Այցելող Ուսուցիչների Ուղերձ
Հիսուս Քրիստոսի հատկանիշները. նենգությունից կամ կեղծավորությունից զերծ
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: Փրկչի կյանքը և դերերը հասկանալը ինչպե՞ս կմեծացնեն ձեր հավատքը Նրա հանդեպ և կօրհնեն նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք reliefsociety.lds.org:
Հասկանալը, որ Հիսուս Քրիստոսը նենգությունից կամ կեղծավորությունից զերծ է, կօգնի մեզ հավատարմորեն փորձել հետևել Նրա օրինակին: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինն (1917–2008) ասել է. «Նենգություն գործել նշանակում է խաբել կամ մոլորեցնել: … Նենգությունից զերծ անձնավորությունը անմեղ, անկեղծ միտում ունեցող և մաքուր շարժառիթներ ունեցող անձնավորություն է, ում կյանքն արտացոլում է ազնվության սկզբունքների պարզ կիրառումը նրա ամենօրյա գործողություններում: … Ես կարծում եմ, որ Եկեղեցու անդամների նենգությունից զերծ լինելու անհրաժեշտությունն այսօր ավելի հրատապ է, քան եղել է այլ ժամանակներում, քանի որ շատերն աշխարհում, ըստ երևույթի, չեն հասկանում այս արժանիքի կարևորությունը»:1
Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ասել է. «Մեզանից ոչ ոք էլ այնքան Քրիստոսանման չէ, որքան գիտենք, որ պետք է լինենք: Այնուամենայնիվ, մենք լրջորեն ցանկանում ենք հաղթահարել մեր թուլությունները և մեղք գործելու միտումները: Սրտով և հոգով մենք ձգտում ենք դառնալ ավելի լավը՝ Հիսուս Քրիստոսի Քավության օգնությամբ»:2
Մենք գիտենք, որ «մենք կդատվենք համաձայն մեր գործերի, մեր սրտի ցանկությունների և ըստ այն բանի, թե ինչպիսի մարդ ենք մենք դարձել»:3 Սակայն, երբ մենք ձգտենք ապաշխարել, մենք կդառնանք ավելի մաքուր. և «երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կտեսնեն» (Մատթեոս Ե.8):
Լրացուցիչ սուրբ գրություններ
Սուրբ գրություններից
Փոքր երեխաները զերծ են նենգությունից: Հիսուս Քրիստոսն ասել է. «Թույլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց. որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը: … Եւ [երեխաներին] առաւ գիրկը, ձեռքը դրաւ նորանց վերայ, եւ օրհնեց նորանց» (Մարկոս Ժ.14, 16):
Քրիստոսը նաև սպասավորեց երեխաներին Ամերիկաներում Իր Խաչելությունից հետո: Նա պատվիրեց, որ մարդիկ Իր մոտ բերեին իրենց փոքր երեխաներին և «դրեցին նրանց ներքև՝ գետնի վրա, նրա շուրջը, և Հիսուսը կանգնեց մեջտեղում. …
… [Եվ] նա արտասվեց, և բազմությունը վկայեց դա, և նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը: …
Եվ երբ նրանք նայեցին՝ տեսնելու համար, նրանք գցեցին իրենց աչքերը դեպի երկինք, և … նրանք տեսան հրեշտակներ՝ իջնելիս երկնքից, կարծես թե կրակի մեջ էին. և նրանք իջան վար և օղակեցին այն փոքրիկների շուրջը, … և հրեշտակները սպասավորում էին նրանց» (3 Նեփի 17.12, 21, 24):