Պատկանելություն ուխտին
Պատկանել Աստծուն և քայլել միմյանց հետ Նրա ուխտի արահետում, նշանակում է` օրհնվել ուխտի պատկանելության միջոցով:
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, պատմությունը Երեխաների Միության մի երեխայի մասին է, ով սովորում է աղոթել: «Շնորհակալություն A տառի համար, B տառի համար, … G տառի համար»: Երեխայի աղոթքը շարունակվում է, «Շնորհակալություն X, Y, Z տառերի համար: Սիրելի Երկնային Հայր, շնորհակալություն 1թվի համար, 2թվի համար»: Երեխաների Միության ուսուցիչն անհանգստանում է, բայց իմաստությամբ սպասում: Երեխան ասում է. «Շնորհակալություն 5 թվի համար, 6 թվի համար և շնորհակալություն Երեխաների Միության իմ ուսուցչի համար: Նա միակ անձնավորությունն է, ով երբևէ թույլ է տվել ինձ ավարտել իմ աղոթքը»:
Երկնային Հայրն իհարկե լսում է յուրաքանչյուր երեխայի աղոթքը: Անսահման սիրով Նա մեզ կոչ է անում հավատալ և պատկանել ուխտի միջոցով:
Այս աշխարհը լի է պատրանքով, մոլորությունով և աճպարարությամբ: Այնքան շատ բաներ թվում են անցողիկ և մակերեսային: Երբ մենք մի կողմ ենք դնում դիմակները, երեսպաշտությունը, ամբոխի ազդեցությունից բխող հավանությունն ու արհամարհանքը, մենք փափագում ենք ավելին, քան անցողիկ արտաքին փայլն է, վաղանցիկ կապը կամ աշխարհիկ շահերի հետապնդումը: Բարեբախտաբար, կան պատասխաններ այդ հարցերին։
Երբ խոսքը վերաբերում է Աստծո մեծ պատվիրաններին` ուխտի միջոցով սիրելու Նրան և մեր մերձավորներին, մենք դա անում ենք ոչ թե որպես օտարական կամ հյուր, այլ որպես Նրա տան զավակը:1 Դարերի հնություն ունեցող տարամտությունը դեռևս ճշմարիտ է: Ուխտի պատկանելության միջոցով մեր աշխարհիկ ինքնությունը կորցնելով, մենք գտնում և դառնում ենք մեր լավագույն հավերժական ինքնությունը՝2ազատ, կենդանի, իրական, և սահմանում ենք մեր ամենակարևոր փոխհարաբերությունները: Ուխտի պատականելությունը նշանակում է` Աստծո և միմյանց հետ կապել և պահել հանդիսավոր խոստումներ` սրբազան արարողությունների միջոցով, որոնք հրավիրում են, որպեսզի աստվածայնության զորությունը դրսևորվի մեր կյանքում:3 Երբ մենք ուխտում ենք այն ամենով, ինչ մենք կանք, մենք կարող ենք դառնալ ավելին, քան մենք կանք: Ուխտի պատկանելությունը մեզ տալիս է տեղ, պատմություն, դառնալու կարողություն: Այն առաջացնում է հավատք կյանքի և փրկության հանդեպ:4
Աստվածային ուխտերը դառնում են սիրո աղբյուր՝ Աստծո հանդեպ և Աստծո կողմից, և դրանով իսկ՝ միմյանց հանդեպ և միմյանց հետ: Աստված՝ մեր Երկնային Հայրը, ավելի շատ է սիրում մեզ և ավելի լավ է ճանաչում մեզ, քան մենք ենք սիրում կամ ճանաչում ինքներս մեզ։ Հավատքն առ Հիսուս Քրիստոս և անձնական փոփոխությունը (ապաշխարությունը) բերում են ողորմածություն, շնորհ, ներում: Սրանք հանգստացնում են ցավը, միայնակությունը, անարդարությունը, որոնք մենք տանում ենք մահկանացու կյանքում: Լինելով Աստված, մեր Երկնային Հայրը կամենում է, որ մենք ստանանք Աստծո մեծագույն պարգևը` Իր ուրախությունը, Իր հավերժական կյանքը:5
Մեր Աստվածը ուխտի Աստված է: Իր էության համաձայն, Նա «պահում է ուխտը և ցույց է տալիս ողորմածություն»:6 Նրա ուխտերը հարատևում են, «քանի դեռ ժամանակը կտևի, կամ երկիրը կանգուն լինի, կամ նրա երեսին մեկ մարդ կլինի՝ փրկվելու»:7 Կանխորոշված չէ, որ մենք թափառենք իրական գոյության անորոշության և կասկածի մեջ, այլ ուրախանանք փայփայած ուխտի փոխհարաբերություններում, որոնք «ավելի ուժեղ են քան մահվան կապանքները»:8
Աստծո արարողություններն ու ուխտերը համընդհանուր են իրենց պահանջներով և անհատական՝ իրենց հնարավորությունով: Աստծո արդարությամբ յուրաքանչյուր անհատ ամեն տեղ և ամեն տարիքում կարող է ստանալ փրկարար արարողություններ: Գործադրվում է ազատ կամք` անհատներն են ընտրում՝ ընդունե՞լ արդյոք առաջարկվող արարողությունները: Աստծո արարողությունները ուղեցույցներ են ապահովում ուխտերի Նրա արահետում: Իր զավակներին տուն տանելու Աստծո ծրագիրը մենք անվանում ենք փրկագնման ծրագիր, փրկության ծրագիր, երջանկության ծրագիր: Փրկագնումը, փրկությունը, սելեստիալ երջանկությունը հնարավոր են Հիսուս Քրիստոսի շնորհիվ, ով «իրագործեց այս կատարյալ քավությունը»:9
Պատկանել Աստծուն և քայլել միմյանց հետ Նրա ուխտի արահետում, նշանակում է` օրհնվել ուխտի պատկանելության միջոցով:
Առաջինը, ուխտի պատկանելությունը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի վրա` որպես «նոր ուխտի միջնորդ»:10 Բոլոր բաները կարող են գործել միասին մեր բարու համար, երբ մենք «սրբագործվում ենք Քրիստոսում … Հոր ուխտի մեջ»:11 Ամեն բարի և խոստացված օրհնություն գալիս է նրանց, ովքեր հավատարիմ են մնում մինչև վերջ։ «Աստծո պատվիրանները պահողները» պետք է լինեն «օրհնված բոլոր բաներում` թե՛ նյութական, թե՛ հոգևոր» և «բնակվեն Աստծո հետ … անվերջ երջանկության մեջ»:12
Երբ մենք պատվում ենք մեր ուխտերը, մենք երբեմն կարող ենք զգալ, թե գտնվում ենք հրեշտակների ընկերակցության մեջ: Եվ մենք կլինենք նրանց [հետ], ում սիրում ենք, և ովքեր օրհնում են մեզ վարագույրի այս կողմում և նրանց, ովքեր սիրում և օրհնում են մեզ վարագույրի մյուս կողմից:
Վերջերս ես և Քույր Գոնգը տեսանք ուխտի պատկանելության լավագույն դրսևորումը հիվանդանոցի մի սենյակում: Մի երիտասարդ հայր երիկամի խիստ կարիք ուներ փոխպատվաստման համար: Նրա ընտանիքը արտասվել էր, ծոմ պահել և աղոթել նրա համար, որ երիկամ ստանար: Երբ լուր եկավ, որ կյանք փրկող երիկամը հենց նոր մատչելի էր դարձել, նրա կինը կամաց ասաց. «Հուսով եմ մյուս ընտանիքը նորմալ վիճակում է»: Պատկանելությունը ուխտի միջոցով Պողոս Առաքյալի խոսքերով այն է, «որ ձեզ հետ մխիթարուիմ մեր փոխադարձ`իմ և ձեր հաւատքի միջոցով»:13
Կյանքի ճանապարհին գուցե կորցնենք հավատն առ Աստված, բայց Նա երբեք չի կորցնում հավատը մեր հանդեպ: Ինչ էլ որ լինի, Նրա դռան լույսը միշտ վառ է: Նա հրավիրում է մեզ գալ, վերադառնալ ուխտերին, որոնք նշում են Նրա արահետը: Նա պատրաստ սպասում է գրկելու մեզ, նույնիսկ, երբ մենք «դեռ շատ հեռու ենք»:14 Երբ մենք հավատքի աչքով նայում ենք մեր փորձառության օրինաչափություններին, ծիածանին կամ կապված կետերին, մենք կարող ենք տեսնել Նրա գորովագութ ողորմածությունները և խրախուսանքը, հատկապես մեր փորձությունների,ցավերի ու մարտահրավերների, ինչպես նաև մեր ուրախությունների մեջ: Որքան էլ հաճախ մենք սայթաքենք կամ ընկնենք, եթե մենք շարունակում ենք առաջ շարժվել դեպի Նա, Նա կօգնի մեզ ամեն անգամ մի քայլով:
Երկրորդ, Մորմոնի Գիրքը ուխտի պատկանելության ապացույց է, որը մենք կարող ենք պահել մեր ձեռքում: Մորմոնի Գիրքը խոստացված գործիք է Աստծո զավակների հավաքման համար, որը մարգարեացվել է որպես նոր ուխտ:15 Երբ մենք կարդում ենք Մորմոնի Գիրքը մենակ և ուրիշների հետ, մտքում թե բարձրաձայն, մենք կարող ենք հարցնել Աստծուն «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս», և ստանալ Սուրբ Հոգու զորությամբ հավաստիացում, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:16 Սա ներառում է հավաստիացում, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, Ջոզեֆ Սմիթը Վերականգնման մարգարեն է, և Տիրոջ Եկեղեցին կոչվում է Նրա անունով` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:17
Մորմոնի Գիրքը խոսում է հնադարյան և ժամանակակից ուխտի միջոցով ձեզ հետ, ովքեր Լեքիի զավակներն եք` «մարգարեների զավակները»:18 Ձեր նախահայրերը ստացել են ուխտի խոստում, որ դուք` նրանց հետնորդները, կճանաչեք ձայնը կարծես փոշու միջից` Մորմոնի Գրքում:19 Այդ ձայնը, որը դուք զգում եք, երբ կարդում եք, վկայում է ձեզ, որ դուք «ուխտի զավակներ եք»20 և Հիսուսը ձեր Բարի Հովիվն է:
Մորմոնի Գիրքը հրավիրում է մեզանից յուրաքանչյուրին Ալմայի խոսքերով` մտնել «ուխտի մեջ [Տիրոջ] հետ, որ [մենք] կծառայեք նրան և կպահեք նրա պատվիրանները, որպեսզի նա իր Հոգին ավելի առատորեն դուրս թափի [մեզ] վրա»:21 Երբ մենք ուզում ենք փոխվել դառնալ ավելի լավը, ինչպես մի մարդ է ասել՝ «դադարել թշվառ լինել և լինել երջանիկ՝ լինելով երջանիկ», մենք դառնում ենք բաց` ուղղորդման, օգնության և ուժի համար: Մենք կարող ենք գալ ուխտով` պատկանելու Աստծուն և հավատարիմ հավատացյալների մի համայնքի և ստանալ այն օրհնությունը, որը խոստացվել է Քրիստոսի վարդապետությունում22այժմ:
Բոլոր իր զավակներին օրհնելու համար` վերականգնված քահանայության իշխանությունը և զորությունը ուխտի պատկանելության երրորդ չափորոշիչն է: Այս տնտեսությունում Հովհաննես Մկրտիչը և Պետրոս, Հակոբոս, և Հովհաննես Առաքյալները եկան որպես փառավորված սուրհանդակներ Աստծո կողմից` վերականգնելու Նրա քահանայության իշխանությունը:23 Աստծո քահանայությունը և Նրա արարողությունները մեղմացնում են երկրի վրա փոխհարաբերությունները և կարող են կնքել ուխտի փոխհարաբերություններ երկնքում:24
Քահանայությունը կարող է բառացիորեն օրհնել օրորոցից մինչև գերեզման` մանկան անվան և օրհնությունից մինչև գերեզմանի նվիրագործում: Քահանայության օրհնությունները բժշկում են, մխիթարում, խորհուրդ տալիս: Մի հայր բարկացած էր իր որդու վրա, մինչև ներողամիտ սեր առաջացավ, երբ հայրը որդուն սրտառուչ քահանայության օրհնություն տվեց: Լինելով Եկեղեցու միակ անդամն իր ընտանիքում, մի սիրելի երիտասարդ կին, համոզված չէր իր հանդեպ Աստծո սիրո վերաբերյալ, մինչև նա ստացավ ոգեշնչված քահանայության օրհնություն: Ողջ աշխարհով մեկ ազնվազարմ հայրապետները հոգևորապես պատրաստվում են հայրապետական օրհնություններ տալու համար: Երբ հայրապետը դնում է իր ձեռքերը ձեր գլխին, նա զգում է և արտահայտում Աստծո սերը ձեր հանդեպ: Ձեր հայրապետական օրհնությունը կընդգրկի ձեր տոհմածառը Իսրայելի տան մեջ: Նա արտահայտում է օրհնություններ Տիրոջից: Մի Հայրապետի կին, ով շատ խորամիտ էր, պատմեց ինձ, թե ինչպես են ինքը և իր ընտանիքը հրավիրում Հոգին այն օրերին, երբ իրենց հայրը հայրապետական օրհնություններ է տալիս:
Ի վերջո, ուխտի պատկանելության օրհնությունները գալիս են, երբ հետևում ենք Տիրոջ մարգարեին և ուրախանում տաճարային ուխտով ապրելիս` ներառյալ ամուսնության մեջ: Ուխտով ամուսնությունը դառնում է աստվածային և հավերժական, երբ մենք ամեն օր ընտրում ենք վեր դասել մեր կողակցի և ընտանիքի երջանկությունը մեր սեփականից: Երբ «ես»-ը դառնում է «մենք», մենք աճում ենք միասին: Մենք ծերանում ենք միասին, մենք երիտասարդանում ենք միասին: Երբ օրհնում ենք միմյանց ողջ կյանքի ընթացքում` մոռանալով ինքներս մեզ, մենք մեր հույսերը և ուրախությունները սրբագործված ենք գտնում ժամանակի և հավերժության մեջ:
Մինչդեռ իրավիճակները տարբեր են լինում, երբ մենք անում ենք հնարավոր ամեն բան լավագույն ձևով և անկեղծորեն խնդրում և փնտրում Նրա օգնությունը ողջ կյանքում, Տերը կառաջնորդի մեզ Իր ժամանակին և Իր ձևով, Սուրբ Հոգով։25 Ամուսնական ուխտերը կապվում են նրանց փոխադարձ ընտրությամբ, ովքեր կատարում են այդ` հիշելով ազատ կամքի հանդեպ Աստծո և մեր հարգանքը, և Նրա օգնության օրհնությունը, երբ մենք միասնաբար որոնում ենք այն:
Պատկանելության ուխտի պտուղները ընտանիքի սերունդների վրա զգացվում են մեր տներում և սրտերում: Խնդրում եմ թույլ տաք ինձ ցույց տալ անձնական օրինակներով:
Երբ Քույր Գոնգն ու ես սիրահարվեցինք ամուսնության հեռանկարով, ես սովորեցի ազատ կամքի և որոշումների վերաբերյալ: Որոշ ժամանակ մենք սովորում էինք երկու տարբեր երկրներում երկու տարբեր աշխարհամասերում։ Ահա թե ինչու, ես կարող եմ անկեղծորեն ասել, որ գիտությունների դոկտորի աստիճան եմ ստացել միջազգային հարաբերություններում։
Մի անգամ հարցրեցի․ «Երկնային Հայր, ամուսնանա՞մ Սյուզանի հետ»։ Ես խաղաղություն զգացի: Բայց հենց այդ ժամանակ էր, որ ես սովորեցի աղոթել անկեղծ միտումով․ «Երկնային Հայր, ես սիրում եմ Սյուզանին և ցանկանում ամուսնանալ նրա հետ։ Խոստանում եմ լինել լավագույն ամուսինը և հայրը»: Երբ ես կայացրի իմ լավագույն որոշումները և գործի դրեցի դրանք, այդ ժամանակ էր, որ ստացա իմ ամենաամուր հոգևոր հաստատումները։
Այժմ, մեր Գոնգ և Լինդսի երկու ընտանիքներում ԸնտանեկանՈրոնման տոհմածառերը, պատմություններն ու նկարներն օգնում են մեզ բացահայտել և կապել` սերնդային ուխտի պատկանելության ապրած փորձառության միջոցով։26 Մեզ համար հարգված նախնիների շարքում են.
Մեծ Տատ Ալիս Բլաուեր Բանգերթերը, ով մեկ օրում ամուսնության երեք առաջարկ ստացավ, հետագայում խնդրեց իր ամուսնուն, որ մի ոտնակ ամրացնի իր խնոցուն, որ կարողանա կարագ հարել և թել մանել և կարդալ միաժամանակ։
Մեծ Պապ Լոյ Կուեյ Չարը տարավ իր երեխաներին իր մեջքին և իր ընտանիքի մի քանի իրեր ավանակի վրա, երբ անցնում էին լավայով պատված դաշտերը Հավայան Մեծ կղզում: Չար ընտանիքի սերունդների նվիրվածությունը և զոհաբերությունը օրհնեցին մեր ընտանիքն այսօր:
Մարի Ալիս Փաուել Լինդսի տատը մենակ մնաց հինգ փոքր երեխաներով, երբ նրա ամուսինը և ավագ որդին հանկարծակի ընդամենը օրերի տարբերությամբ մահացան: 47 տարեկան այրի տատը մեծացրեց իր ընտանիքը տեղի ղեկավարների և անդամների աջակցությամբ։ Այդ բոլոր տարիների ընթացքում տատը խոստանում էր Տիրոջը, որ եթե Նա օգներ իրեն, ինքը երբեք չէր տրտնջա։ Տերն օգնեց նրան։ Նա երբեք չտրտնջաց։
Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ինչպես վկայել է Սուրբ Հոգին, ամեն բարի և հավերժական բան հիմնված է Աստծո՝ մեր Հավերժական Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության կենդանի իրողության վրա: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը նոր ուխտի Միջնորդն է: Հիսուս Քրիստոսի մասին վկայելը Մորմոնի Գրքի ուխտի նպատակն է։27 Երդումով և ուխտով, Աստծո վերականգնված քահանայության իշխանությունը նախատեսված է` օգնելու Աստծո բոլոր զավակներին, ներառյալ ուխտի ամուսնության միջոցով, սերնդային ընտանիքով և անձնական օրհնություններով:
Մեր Փրկիչը հայտարարում է․ «Ես եմ Ալֆան և Օմեգան՝ Քրիստոս Տերը. այո՛, [այսինքն ես եմ նա՝] սկիզբը և վերջը՝ աշխարհի Քավիչը»։28
Ի սկզբանե մեզ հետ լինելով, Նա մեզ հետ է մեր ուխտի ողջ պատկանելության մեջ՝ մինչև վերջ: Ես այսպես եմ վկայում Հիսուս Քրիստոսի սրբազան և սուրբ անունով, ամեն: