2021
Իմ պահուստները
Հունվար 2021


Տեղական նորություններ

Իմ պահուստները

Մոտենում է 2021 թվականը, որին բոլորը սպասում էին 2020 թվականի ընթացքում: Նոր տարին բերում է նոր ցանկություններ, հույսեր և ծրագրեր: 2020 թվականն անկայուն տարի էր բոլորիս համար և, իմ կարծիքով, յուրաքանչյուր ոք բախվեց որոշակի խնդիրների, փորձությունների, անախորժությունների, կորուստների կամ դժվարությունների: Իհարկե, ոչ ոք չի ցանկանում նման դժվարություններ տեսնել իր և սիրելիների կյանքում: Բայց որքա՞ն հաճախ ենք մտածում այն բազմաթիվ օրհնությունների մասին, որոնք բոլոր փորձություններից հետո սիրող Երկնային Հայրը տալիս է մեզ: Արդյո՞ք երգում ենք «Օրհնություններդ հաշվիր» օրհներգը։ Եվ փորձության ժամանակ արդյո՞ք ուրախանալու և Արարիչին փառաբանելու պատճառ ենք տեսնում։ Թույլ տվեք պատմել իմ ընտանիքի ունեցած փորձառության մասին։

Բազմաթիվ ընտանիքների նման, համաճարակի բռնկման ժամանակ մենք «կտրված էինք աշխարհից»՝ գտնվելով ինքնամեկուսացման մեջ: Երբ ամեն ինչ սկսվեց, և տեղի ունեցավ մթերքի գնման իրարանցումը, ես իրազեկված էի սննդի պաշարների վերաբերյալ մեր Եկեղեցու ղեկավարների տված ցուցումների կարևորության մասին: Մենք ունեինք սննդի փոքր պաշար, որը կարողացանք լրացնել։ Բայց ինչպես պարզվեց, դա ամենակարևոր պահուստը չէ, որն անհրաժեշտ է մեր ընտանիքին՝ ապրելու համար: Այդ մասին մտածելիս ես կցանկանայի մեր պահուստների պատրաստությունը բաժանել չորս անվանակարգերի (ոչ առաջնահերթության հերթականությամբ) և մասամբ մեկնաբանել կետերից յուրաքանչյուրը.

  • սննդի պահուստ,

  • հոգևոր պահուստ,

  • նյութական պահուստ,

  • մտավոր պահուստ։

Սննդի պահուստ։ Մենք արդեն ղեկավարներից լսել, կարդացել և ուսումնասիրել ենք այս հարցի վերաբերյալ բազմաթիվ ուղերձներ, և կարծես թե, բոլորը պետք է իմանան դրա մասին: Այս պահին թույլ տվեք ավելի շատ չանդրադառնալ այս կետին։

Հոգևոր պահուստ։ Լավ սովորություն է ավետարանով ապրել ամեն օր, որտեղ էլ որ լինենք: Անկախ նրանից, թե մենք հնարավորություն ունենք ծխերում հանդիպելու կիրակի օրերին, շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, ովքեր կիսում են մեր կրոնական հայացքները, թե ոչ, ուրիշ մարդիկ ներկա են մեր շուրջը, թե մենք բոլորովին միայնակ ենք, միևնույն է, մենք պետք է ամեն ինչ անենք, խոսենք և վարվենք՝ ինչպես Քրիստոսի ճշմարիտ հետևորդները: Իմ միսիայի նախագահը դա անվանել է «արդարության սկզբունքը խավարի մեջ»:

Նյութական պահուստ։ Որքան հեշտ է մոռանալ այդ մասին, երբ կայուն ու լավ եկամուտ ունես։ Ինչո՞ւ անձրևանոց կրել, երբ հիմա արևն է փայլում: Դուք պետք է իմանաք, որ իրականում ես ընկել եմ այդ ծուղակը և իսկապես զղջում եմ դրա համար։ Ես աշխատում եմ զբոսաշրջության ոլորտում, և ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ համավարակի պատճառով այն կաթվածահար կլինի, ինչի պատճառով փող աշխատելու թեկուզ չնչին հնարավորությունը կանհետանա: Այնուամենայնիվ, դա ինձ օգնեց դուրս գալ հարմարավետության գոտուց և ուրիշ գործ ձեռնարկել, որպեսզի կարողանայի ընտանիքս պահել և գումար խնայել նեղ օրվա համար:

Մտավոր պահուստ։ Աշխատանքային իրավիճակս ինձ մտածելու տեղիք տվեց և բացահայտեց, որ չնայած ավելի վաղ ստացած կրթությանը, ես իսկապես կարիք ունեի ուսումս շարունակելու, որպեսզի ձեռք բերեի լրացուցիչ հմտություններ, որոնք անհրաժեշտ էին դժվարին ժամանակներում լիարժեք կյանք ունենալու համար: Ես հիացած եմ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի մտավոր «պահուստով», ով բազմաթիվ լեզուներ գիտի և շատ լավ տիրապետում է իր մասնագիտական ոլորտին: Ինձ համար նա անընդհատ սովորելու, նոր գիտելիքներ փնտրելու և գործնականում այդ գիտելիքները կիրառելու օրինակ է:

Ես բերում եմ իմ վկայությունը մեր Երկնային Հոր իմաստության և մեր հանդեպ Նրա սիրո մասին: Փորձությունների միջոցով Նա մեզ ցույց է տալիս մեր թույլ կողմերը, որպեսզի զորացնի մեզ, սովորեցնի և օգնի մեզ՝ հասնելու մեր ներուժին և գտնելու մեծ երջանկություն և ուրախություն:

Տպել