Ինչո՞ւ են այս տաճարները
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տաճարները սուրբ կառույցներ են, որտեղ տրվում են հավերժական հարցերի պատասխանները:
Տաճարները վայրեր են, որտեղ կյանքի վերաբերյալ մեր հարցերին հավերժական պատասխաններ են տրվում:
Եղել է երբևէ տղամարդ կամ կին, որ ինքնաճանաչման խաղաղ պահերին չի խորհել կյանքի առեղծվածի մասին:
Նա արդյոք չի հարցրել. «Որտեղի՞ց եմ գալիս: Ինչո՞ւ եմ այստեղ: Ո՞ւր եմ գնում: Ո՞րն է իմ Արարչի հետ իմ կապը: Մահը ինձ կհեռացնի՞ կյանքի թանկագին կապերից: Ի՞նչ կլինի իմ ընտանիքի հետ: Կա՞ մեկ այլ կյանք, և եթե այո, մենք կճանաչե՞նք միմյանց այնտեղ:
Այդ հարցերի պատասխանները աշխարհի իմաստության մեջ չենք կարող գտնել: Դրանք կարող ենք գտնել Աստծո հայտնված խոսքում: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տաճարները սուրբ կառույցներ են, որտեղ այս և այլ հավերժական հարցերի պատասխաններ են տրվում: Յուրաքանչյուրը նվիրագորված է որպես Տիրոջ տուն՝ լինելով աշխարհից առանձնացված սրբության և խաղաղության վայր: Այնտեղ ճշմարտություններ են ուսուցանվում և ծեսեր կատարվում, որոնք հավերժական բաների վերաբերյալ գիտելիք են պարգևում և քաջալերում մասնակիցներին ապրել, հասկանալով մեր աստվածային ժառանգությունը որպես Աստծո զավակներ և որպես հավերժական էակներ մեր ներուժը:
Կրոնական բոլոր մյուս կառույցներից տաճարները առանձնահատուկ են իրենց նպատակով և գործառույթներով:
Այդ կառույցները, որոնք տարբերվում են երկրի վրա սփռված Եկեղեցու հազարավոր այլ երկրպագության տներից, բոլոր մյուս կրոնական կառույցներից մեծապես տարբերվում են իրենց նպատակով և գործառույթներով: Այդ կառույցները առանձնահատուկ են ոչ թե իրենց չափով կամ ճարտարապետական գեղեցկությամբ, այլ պատերի ներսում կատարվող աշխատանքով:
Նորություն չէ այն, որ որոշ կառույցներ նախատեսված են հատուկ ծեսերի համար և առանձնացած են երկրպագության սովորական վայրերից: Այդպես է եղել հին Իսրայելում, որտեղ մարդիկ մշտապես երկրպագել են ժողովարաններում: Նրանց ամենասուրբ վայրը եղել է սկզբում Սրբությունների Սրբոց տաղավարը, իսկ հետագայում արդեն տաճարների շարքը, որտեղ հատուկ արարողություններ են կատարվել և որտեղ միայն որոշ պահանջներին բավարարող արժանի անձիք կարող էին մասնակցել այդ արարողություններին:
Այդպես է նաև այսօր: Տաճարի նվիրագործումից առաջ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Սրբերը հանրությանը հրավիրում են շրջագայել կառույցում և տեսնել տարբեր մասերը: Սակայն նվիրագործումից հետո, այն դառնում է Տիրոջ տունը, օժտված այնպիսի սրբությամբ, որ միայն Եկեղեցու արժանի անդամներին է թույլատրվում մտնել այնտեղ: Դա ոչ թե գաղտնիության, այլ սրբության հարց է:
Տաճարային աշխատանքը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին՝ որպես Աստծո հավերժական ընտանիքի անդամների:
Այդ կառույցներում կատարվող աշխատանքը հաստատում է Աստծո հավերժական նպատակները կապված մարդու հետ, որն Աստծո զավակն ու ստեղծագործությունն է: Հիմնականում տաճարային աշխատանքը վերաբերում է ընտանիքին, քանի որ մեզանից յուրաքանչյուրը հանդիսանում է հավերժական ընտանիքի անդամ և մեզանից յուրաքանչյուրը երկրային ընտանիքի անդամ է: Դա վերաբերում է ամուսնական ուխտի և ընտանեկան հարաբերությունների սրբությանն ու հավերժական բնույթին:
Այն հաստատում է, որ աշխարհում ծնված յուրաքանչյուր տղամարդ և կին Աստծո զավակն է, օժտված Նրա աստվածային բնույթի ինչ-որ հատկանիշով: Այդ հիմնարար և կարևոր ուսմունքների կրկնությունը բարերար ազդեցություն է թողնում նրանց վրա, ովքեր ստանում են դրանք, քանի որ երբ վարդապետությունը ձևակերպվում է գեղեցիկ և ազդեցիկ լեզվով, մասնակիցը գիտակցում է, որ քանի որ յուրաքանչյուր տղամարդ և կին Երկնային Հոր զավակն է, ուրեմն յուրաքանչյուրը աստվածային ընտանիքի անդամ է, ուստի ամեն ոք իր եղբայրը կամ քույրն է:
Երբ դպիրներից մեկը հարցրեց. «Ո՞րն է ամենից առաջին պատվիրանքը», Փրկիչը պատասխանեց. «Սիրիր քո Տեր Աստուծուն բոլոր սրտիցդ, և բոլոր անձիցդ, և բոլոր մտքիցդ, և բոլոր զորությունիցդ. սա է առաջին պատվիրանքը:
Եվ երկրորդը սորան նման, Սիրիր քո ընկերին քո անձի պես» (Մարկոս ԺԲ.28, 30–31):
Ժամանանակից տաճարներում ներկայացվող ուսմունքները զորավոր կերպով շեշտադրում են այս ամենահիմնարար հասկացողությունը՝ մեր պարտականությունն առ մեր Արարիչը և մեր մերձավորները: Սրբազան ծեսերը ընդլայնում են Աստծո ընտանիքի վերաբերյալ այդ վեհացնող փիլիսոփայությունը: Դրանք ուսուցանում են, որ մեզանից յուրաքանչյուրի մեջ գտնվող հոգին հավերժական է, մինչդեռ մարմինը մահկանացու է: Դրանք ոչ միայն բացատրում են այդ մեծ ճշմարտությունները, այլև մասնակցին ուղղորդում են դեպի Աստծո սերը և քաջալերում նրան ավելի շատ բարյացակամ լինել մեր Հոր այլ զավակների հանդեպ:
Ընդունելով այն դրույթը, որ յուրաքանչյուր ոք Աստծո զավակն է, մենք հասկանում ենք, որ աստվածային նպատակ կա մահկանացու կյանքում: Այստեղ դարձյալ, հայտնված ճշմարտություն է ուսուցանվում Տիրոջ տանը: Երկրային կյանքը հավերժական ճամփորդության մասն է: Նախքան այստեղ գալը մենք ապրել ենք որպես հոգևոր զավակներ: Սուրբ գրությունները վկայում են այդ մասին: Դրա ապացույցն է Տիրոջ խոսքը Երեմիային. «Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտեի, և արգանդից դեռ դու դուրս չեկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարե եմ դրել» (Երեմիա Ա.5):
Ընտանեկան կյանքի անգին հարաբերությունները կարող են շարունակվել գալիք աշխարհում:
Մենք գալիս ենք այս կյանք որպես մահկանացու ծնողների զավակներ և ընտանիքի անդամներ: Ծնողները Աստծո գործընկերներն են, որոնք Նրա հետ իրագործում ենք Նրա զավակների հետ կապված հավերժական նպատակները: Ուստի, ընտանիքն աստվածային հաստատություն է, ամենակարևորը մահկանացու կյանքում և հավերժության մեջ:
Տաճարներում կատարվող հիմնական աշխատանքը վերաբերում է ընտանիքին: Դրա նշանակությունը հասկանալու համար պետք է գիտակցել այն փաստը, որ ճիշտ ինչպես նախքան այս աշխարհում ծնվելը մենք գոյություն ենք ունեցել որպես Աստծո զավակներ, այդպես էլ մենք պետք է շարունակենք ապրել մահից հետո, և մահկանացու կյանքի արժեքավոր և բավարարող հարաբերությունները, որոնցից ամենագեղեցիկը և իմաստալիցը ընտանեկան հարաբերություններն են, կարող են շարունակվել գալիք աշխարհում:
Երբ տղամարդը և կինը ամուսնանում են Տիրոջ տանը, նրանք միանում են ոչ միայն իրենց մահկանացու կյանքի ժամանակահատվածում, այլև ողջ հավերժության համար: Նրանք կապված են միմյանց ոչ միայն երկրի օրենքներով, որոնք միացնում են նրանց մինչև մահը, այլև Աստծո հավերժական քահանայության իշխանությամբ, որը կապում է երկնքում այն, ինչ կապվում է երկրի վրա: Այս ձևով ամուսնացած զույգը աստվածային հայտնության հավաստումն ունի, որ միմյանց և իրենց երեխաների հետ կապը չի ավարտվի մահով, այլ կշարունակվի հավերժության մեջ, եթե միայն նրանք այդ օրհնությանն արժանի ապրեն:
Արդյոք չի՞ եղել տղամարդ, որն իրոք սիրի մի կնոջ, կամ կին, որն իսկապես սիրի մի տղամարդու, և չաղոթի, որ իրենց կապը շարունակվի գերեզմանից այն կողմ: Արդոք չի՞ եղել դեպք, երբ ծնողները հողին հանձնելով իրենց զավակին, չեն ցանկացել ունենալ հավաստիացում, որ իրենց սիրելի զավակը գալիք աշխարհում կրկին իրենցը կլինի: Կարո՞ղ է հավերժական կյանքին հավատացողը կասկածել, որ երկնքի Աստվածը Իր որդիներին և դուստրերին չի շնորհի կյանքի այդ ամենաթանկ բանը՝ սերը, որն իր ամենաիմաստալից դրսևորումն է գտնում ընտանեկան հարաբերություններում: Ոչ, բանականությունը պահանջում է, որ ընտանեկան հարաբերությունը պետք է շարունակվի մահից հետո: Մարդկային սիրտը փափագում է դա, և երկնքի Աստվածը հայտնել է, թե ինչպես կարելի է ապահովել դա: Տիրոջ տան սրբազան ծեսերը նպաստում են դրան:
Տաճարային օրհնությունները մատչելի են բոլորին
Սակայն այս ամենն իսկապես անարդար կլիներ, եթե այդ ծեսերի օրհնությունները մատչելի լինեին միայն նրանց, ովքեր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի անդամներ են այժմ: Բանն այն է, որ տաճար գալու և դրա օրհնությունները ստանալու հնարավորությունը բաց է բոլորի առաջ, ովքեր կընդունեն ավետարանը և կմկրտվեն Եկեղեցում: Այդ իսկ պատճառով, գրեթե ողջ աշխարհում Եկեղեցին իրականացնում է խոշորածավալ միսիոներական ծրագիր և կշարունակի որքան հնարավոր է ավելի ընդլայնել այդ աշխատանքը, քանզի այն պատասխանատվություն է կրում աստվածային հայտնության ներքո՝ ուսուցանելու ավետարանը ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի:
Սակայն կան անթիվ միլիոնավոր մարդիկ, ովքեր ապրել են երկրի վրա և երբեք հնարավորություն չեն ունեցել լսելու ավետարանի մասին: Արդյո՞ք նրանց կմերժվի Տիրոջ տաճարներում տրվող նման օրհնությունները:
Կենդանի փոխանորդների միջոցով, ովքեր փոխարինում են մահացածներին, այդ ծեսերը մատչելի են նրանց, ովքեր հեռացել են մահկանացու կյանքից: Հոգևոր աշխարհում այդ նույն անհատները այլևս ազատ են ընդունելու կամ մերժելու իրենց համար կատարված այդ երկրային ծեսերը, որոնք են՝ մկրտությունը, ամուսնությունը և ընտանեկան հարաբերությունների կնքումը: Տիրոջ աշխատանքում հարկադիր ոչինչ չկա, սակայն պետք է հնարավորություն ընձեռվի:
Տաճարային աշխատանքը սիրո աշխատանք է, որը կատարվում է ապրողի կողմից մահացածի համար:
Այս փոխարինող աշխատանքը աննախադեպ սիրո դրսևորում է, երբ ապրողը ջանք է գործադրում մահացածի համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դառնում ընտանեկան պատմության հետազոտության հսկայական նախաձեռնությունը՝ փնտրելու և գտնելու նրանց, ովքեր արդեն հեռացել են երկրային կյանքից: Այդ հետազոտությանը աջակցելու նպատակով Եկեղեցին ողջ աշխարհում համակարգում է ընտանիքի պատմության ծրագիրը և պահում է իրենց բնույթով անզուգական հետազոտական կենտրոններ: Այդ կենտրոնների պահոցները բաց են հանրության առաջ և օգտագործվել են բազմաթիվ ոչ անդամների կողմից իրենց նախնիներին փնտրելիս: Ողջ աշխարհում այդ ծրագիրը բարձր է գնահատվել ծագումնաբանների կողմից և կիրառվել է տարբեր պետություններում գրանցումները պահպանելու համար: Սակայն դրա առաջնային նպատակն է Եկեղեցու անդամներին տրամադրել միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրենց նախնիներին գտնելու համար, որպեսզի նրանց հասցնեն այն օրհնությունները, որոնք ուրախություն են պարգևում իրենց: Արդյունքում նրանք ասում են իրենք իրենց. «Եթե ես այդքան քնքշորեն սիրում եմ իմ կնոջը և երեխաներին և ցանկանում եմ, որ նրանք իմ կողքին լինեն ողջ հավերժություններ, ուրեմն ինչո՞ւ չպետք է իմ մահացած պապիկը, նախապապիկը և մյուս նախնիները հնարավորություն ունենան ստանալու այդ նույն հավերժական օրհնությունները»:
Տաճարները հնարավորություն են տալիս սովորելու կյանքի իրապես նշանակալից բաների մասին
Այսպիսով, այդ սուրբ կառույցները հսկայական գործունեություն ծավալելու ասպարեզ են, գործ, որը հանդարտ և ակնածանքով առաջ է շարժվում: Դրանք հիշեցնում են Հովհաննես Հայտնիչի տեսիլքի մի մասը, որտեղ գրված է հետևյալ հարց ու պատասխանը. «Սորանք որ սպիտակ հանդերձներ են հագել՝ ո՞վ են և կամ ո՞րտեղից են եկել…
Սորանք են որ գալիս են այն մեծ նեղությունիցը, և իրանց հանդերձները լուացին և սպիտակացրին Գառի արյունովը:
Նորա համար Աստուծո աթոռի առաջին են, և պաշտում են նորան ցերեկ և գիշեր նորա տաճարի մեջ» (Հայտնություն Է.13–15):
Ովքեր գալիս են այս սուրբ տները, գալիս են սպիտակ հագած և իրենց մասնակցությունն են բերում այնտեղ: Նրանք գալիս են միայն՝ ըստ իրենց արժանավորության, երաշխավորվելով իրենց տեղական եկեղեցական իշխանությունների կողմից: Աստծո տաճար մտնելու համար նրանք պետք է լինեն մաքուր՝ մտքով, մարմնով և հագուստով: Երբ նրանք մտնում են այնտեղ, պետք է թողնեն աշխարհն իրենց ետևում և կենտրոնանան աստվածային բաների վրա:
Այս վարժությունը, եթե այդպես կարելի է ասել, իր մեջ կրում է վարձք, քանզի այս լարված օրերին ո՞վ չի ընդունի հնարավորությունը՝ թողնելու աշխարհը և մտնելու Տիրոջ տուն՝ հանդարտ խորհրդածելու Աստծո հավերժական բաների շուրջ: Միայն այս սուրբ վայրերն են, որ աննախադեպ հնարավորություն են ընձեռում սովորելու և խորհրդածելու կյանքի հիրավի իմաստալից բաների շուրջ, որոնք են՝ Աստվածության հետ մեր հարաբերությունը և մեր հավերժական ճամփորդությունը նախամահկանացու վիճակից դեպի այս կյանք և ապագա վիճակ, որտեղ մենք կճանաչենք և կշփվենք միմյանց հետ, ինչպես նաև մեր սիրելիների և նախնիների հետ, ովքեր եկել են մեզանից առաջ և որոնցից ստացել ենք մեր մարմնի, մտքի և հոգու ժառանգությունը:
Տաճարներում մեզ Աստծո հավիտենական օրհնությունների խոստում է տրվում
Անշուշտ, բոլոր կառույցների թվում այս տաճարները առանձնահատուկ են: Դրանք ուսուցման տներ են: Դրանք ուխտերի և խոստումների վայրեր են: Այնտեղ զոհասեղանների մոտ մենք ծնկի ենք իջնում Աստծո՝ մեր Արարչի առաջ, և մեզ խոստացվում են Նրա հավիտենական օրհնությունները: Տաճարների սուրբ տեղերում մենք հաղորդակցվում ենք Նրա հետ և խորհում Նրա Որդու, մեր Փրկչի և Քավիչի, Տեր Հիսուս Քրիստոսի մասին, որը որպես փոխանորդ ծառայեց մեզանից յուրաքանչյուրին՝ զոհաբերություն կատարելով մեզ համար: Այստեղ մենք մի կողմ ենք դնում մեր եսասիրությունը և ծառայում ենք նրանց, ովքեր չեն կարող ծառայել իրենք իրենց: Այստեղ Աստծո ճշմարիտ քահանայության զորությամբ մենք կապվում ենք միմյանց մարդկային հարաբերությունների ամենասուրբ կապով՝ որպես ամուսիններ և կանայք, որպես երեխաններ և ծնողներ, որպես ընտանիքներ, այնպիսի կնքումով, որը ժամանակը չի կարող կործանել և մահը չի կարող խզել:
Այդ սուրբ կառույցները կառուցվել եմ նույնիսկ այն մութ տարիներին, երբ Վերջին Օրերի Սրբերը անգթորեն տեղահանվում և հալածվում էին: Դրանք կառուցվել և պահպանվել են աղքատության և լիության ժամանակներում: Նրանք արդյունքն են այն մշտապես ավելացող անդամների զորեղ հավատքի, ովքեր վկայություն են բերում կենդանի Աստծո, հարություն առած Տիրոջ, մարգարեների և աստվածային հայտնության, և խաղաղության և հավերժական օրհնությունների հավաստիացման մասին, որոնք կարելի է գտնել միայն Տիրոջ տանը: