2010
Տաճարի օրհնությունները
2010


Տաճարի օրհնությունները

Տաճարը նպատակ է բերում մեր կյանք: Այն խաղաղություն է բերում մեր հոգիներին, ոչ թե մարդկանց կողմից տրվող խաղաղություն, այլ Աստծո Որդու կողմից խոստացված խաղաղություն, երբ Նա ասաց. «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»:

Տաճարում մենք կարող ենք մեզ մոտ զգալ Տիրոջը:

Կարծում եմ, աշխարհում չկա մի վայր, որտեղ ես ավելի մոտ զգամ Տիրոջը, քան Նրա սուրբ տաճարներից մեկում: Մեջբերեմ մի բանաստեղծություն.

Որքա՞ն հեռու է երկինքը:

Շատ հեռու չէ:

Աստծո տաճարներում՝

Որտեղ որ մենք ենք:

Տերն ասել է.

«Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրիս վրա. ուր որ ցեցն ու ժանկն ապականում են, և ուր որ գողերը պատը ծակում են և գողանում:

Բայց ձեզ համար գանձեր դիզեցեք երկնքումը, ուր ոչ ցեց և ոչ ժանկ չեն ապականում, և ուր գողերը պատը չեն ծակում և չեն գողանում:

Որովհետև ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը»:1

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար տաճարը երկրի վրա ամենասուրբ վայրն է: Դա Տիրոջ տունն է, և ինչպես տաճարի վրա է փորագրված, տաճարը «Տիրոջ սրբությունն» է:

Տաճարը բարձրացնում և վեհացնում է մեզ

Տաճարում Աստծո թանկագին ծրագիրն է ուսուցանվում: Տաճարում է, որ հավերժական ուխտեր են կապվում: Տաճարը բարձրացնում, վեհացնում է մեզ, և կանգնած է որպես փարոս բոլորի համար՝ ցույց տալով սելեստիալ փառքի ճանապարհը: Այն Աստծո տունն է: Վեհացնող և ազնվացնող է այն ամենը, ինչ կատարվում է տաճարի պատերի ներսում:

Տաճարն ընտանիքների համար է, և մահկանացու կյանքում ունեցած մեր մեծագույն գանձերից է: Տերը պարզորոշ խոսել է մեզ հետ, այսինքն՝ հայրերի հետ, նշելով, որ մենք պատասխանատվություն ենք կրում սիրելու մեր կանանց մեր ողջ սրտով և ապահովելու նրանց և մեր երեխաներին: Նա նշել է, որ մեծագույն աշխատանքը, որ մենք՝ ծնողներս կարող ենք անել, դա մեր տներում է, իսկ մեր տները կարող են լինել երկինք, հատկապես երբ մեր ամուսնությունները կնքվում են Աստծո տանը:

Երեց Մեթյու Քոլին, որը Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, մի անգամ պատմել է, երբ մի կիրակի կեսօրին իր փոքր թոռնիկի ծննդյան օրը նրան ձեռքից բռնած տարել է ոչ թե կենդանաբանական այգի կամ կինոսրահ, այլ տաճարի տարածք: Պահակի թույլտվությամբ նրանք երկուսով մոտեցել են տաճարի մեծ դռներին: Նա առաջարկել է, որ աղջնակն իր ձեռքը դնի ամուր պատին և ապա մեծ դռանը: Այնուհետև նա քնքշորեն ասել է. «Հիշիր, որ այս օրը դու դիպչել ես տաճարին: Մի օր դու ներս կմտնես»: Նա աղջնակին ոչ թե կոնֆետ կամ պաղպաղակ էր նվիրել, այլ շատ ավելի կարևոր և հարատև խորհուրդ՝ Տիրոջ տան գնահատումը: Նա դիպչել էր տաճարին, իսկ տաճարը դիպչել էր նրան:

Տաճարը խաղաղություն է բերում մեր հոգիներին:

Երբ մենք դիպչում ենք տաճարին և սիրում ենք տաճարը, մեր կյանքը արտացոլում է մեր հավատքը: Գնալով սուրբ տաճար և հիշելով այնտեղ կապած մեր ուխտերը, մենք կկարողանանք տանել ամեն փորձություն և հաղթահարել ամեն գայթակղություն: Տաճարը նպատակ է բերում մեր կյանք: Այն խաղաղություն է բերում մեր հոգիներին, ոչ թե մարդկանց կողմից տրվող խաղաղություն, այլ Աստծո Որդու կողմից խոստացված խաղաղություն: Նա ասել է. «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. Ձեր սիրտը չխռովի և չվախենա»:2

Վերջին Օրերի Սրբերը մեծ հավատք ունեն: Տերը մեզ հնարավորություններ է տալիս տեսնելու, արդյոք կհետևենք Իր պատվիրաններին, կգնանք այն արահետով, որով Նազովրեցի Հիսուսը քայլեց, կսիրենք Տիրոջը մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով, և կսիրենք մեր մերձավորին, ինչպես մեզ:3

Ես հավատում եմ առակի խոսքերին. «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր: Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղէ քո ճանապարհները»:4

Այդպես է միշտ եղել, այդպես միշտ կլինի: Եթե կատարենք մեր պարտականությունը և լիովին վստահենք Տիրոջը, մենք կլցնենք Նրա տաճարները ոչ միայն արարողություն կատարելով մեզ համար, այլև արտոնություն ունենալով աշխատանք կատարել մյուսների համար: Մենք ծնկի կիջնենք սուրբ զոհասեղանների առաջ փոխանորդներ լինելով կնքումների ժամանակ, որոնք միավորում են ամուսիններին, կանանց և երեխաներին ողջ հավերժության համար: Արդեն 12 տարեկան դարձած արժանավոր երիտասարդ տղաներն ու աղջիկները կարող են փոխանորդներ լինել նրանց համար, ովքեր մահացել են առանց մկրտության օրհնությունը ստանալու: Սա է մեր Երկնային Հոր ցանկությունը ձեր և ինձ համար:

Հրաշք տեղի ունեցավ

Տարիներ առաջ, մի խոնարհ և հավատարիմ հայրապետ, Եղբայր Փերսի Կ. Ֆեթզերը, կանչվեց հայրապետական օրհնություններ տալու Երկաթե Վարագույրի այն կողմում ապրող Եկեղեցու անդամներին:

Եղբայր Ֆեթզերը գնացել էր Լեհաստան այդ խավար օրերին: Սահմանները փակ էին, և ոչ մի քաղաքացի երկրից դուրս գալու իրավունք չուներ: Եղբայր Ֆեթզերը հանդիպել էր Գերմանիայի Սրբերին, ովքեր մնացել էին այնտեղ, երբ Երկորդ Համաշխարհայինից հետո սահմանները փոփոխվել էին և տարածքը, որտեղ նրանք ապրում էին, դարձել էր Լեհաստանի մասը:

Այդ բոլոր գերմանացի Սրբերի մեր ղեկավարն էր Եղբայր Էրիկ Պ. Կոնիցը, որն ապրում էր այնտեղ իր կնոջ և երեխաների հետ: Եղբայր Ֆեթզերը հայրապետական օրհնություն էր տվել Եղբայր և Քույր Կոնիցներին և նրանց մեծ երեխաներին:

Երբ Եղբայր Ֆեթզերը վերադարձավ Միացյալ Նահանգներ, նրան զանգահարեցի և խնդրեցի, որպեսզի հանդիպենք: Մտնելով իմ գրասենյակ, նա նստեց և սկսեց արտասվել: Նա ասաց. «Եղբայր Մոնսոն, երբ ես դրեցի իմ ձեռքերը Կոնից ընտանիքի անդամների գլխին, ես անիրականանալի խոստումներ տվեցի նրանց: Ես խոստացա Եղբայր և Քույր Կոնիցներին, որ նրանք կկարողանան վերադառնալ իրենց հայրենի Գերմանիա, որ նրանք գերի չեն մնա նվաճած երկրների բռնատիրական որոշումների արդյունքում և որ նրանք որպես ընտանիք միասին կկնքվեն Տիրոջ տանը: Ես խոստացա նրանց որդուն, որ նա միսիայում կծառայի, իսկ դստերը՝ որ նա կամուսնանա Աստծո սուրբ տաճարում: Դուք և ես գիտենք, որ փակ սահմանների պատճառով նրանք չեն կարող ստանալ այդ օրհնությունները: Ի՞նչ եմ ես արել»:

Ես ասացի. «Եղբայր Ֆեթզեր, ես գիտեմ, որ դուք քաջատեղյակ եք, որ արել եք այն, ինչ մեր Երկնային Հայրն է ցանկացել»: Մենք երկուսս ծնկի իջանք իմ սեղանի մոտ և մեր սրտերը դուրս թափեցինք մեր Երկնային Հոր առաջ, նշելով, որ այդ նվիրված ընտանիքը զրկված է իրենց տրված Աստծո տաճարին վերաբերող խոստումներից և այլ օրհնություններից: Միայն Նա կարող էր մեզ համար անհրաժեշտ հրաշքը իրականացնել:

Հրաշքը տեղի ունեցավ: Դաշնագիր ստորագրվեց Լեհական կառավարության և Գերմանիայի Ֆեդերալ Հանրապետության միջև, որը թույլ էր տալիս այդ տարածքում գտնվող գերմանացիներին տեղափոխվել Արևմտյան Գերմանիա: Եղբայր և Քույր Կոնիցները և նրանց երեխաները տեղափոխվեցին Արևմտյան Գերմանիա, և Եղբայր Կոնիցը դարձավ իրենց ծխի եպիսկոպոսը:

Կոնիցների ընտանիքը մեկնեց Շվեյցարիայի սուրբ տաճար: Եվ, ի՞նչ եք կարծում, ով էր տաճարի նախագահը, որը սպիտակ կոստյումով գրկաբաց դիմավորեց նրանց: Իհարկե, Փերսի Ֆեթզերը՝ նրանց խոստում տված հայրապետը: Այժմ Բեռն Շվեյցարիա Տաճարի նախագահի պաշտոնում նա ողջունեց նրանց Տիրոջ տանը ի կատարումն խոստումի, և կնքեց ամուսնուն և կնոջը միասին և երեխաներին իրենց ծնողներին:

Հետագայում փոքր դուստրը ամուսնացավ Տիրոջ տանը: Փոքր որդին կանչվեց լիաժամկետ միսիա ծառայելու:

«Կտեսնվենք տաճարում»:

Մեզանից ոմանց համար դեպի տաճար մեր ճամփորդությունը մի քանի թաղամաս է: Մյուսները պետք է օվկիանոսներ և մղոններ կտրեն-անցնեն, նախքան Աստծո սուրբ տաճար մտնելը:

Մի քանի տարի առաջ, երբ Հարավային Աֆրիկայի տաճարը դեռևս կառուցված չէր, ես մասնակցում էի Սալսբրի, Ռոդեզիա շրջանի համաժողովին և հանդիպեցի շրջանի նախագահին՝ Ռեջինալդ Ջ. Նիլդին: Նա, նրա կինը և նրանց սքանչելի դուստրերը հանդիպեցին ինձ, երբ ես աղոթատուն էի մտնում: Նրանք ասացին ինձ, որ միջոցներ են խնայել և պատրաստվել են այն օրվան, երբ ճամփորդելու են Տիրոջ տաճար: Սակայն, տաճարը բավականին հեռու էր:

Հավաքի ավարտից հետո այդ չորս սքանչելի դուստրերը տաճարի վերաբերյալ ինձ հարցեր էին տալիս. «Ինչպիսի՞ն է տաճարը: Մենք միայն նկարն ենք տեսել»: «Ի՞նչ կզգանք տաճար մտնելիս»: «Ի՞նչն ամենաշատը կհիշենք մենք»: Մոտ մեկ ժամ ես հնարավորություն ունեի այդ չորս աղջիկների հետ խոսելու Տիրոջ տան մասին: Երբ ես օդակայան էի մեկնում, նրանք ինձ ձեռքով հաջողություն արեցին, աղջիկներից ամենափոքրն ասաց. «Կտեսնվենք տաճարում»:

Մեկ տարի անց, ես հնարավորություն ունեցա Նիլդերի ընտանիքին ողջունելու Սոլթ Լեյքի Տաճարում: Կնքման խաղաղ սենյակում ես արտոնություն ունեի հավերժության և ժամանակի համար միավորելու Եղբայր և Քույր Նիլդերին: Այնուհետև դռները բացվեցին և սենյակ մտան այդ գեղեցիկ դուստրերը, բոլորն էլ ճերմակ զգեստներով: Նրանք գրկախառնվեցին մայրիկի, ապա հայրիկի հետ: Արցունքներ կային նրանց աչքերում և երախտագիտություն՝ նրանց սրտերում: Մենք մոտ էինք երկնքին: Նրանցից յուրաքանչյուրը կարող էր ասել. «Այժմ մենք ընտանիք ենք հավերժության համար»:

Դա հրաշալի օրհնություն է, որ սպասում է նրանց, ովքեր տաճար են գալիս: Թող որ մեզանից յուրաքանչյուրն արժանի կյանքով ապրի, մաքուր ձեռքեր և անաղարտ սիրտ ունենա, որպեսզի տաճարը կարողանա դիպչել մեր կյանքին և մեր ընտանիքներին:

Որքա՞ն հեռու է երկինքը: Ես վկայում եմ, որ սուրբ տաճարներում այն բոլորովին էլ հեռու չէ, քանզի այդ սուրբ վայրերում է, որ հանդիպում են երկինքը և երկիրը, և որտեղ մեր Երկնային Հայրը Իր զավակներին տալիս է Իր մեծագույն օրհնությունները:

Սենտ Ջորջ Յուտա Տաճար: Նվիրագործվել է ապր. 6, 1877թ.: Վերանվիրագործվել է նոյ. 11, 1975թ.:

Մանիլա Ֆիլիպիններ Տաճար: Նվիրագործվել է սեպտ. 25, 1984թ.:

Բաունթիֆուլ Յուտա Տաճար Նվիրագործվել է հունվ. 8, 1995թ.:

Բեռն Շվեյցարիա Տաճար: Նվիրագործվել է սեպտ. 11, 1955թ.: Վերանվիրագործվել է հոկտ. 23, 1992թ.:

Կնքման սենյակ, Սոլթ Լեյքի Տաճար: