Ուխտի կանայք Աստծո հետ գործընկերության մեջ
Դառնալով ուխտի կանայք Աստծո հետ գործընկերության մեջ, Աստծո բարի ու հրաշալի դուստրերը միշտ հոգ են տարել, առաջնորդել են և սպասավորել են:
Ես երախտապարտ եմ այն օրհնության համար, որ կարող եմ խոսել ձեզ հետ՝ Աստծո ուխտի դուստրե՛ր։ Այս երեկո իմ նպատակն է խրախուսել ձեզ այն մեծ ծառայության մեջ, որին դուք կանչված եք: Այո, Աստծո յուրաքանչյուր դուստր, ով լսում է իմ ձայնը, կանչ է ստացել Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։
Ձեր կանչը սկսվեց, երբ դուք եկաք մահկանացու կյանք, որի վայրն ու ժամանակը ձեզ համար ընտրված էր Աստծո կողմից, ով կատարելապես ճանաչում ու սիրում է ձեզ՝ որպես Իր դուստրեր: Հոգևոր աշխարհում Նա ճանաչում էր և ուսուցանեց ձեզ, ապա ուղարկեց ձեզ այնտեղ, որտեղ դուք կունենայիք աշխարհի պատմության մեջ բացառիկ հնարավորությունը՝ հրավիրվել մկրտության ավազանի մեջ: Այնտեղ դուք լսել եք այս խոսքերը, որոնք ասվել են Հիսուս Քրիստոսի կանչված ծառայի կողմից. «Լիազորված լինելով Հիսուս Քրիստոսի կողմից, ես մկրտում եմ քեզ անունով Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Ամեն»։1
Երբ դուք դուրս եկաք մկրտության ջրից, ընդունեցիք ծառայության մեկ այլ կանչ: Որպես Աստծո նոր ուխտի դուստրեր, դուք խոստում տվեցիք և հանձնարարություն ստացաք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, որի անդամն եք հետո հաստատվել: Դուք Աստծո հետ ուխտ եք կապել՝ վերցնել Հիսուս Քրիստոսի անունը ձեզ վրա, պահել Նրա պատվիրանները և ծառայել Նրան:
Մարդկանց, ովքեր կապել են այս ուխտերը, Տերը կանչում է այնպիսի ծառայության, որը կատարելապես կհամապատասխանի նրանց: Սակայն Աստծո ուխտի բոլոր դուստրերն ու որդիները կիսում են մի կարևոր և ուրախ կոչում: Այն է՝ ծառայել ուրիշներին Նրա անունից։
Խոսելով քույրերի հետ, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրաշալի ամփոփեց ձեզ ուղղված Տիրոջ կանչը՝ միանալ Իրեն Իր աշխատանքում: Նախագահ Նելսոնն այսպես է նկարագրել ձեր կոչումը. «Տերն ասել է. «Աստծո գործը և փառքն է` իրականացնել մարդու անմահությունը և հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։ Ուստի Նրա նվիրյալ դուստր-աշակերտները կարող են հիրավի ասել. «Իմ գործն ու փառքն է՝ օգնել իմ սիրելիներին հասնել այդ երկնային նպատակին»:
«Կնոջ աստվածային առաքելության մի մասն է օգնել մեկ այլ մարդ արարածի՝ հասնել իր սելեստիալ ներուժին: Որպես մայր, ուսուցիչ և սնուցող Սուրբ, նա օգնում է ազդեցություն ունենալ ուրիշների կյանքի վրա, հույս ունենալով օգնել նրանց հասնել անմահության և հավերժական կյանքի: Աստծո հետ գործընկերության մեջ լինելով, նրա աստվածային առաքելությունն է օգնել հոգիներին ապրել, իսկ ոգիներին՝ վեհանալ: Սա է նրա կյանքի մեծագույն ձեռքբերումը: Այն ազնվացնող է, կատարելագործող և վեհացնող»:2
Դուք չեք կարող իմանալ, թե երբ և որքան ժամանակ ձեր անձնական առաքելությունը կկենտրոնանա այնպիսի կոչումներում ծառայելու վրա, ինչպիսիք են՝ մայրը, ղեկավարը կամ սպասավորող քույրը: Իր սիրո շնորհիվ Տերը մեզ չի տալիս ժամանակի, տևողության կամ հանձնարարությունների հերթականության ընտրությունը: Սակայն սուրբ գրություններից և ապրող մարգարեների ուսմունքներից մենք գիտենք, որ այս բոլոր հանձնարարությունները կտրվեն Աստծո բոլոր դուստրերին՝ կա՛մ այս կյանքում, կա՛մ՝ հաջորդ: Եվ դրանք բոլորը սիրող ընտանիքներում հանդիսանում են նախապատրաստություն հավերժական կյանքին՝ «Աստծո բոլոր պարգևներից մեծագույնին»։3
Դուք իմաստուն կլինեք, եթե այժմ բոլոր ջանքերը ներդնեք պատրաստվելու համար՝ մտքում ունենալով վերջնական նպատակը։ Այդ հանձնարարությունը պարզեցված է, քանի որ այդ հանձնարարություններից յուրաքանչյուրը հիմնականում պահանջում է նույն պատրաստվածությունը:
Եկեք սկսենք սպասավորող քրոջ հանձնարարությունից: Արդյո՞ք դուք ունեք այդ հանձնարարությունը՝ որպես 10-ամյա դուստր մի ընտանիքում, որտեղ մահացել է հայրը, թե՞ որպես Սփոփող Միության նախագահ, ում քաղաքը վերջերս հրդեհի է մատնվել, կամ երբ հիվանդանոցում եք և ապաքինվում եք վիրահատությունից հետո, ուրեմն դուք հնարավորություն ունեք կատարելու Տիրոջից ձեզ տրված կոչման պարտականությունները՝ լինել Նրա սպասավորող դուստրը:
Թվում է, դրանք սպասավորության շատ տարբեր հանձնարարություններ են: Սակայն դրանք պահանջում են հզոր, սիրող սրտի պատրաստվածություն, անվախ հավատք առ այն, որ Տերը պատվիրաններ չի տալիս առանց ուղի պատրաստելու և տալիս է ցանկություն, որպեսզի կարողանանք իրագործել այն, ինչ Նա է պատվիրել։4
Քանի որ 10-ամյա դուստրը նախապատրաստված է, նա իր բազուկներով օղակում է իր մայրիկին և աղոթում է, որ իմանա, թե ինչպես օգնի իր ընտանիքին: Եվ շարունակում է աղոթել:
Սփոփող Միության նախագահը նախապատրաստվել էր ծառայելու՝ նախքան կբռնկվեր անսպասելի հրդեհը իրենց տարածքում: Նա ծանոթացել ու սիրել էր մարդկանց։ Նրա հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ աճել էր տարիների ընթացքում, երբ ստացել էր իր աղոթքի պատասխանները, որ Տերն օգներ իրեն Նրա համար կատարած փոքր ծառայություններում: Իր երկար նախապատրաստության շնորհիվ նա պատրաստված էր ու եռանդուն, որ կազմակերպի իր քույրերին՝ ծառայելու նեղության մեջ հայտնված մարդկանց և ընտանիքներին:
Մի քույր, ով հիվանդանոցում ապաքինվում էր վիրահատությունից հետո, նախապատրաստվել էր սպասավորելու իր ընկերակից հիվանդներին: Տիրոջ անունից նա ամբողջ կյանքում սպասավորել էր անծանոթ մարդկանց՝ որպես նրանց հարևան կամ ընկեր: Երբ նա իր սրտում զգաց հիվանդանոցում սպասավորելու կանչը, այնպիսի սիրով ու քաջաբար ծառայեց ուրիշներին, որ մյուս հիվանդները չէին ցանկանում, որ նա շուտ առողջանար և գնար հիվանդանոցից:
Նույն եղանակով, որով դուք պատրաստվում եք սպասավորության, կարող եք և պետք է պատրաստվեք ձեր կոչմանը, որպեսզի ղեկավար լինեք Տիրոջ անունից: Դրա համար հավատք կպահանջվի Հիսուս Քրիստոսի հանդեպ, որը հիմնված է ձեր մեծ սիրո վրա, որը տածում եք սուրբ գրությունների հանդեպ՝ առաջնորդելով մարդկանց և ուսուցանելով Նրա խոսքն առանց երկյուղելու: Հետո դուք կպատրաստվեք, որ ունենաք Սուրբ Հոգուն՝ որպես ձեր մշտական ուղեկից: Դուք անհամբերությամբ կասեք. «Ես կանեմ», երբ Երիտասարդ Կանանց նախագահության ձեր խորհրդականը տագնապած ձայնով ասում է. «Քույր Ալվարեսը հիվանդ է այսօր: Ո՞վ կուսուցանի նրա դասարանին»:
Համարյա նույն պատրաստվածությունն է անհրաժեշտ այն հրաշալի օրվա համար, երբ Տերը կկանչի ձեզ մայր լինել: Բայց դրա համար անհրաժեշտ է ավելի շատ սիրող սիրտ, քան այն, որի կարիքը դուք ունեիք նախկինում: Դրա համար ավելի մեծ հավատք է պահանջվում Հիսուս Քրիստոսի հանդեպ, քան երբևէ ունեցել եք ձեր սրտում: Եվ դրա համար պահանջվում է աղոթելու ունակություն՝ Սուրբ Հոգու ազդեցության, առաջնորդության և սփոփանքի համար՝ նույնիսկ հնարավորի սահմանից այն կողմ:
Դուք կարող եք խելամիտ հարց ուղղել. Ինչպե՞ս կարող է տղամարդն իմանալ, թե մայրերն ինչի կարիք ունեն: Ճիշտ հարց է: Տղամարդիկ չեն կարող իմանալ ամեն ինչ, բայց մենք կարող ենք սովորել որոշ դասեր Աստծո հայտնության շնորհիվ: Մենք շատ բան կարող ենք սովորել նաև ուսումնասիրության միջոցով, երբ հնարավորություն ունենք փնտրել Հոգուն, որ օգնի մեզ հասկանալ, թե ինչ ենք ուսումնասիրում:
Ես ուսումնասիրում եմ Քեթլին Ջոնսոն Այրինգին մեր ամուսնության 57 տարիների ընթացքում: Նա չորս որդիների և երկու դուստրերի մայր է: Մինչ օրս նա կրում է իր կոչումը՝ մայրական ազդեցություն ունենալով մեր ընտանիքի ավելի քան հարյուր անդամների վրա, և ուրիշ հարյուրավորների վրա, ում նա ընդունել է իր մայրական սրտում:
Դուք հիշում եք կնոջ աստվածային առաքելության Նախագահ Նելսոնի կատարյալ նկարագրությունը՝ ներառյալ նրա մայրության առաքելությունը. «Որպես մայր, ուսուցիչ և սնուցող սուրբ, նա օգնում է ազդեցություն ունենալ ուրիշների կյանքի վրա, հույս ունենալով օգնել նրանց հասնել անմահության և հավերժական կյանքի: Աստծո հետ գործընկերության մեջ լինելով, նրա աստվածային առաքելությունն է օգնել հոգիներին ապրել, իսկ ոգիներին՝ վեհանալ: Սա է նրա կյանքի մեծագույն ձեռքբերումը»:5
Որքանով որ գիտեմ, իմ կինը՝ Քեթլինը, հետևել է այդ պարտականությանը, որը տրված է մեր Հոր դուստրերին: Ամենակարևոր մասն ինձ համար հետևյալ բառերն են՝ «նա օգնում է ազդեցություն ունենալ ուրիշների կյանքի վրա, … լինելով Աստծո հետ գործընկերության մեջ»: Նա չի պարտադրել: Նա ազդեցություն է ունեցել: Եվ նա հիմնական նպատակ է ունեցել իր հույսերի համար և նրանց համար, ում վրա փորձել է ազդեցություն ունենալ, նրանց համար, ում նա սիրել ու մայրություն է արել: Նրա հիմնական նպատակը Հիսուս Քրիստոսի ավետարանն էր, ինչպես ես տարիների ընթացքում հասկացա աղոթքով լի դիտարկումների միջոցով:
Դառնալով ուխտի կանայք Աստծո հետ գործընկերության մեջ, Աստծո բարի ու հրաշալի դուստրերը միշտ հոգ են տարել, առաջնորդել են, սպասավորել են և ծառայել, ինչպիսի ուղի ու վայր էլ որ Նա պատրաստել է նրանց համար: Ես խոստանում եմ, որ դուք ուրախություն կգտնեք դեպի ձեր երկնային տուն տանող ճամփորդության ժամանակ, մինչ վերադառնում եք Նրա մոտ՝ որպես ուխտը պահող Աստծո դուստր:
Ես վկայում եմ, որ Հայր Աստվածն ապրում ու Նա սիրում է ձեզ: Նա կպատասխանի ձեր աղոթքներին: Նրա սիրելի Որդին ամենայն մանրամասնությամբ առաջնորդում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը Նրա կենդանի մարգարեն է։ Եվ Ջոզեֆ Սմիթը ծառերի պուրակում տեսավ Հայր Աստծուն ու Նրա Որդի Հիսուս Քրիստոսին Նյու Յորքի Պալմիրայում: Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։ Ես վկայում եմ նաև, որ Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն է։ Նա սիրում է ձեզ: Եվ Նրա Քավության միջոցով դուք կարող եք մաքրվել և բարձրացվել դեպի բարձր ու սուրբ կոչումներ, որոնք կգան ձեզ: Ես այսպես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: