Ո՞վ է քո հերոսը
Հեղինակն ապրում է Կալիֆորնիայում, ԱՄՆ:
Էլլին գիտեր, ով էր իր հերոսը, բայց վախենում էր այդ մասին ասել:
«Պաշտպանիր քո խիղճը, քո պատիվը, քո հավատքը. կանգնիր ինչպես հերոս» (Children’s Songbook, 158):
Էլլին նյարդայնացած կրծում էր եղունգը: Օրիորդ Ֆիթսը դասարանի շարքերով քայլելով հարցնում էր յուրաքանչյհուր աշակերտի՝ մեկ առ մեկ:
«Ո՞վ է քո հերոսը»: Օրիորդ Ֆիթսը հարցրեց Ջերեմիին:
Ջերեմին առանց վայրկյան կորցնելու պատասխանեց: «Հայրիկս»,- ասաց նա հպարտությամբ:
Օրիորդ Ֆիթսը ժպտաց: «Իսկ քո՞նը, Սառա»:
Նա նույն արագությամբ պատասխանեց. «Աբրահամ Լինկոլնը»:
Էլլին զգաց ինչպես է իր սիրտը բաբախում, երբ Օրիորդ Ֆիթսը շարունակում էր աշակերտներին հարցնել: Նրանք ամբողջ օրը խոսում էին հերսոներից, և այժմ ամեն մեկը պետք է ասեր, ով էր իր հերոսը՝ ողջ դասարանի առաջ:
Էմբերն ու Ջասթինն ասացին, որ մայրիկն էր իրենց հերոսը: Վոլթերն ասաց, որ պապիկն էր իր հերոսը: Մի քանի աշակերտներ որպես իրենց հերոսներ նշեցին թագավորների և նախագահների:
Մի քանի աշակերտ էր մնացել և Օրիորդ Ֆիթսը կմոտենար Էլլիին: Նա պետք է արագ մտածեր՝ ով էր իր հերոսը:
Էլլին շփոթված նայեց իր կոշիկներին: Հերոս ընտրելը չէր իրական խնդիրը: Նա գիտեր, ով էր իր հերոսը: Դա Հիսուս Քրիստոսն էր: Նա բժշկեց հիվանդներին, կենդանացրեց մահացածներին և վճարեց բոլորի մեղքերի համար: Նա երբևէ ապրած մեծագույն հերոսն էր: Նա պարզապես վախենում էր այդ մասին ասել:
Էլլին կրկին կրծեց իր եղունգը, երբ մտածեց, որ պետք է ամբողջ դասարանի առաջ ասեր, որ իր հերոսը Հիսուս Քրիստոսն էր: Իսկ եթե Ջերեմին ծիծաղե՞ր իր վրա: Եվ Սառան ու Էմբերն իր ետևից փսփսայի՞ն դասամիջոցին:
Նա անշուշտ գիտեր, որ Հիսուս Քրիստոսն էր իր հերոսը: Բայց դա չէր նշանակում, որ բոլորը պետք է իմանային այդ մասին:
Օրիորդ Ֆիթսը կանգնեց Էլլիի դիմաց և ժպտաց: «Իսկ ո՞վ է քո հերոսը, Էլլի»:
Էլլին նայեց կողքի շարքի աշակերտներին և Օրիորդ Ֆիթսին: «Աբրահամ Լինկոլնը»,- շշնջաց նա:
Օրիորդ Ֆիթսը պայծառ ժպտում էր: «Հրաշալի է»,- ասաց նա և թեքվեց դեպի մյուս աշակերտը:
Երբ ուսուցչուհին հեռացավ իր մոտից, Էլլին թեթևացած շունչ քաշեց: Փառք Աստծուն, ամեն ինչ լավ ավարտվեց: Վերջին բանը, որ նա ուզում էր, այն էր, որ դասարանում բոլորն իմանային, որ իր հերսն էր,-
«Հիսուս Քրիստոսը»,- մի ձայն ասաց:
Էլլիի աչքերը լայնացան, և նա դանդաղ շրջվեց: Իր շարքի վերջում նստած էր խառնված մազերով մի փոքրամարմին տղա: Նա նիհար էր և ամաչկոտ, և միշտ նստում էր դասարանի վերջում: Էլլին նույնիսկ չգիտեր նրա անունը: Նա չէր հիշում, որ նա մի բառ անգամ արտասանած լիներ, մինչ այժմ:
Մի քանի աշակերտներ շրջվեցին և նայեցին այդ տղային, բայց նա ոչ մեկին չէր նկատում: Նա ուղիղ նայելով Օրիորդ Ֆիթսին՝ կրկնեց. «Իմ հերսը Հիսուս Քրիստոսն է»:
Օրիորդ Ֆիթսն ուրախ ժպտաց և շարունակեց շարքով: Էլլին զարմացած նայեց այդ տղային: Ինքը վախեցավ ասել բոլորին, ով էր իր հերոսը, բայց այդ տղան չվախեցավ: Նա նույնիսկ իր եկեղեցի չէր այցելում: Բայց նա գիտեր, թե որքան կարևոր էր լինել Հիսուս Քրիստոսի օրինակ, անգամ երբ դա շատ դժվար էր:
Էլլին ժպտաց այդ տղային: Նա այլևս չէր վախենում ասել, թե ով էր իր հերոսը: Ի վերջո, այժմ իրենք երկուսով էին: