սկսելով ճանաչել Նրան, և Նա կուղղի մեր շավիղները:
Մենք երկրի վրա ենք՝ ցույց տալու նույն վստահությունը Նրա հանդեպ, ով թույլ տվեց մեզ կանգնել Հիսուս Քրիստոսի հետ, երբ Նա հայտարարեց.«Ահա ես, ինձ ուղարկիր»:
Իմ սիրելի՛ քույրեր, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը վկայել է, որ «մեզ խոստացված օրհնություններն անչափ են: Չնայած փոթորկոտ ամպեր կարող են հավաքվել, չնայած անձրևներ կարող են տեղալ մեզ վրա, ավետարանի մեր գիտելիքը և մեր Երկնային Հոր ու մեր Փրկիչի սերը կմխիթարի և կհաստատի մեզ … երբ մենք շիտակ քայլենք: …Չի լինի ոչ մի բան այս աշխարհում, որ մեզ կարողանա պարտության մատնել»:
Ես ավելացնում եմ իմ վկայությունը մեր սիրելի մարգարեի վկայությանը: Եթե մենք ապավինենք մեր Երկնային Հորը և մեր Փրկիչին և չվստահենք մեր հասկացողությանը, Նրանք կուղղորդեն մեր շավիղները և կտարածեն իրենց ողորմածության բազուկը դեպի մեզ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:
Նշում.ապրիլի 1-ին, 2017թ. Քույր Քորդոնը ազատվեց Երեխաների ԽմբիԳերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդականի կոչումից և կանչվեց որպես Առաջին Խորհրդական: