Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս
Աստված հրավիրում է մեզ հասանելիությունից լիովին դուրս նետել մեր հին ուղիները և նոր կյանք սկսել Քրիստոսում:
Անցյալ ապրիլին ես արտոնություն ունեցա նվիրագործել Կինշասա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Տաճարը:1 Խոսքերը չեն կարող արտահայտել այն ուրախությունը, որ հավատարիմ կոնգոցիները և ես զգացինք` տեսնելով նվիրագործված տաճարը նրանց երկրում:
Մարդիկ, ովքեր մտնում են Կինշասա Տաճարը, տեսնում են մի բնօրինակ նկար, որը կոչվում է Կոնգոյի ջրվեժները:2 Այն յուրօրինակ ձևով հիշեցնում է տաճար գնացողներին այն անսասան նվիրվածության մասին, որն իրենցից պահանջում է՝ խարսխվել Հիսուս Քրիստոսին և հետևել մեր Երկնային Հոր ծրագրի ուխտի արահետին: Նկարում պատկերված ջրվեժները հիշեցնում են մի սովորույթ, որն ավելի քան մեկ դար առաջ տարածված էր Կոնգոյում քրիստոնեության առաջին նորադարձների մեջ:
Նախքան իրենց դարձը, նրանք երկրպագում էին անշունչ առարկաներին, հավատալով, որ այդ իրերն ունեին գերբնական զորություններ:3 Դարձի գալուց հետո շատերը ուխտագնացություն էին կատարում դեպի Կոնգո գետի անհամար ջրվեժներից մեկը, ինչպես օրինակ Նզոնգո Ջրվեժը:4 Այդ նորադարձները ջրվեժի մեջ էին նետում իրենց նախկին կուռքերի առարկաները՝ որպես խորհրդանիշ Աստծուն և մյուսներին, որ իրենք հրաժարվել են իրենց հին ավանդույթներից և ընդունել են Հիսուս Քրիստոսին: Նրանք մտածված կերպով իրենց իրերը չէին նետում հանդարտ, ծանծաղ ջրերում, այլնետում էին դրանք մեծ ջրվեժների փրփրադեզ ջրերի մեջ, որտեղ իրերը դառնում էին անհասանելի: Այդ գործողությունները Հիսուս Քրիստոսի հանդեպ նոր, բայց անսասան նվիրվածության նշան էին:
Մարդիկ այլ վայրերում և դարերում ցույց են տվել իրենց նվիրվածությունն առ Հիսուս Քրիստոս նմանատիպ ձևերով:5 Մորմոնի գրքի մարդիկ, ովքեր հայտնի էին որպես Անթի Նեփի Լեքիներ, «վար դրեցին իրենց ապստամբության զենքերը»` թաղելով դրանք «խորը հողի մեջ», որպես «մի վկայություն Աստծուն, … որ իրենք երբեք չեն օգտագործի [իրենց] զենքերը»:6 Այդպես վարվելով, նրանք խոստացան հետևել Աստծո ուսմունքներին և երբեք չնահանջել իրենց նվիրվածությունից: Այդ գործողությունը «առ Տերը դարձի գալու» և երբեք չմոլորվելու սկիզբն էր:7
«Առ Տերը դարձի եկած» նշանակում է` թողնել գործողության մեկ ուղղությունը, որն ուղղորդվում է հին հավատալիքների համակարգով, և որդեգրել նորը, որը հիմնված է Երկնային Հոր ծրագրի և առ Հիսուս Քրիստոս ու Նրա Քավությունը հավատքի վրա: Այս փոփոխությունն ավելին է, քան բանկանությամբ Նրանց ուսմուքներն ընդունելը, դա Նրանց հանդեպ անսասան նվիրվածություն զարգացնելն է: Այն ձևավորում է ինքնություն, փոխում է կյանքի իմաստի մեր հասկացողությունը և առաջնորդում դեպի անխախտ հավատարմություն առ Աստված: Անձնական ցանկությունները, որոնք հակառակ են Փրկիչին խարսխված լինելու և ուխտի արահետին հետևելու համար, անհետանում են և փոխարինվում են Երկնային Հոր կամքին ենթարկվելու վճռականությամբ:
Առ Տերը դարձի գալը սկսվում է Աստծո հանդեպ անսասան նվիրվածությամբ, որից հետո այդ նվիրվածությունը դառնում է մեր կյանքի հիմնական մասը: Նման նվիրվածության ամուր հաստատումը մեր կյանքում ցմահ գործընթաց է, որը պահանջում է համբերություն և շարունակական ապաշխարություն: Ի վերջո, այդ նվիրվածությունը դառնում է մեր կյանքի հիմնական մասը՝ ներդրված մեր ինքնագիտակցության մեջ, և ընդմիշտ ներկա մեր կյանքում: Ճիշտ, ինչպես մենք երբեք չենք մոռանում մեր անունը, անկախ նրանից, թե ինչի մասին ենք մտածում, մենք երբեք չենք մոռանում այն նվիրվածությունը, որն ամրագրված է մեր սրտերում:8
Աստված հրավիրում է մեզ հասանելիությունից լիովին դուրս նետել մեր հին ուղիները և նոր կյանք սկսել Քրիստոսում: Սա տեղի է ունենում, երբ մենք հավատք ենք զարգացնում Փրկիչի հանդեպ, որը սկսվում է լսելով նրանց վկայությունը, ովքեր հավատք ունեն:9 Այնուհետև, հավատքը խորանում է, երբ գործում ենք այն ուղիներով, որոնք ավելի ամուր են խարսխում մեզ Նրան:10
Լավ կլիներ, եթե մեծացող հավատքը փոխանցվեր՝ ինչպես գրիպը կամ սովորական հարբուխը: Ապա հասարակ «հոգևոր փռշտոցը» հավատք կկառուցեր ուրիշների մեջ: Սակայն դա տեղի չի ունենում այդ ձևով: Միակ ուղին, որով մարդու հավատքն աճում է` հավատքով գործելն է:: Այդ գործողությունները հաճախ հուշվում են ուրիշների կողմից տարածվող հրավերների միջոցով, բայց մենք չենք կարող «աճեցնել» մեկ ուրիշի հավատքը, ոչ էլ ամբողջովին ապավինել ուրիշներին` մեր սեփականը խթանելու համար: Մեր հավատքը մեծացնելու համար մենք պետք է ընտրենք հավատք ստեղծող գործողություններ, ինչպիսիք են` աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրումը, հաղորդության ճաշակումը, պատվիրանների պահումը և ուրիշներին ծառայելը:
Երբ մեր հավատքը առ Հիսուս Քրիստոս մեծանում է, Աստված հրավիրում է մեզ խոստումներ տալ Իրեն: Այդ ուխտերը, ինչպես կոչվում են խոստումները, մեր դարձի դրսևորումներն են: Ուխտերը նաև հաստատուն հիմք են ստեղծում հոգևոր առաջընթացի համար: Երբ մենք որոշում ենք մկրտվել, սկսում ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը11 և ընտրում մեզ նույնացնել Նրա հետ: Մենք երդվում ենք դառնալ Նրա նման և զարգացնել Նրա հատկանիշները:
Ուխտերը մեզ խարսխում են Փրկիչին և առաջ մղում այն ուղիով, որը տանում է մեր երկնային տուն: Ուխտերի ուժը օգնում է մեզ պահպանել սրտի հզոր փոփոխությունը, խորացնել մեր դարձը առ Տերը և լիովին ստանալ Քրիստոսի պատկերը մեր դեմքին:12 Բայց անվճռական նվիրվածությունը մեր ուխտերի հանդեպ մեզ ոչինչ չեն երաշխավորում:13 Մենք գուցե գայթակղվենք և երկմտենք, , մեր հին ուղիները նետենք հանդարտ ջրերի մեջ, կամ թաղենք մեր ապստամբության զենքերը՝ դուրս թողնելով բռնակները: Բայց երկդիմի նվիրվածությունը մեր ուխտերին դուռ չի բացի դեպի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սրբագործող զորությունը:
Ուխտերը պահելու մեր նվիրվածությունը չպետք է պայմանական լինի կամ տարբերվի մեր կյանքի փոփոխվող հանգամանքներից: Աստծո հանդեպ մեր կայունությունը պետք է նման լինի հուսալի Կոնգո գետին, որը հոսում է Կինշասա տաճարի մոտով: Այս գետը, ի տարբերություն աշխարհի գետերի մեծ մասի, տարին բոլոր հաստատուն հոսք ունի,14 և ամեն վայրկյան մոտ 11 միլիոն գալոն (41.5 միլիոն լիտր) ջուր է լցնում Ատլանտյան օվկիանոս:
Փրկիչն Իր աշակերտներին հրավիրեց լինել վստահելի և անսասան: Նա ասաց. «Հետևաբար, հաստատեք սա ձեր սրտերում, որ դուք պետք է անեք այն բաները, ինչ ես կուսուցանեմ և կպատվիրեմ ձեզ»:15 Մեր ուխտերը պահելու «հաստատուն» վճռականությունը թույլ է տալիս Աստծո հարատև ուրախության խոստումների լիարժեք իրականացում:16
Վերջին Օրերի շատ հավատարիմ Սրբեր ցույց են տվել, որ նրանք «հաստատուն են» Աստծո հետ իրենց ուխտերըպահելիս և ընդմիշտ փոխվել են: Թույլ տվեք ձեզ պատմել երեք այդպիսի անձանց մասին՝ եղբայր Բանզա Մուչիոկո, քույր Բանզա Ռեգինե և եղբայր Մբույի Նկիտաբունգի:
1977թ.-ին, Բանզաներն ապրում էին Կինշասայում՝ Զաիր երկրում, որն այժմ հայտնի է որպես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Նրանք շատ հարգված էին իրենց Բողոքական եկեղեցու համայնքում: Իրենց տաղանդների շնորհիվ նրանց եկեղեցին իրենց երիտասարդ ընտանիքի համար համալսարանական կրթաթոշակ նշանակեց, որպեսզի մեկնեին Շվեյցարիա սովորելու:
Երբ Ժնևում էին, Եղբայր Բանզան ավտոբուսով համալասարան գնալու ճանապարհին հաճախ էր տեսնում «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» անունով եկեղեցական փոքրիկ մի ժողովատուն: Նա հետաքրքրվեց. «Արդյո՞ք այժմ` վերջին օրերին, Հիսուս Քրիստոսը սրբեր ունի»: Ի վերջո, նա որոշեց գնալ և տեսնել:
Եղբայր և Քույր Բանզաներին ջերմորեն ողջունեցին ճյուղում: Նրանք տվեցին մի քանի հետևողական հարցեր Աստծո բնույթի վերաբերյալ, ինչպես օրինակ. «Եթե Աստված ոգի է քամու պես, ինչպես կարող էինք ստեղծվել Նրա նմանությամբ: Նա ինչպե՞ս կարող էր նստել գահին: Նրանք երբեք բավարարող պատասխան չէին ստացել, մինչև միսիոներները մի համառոտ դասով բացատրեցին վերականգնված վարդապետությունը: Երբ միսիոներները հեռացան, Բանզաները նայեցին միմյանց և ասացին. «Մի՞թե սա չէ այն ճշմարտությունը, որը մենք լսեցինք»: Նրանք շարունակեցին եկեղեցի գալ և հանդիպել միսիոներների հետ: Նրանք գիտեին, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում մկրտվելը հետևանքներ է ունենալու: Նրանք կզրկվեին իրենց կրթաթոշակներից, իրենց վիզաները կդադարեցվեին և նրանց ու իրենց երկու փոքրիկ երեխաներին կպահանջեին հեռանալ Շվեյցարիայից: Նրանք որոշեցին մկրտվել և հաստատվել 1979թ.-ի հոկտեմբերին:
Մկրտությունից երկու շաբաթ անց Եղբայր և Քույր Բանզաները վերադարձան Կինշասա՝ որպես Եկեղեցու առաջին և երկրորդ անդամներ իրենց երկրում: Ժնևի ճյուղի անդամները կապ էին պահպանում նրանց հետ և օգնեցին նրանց կապվել Եկեղեցու ղեկավարների հետ: Բանզաներին խրախուսեցին հավատարմորեն սպասել խոստացված ժամանակին, երբ Աստված կհիմնադրի Իր Եկեղեցին Զաիրում:
Այդ ընթացքում, փոխանակման ծրագրով մեկ այլ ուսանող՝ Եղբայր Մբույին Զաիրից, սովորում էր Բելգիայում: Նա մկրտվեց 1980-ին Բրյուսելի ծխում: Այնուհետև, շուտով նա լիաժամկետ միսիա ծառայեց Անգլիայում: Եվ Աստված գործեց Իր հրաշքները: Եղբայր Մբույին վերադարձավ Զաիր, որպես Եկեղեցու երրորդ անդամն իր երկրում։ Ծնողների թույլտվությամբ Եկեղեցու ժողովները անցկացվում էին նրա ընտանիքի տանը: 1986թ.-ի փետրվարին կառավարությանն ուղղված մի միջնորդագիր կազմվեց` Եկեղեցու պաշտոնական ճանաչման համար: Պահանջվեցին Զաիրի երեք քաղաքացիների ստորագրություններ: Դիմումի երեք երջանիկ ստորագրություններն էին` Եղբայր Բանզա, Քույր Բանզա և Եղբայր Մբույի:
Այդ հավատարիմ անդամները ճանաչեցին ճշմարտությունը, երբ լսեցին այն, նրանք ուխտ կապեցին մկրտության ժամանակ, որը խարսխեց նրանց Փրկիչին: Փոխաբերական իմաստով նրանք նետել էին իրենց հին ուղիները փրփրադեզ ջրվեժի մեջ` առանց հետ վերցնելու մտադրության: Ուխտի արահետը հեշտ չէր: Քաղաքական իրարանցումը, Եկեղեցու առաջնորդների հետ հազվադեպ շփումը և Սրբերի համայնքի կառուցմանը բնորոշ մարտահրավերները կարող էին հուսահատեցնել պակաս նվիրված մարդկանց: Բայց Եղբայր և Քույր Բանզան և Եղբայր Մբույին պահպանեցին իրենց հավատքը։ Նրանք ներկա էին Կինշասա տաճարի նվիրագործմանը՝ 33 տարի անց այն միջնորդագիրը ստորագրելուց հետո, որը հանգեցրեց Զաիրի եկեղեցու պաշտոնական ճանաչմանը:
Բանզաներն այսօր այստեղ են, համաժողովների կենտրոնում: Նրանց ուղեկցում են իրենց երկու որդիները` Ջունիորը ու Ֆիլը և հարսները` Աննին և Յույուն: 1986 թվականին Ջունիորը և Ֆիլը առաջին երկու մարդիկ էին, ովքեր Զաիրում մկրտվեցին Եկեղեցում: Եղբայր Մբույին դիտում է այս իրադարձությունները Կինշասայից իր կնոջ` Մագույի և իրենց հինգ երեխաների հետ:
Այդ ռահվիրաները հասկանում են ուխտերի իմաստը և հետևանքները, որոնց միջոցով նրանք բերվել են «Տիրոջ` իրենց Աստծո իմացությանը, և ուրախանալու Հիսուս Քրիստոսով` իրենց Քավիչով»:17
Ինչպե՞ս ենք մենք խարսխվում Փրկիչին և հավատարիմ մնում նրանց և տասնյակ հազարավոր Կոնգոյի Սրբերի նման, ովքեր հետևեցին նրանց և միլիոնավոր ուրիշների` ողջ աշխարհով մեկ: Փրկիչն ուսուցանեց մեզ՝ թե ինչպես: Ամեն շաբաթ մենք ճաշակում ենք հաղորդությունը և ուխտ կապում մեր Երկնային Հոր հետ: Մենք խոստանում ենք մեր ինքնությունը կապել Փրկիչի հետ` պատրաստակամ խոստանալով մեզ վրա վերցնել Նրա անունը, միշտ հիշել Նրան, և պահել Նրա պատվիրանները:18 Ամեն շաբաթ բարեխղճորեն պատրաստվելը և արժանիորեն այդ ուխտերը կապելը՝ խարսխում է մեզ Փրկիչին, օգնում մեզ յուրացնել մեր նվիրվածությունը,19 և ուժգնորեն մեզ առաջ է մղում ուխտի ճանապարհով:
Ես հրավիրում եմ ձեզ նվիրվել աշակերտությանը ողջ կյանքի ընթացքում: Ուխտեր կապեք և պահեք դրանք։ Նետեք ձեր հին ուղիները խորը, փրփրադեզ ջրվեժների մեջ: Ամբողջապես թաղեք ձեր ապստամբության զենքերը` առանց դուրս մնացած բռնակների: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ազնիվ միտումով ուխտեր կապելը` հուսալիորեն պատվելով դրանք, ընդմիշտ կօրհնի ձեր կյանքը: Դուք ավելի կնմանվեք Փրկիչին, երբ միշտ հիշեք Նրան, հետևեք Նրան և պաշտեք Նրան: Ես վկայում եմ, որ Նա է ամուր հիմքը: Նա վստահելի է և նրա խոստումները հաստատ են: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։