2019
Հակառակորդին հաղթելու զորությունը
Նոյեմբեր 2019


Հակառակորդին հաղթելու զորությունը

Մենք ինչպե՞ս կարող ենք խաղաղություն գտնել, հիշել, թե ով ենք մենք և հաղթահարել հակառակորդի երեք մարտահրավերները։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, շնորհակալ ենք ամեն բանի համար, որ դուք անում եք, որ դառնաք և օգնեք ուրիշներին դառնալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները և վայելել սուրբ տաճարի օրհնությունները։ Շնորհակալություն ձեր բարության համար։ Դուք հրաշալի եք, դուք գեղեցիկ եք։

Ես աղոթում եմ, որ մենք զգանք Սուրբ Հոգու հաստատող ազդեցությունը, մինչ կսկսենք լիովին ըմբռնել, որ մենք Աստծո զավակներն ենք։ «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագրում կարդում ենք․ «Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով։ Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր»։1 Մենք «ընտրյալ հոգիներ ենք, որոնք պահվել էին առաջ գալու ժամանակների լրության մեջ, որպեսզի մասնակցեն վերջին օրերի մեծ աշխատանքի հիմնադրմանը»։2 Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հայտարարել է․ «Հոգևոր աշխարհում ձեզ ուսուցանել են և նախապատրաստել ամեն ինչի և յուրաքանչյուր բանի համար, որին դուք կհանդիպեք այս վերջին օրերի վերջին մասի ընթացքում (տես Վ&Ու 138․56)։ Այդ ուսուցումը հարատևում է ձեր մեջ»։3

Դուք Աստծո ընտրյալ որդիներն ու դուստրերն եք։ Դուք ունեք հակառակորդին հաղթելու զորությունը։ Սակայն հակառակորդը, գիտի, թե ով եք դուք։ Նա գիտի ձեր աստվածային ժառանգության մասին և ձգտում է սահմանափակել ձեր աշխարհիկ և երկնային ներուժը՝ օգտագործելով երեք բան․

  • Խաբեություն

  • Ուշադրության շեղում

  • Հուսահատություն

Խաբեություն

Հակառակորդն օգտագործում էր խաբեության գործիքը Մովսեսի օրերում։ Տերը հայտարարեց Մովսեսին․

«Ահա, դու իմ որդին ես։ …

Ես աշխատանք ունեմ քեզ համար, … և դու իմ Միածնի նմանությամբ ես»։4

Այս փառահեղ տեսիլքից անմիջապես հետո սատանան փորձեց խաբել Մովսեսին։ Նրա օգտագործած բառերը հետաքրքիր են․ «Մովսես, մարդու որդի, երկրպագիր ինձ»։5 Խաբեություն կար ոչ միայն սատանային երկրպագելու հրավերի մեջ, այլ նաև Մովսեսին՝ որպես մարդու որդի նկարագրելու մեջ։ Հիշեք, Տերը նոր էր ասել Մովսեսին, որ նա Աստծո որդին էր՝ ստեղծված Միածնի նմանությամբ։

Հակառակորդն անդադար փորձում էր խաբել Մովսեսին, սակայն Մովսեսը դիմակայեց, ասելով․ «Հեռացի՛ր ինձանից, Սատանա՛, քանզի այս մեկ Աստծուն միայն պիտի երկրպագեմ, որը փառքի Աստվածն է»։6 Մովսեսը հիշեց, թե ով էր ինքը․ Աստծո որդի։

Մովսեսին ուղղված Տիրոջ խոսքերը վերաբերում են ձեզ և ինձ։ Մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով, և Նա աշխատանք ունի մեզ համար։ Հակառակորդը, փորձում է խաբել մեզ, մոռացնել տալով, թե ով ենք մենք իրականում։ Եթե մենք չենք հասկանում, թե ով ենք մենք, ապա դժվար է գիտակցել, թե ով կարող ենք դառնալ։

Ուշադրության շեղում

Հակառակորդը նաև փորձում է շեղել մեզ Քրիստոսից և Նրա ուխտի արահետից։ Երեց Ռոնալդ Ա․ Ռասբենդը կիսվել է հետևյալով․ «Հակառակորդի ծրագիրն է՝ շեղել մեզ հոգևոր վկայություններից, իսկ Տիրոջ ցանկությունն է` լուսաբանել և զբաղեցնել մեզ Իր աշխատանքով»։7

Մեր օրերում կան շատ շեղումներ, ներառյալ՝ Twitter, Facebook, Instagram, վիրտուալ խաղերը և շատ ավելին։ Տեխնոլոգիական այս միջոցները հրաշալի են, սակայն, եթե մենք զգույշ չլինենք, դրանք կարող են շեղել մեզ մեր աստվածային ներուժին հասնելուց։ Դրանց պատշաճ օգտագործումը կարող է առաջ բերել երկնքի զորությունը և թույլ տալ մեզ ականատես լինել հրաշքների, մինչ մենք կփորձենք հավաքել ցրված Իսրայելը վարագույրի երկու կողմերում։

Եկեք զգույշ և ուշադիր լինենք տեխնոլոգիաների օգտագործման մեջ։8 Շարունակ փնտրեք ուղիներ, որոնց միջոցով տեխնոլոգիան կարող է մեզ ավելի մոտեցնել Փրկիչին և թույլ տալ մեզ իրականացնել Նրա աշխատանքը, մինչ մենք պատրաստվում ենք Նրա Երկրորդ Գալուստին։

Հուսահատություն

Ի վերջո, հակառակորդը ցանկանում է, որ մենք հուսահատվենք։ Մենք գուցե հուսահատվենք, երբ համեմատվենք ուրիշների հետ, կամ զգանք, որ չենք արդարացնում ինչպես ուրիշների, այնպես էլ մեր սեփական սպասումները։

Իմ դոկտորական ծրագրի սկզբում ես հուսահատություն զգացի։ Այդ տարի ծրագիրն ընդունեց միայն չորս ուսանողների, և մյուս երեքը հրաշալի ուսանողներ էին։ Նրանք ունեին ավելի բարձր թեստային միավորներ և ավելի շատ աշխատանքային փորձ կառավարման բարձր պաշտոններում, և նրանք վստահություն էին դրսևորում իրենց ունակությունների նկատմամբ։ Ծրագրում իմ առաջին երկու շաբաթներից հետո ինձ սկսեցին հետապնդել հուսահատությունն ու կասկածը՝ գրեթե ճնշելով ինձ։

Ես որոշեցի, որ եթե ցանկանում էի ավարտել այս չորսամյա ծրագիրը, ապա պետք է ավարտեի Մորմոնի Գրքի ընթերցումն ամեն կիսամյակ։ Ամեն օր, մինչ կարդում էի, իմ կյանքում իրականություն էր դառնում Տիրոջ այն հայտարարությունը, որ Սուրբ Հոգին կսովորեցներ ինձ ամեն բան և կօգներ հիշել ամեն բան։9 Այն վերահաստատեց, թե ով եմ ես՝ որպես Աստծո որդի, հիշեցրեց ինձ չհամեմատվել ուրիշների հետ և տվեց ինձ վստահություն՝ աստվածային իմ դերում հաջողության հասնելու համար։10

Իմ թանկագի՛ն ընկերներ, խնդրում եմ, թույլ մի տվեք որևէ մեկին գողանալ ձեր երջանկությունը։ Մի համեմատվեք ուրիշների հետ։ Խնդրում եմ, հիշեք Փրկիչի հետևյալ խոսքերը․ «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ։ Ձեր սիրտը չխռովի , եւ չվախենայ»։11

Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք անում դա։ Մենք ինչպե՞ս կարող ենք գտնել այդ խաղաղությունը, հիշել, թե ով ենք մենք և հաղթահարել հակառակորդի այդ երեք մարտահրավերները։

Առաջինը, հիշեք, որ առաջին և մեծ պատվիրանն է՝ սիրել Աստծուն մեր ողջ սրտով, ուժով, մտքով և զորությամբ։12 Այն, ինչ անում ենք, պետք է մղված լինի Նրա և Նրա Որդու հանդեպ սիրուց։ Մինչ մենք սեր կզարգացնենք Նրանց հանդեպ, պահելով Նրանց պատվիրանները, մեր անձը և ուրիշներին սիրելու մեր ունակությունը կմեծանա։ Մենք կսկսենք ծառայել ընտանիքին, ընկերներին և հարևաններին, քանի որ կտեսնենք նրանց այնպիսին, ինչպիսին Փրկիչն է տեսնում նրանց՝ որպես Աստծո որդիներ և դուստրեր։13

Երկրորդը, աղոթեք Հորը Հիսուս Քրիստոսի անունով ամեն օր, ամեն օր, ամեն օր։14 Աղոթքի միջոցով է, որ մենք կարող ենք զգալ Աստծո սերը և ցույց տալ մեր սերը Նրա հանդեպ։ Աղոթքի միջոցով մենք հայտնում ենք մեր երախտագիտությունը և խնդրում ուժ ու քաջություն՝ ենթարկելու մեր կամքը Աստծո կամքին, և առաջնորդություն խնդրում բոլոր բաներում։

Ես հորդորում եմ ձեզ «աղոթել Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, … որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները [և դուստրերը], որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման»։15

Երրորդը, կարդացեք Մորմոնի Գիրքը ամեն օր, ամեն օր, ամեն օր։16 Մորմոնի Գրքի իմ ընթերցումն ավելի լավ է ընթանում, երբ կարդում եմ իմ մտքում հարց ունենալով։ Երբ կարդում ենք մտքում հարց ունենալով, մենք կարող ենք հայտնություն ստանալ և հասկանալ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ «Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից, … և ապրելով ըստ դրա ցուցումների [տղամարդիկ և կանայք] ավելի շատ կմոտենան Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»:17 Մորմոնի Գիրքը պարունակում է Քրիստոսի խոսքերը և օգնում է մեզ հիշել, թե ով ենք մենք։

Եվ վերջինը, աղոթքով ճաշակեք հաղորդությունը ամեն շաբաթ, ամեն շաբաթ, ամեն շաբաթ։ Քահանայության արարողությունների, ներառյալ հաղորդության, միջոցով է, որ մեր կյանքում բացահայտվում է աստվածայնության զորությունը։18 Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․ «Հաղորդության արարողությունը սուրբ և կրկնվող հրավեր է` անկեղծորեն ապաշխարելու և լինելու հոգեպես նորոգված։ Հաղորդությունը ճաշակելու գործողության ընթացքն ինքնին մեղքերը չի ներում։ Բայց, երբ մենք պատրաստվում ենք բարեխղճորեն և մասնակցում այս սուրբ արարողությանը կոտրված սրտով և փշրված հոգով, ապա խոստումն է, որ մենք կարող ենք միշտ Տիրոջ Հոգին մեզ հետ ունենալ»։19

Մինչ մենք խոնարհաբար ճաշակում ենք հաղորդությունը, մենք հիշում ենք Հիսուսի տառապանքը Գեթսեմանի կոչվող այն սուրբ պարտեզում և Նրա զոհաբերությունը խաչի վրա։ Մենք արտահայտում ենք մեր երախտագիտությունը Հորը, որ ուղարկեց Իր Միածնին՝ մեր Քավիչին, և ցույց ենք տալիս մեր պատրաստակամությունը՝ պահելու Նրա պատվիրանները և միշտ հիշելու Նրան։20 Հաղորդությունը ներառում է հոգևոր լույս․ այն անձնական է, զորեղ և անհրաժեշտ։

Ի՛մ ընկերներ, ես խոստանում եմ, որ եթե մենք ձգտենք սիրել Աստծուն մեր ողջ սրտով, աղոթենք Հիսուս Քրիստոսի անունով, ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը և աղոթքով ընդունենք հաղորդությունը, Աստծո ուժով մենք կկարողանանք հաղթահարել հակառակորդի խաբեության փորձերը, նվազագույնին հասցնել շեղումները, որոնք սահմանափակում են մեր աստվածային ներուժը, և դիմադրել հուսահատությանը, որը նվազեցնում է մեր Երկնային Հոր և Նրա Որդու սերը զգալու մեր կարողությունը։ Մենք կսկսենք լիովին հասկանալ, թե ով ենք մենք՝ որպես Աստծո որդիներ և դուստրեր։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես սիրով հայտարարում եմ, որ Երկնային Հայրն ապրում է և Հիսուսը Քրիստոսն է։ Ես սիրում եմ Նրանց։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա։ Մենք ունենք աստվածային նշանակում՝ հավաքելու Իսրայելը և նախապատրաստելու աշխարհը Մեսիայի Երկրորդ Գալուստին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։