«Վերականգնման ձայները. Լիբերթիի բանտը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Լիբերթիի բանտը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025
Վերականգնման ձայները
Լիբերթիի բանտը
Միսսուրիի Լիբերթիի բանտում գտնվելու ժամանակ Ջոզեֆ Սմիթը նամակներ էր ստանում, որտեղից տեղեկանում էր վերջին օրերի սրբերի վտանգավոր իրավիճակի մասին, որոնք նահանգապետի հրամանով արտաքսվում էին նահանգից։ Այդպիսի մի տխուր նամակ նա ստացել էր կնոջից՝ Էմմայից։ Նրա խոսքերը, և ի պատասխան գրված Ջոզեֆի նամակները պարունակում էին թե տառապանք և թե հավատք՝ եկեղեցու պատմության այդ դժվար ժամանակահատվածում։
Նամակ Էմմա Սմիթի կողմից Ջոզեֆ Սմիթին, մարտի 7, 1839 թվական
Սիրելի ամուսին,
Ընկերոջ հետ ուղարկելու հնարավորություն ունենալով՝ ես փորձեցի գրել, բայց չեմ անդրադառնա իմ զգացմունքներին, քանի որ քո իրավիճակը՝ այդ պատերը, ճաղերը, նիգերը, թափվող գետերը, վազող հոսքերը, խոյացող բլուրները, խորտակվող հովիտներն ու ձգվող տափաստանները, որ բաժանում են մեզ, և այն դաժան անարդարությունը, որը նախ բանտարկեց քեզ և մինչ օրս պահում է այդտեղ, և շատ այլ նկատառումներով, իմ զգացմունքները դարձնում են աննկարագրելի։
Եթե չլիներ գիտակցված անմեղությունը և աստվածային ողորմության անմիջական միջամտությունը, վստահ եմ, չէի կարողանա դիմանալ իմ անցած տառապանքի տեսարաններին, … բայց ես դեռ ապրում եմ և դեռ պատրաստ եմ ավելի շատ տառապել, եթե բարի Երկնքի կամքն է, որ ես անեմ դա հանուն քեզ։
Մենք բոլորս լավ ենք այս պահին, բացի Ֆրեդերիկից, նա հիվանդ է։
Փոքրիկ Ալեքսանդրը, որ հիմա իմ ձեռքերում է, ամենահրաշք մանուկն է, որ միայն կարող ես պատկերացնել։ Նա այնքան ուժեղ է, որ աթոռի օգնությամբ վազում է ամբողջ սենյակով մեկ։ …
Բացի Աստծուց ոչ ոք չգիտի իմ մտքի արտացոլանքները և իմ սրտի զգացմունքները, երբ ես լքեցի մեր տունը և այն ամենն, ինչ մենք ունեինք, բացի մեր փոքր երեխաներից, և ճանապարհ ընկա, հեռանալով Միսսուրիից՝ թողնելով քեզ, փակված այդ մեկուսի բանտում։ Բայց հիշողությունն ավելին է, քան մարդկային էությունը կարող է տանել։ …
Հույս ունեմ, որ առջևում լավ օրեր դեռ կլինեն։ … [Ես] միշտ քեզ հետ եմ։ Սիրով,
Էմմա Սմիթ
Ջոզեֆ Սմիթի նամակը, ուղղված Էմմա Սմիթին, 4 ապրիլի, 1839 թվական
Թանկագին և սիրելի իմ կին,
Հինգշաբթի երեկոյան, արևի մայր մտնելուն պես, ինչպես երևում է այս մեկուսի բանտի ճաղերի արանքից, ես նստեցի, որ գրեմ քեզ, որպեսզի պատմեմ իմ իրավիճակի մասին։ Կարծում եմ, արդեն հինգ ամիս և վեց օր է, գիշեր-ցերեկ գտնվում եմ այս պահակախմբի այլանդակ ու գարշելի խոսելաոճի, մութ ու կեղտոտ, լքված բանտախցի պատերի, վանդակաճաղերի և երկաթյա դռների շխկոցի ներքո։ Միայն Աստված գիտի իմ զգացմունքներն այս նամակը գրելիս։ Այս պայմաններում մտքի հայեցողությունը չի ենթարկվում գրչին, լեզվին կամ Հրեշտակներին՝ նկարագրելու կամ նկարելու համար մարդ արարածին, որը երբեք չի անցել այսպիսի բանի միջով, ինչով մենք ենք անցնում։ … Մեր ազատության համար մենք ապավինում ենք Եհովայի զորությանը, ուրիշ ոչնչի, և եթե նա չանի դա, ուրեմն չենք ազատվի։ Համոզված եղիր, որ այս նահանգում մեր արյան ծարավը շատերն ունեն, և ոչ այն պատճառով, որ մենք որևէ բանում մեղավոր ենք։ … Իմ սիրելի Էմմա, ես անդադար մտածում եմ քո և մեր երեխաների մասին։ … Ակնկալում եմ տեսնել փոքրիկ Ֆրեդերիկին, Ջոզեֆին, Ջուլիային, Ալեքսանդրին, Ջոանային և ծեր մայորին [ընտանիքի շունը]։ … Ուրախությամբ կքայլեի այստեղից ձեզ մոտ, ոտաբոբիկ, գլխաբաց և կիսամերկ, որպեսզի տեսնեի ձեզ և կմտածեի, որ դա մեծ հաճույք է, ոչ թե դժվար բան։ … Ես համբերատար տանում եմ ողջ այս ճնշումը, ինչպես և նրանք, ովքեր ինձ հետ են՝ ոչ մեկս չենք ընկրկում։ Ուզում եմ, որ թույլ չտաս [մեր երեխաներին] մոռանալ ինձ։ Ասա նրանց, որ հայրիկը սիրում է իրենց կատարյալ սիրով, և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի խուսափի ամբոխից, և գա նրանց մոտ։ Փոխանցիր նրանց, որ հայրիկն ասում է, որ լսող երեխաներ լինեն և մտածեն մայրիկի մասին։ …
Քո՝
Ջոզեֆ Սմիթ Կրտսեր