Մեր տները, մեր ընտանիքները
Ընտանեկան տնային երեկո. դուք կարող եք դա անել
Անկախ նրանից, թե ինչպիսին է ձեր ընտանիքը, ընտանեկան տնային երեկոն կարող է օրհնել և ամրացնել ձեզ:
Հայրը հոգնած գալիս է տուն աշխատանքային երկար օրվանից հետո և գտնում իր ընտանիքի մնացած անդամներին միանման մռայլ զգացմունքների պայքարում: Երկուշաբթի երեկո է, և ընտանեկան տնային երեկո անցկացնելն անհնարին է թվում: Օգնության աղոթք հղելուց հետո հայրն ու մայրը որոշում են ամեն բան անել պարզ ու հասարակ ձևով: Նրանք կանչում ու մեկտեղ են հավաքում իրենց ընտանիքին, օրհներգ են երգում և միասին աղոթում: Նրանք յուրաքանչյուրին տալիս են մի փոքրիկ մոմ, որը պետք է վառեն, երբ պատմեն այն մասին, ինչը նրանց վերջերս ոգեշնչել է: Մութ սենյակում մոմերի լույսը ներկայացնում է ոգեշնչումը և կենտրոնացնում է երեխաների ուշադրությունը: Մինչ կիսվում են վկայություններով, քաղցր խաղաղության և սիրո զգացումները լցնում են տունը: Ընտանիքը երեկոն ավարտում է երախտագիտությամբ, որ իրենք անց են կացրել տնային երեկո:
Դուք գիտեի՞ք, որ ընտանեկան տնային երեկոն Եկեղեցու ծրագիր է ադեն 100 տարի: 1915թ. ապրիլին Առաջին Նախագահությունը հանձնարարեց անդամներին ամեն շաբաթ մեկ երեկո տրամադրել ընտանեկան աղոթքի, երաժշտության, ավետարանի ուսումնասիրության, պատմությունների և խաղերի: (Էջ 80-ում տես Առաջին Նախագահության նամակից քաղվածքը:) Մարգարեները շարունակում են մեզ հիշեցնել ընտանեկան տնային երեկոյի կարևորության մասին: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ անուշադրության մատնել երկնքից ոգեշնչված այս ծրագիրը»,- ասել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը: «Այն կարող է հոգևոր աճ բերել ընտանիքի յուրաքանչյուր անդամի, օգնելով նրան խուսափել գայթակղություններից, որոնք ամենուր են»:1
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կարող եք մտապահել, մինչ դուք դարձնում եք ընտանեկան տնային երեկոն ձեր շաբաթվա մի մասը:
Սա ինձ է վերաբերվում: «Ընտանեկան տնային երեկոները յուրաքանչյուրի համար են»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերին:2 Մենք բոլորս էլ՝ ամուսնացած կամ ամուրի, երեխաներ ունեցող կամ չունեցող, կարող ենք ժամանակ նվիրել ընտանիքն ամրապնդելուն և ավետարանն ուսումնասիրելուն:
Ես կարող եմ ժամանակ գտնլ: Եկեղեցին օրինակ է ծառայում՝ ազատ պահելով երկուշաբթի երեկոները Եկեղեցու միջոցառումներից: Դուք կարող եք ցույց տալ Տիրոջը և ձեր ընտանիքին, որ հոժար եք ժամանակ տրամադրելու մի բանի, ինչն ամենակարևորն է:
Ես կարող եմ գտնել իմ ընտանիքի համար հարմար միջոցը: Եթե ձեր ընտանիքի անդամները տարբեր վայրերում են բնակվում, փորձեք «ընտանեկան առցանց երեկո» անցկացնել՝ խոսելով ընտանիքի անդամների հետ առցանց կամ հեռախոսով: Որևէ մեկը ստիպվա՞ծ է աշխատել մինչև ուշ ժամ: Անցկացրեք «ընտանեկան երեկո զբոսայգում» աշխատավայրի մոտ ընդմիջման ընթացքում: Մի ամուսնալուծված հայր անց էր կացնում «ընտանեկան նամակի երեկո» ամեն երկուշաբթի, գրելով իր զավակներին, ովքեր հեռվում էին ապրում:3 Թող որ խոչընդոտները խթան հանդիսանան ավելի մեծ ստեղծագործական կարողությունների համար:
Ես կարող եմ սկսել այս շաբաթ: Ընտանեկան երեկոն կարող է կազմակերպվել համաձայն ձեր ընտանիքի կարիքների և պայմանների: Ահա մի քանի ընդհանուր խորհուրդներ․
-
Սկսեք և ավարտեք աղոթքով:
-
Օգտագործեք երաժշտություն՝ ներառելով օրհներգերը և Երեխաների Խմբի երգերը:
-
Ուսումնասիրեք սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը:
-
Ամեն շաբաթ ներառեք բազմազան ֆիզիկական միջոցառումներ, ծառայության ծրագրեր և ավետարանի վրա հիմնված միջոցառումներ:
-
Զվարճացեք: Խաղացեք մի խաղ կամ թեթև ուտեստներ պատրաստեք:
-
Եղեք հետևողական: Եթե դուք չեք կարող անել դա երկուշաբթի օրերին, գտեք մեկ այլ հարմար օր:
Ես ցանկանում եմ ստանալ օրհնությունները: Մարգարեները խոստացել են, որ եթե մենք մասնակցենք ընտանեկան տնային երեկոյի, արդյունքում կստանանք մեծ օրհնություններ. տանը կմեծանա սերն ու հնազանդությունը: Հավատք կզարգանա երիտասարդների սրտերում: Ընտանիքները «զորություն ձեռք կբերեն կասեցնելու չարի ազդեցությունները և գայթակղությունները», որ շրջապատում են իրենց:4
Մինչդեռ ձեր ընտանեկան տնային երեկոները կարող են ամեն անգամ կատարյալ փորձառություններ չլինել, ձեր ընտանիքը կամրանա և կօրհնվի ձեր ջանքերի արդյունքում: «Յուրաքանչյուր ընտանեկան երեկո մի վրձնահարված է մեր հոգու կտավի վրա»,- սովորեցրել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը: «Ոչ մի դեպք չի թվում շատ տպավորիչ կամ հիշարժան: Բայց ճիշտ ինչպես … ներկի վրձնահարվածները լրացնում են միմյանց և առաջացնում տպավորիչ մի գլուխգործոց, այնպես էլ մեր կատարած փոքր թվացող արարքները կարող են առաջ բերել նշանակալի հոգևոր արդյունքներ»:5