Պատրաստվեք տաճարային օրհնություններին
Յուրաքանչյուր տաճար առ Աստված մեր հավատքի խորհրդանիշն է և մահից հետո կյանքի հանդեպ մեր հավատքի վկայությունը: Եկեղեցում ամեն միջոցառման, դասի, առաջընթաց քայլի նպատակը տաճարն է:
Ինչպես տաճարներն են պատրաստվում մարդկանց համար, նույնպես մարդիկ պետք է պատրաստվեն տաճարների համար:
Յուրաքանչյուր տաճարի վրա փորագրված է հետևյալ խոսքերը. «Սրբություն Տիրոջը»:1 Այս սահմանումը նշանակում է, որ և տաճարը, և դրա նպատակները սուրբ են: Նրանք, ովքեր տաճար են մտնում, նույնպես սրբություն են կրում իրենց մեջ:2 Ինչպես տաճարներն են պատրաստվում մարդկանց համար, նույնպես մարդիկ պետք է պատրաստվեն տաճարների համար:
Տաճարը տարբերվում է երկրպագության մյուս տներից: Ի տարբերություն ժողովատների, կիրակի օրը տաճարը փակ է, որպեսզի մարդիկ կարողանան հաճախել եկեղեցի և այդ սուրբ օրը լինեն իրենց ընտանիքների հետ: Շաբաթվա մյուս օրերին տաճարները բաց են սրբազան աշխատանքի համար: Տաճարը բառացիորեն Տիրոջ տունն է՝ նախատեսված հավերժական նշանակության ծեսերի համար: Այդ ծեսերն են՝ մկրտությունները, ամուսնությունները, օժտումները և կնքումները:
Յուրաքանչյուր տաճար առ Աստված մեր հավատքի խորհրդանիշն է և մահից հետո կյանքի հանդեպ մեր հավատքի վկայությունը: Եկեղեցում ամեն միջոցառման, դասի, առաջընթաց քայլի նպատակը տաճարն է: Ավետարանը քարոզելու, Սրբերին կատարելագործելու և մահացածներին փրկագնելու մեր բոլոր ջանքերը տանում են դեպի սուրբ տաճար: Տաճարային արարողությունները անչափ կարևոր են: Առանց դրանց մենք չենք կարող վերադառնալ դեպի Աստծո փառքը:
Տաճարային յուրաքանչյուր ծես հանդիսավոր խոստման արարողություն է
Տաճարում մենք ստանում ենք օժտում, որը, եթե բառացիորեն արտահայտվենք, պարգև է: Մենք պետք է հասկանանք դրա հոգևոր նշանակությունը և այդ պարգևը ստանալիս կապած սուրբ ուխտերն ու ստանձնած պարտականությունները պահելու կարևորությունը: Յուրաքանչյուր «տաճարի արարողություն պարզապես ծիսակարգ չէ, այն հանդիսավոր խոստման արարողություն է»:3
Տաճարային օժտումը տրվել է հայտնությամբ: Ուստի, այն լավագույնս ընկալվում է հայտնությամբ, որին պետք է եռանդով և մաքուր սրտով ձգտենք: Նախագահ Բրիգամ Յանգը բացատրել է, որ «ձեր օժտումը, Տիրոջ տանը ձեզ համար անհրաժեշտ բոլոր ծեսերը ստանալն է, որն այս կյանքից հեռանալուց հետո հնարավորություն կտա ձեզ վերադառնալ Հոր ներկայություն, անցնելով որպես պահակներ կանգնած հրեշտակների մոտով, … և ստանալ ձեր արտաքին վեհացումը»:4
Տաճարներում սուրբ ուխտեր կապելու արարողությունը որակում է մեզ հավերժական կյանքի համար
Յուրաքանչյուր տաճարում գործադրվում է քահանայության կնքող իշխանությունը: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին բացատրել է, որ «աշխարհում, որի մասն ենք մենք, ոչ մի թագավոր, ոչ մի պետության նախագահ, ոչ մի կազմակերպության պաշտոնյա, իշխանություն չունի անդրշիրիմյան հարցերի վրա: Մահվան առաջ բոլորն էլ անօգնական են, սակայն ամենախոնարհ, բարի քահանայապետը, ով ստացել է կնքման իշխանությունը, կարող է կապել երկնքում այն, ինչ կապվել է երկրի վրա»:5
Ճիշտ ինչպես քահանայությունն է հավերժական, չունենալով սկիզբ կամ վերջ, այնպես էլ այդ քահանայության իշխանությունն է հավերժական:6 Հետևաբար, քահանայության ծեսերն ու ուխտերը ևս վեր են ժամանակից: Մորոնի հրեշտակի կողմից Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված առաջին հայտնությունը վերաբերվում է այս քահանայության իշխանությանը:7 Մարգարեին տրված հետագա հրահանգներում, Տերն ասել է.
«Թող այդ տունը կառուցվի իմ անվան համար, որ նրանում ես կարողանամ հայտնի դարձնել իմ արարողություններն իմ ժողովրդին.
Քանզի ես նպատակահարմար եմ գտնում իմ եկեղեցուն հայտնի դարձնել այն բաները, որոնք ծածուկ էին պահվել աշխարհի հիմնադրումից առաջ, բաներ, որոնք վերաբերում են ժամանակների լրության տնտեսությանը»:8
Մենք ապրում ենք այդ տնտեսության մեջ: Տաճարները, ծեսերը, ուխտերը, օժտումները և կնքումները վերականգնվել են, ճիշտ ինչպես մարգարեացվել է: Տաճարային ծեսերը հաշտեցում են Տիրոջ հետ և կնքում են ընտանիքները հավերժ միասին: Տաճարներում սուրբ ուխտեր կապելու արարողությունը որակում է մեզ հավերժական կյանքի համար, որն Աստծո մեծագույն պարգևն է մարդուն:9
Ամեն ոք, ով կամենում է լավ պատրաստվել, կարող է տաճար մտնել
Քանի որ տաճարը սուրբ է, Տերը խնդրում է, որ այն պաշտպանվի սրբապղծությունից: Տաճար կարող է մտնել ամեն ոք, ով կամենում է լավ պատրաստվել այդ արտոնության համար: Պատրաստվածության գաղափարը գերիշխում է այլ գործունեության ոլորտներում ևս: Ես հիշում եմ, երբ փոքր տղա էի, ասացի իմ ծնողներին, որ ցանկանում եմ համալսարան գնալ: Նրանք ասացին, որ կարող եմ, եթե միայն ջանասիրաբար սովորեմ դպրոցում և բավարարեմ համալսարան ընդունվելու համար բոլոր պահանջները: Նմանապես, մենք պետք է արժանանանք տաճար ընդունվելուն: Մենք պատրաստվում ենք ֆիզիկապես, մտավոր և հոգևոր առումով: Երաշխավորագրի համար դիմող յուրաքանչյուր անձի արժանավորությունը անհատապես է որոշվում:
Նրանք, ովքեր կրում են քահանայության իշխանության բանալիները և պատասխանատվություն ունեն, օգնում են մեզ պատրաստվել՝ տաճարի երաշխավորագրի համար հարցազրույցներ վարելով: Այդ ղեկավարները հոգում են մեզ համար և օգնում են մեզ պարզել, թե արդյոք պատրաստ ենք տաճար գնալուն: Նրանք նաև սիրում են Տիրոջը և հավաստիանում են, որ «ոչ մի անմաքուր բան թույլ չտրվի գալ [Նրա] տուն»:10 Ուստի, նրանք պատասխանատվության ոգով են վարում այդ հարցազրույցները:
Ինչպե՞ս եք պատրաստվում տաճարային երաշխավորագիրը ստանալուն: Դուք կարող եք խորհրդակցել ձեր եպիսկոպոսի, ինչպես նաև ձեր ծնողների, ընտանիքի, ցցի նախագահության, ուսուցչի կամ քվորումի խորհրդատուի հետ: Պահանջները պարզ են: Համառոտ ասած, անձը պետք է պահի պատվիրանները Նրա, ում տունն է դա: Նա է սահմանել չափանիշները: Մենք տաճար ենք մտնում որպես Նրա հյուրեր:
Տերը կգոհանա, եթե յուրաքանչյուր չափահաս անդամ տաճարին արժանի լինի և տաճարային ընթացիկ երաշխավորագիր կրի: «Տաճարային երաշխավորագրերի համար … հարցազրույցները, որոնք վարում են [ձեր եպիսկոպոսության անդամները] և ձեր ցցի նախագահության անդամները, արժեքավոր փորձառություններ են: Եվ, ինչ-որ կերպ, դրանք կարող են համարվել կարևոր փորձ այն մեծ հանդիպման համար, երբ դուք կկանգնեք Մեծ Դատավորի առաջ»:11
Ֆիզիակապես պատրաստվեք տաճար գնալուն
Այժմ, տաճարի երաշխավորագիր ունենալով, դուք պատրաստ եք ավելի խորը նախապատրաստության: Դուք տաճար գնալուն պատրաստվում եք ֆիզիկապես, պատշաճ ձևով հագնվելով: Դա առօրյա հագուստով գնալու վայր չէ: Վերջին Օրերի մարգարեները նշել են, որ պետք է հարգել մեր ֆիզիկական մարմինը: Ֆիզիկական մարմնի հանդեպ հարգանք պետք է տածեն հատկապես նրանք, ովքեր մտնելու են սուրբ տաճար:12
Տաճարում բոլորը կրում են ճերմակ հագուստ: «Սպիտակ գույնի մաքրությունը հիշեցնում է մեզ, որ Աստված պետք է մաքուր ժողովուրդ ունենա»:13 Տարիքը, ազգությունը, լեզուն, անգամ Եկեղեցում զբաղեցրած պաշտոնը երկրորդական բնույթ են կրում: Ես օժտման բազմաթիվ նիստերի եմ ներկա գտնվել, երբ Եկեղեցու Նախագահն է մասնակցել: Սենյակում յուրաքանչյուր ոք միևնույն բարձր պատվին է արժանանում, ինչպես Նախագահը: Բոլորը նստում են կողք-կողքի և հավասար են Տիրոջ աչքում: Ազատ ոճով հագնվելով տաճար գնալը հիշեցնում է մեզ, որ «Աստուած աչառ չէ»:14
Հարսնացուներն ու փեսացուները տաճար են մտնում, որպեսզի ամուսնանան ժամանակի և ողջ հավերժության համար: Տաճարում հարսնացուները հագնում են սպիտակ, երկարաթև, համեստ ոճով և գործվածքով և առանց ճոխ զարդարանքների զգեստ: Տղամարդիկ չեն կրում սմոկինգ կամ պաշտոնական հագուստ: Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ. Փաքերը գրել է. «Տերը գոհանում է, երբ մենք լողանում ենք և մաքուր հագուստ հագնում, որքան էլ էժան լինի այդ հագուստը: Մենք պետք է հագնվենք այնպես, որ հաղորդության ժողովին կամ համապատասխան պատկառանք պահանջող հավաքին գնալու համար հարմարավետ լինի»:15
Ինչ վերաբերում է տաճարային հագուստին, մայրերը և տատիկները կարող են լավ ազդեցություն գործել իրենց երեխաների և թոռների վրա: Եթե հմտություններն ու պայմանները թույլ են տալիս, նրանք կարող են իրենց ընտանիքի համար վառ օրինակ լինել: Մոր կողմից նվիրված ձեռքով ասեղնագործած թաշկինակ կամ տաճարի հագուստի այլ մաս կարող է հզոր դրդապատճառ լինել, որ այն փայփայվի սիրող երեխայի կամ թոռան կողմից:
Տաճարային հանդերձը խորհրդանշում է տևական պարտավորվածություն
Տաճարային հանդերձ կրելը իր մեջ մեծ խորհուրդ է կրում և տևական պարտավորվածություն է ներկայացնում: Ճիշտ ինչպես Փրկիչն է մեզ համար օրինակ եղել մինչև վերջ համբերելու Իր կարողությամբ, հանդերձ կրելը հարատև հավատք է դրսևորում Նրա և մեզ հետ Նրա հավերժական ուխտերի հանդեպ:
Այս հարցի վերաբերյալ Առաջին Նախագահությունը նամակ է պատրաստել: Նրանք գրել են.
«Այն պահվածքը, որ հաճախ նկատվում է Եկեղեցու անդամների մեջ, ասում է այն մասին, որ որոշ անդամներ լիովին չեն հասկանում տաճարում կապած ուխտը՝ սուրբ օժտման ոգով հանդերձ հագնելու վերաբերյալ:
Եկեղեցու անդամները, ովքեր տաճարում հանդերձ են հագել, ուխտ են կապել կրելու այն իրենց ողջ կյանքում: Դա նշանակում է, որ այն պետք է հագուստի տակից հագնել օր ու գիշեր: … Պաշտպանության և օրհնությունների խոստումը պայմանավորված է ուխտը պահելու արժանավորությամբ և հավատարմությամբ:
Հիմնական սկզբունքն այն է, որ հանդերձը պետք է հագնել, և այն հանելու պատճառներ չփնտրել: Ուստի, անդամները չպետք է հանեն հանդերձը ոչ ամբողջովին, ոչ էլ մասնակիորեն՝ պարտեզում աշխատելու, տանը լողազգեստ կամ բաց հագուստ կրելու համար: Ոչ էլ պետք է հանել այն՝ զվարճալի միջոցառումների մասնակցելու համար, եթե հնարավոր է հանդերձը պատշաճ կերպով հագնել հագուստի տակից: Երբ հանդերձը հանում եք, օրինակ լողանալու համար, այն պետք է հագնել որքան հնարավոր է շուտ:
«Ուխտն իր մեջ ներառում է համեստության սկզբունքները և մարմինը պատշաճ կերպով ծածկված պահելը, և վերջիններս պետք է որոշեն հագուստի ոճը: Եկեղեցու օժտված անդամները հանդերձը կրում են որպես հիշեցում սուրբ ուխտերի, որոնք կապել են Տիրոջ հետ և նաև որպես պաշտպանություն գայթակղությունից և չարից: Հանդերձը կրելը Փրկչին հետևելու ներքին պարտավորվածության արտաքուստ դրսևորումն է»:16
Մտքով և հոգեպես պատրաստվեք տաճար գնալուն
Ֆիզիկական պատրաստվածության հետ մեկտեղ մենք պետք է մտքով և հոգեպես պատրաստվենք: Քանի որ տաճարի ծեսերը և ուխտերը սուրբ են, մենք լրջորեն պարտավորվում ենք տաճարից դուրս չքննարկել այն, ինչ է կատարվում տաճարում: Սուրբ բաներին պետք է սուրբ վերաբերմունք ցուցաբերել:
Ուսման այս տանը մեզ ուսուցանում են Տիրոջ ուղին: Նրա ճանապարհները մեր ճանապարհները չեն:17 Մենք չպետք է զարմանանք, եթե այնտեղ ուսուցման եղանակները տարբերվում են ուսումնական հաստատություններում կիրառվող մեզ ծանոթ եղանակներից: Ադամի և Եվայի օրերից ի վեր տաճարային ծեսերն ու ուխտերը ավետարանի բաղկացուցիչ մասն են կազմում: Հնում խորհրդանիշները օգտագործվում էին հիմնարար ճշմարտություններ ուսուցանելու համար, և այսօր ուսուցման այդ եղանակը օգտագործվում է տաճարում:
Ուստի, անհրաժեշտ է, որ մենք խորհենք տաճարում ներկայացված խորհրդանիշների շուրջ և տեսնենք այն զորավոր ճշմարտությունները, որոնք ներկայացվում են համապատասխան խորհրդանիշներով:18 «Տաճարային ծեսերը այնքան են հագեցած խորհրդանշական իմաստներով, որքան անհրաժեշտ է ողջ կյանքի ընթացքում խորհրդածելու և սովորելու համար»:19 Տաճարի ուսուցումները գեղեցիկ են իրենց պարզությամբ: Դրանք հասկանում են քիչ կրթություն ստացած մարդիկ, միևնույն ժամանակ դրանք կարող են ոգևորել բարձր կրթությամբ և ինտելեկտով մարդուն:
Ես խորհուրդ եմ տալիս առաջին անգամ տաճար գնացող անդամներին կարդալ Սուրբ գրքերի ուղեցույցի այն մասերը, որոնք կապված են տաճարի հետ, օրինակ՝ «Օծում», «Ուխտ», «Զոհաբերություն» և «Տաճար»: Կարող եք կարդալ նաև Ելից ԻԶ-ԻԹ գլուխները, և Ղևտացոց Ը գլուխը: Հին Կտակարանը, ինչպես նաև Թանկագին Մարգարիտում Մովսեսի և Աբրահամի գրքերը, ընդգծում են տաճարային աշխատանքի հնությունը և տաճարային ծեսերի հարատև բնույթը:
Աստծո հետ ուխտ կապելը պաշտպանում և ունակ է դարձնում
Կա երկու գաղափար, որոնք հատկապես ամուր պետք է պահենք մեր մտքում, երբ պատրաստվում ենք տաճարի համար: Առաջինը ուխտն է: Մենք պետք է հիշենք, որ ուխտը խոստում է: Աստծո հետ կապած ուխտը պետք է համարվի ոչ թե սահմանափակող, այլ պաշտպանող: Նրա հետ կապած ուխտերը մեզ պաշտպանում են վտանգից:
Այս հասկացողությունը նոր չէ: Եթե մեր ծորակից հոսող ջուրը կասկածելի որակ ունի, մենք ջուրը ֆիլտրում ենք: Նմանապես, աստվածային ուխտերը պաշտպանում են մեզ չարիքից: Երբ մենք մերժում ենք անաստվածային ամեն ինչ,20 մենք արժեքավոր ոչինչ չենք կորցնում, այլ փառք ենք ձեռք բերում, որը հայտնի է միայն նրանց, ովքեր հավերժական կյանք են ստանում: Տաճարային ուխտ պահելը ոչ թե կաշկանդում, այլ ունակ է դարձնում: Այն մեզ բարձրացնում է մեր տեսահորիզոնից և զորությունից վեր: Այն նման է ցեխոտ դաշտի միջով ոտքերը մի կերպ քարշ տալու և գերհզոր ռեակտիվ ինքնաթիռով սավառնելու միջև տարբերությանը: Աստծո հետ ուխտ պահելը պաշտպանում և ունակ է դարձնում:
Երկրորդ հասկացողությունը, որը շեշտում է մեր մտավոր պատրաստությունը Քավությունն է: Հիսուս Քրիստոսի Քավությունը ամենակարևոր արարքն է ողջ մարդկության պատմության մեջ: Այն փրկության ծրագրի հիմքն է: Առանց անսահման Քավության ողջ մարդկությունը անվերադարձ կկորչեր: Տաճարային ծեսերն ու ուխտերը ուսուցանում են Քավության փրկագնող զորության մասին:
Հավերժական կյանքը մատչելի է մեզ՝ տաճարում կապած ուխտերի հանդեպ մեր հնազանդության միջոցով
Տաճարային ծառայությունը օրհնություններ է պարգևում մեզ այս կյանքում և հավերժության մեջ: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ասել է, որ «տաճարային աշխատանքը ոչ թե փախուստ է աշխարհից, այլ ավելի լավ աշխարհ ունենալու մեր ցանկության զորացումն է, մինչ պատրաստվում ենք մեկ այլ և շատ ավելի լավ աշխարհի համար: Այնպես որ, Տիրոջ տանը լինելը կօգնի մեզ տարբերվել աշխարհից, որպեսզի ավելի շատ փոփոխություն բերենք աշխարհ»:21
Եթե մենք հավատարիմ և ազնիվ ենք այս կյանքում, մենք կարող ենք հավերժական կյանք ձեռք բերել: Անմահությունը հավետ ապրելն է: Հավերժական կյանքը անմահ լինելուց շատ ավելին է: Հավերժական կյանքը բարձրագույն երկինք վեհացումն է և ընտանիքով ապրելը: Աստված հայտարարել է Իր մեծ առաքելության մասին. «Իմ աշխատանքը և իմ փառքն» է «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:22 Նրա անմահության պարգևն անպայմանական է, դա փրկության անվճար պարգև է ողջ մարդկությանը: Հավերժական կյանքի հնարավորությունը, այսինքն՝ վեհացումը, մատչելի է մեզ, եթե մենք հնազանդ ենք Աստծո սուրբ տաճարներում կապած ուխտերին և ստացած ծեսերին:
