«Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն»
Պատկերացրեք ձեր կյանքը, եթե ոչ մի ընտրություն չունենայիք: Կամքի ազատությունը կամ ընտրելու զորությունն Աստծո կողմից մեզ տրված մեծագույն պարգևներից է: Լեքիի որդի Հակոբն արդեն փոքր տարիքում շատ դժվարություններ էր ունեցել, ուստի Լեքին նրան ուսուցանեց արժեքավոր ճշմարտություններ Փրկչի և ընտրության ազատության մասին: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ կամքի ազատության նշանակությունը Երկնային Հոր ծրագրում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կարևոր ընտրություններ
Հաջորդող երկու րոպեի ընթացքում գրեք վերջին մի քանի օրերին ձեր կատարած կարևոր ընտրություններից մի քանիսը:
Ըստ ձեզ՝ ընտրությունն ինչո՞ւ է կարևոր մեր մահկանացու կյանքի և Երկնային Հոր փրկության ծրագրի համար:
Խորհեք, թե ինչ եք սովորել ընտրություններից, որոնցով հպարտանում եք, և որոնց համար ափսոսում եք: Այս դասի ընթացքում ուսումնասիրություն կատարելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի իմանաք, թե ինչը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ և օգտագործել ընտրություն կատարելու ձեր ունակությունը: Եթե ունեք կամքի ազատության վերաբերյալ հարցեր, նույնպես աղոթեք և ուսումնասիրելու ընթացքում փնտրեք պատասխաններ:
Կամքի ազատության կարևոր ոլորտները
Լեքիի որդի Հակոբը ծնվել էր անապատում՝ Երուսաղեմից նրա ընտանիքի հեռանալուց հետո: Լեքին իր մահվանից քիչ առաջ Հակոբին կարևոր ճշմարտություններ ուսուցանեց կամքի ազատության մասին:
Կարդացեք 2 Նեփի 2.1–4 հատվածները և գտեք, թե Լեքին ինչպես սկսեց իր ուղերձը Հակոբին: Օգտակար կլինի իմանալ, որ «նվիրագործել» բառը նշանակում է նվիրաբերել կամ սրբագործել (Սուրբ գրքերի ուղեցույցում տե՛ս «Նվիրաբերում, նվիրաբերման օրենքը» [scriptures.ChurchofJesusChrist.org]):
Շատ փորձությունների հանդիպած մարդու համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ ընտրության զորության կարևորությունը:
Այս հատվածի ճշմարտություններից որո՞նք են առավել նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:
Լեքին Հակոբին կամքի ազատության շատ կարևոր ոլորտներ ուսուցանեց: Կարդացեք ստորև ներկայացվող տարբերակները: Ընտրեք երկուսը, որոնց ուսումնասիրությունն ըստ ձեզ նշանակալից կլիներ ձեզ համար, ապա ուսումնասիրեք հաջորդող տեղեկությունը:
Մենք ունենք Փրկչի կարիքը
Մահկանացու կյանքում կատարյալ կերպով կամքի ազատություն դրսևորեց միայն Փրկիչը: Մենք բոլորս մեղքեր ենք գործում և առանց օգնության բոլորս «կորչում ենք … և դառնում հավիտյան թշվառ» (2 Նեփի 2.5):
Սա իմանալով՝ կարդացեք 2 Նեփի 2.6–8 հատվածը՝ տեսնելու, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը բոլորիս համար:
Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանվում 2 Նեփի 2.6–8-ում, այդ հատվածների տեղեկությունների համար ուսումնասիրեք «Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժինը:
Փրկիչը ինչպե՞ս որոշեց օգնել ձեզ:
Հիսուս Քրիստոսի մասին այս մտքի ըմբռնումը ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ունեցած ձեր զգացողությունների վրա:
Ի՞նչ եք սովորում Փրկչի՝ ընտրություններ կատարելու օրինակից:
Մտածեք որևէ ժամանակի մասին, երբ Հիսուս Քրիստոսի օգնությամբ զղջացել եք որևէ մեղքի համար: Զղջալն ինչպե՞ս ազդեց ձեզ վրա: