«Վերականգնման ձայները. Սփոփող միությունը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)
«Սփոփող միությունը», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ 2025
Վերականգնման ձայները
Սփոփող միությունը
1842 թվականին Իլինոյսի Նավու քաղաքում Սփոփող միության կազմավորումից հետո մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Եկեղեցին կատարյալ կազմակերպված դարձավ այն պահից, երբ կանայք այդպես կազմակերպվեցին»։ Նմանապես, Տիրոջ Եկեղեցու Վերականգնման և Նրա քահանայության մասին թեման ավարտուն չէ, եթե այն չի ընդգրկում Սփոփող միությունը, որն ինքնին «վաղեմի կառուցվածքի վերականգնում է»՝ Հիսուս Քրիստոսի կին աշակերտների օրինակով։
Էլիզա Ռ․ Սնոուն կարևոր դեր ունեցավ այդ վերականգնման գործում։ Նա ներկա էր, երբ Սփոփող միությունն առաջին անգամ կազմավորվեց և, որպես համայնքի քարտուղար, գրառումներ էր կատարում կազմակերպության ժողովների ժամանակ։ Նա առաջիններից էր, ով վկա եղավ, որ Սփոփող միությունը կազմավորված է «քահանայության օրինակով»։ Ստորև բերված են նրա խոսքերը, որոնք գրվել են այն ժամանակ, երբ նա ծառայում էր որպես Սփոփող միության երկրորդ գերագույն նախագահ, որպեսզի օգներ քույրերին հասկանալ Աստծո ուխտյալ դուստրերին վստահված աստվածային աշխատանքի բնույթը։
Սփոփող Միության կազմավորման մասին ավելին իմանալու համար, տես Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2017), 1-25, The First Fifty Years of Relief Society (2016), 3-175։
Էլիզա Ռ․ Սնոու
«Չնայած [Սփոփող միությունն] ունի ժամանակակից անուն, կազմակերպությունը հին ծագում ունի։ [Ջոզեֆ Սմիթը] մեզ ասել է, որ նույն կազմակերպությունը գոյություն է ունեցել հին եկեղեցում, որի մասին ակնարկներ կան Նոր Կտակարանի որոշ թղթերում, որտեղ օգտագործվել է «ընտրյալ տիկին» անվանումը [տես Բ Հովհաննես 1․1, Վարդապետություն և Ուխտեր 25․3]։
«Սա մի կազմակերպություն է, որը չի կարող գոյություն ունենալ առանց Քահանայության այն պարզ պատճառով, որ իր ամբողջ իշխանությունն ու ազդեցությունը ստանում է այդ աղբյուրից։ Երբ Քահանայությունը հեռացվեց երկրից, այս հաստատությունը, ինչպես նաև երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ճշմարիտ կարգի բոլոր մյուս հավելումները, վերացան։ …
Ներկա լինելով «Նավուի Կանանց Սփոփող միության» կազմավորմանը, … ինչպես նաև ունենալով զգալի փորձառություն այդ միության գործերում, գուցե կարող եմ տալ մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Սիոնի դուստրերին առաջ տանել այս շատ կարևոր դերը, որը լի է նոր և բազմապատկված պարտականություններով։ Եթե Իսրայելի դուստրերից ու մայրերից որևէ մեկը նվազագույն իսկ չափով իրեն սահմանափակված է զգում ներկայումս, նրանք այժմ կգտնեն յուրաքանչյուր զորության և ունակության միանգամայն բավարար հնարավորություն, գործելով բարին, ինչով նրանք ամենաշատն են օժտված։ …
Այս հարցը պետք է ծագի յուրաքանչյուրի մտքում՝ ո՞րն է Կանանց սփոփող միության նպատակը։ Ես կպատասխանեի՝ բարիք գործել, օգտագործել մեր բոլոր ունակությունները՝ բարիք գործելու համար, ոչ միայն կարիքավորներին օգնելու, այլև հոգիները փրկելու համար։ Միասնական ջանքերով անհամեմատ ավելի շատ բան կարելի է անել, քան ամենաարդյունավետ անհատական եռանդով։ …
Կարիքավորներին սպասավորելիս, Կանանց սփոփող միությունը պարտականությունների ավելի լայն շրջանակ ունի, քան զուտ մարմնական կարիքների թեթևացումը։ Մտքի աղքատությունը և սրտի տկարությունը նույնպես ուշադրություն են պահանջում, և հաճախ՝ բարի վերաբերմունքը, մի քանի խորհուրդները կամ թեկուզ ջերմ ու հոգատար ձեռքսեղմումը ավելի ընդունելի է և ավելի է գնահատվում, քան ոսկու քսակը։ …
Երբ սրբերը հավաքվում են տարբեր տեղերից, նրանք անծանոթ են բոլորի համար և խոցելի են՝ նրանց փորձում են մոլորության մեջ գցել նրանց, ովքեր խաբելու առիթ են փնտրում։ [Սփոփող] միությունը պետք է արագ գործի, հոգ տանելով [նրանց] մասին և ծանոթացնելով նրանց հասարակության հետ, ինչը բարելավող և վեհացնող է, և այդ ամենից բացի, Սփոփող միությունը պետք է ամրապնդի նրանց ավետարանի հավատքի մեջ և այդպես գործելով՝ կարող է գործիք հանդիսանալ շատերին փրկելու համար։
Հատորներ կպահանջվեն, որպեսզի սահմանվեն այն պարտականությունները, արտոնությունները և պատասխանատվությունները, որոնք միության շրջանակներում են։ … Կատարեք այդ ամենը (ձեր եպիսկոպոսի ղեկավարությամբ) խաղաղ, մտածված, ջերմեռանդ, միասնաբար և աղոթքով, և Աստված հաջողությամբ կպսակի ձեր ջանքերը»։