Տաճարային օրհնությունները դառնում են առավել նշանակալից, երբ մեր սիրելիները մահվան պատճառով հեռանում են մեր ընտանիքից: Երբ գիտենք, որ բաժանման այդ ժամանակահատվածը ժամանակավոր է, խաղաղություն ենք ստանում, որը սովորական հասկացողությունից վեր է:23 Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը գրել է. «Այս քահանայության զորությամբ, որը Եղիան է շնորհել, ամուսինը և կինը կարող են կնքվել, կամ ամուսնանալ հավերժության համար, երեխաները կարող են կնքվել իրենց ծնողներին հավերժության համար. այսպիսով, ընտանիքը դառնում է հավերժական, և մահը չի բաժանում ընտանիքի անդամներին»:24 Հավերժական կնքումներով օրհնված մենք կարող ենք մահը դիտել որպես Աստծո մեծ երջանկության ծրագրի պարտադիր տարր:25
Հավերժական հեռանկարը, որ մենք ստանում ենք տաճարում, մեզ կյանքի փորձություններին համբերելու ուժ է տալիս
Հավերժական հեռանկարն օգնում է մեզ հավատարիմ մնալ մեր կապած ուխտերին: Նախագահ Փաքերն ընդգծել է, որ «ծեսերն ու ուխտերը դառնում են Աստծո ներկայություն ընդունվելու մեր լիազորագիրը: Դրանք արժանիորեն ստանալը կյանքի նպատակ է, դրանք պահելը մահկանացու կյանքի մարտահրավեր է»:26
Տաճարային ծեսերը կապված են ոչ միայն մեր հավերժական փառքի, այլև մեր մահացած նախնիների հավերժական փառքի հետ: «Քանզի նրանց փրկությունն անհրաժեշտ և էական է մեր փրկության համար, … առանց մեզ նրանք չեն կարող կատարյալ դառնալ, - ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց մեր մահացածների»:27 Նրանց համար կատարվող ծառայությունը մեզ համար տաճարային երկրպագությունը շարունակելու հնարավորություն է, իսկ նվիրվածությամբ փոխարինող աշխատանք կատարելը նման է Տիրոջ աշխատանքին, երբ Նա իրագործեց Քավությունը՝ օրհնելու բոլորին, ովքեր երբևէ կապրեին երկրի վրա:
Մի օր մենք իրոք կհանդիպենք մեր Արարչին և կկանգնենք Նրա առաջ՝ դատաստանի ժամանակ: Սուրբ գրությունը մեզ սովորեցնում է, որ «դարպասի պահապանը Սուրբն է Իսրայելի. և այնտեղ նա չի պահում ոչ մի ծառա. և չկա ոչ մի ուրիշ ճանապարհ, բացի այդ դարպասից. քանզի նա չի կարող խաբվել, քանզի Տեր Աստված է նրա անունը»:28 Տերն Ինքն է որոշում արդյոք մենք հավատարիմ ենք եղել տաճարում Իր հետ կապած ուխտերին և արդյոք արժանի ենք փառավոր օրհնություններին, որ Նա խոստացել է նրանց, ովքեր պահում են իրենց ուխտերը:
Այս հեռանկարը մեզ ուժ է տալիս՝ համբերելու կյանքի փորձություններին: Նախագահ Փաքերն ասել է. «Այդ ամենը ուսուցանելու մեր հիմնական նպատակն է միավորել ծնողներին և երեխաներին Տեր Հիսուս Քրիստոսի հավատքով, որպեսզի նրանք երջանիկ լինեն տանը, կնքված հավերժական ամուսնությամբ, կապված իրենց սերունդներին, և վստահ, որ կվեհանան մեր Երկնային Հոր ներկայության մեջ»:29
Յուրաքանչյուր տաճար կանգնած է՝ որպես Եկեղեցու անդամության խորհրդանիշ, մահից հետո կյանքի հանդեպ մեր հավատքի նշան, մեր և մեր ընտանիքի համար կարևոր քայլ դեպի հավերժական փառք: Ես աղոթում եմ, որ Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պատրաստվի տաճարի զարմանահրաշ օրհնությունների համար: