Մեր տաճարային ամուսնությունն անգին էր
Երբ իմ առաջին բիզնես ձեռնարկումը ձախողվեց, իսկ երկրորդը տապալվեց, ես կասկածեցի, որ կարող եմ իմ հարսնացուին՝ Բենիին տաճար տանել: Մենք լսել էինք, որ այնտեղ հասնելը հավատքի փորձություն է, սակայն երբ տաճարային ամուսնությունը դարձրեցինք մեր նպատակը, մենք գաղափար չունեինք, թե որքան խորը կարող է մեր հավատքը փորձվել:
Բենին և ես հանդիպեցինք մեր հայրենի Պանամայում միսիա ծառայելուց հետո: Ըստ Պանամայի օրենքների, զույգերը, որոնք ցանկանում են իրենց ամուսնական կյանքը սկսել տաճարում, քաղաքացիական ամուսնություն էին կնքում մոտակա՝ Գվատեմալա Սիթի Գվատեմալա Տաճար ճամփորդելուց առաջ Դա թանկ և դժվարին ճամփորդություն էր լինելու, սակայն կնքվելը օրհնություն էր, առանց որի մենք չէինք ուզում ապրել:
Առաջարկություն անելու հաջորդ օրը ես կորցրեցի իմ աշխատանքը: Առանց վհատվելու ես որոշեցի գումար վաստակել, ավտոբուսի վարորդ աշխատելով: Իմ ավտոբուսը փչացավ հենց առաջին գիշերը: Մտահոգ, սակայն վճռական, ես որոշեցի վերնաշապիկներ վաճառել: Առավոտյան գնացի արտադրողներից վերնաշապիկները վերցնելու, և պարզեցի, որ գիշերը ամբողջ շենքը հրդեհվել էր: Իմ հույսերը կարծես ծխի հետ չքացան:
Տաճարային հաջորդ ճամփորդությունից մի քանի ամիս առաջ, գումար վաստակելու իմ բոլոր ջանքերը հանկարծակի ձախողվում էին: Հեռանալով ծխացող շենքի մոտից, ես գնացի գտնելու Բենիին:
«Ես ոչինչ չունեմ,-ասացի նրան,- Գուցե չպետք է ամուսնանաս ինձ հետ»:
«Եթե ես փողի համար ամուսնանայի, արդեն ամուսնացած կլինեի,- ասաց նա,- Բայց ես փողի համար չեմ ամուսնանում: Ես քեզ հետ ամուսնանում եմ, որովհետև սիրում եմ քեզ»:
Դա շրջադարձային կետ էր: Մենք զգացինք, որ մի կարևոր փորձություն անցանք: Հավատքով առաջ շարժվելու հետ դռներ սկսեցին բացվել: Ես կահույքագործի աշխատանք գտա, թեպետ վճարը չէր բավականացնում մեր կարիքները հոգալու համար: Ապա բարի եպիսկոպոսը առաջարկեց օգնել ավտոբուսի ճանապարհածախսի հարցում: Ոգևորված լինելու հետ մեկտեղ մենք մեզ լավ չէինք զգում: Մենք ցանկանում էինք ինքներս բավարարել մեր կարիքները: Սակայն տեսնելով օգնելու անկեղծ ցանկություն, մենք փոխարենը խնդրեցինք հնարավորության դեպքում Բենիին աշխատանք տալ: Նա աշխատանք տվեց:
Տաճար ճամփորդելու համար բավականաչափ գումար վաստակելուց հետո, մենք քաղաքացիական ամուսնություն կնքեցինք, և վերջապես Եկեղեցու ևս 10 անդամների հետ միասին ճանապարհվեցինք Գվատեմալա: Սակայն մեր փորձությունը դեռևս չէր ավարտվել:
Լայնածավալ տրանսպորտային գործադուլների պատճառով մենք մնացինք Կոստա Ռիկայի սահմանի վրա: Երկու օր սահմանի վրա սպասելուց հետո, մեր վարորդը որոշեց վերադառնալ: Սակայն Բենին և ես, երկու եղբայրների և մեկ այլ զույգի հետ միասին որոշեցինք անձնատուր չլինել: Նայելով, թե ինչպես է մեր ավտոբուսը շրջվում և հեռանում, մենք քայլեցինք դեպի Կոստա Ռիկա: Մենք քայլում էինք, քնելով ճանապարհի մոտ հանդիպող ապաստաններում, մինչև հասանք Նիկարագուայի սահման: Այդտեղից արդեն տաքսիով հասանք մայրաքաղաք, որտեղից ավտոբուսի տոմս գնեցինք մինչև Հոնդուրասի սահման: Երկու օրում երկու ավտոբուս ևս փոխելով, մենք վերջապես հասանք տաճար: Մենք փոշոտ ու հոգնած էինք, և ծախսել էինք ավելի, քան պլանավորել էինք, սակայն մենք երջանիկ էինք:
Հաջորդ օրը, մեր բոլոր փորձություններից և հետաձգումներից հետո, մենք վերջապես կնքվեցինք որպեց ամուսին և կին: Մեզ պատել էր լիակատար ուրախությունը, որն արժեր այդ ջանքերին, սպասելուն և նեղությանը:
Բոլորը չէ, որ տաճարում ամուսնանալու համար նման դժվարությունների են հանդիպում, սակայն Բենիի և ինձ համար (և մեզ հետ տաճար եկած մյուսների), այդ ամենը մաքրագործող փորձառություն էր: Դա իմ կյանքի ամենամեծ փորձառություններից մեկն էր:
Եթե տաճարում ամուսնանալու մեր նպատակը լիներ միայն աշխարհիկ սիրո համար, մենք չէինք կարող իրականացնել այն: Բայց քանի որ հավատում էինք մեր օրերում վերականգնված քահանայության կնքման զորությանը, մենք անձնատուր չեղանք, իմանալով, որ մեր տաճարային ամուսնությունը, ժամանակի և հավերժության համար, արժեր ամեն զոհաբերության, որ մենք ստիպված էինք կատարել: